ՊՆ. Միավորված ՀՕՊ համակարգը չի գործելու Լեռնային Ղարաբաղի տարածքում
«ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը չի գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, հետևաբար այն չի ազդում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա: Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պատրաստված տեղեկանքում, որը վերաբերում է հիշյալ համաձայնագրին:
Տեղեկանքում մասնավորապես ասված է.
««Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:
Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատա¬կով ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված (անհրաժեշտ է նկատել, որ սա համատեղ, այլ ոչ թե միասնական համակարգ է, այսինքն` ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը) տարածաշրջանային համակարգ:
Օրինակ` Ղազախստանը ՌԴ հետ ստեղծել է ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ (Համաձայնագիրը կնքվել է Աստանայում 2013թ. հունվարի 30-ին): Բելառուսի հետ ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր կնքվել է Մոսկվայում 2009թ. փետրվարի 3-ին: ՌԴ-ն նախատեսում է ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրեր կնքել նաև կենտրոնասիական տարածաշրջանի պետությունների հետ:
Միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ ՌԴ հետ կնքել է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, որպեսզի իր ՀՕՊ զորքերը չտրամադրի այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայության տակ: Իսկ համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքների անջատվածությունը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ներքո առանձնացվում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, որի համատեղ գործողությունների կառավարումը, համաձայն 6-րդ հոդվածի 3-րդ մասի, իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Նշված հարցերով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ենթարկվում են ՀՀ Գերագույն հրամանատարին:
Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն (այստեղ խոսքը վերաբերում է միայն այլ ՀՕՊ համակարգերի հետ ՀՕՊ միավորված համակարգի համակարգմանը: ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ինքնուրույն կարող են համագործակցել ցանկացած այլ ՀՕՊ համակարգերի հետ, ընտրություն կատարելու հարցում նրանք ազատ են) իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը` Ռուսաս¬տանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը (սա այն դեպքում, երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը):
Խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի վրա դրվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպումը և իրականացումը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) մարտական կառավարման համակարգը, ինչպես նաև սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառման համար մշտապես պատրաստվածության մեջ պահելը, հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող այլ զորքերի (ուժերի) հետ փոխգործակցությունը:
Անհրաժեշտ է նկատել, որ Համաձայնագրին կից հավելվածով նախատեսված «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին» Կանոնակարգի 5-րդ կետի 5-րդ պարբերության համաձայն խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը)՝ պահպանում են իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայությունը: Իսկ Կանոնակարգի 7-րդ կետը նախատեսում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ:
Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի:
Դիտարկվող Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չէ, որ տրամադրում է միավորված տարածաշրջանային համակարգին: Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հաստատում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կազմում, այդ թվում` Հավաքական անվտանգության առանձին տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կազմում, Կողմերի կողմից առանձնացված զորքերի (ուժերի), կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ցանկը: Հետևաբար` հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի որ մասն է տրամադրելու ՀՕՊ միավորված տարարծաշրջանային համակարգին, կամ հետ վերցվելու նրանից: Նշված հարցում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:
Համաձայնագրի 1-ին հոդվածով Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես Հայաստանի Հանրապե¬տության տարածքի և օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում նշված Համաձայնագիրը չի գործում, հետևաբար այն չի ազդում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա: Ինչ վերաբերում է ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգին, որի մեջ մտնում է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի միայն մի մասը, նույնպես հայկական կողմին չի զրկում ինքնուրույնությունից, հակառակը` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը, համակարգի զարգացման նպատակով, ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի շրջանակներում տարեկան կտրվածքով ստանում են դոտացիա»: