24.11.2024
ՊՆ. Միավորված ՀՕՊ համակարգը չի գործելու Լեռնային Ղարաբաղի տարածքում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը՝ ագրեսոր. Աշխարհի Քունգ Ֆու ֆեդերացիայի նախագահի նամակը

Աշխարհի Քունգ Ֆու ֆեդերացիայի կողմից Ադրբեջանը ճանաչվել է իբրև ագրեսոր: Պատճառը մայիսին Լվովում անցկացված Քունգ ֆու Եվրոպայի առաջնությունն է, որի ժամանակ Ադրբեջանի հավաքականի անդամները մահակներով հարձակվել էին հայ մարզիկների վրա և ծեծկռտուք սարքել:

Հիշեցնենք, ամոթալի այդ միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվեց, այնուհետ հեռացվեց Եվրոպայի ֆեդերացիայից:

Աշխարհի ֆեդերացիայի նախագահ Ֆու Բիաոյի նամակում, որը հասցեագրված է Եվրոպական Քունգ Ֆու ֆեդերացիայի և Միջազգային Քունգ Ֆու ֆեդերացիայի բոլոր անդամներին մասնավորապես ասված է.

«Ծեծկռտուքը ասպարեզում կարող է հանգեցնել վատ կողմնակի հետևանքների ամբողջ աշխարհում:

IKFF-ը զգուշացնում և պարտադրում է EKF-ին ընդլայնել իր անվտանգության չափորոշիչները և ապահովել բոլոր մասնակիցների և աշխատակազմի անդամների անվտանգությունը հետագա մրցապայքարներում:

Ծեծկռտուքի տեսանյութը դիտելուց հետո ակնհայտ է, որ ագրեսոր կողմ Ադրբեջանը պետք է զրկվի Աշխարհի Քունգ Ֆու առաջնության Sansu (Sanda) և Kungfu JiJi միջոցառումներին մասնակցելուց, որը տեղի է ունենալու Մոսկվայում հուլիսին»:

Նշենք, որ VERELQ-ին նամակը փոխանցեցին ՀՀ Քունգ Ֆու ֆեդերացիայից՝ նշելով, որ հայկական կողմի պայքարը, ուղղված Ադրբեջանի նման պահվածքի դեմ, արդար պատժի հանգեցրեց:

VERELQ-ը գրել էր, որ ուկրաինական Լվովում ընթացող առաջնության ժամանակ ադրբեջանցիները, պարտությունից կատաղած, ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ: