24.11.2024
Ադրբեջանը՝ ագրեսոր. Աշխարհի Քունգ Ֆու ֆեդերացիայի նախագահի նամակը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Միհրան Պողոսյանը կանչվել է հարցաքննության

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նոր պաշտոն է ստացել: Նա նշանակվել է «365 վայնս» գինու գործարանի կառավարիչ: Փորձեցինք տեղեկությունը ճշտել հենց նրանից: «Կառավարիչ չէ՝ տնօրեն, արդեն մոտ մեկ ամիս է»: Իսկ թե ինչպես եւ ում կողմից է եղել առաջարկը, ում է պատկանում ընկերությունը, Դավիթ Շահնազարյանը չցանկացավ մանրամասնել՝ նշեց միայն, թե մասնավոր ընկերություն է, բիզնես կառավարում է, մյուս հարցերի շուրջ հետագայում կխոսի: «365 գինիների» արտադրությունն սկսվել է 2006-ին «ԷԴՎԱԳ գրուպ»-ի կողմից: Մամուլում հրապարակումներ գտանք, որ այդ ընկերությունը տեւական ժամանակ վիճարկում էր հայկական շուկայում իր մտավոր սեփականությունը հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը: Ի դեպ, դեռեւս 2012թ. մեր բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այցելել էին «365 գրուպ», որն արտադրում է խաղողի, նռան, սերկեւիլի, մոշի, բալի եւ այլ մրգային գինիներ, ինչպես նաեւ «Passion de Pineau» 2-10 տարի հնեցմամբ թնդեցված գինիներ: Այն ՀՀ-ում մրգային գինիներ արտադրող առաջատար ընկերություններից է եւ գործող «Passion de Pineau» գինու միակ արտադրողը: Ընկերության արտադրանքների հիմնական արտահանման շուկաներն են Ռուսաստանը եւ Գերմանիան: Հիմնադիր-նախագահը մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Գեւորգյանն է»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որը, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից։ Հայտնի է, որ էլէներգիայի սակագինը նվազելու է։ Թե կոնկրետ որքանով՝ մեզ չհաջողվեց պարզել։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այն ավելի ցածր չի լինելու, քան 45 դրամ մեկ կիլովատ ժամը (ցերեկային սակագինը)։ Ներկայումս մեկ կվտ ժամը 48.8 դրամ է, և ստացվում է, որ սակագինը կնվազի առավելագույնը մոտ 3 դրամով։ Սա ոչ մի կերպ չի կարող հիմնավոր համարվել։ Խնդիրն այն է, որ անցած տարի սակագինը բարձրացվեց մոտ 7 դրամով էներգահամակարգի որոշակի ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ խնդիրները լուծվել են, ընդ որում ավելի արագ։ Իսկ դա նշանակում է, որ սակագինը պետք է նվազեր առնվազն 7 դրամով։ Բացի այդ, նվազել է նաև գազի զինը, ինչը հանգեցրել է ջերմաէլեկտրակայաններից գնվող էլէներգիայի ինքնարժեքի նվազմանը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Չնայած այս քրեական գործը քննվում է արդեն մեկ ամսից ավել, սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Միհրան Պողոսյանին ընդամենը նախօրեին են հրավիրել հարցաքննության: Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո քարտուղար Միքայել Ահարոնյանը: «Միհրան Պողոսյանը հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ուստի քրեական գործին վերաբերող այլ մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»,- հայտնեց Ահարոնյանը: Իսկ ի՞նչ է նա ասել ՀՔԾ-ում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով մեր երկրի վարկային պայմանագրերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Հայաստանի կառավարության արտաքին պարտքն այս տարվա մայիսի 31-ի դրությամբ կազմել է 3 միլիարդ 24 մլն 900 հազար դոլար: Ի դեպ, այս ցուցանիշն իր մեջ չի ներառում ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը եւ ՀՀ կառավարության այլ, ոչ վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Եթե դրանք էլ հաշվենք, ընդհանուր Հայաստանի արտաքին պարտքը մայիսի վերջի դրությամբ կազմում է 4 միլիարդ 432 մլն 200 հազար դոլար: Վարկային պայմանագրերով ՀՀ կառավարության արտաքին պարտքի 14,8 տոկոսը, կամ նույնն է, թե 447 մլն 685 հազար 200 դոլարը վերցվել է տարբեր երկրներից: Մնացած արտաքին պարտքը մեր երկրի իշխանությունները վերցրել են միջազգային կազմակերպություններից եւ առեւտրային բանկերից: Այսպիսով՝ Հայաստանը վարկային պարտքեր ունի 7 երկների նկատմամբ: Ճապոնիա – 257 մլն 116 հազ. 500 դոլար Չինաստան – 21 մլն 174 հազ. 300 դոլար Գերմանիա – 108 մլն 896 հազ. 400 դոլար ԱՄՆ – 21 մլն 174 հազ. 300 դոլար Ֆրանսիա – 24 մլն 199 հազ. 200 դոլար Ռուսաստան – 9 մլն 74 հազ. 700 դոլար ԱԷՄ -6 մլն 49 հազ. 800 դոլար Հայաստանի ամենամեծ պարտատերերը Ճապոնիան ու Գերմանիան են»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԼՂՀ նախագահի խորհրդականի (ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականի) պաշտոնից: Ըստ լուրերի՝ վերջին շրջանում նրա եւ Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջեւ տարաձայնություններ են առաջացել, որոնց պատճառը Իսագուլյանի` Հայաստանի իշխանությունների նկատմամբ դրսեւորած քննադատական վերաբերմունքն է: Եւ հասկանալի է, որ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականը չի կարող ընդդիմադիր գործիչ լինել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանը սպասում է Բրյուսելում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանի վերադարձին, որպեսզի նրան ներկայացնի իր հրաժարականի դիմումը: Մենք փորձեցինք վերը նշված լուրերը ճշտել Գառնիկ Իսագուլյանից, սակայն նա կտրուկ հրաժարվեց որեւէ բառ խոսել: «Ես ասել եմ՝ լրատվամիջոցների հարցերին չեմ պատասխանում, կներեք»,- ասաց Իսագուլյանն ու անջատեց հեռախոսը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում գազի սպառումը նվազել է ավելի քան 10 տոկոսով: Նշենք, որ Հայաստան է ներկրվել 663 մլն խորանարդ մետր գազ, որից 94,3 մլն-ը Իրանից, իսկ մնացածը՝ Ռուսաստանից: Անցած տարի ներկրված գազի ծավալը եղել է 737 միլիոն 900 հազար խորանարդ մետր, որից 92,5 մլն-ը՝ Իրանից: Ստացվում է, որ իրանից ներկրված գազի ծավալներն ավելացել են, իսկ Ռուսաստանից ներկրումը նվազել է 76,7 մլն խորանարդ մետրով: Ի դեպ, հիշեցնենք, որ Իրանից գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի համար, որի դիմաց Հայաստանը վճարում է էլեկտրական էներգիայով: Ու չնայած ընդհանուր ցուցանիշում ներառվում է, սակայն մնացած հաշվարկներում այն չի ընդգրկվում: Մասնավորապես, էներգետիկ ոլորտի գազի սպառման ծավալներում այն չի հաշվարկվում: Երբ ուսումնասիրում ենք սպառողների առանձին խմբերի օգտագործած գազի ծավալները, ակնհայտ է դառնում. Հայաստանում գազի սպառման անկումն հիմնականում պայմանավորված է այն փաստով, որ էներգետիկ ոլորտի, կամ ավելի կոնկրետ՝ Հրազդանի երկու ՋԷԿ-երի կողմից սպառվող գազի ծավալների կտրուկ՝ մոտ 40 մլն խորանարդ մետրով նվազել է: Իսկ բնակչության սպառած գազը ավելի քան 11 մլն խորանարդ մետրով ավելացել է, ինչը պայմանավորված է այն փաստով, որ այս տարվա ձմեռը եւ մարտ ամիսը անցած տարվա համեմատ ավելի ցրտաշունչ էին: Ինչ վերաբերում է արդյունաբերության գազի սպառմանը, ապա այն նվազել է 5 մլն խորանարդ մետրով: Այս փաստն իր հերթին հիմնականում պայմանավորված է ցեմենտի արտադրության ծավալների անկմամբ: Ի դեպ, վերջին տարիների կտրվածքով առաջին անգամ նվազել են նաեւ գազալցակայանների օգտագործած գազի ծավալները: Անցած տարվա առաջին եռամսյակում գազալցակայանները սպառել էին 106 մլն 100 հազար խորանարդ մետր գազ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 103 մլն 700 հազար խորանարդ մետր»: