VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան վերադառնալուց հետո ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար
Սամվել Բաբայանը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների համար գլխացավանք է դարձել, քանի որ նրա հետ թեկուզ հեռակա բանավեճի մեջ մտնելը իրենց շահերից չի բխում: Բանն այն է, որ ինչ ասեն, Բաբայանը կրկնակի չափաբաժնով հետ է ուղարկելու, ինչը չի կարող ընդունելի լինել, քանի որ տարին նախընտրական է, եւ իշխանությունները չեն կարող հանդուրժել, որպեսզի նախկին զինակիցը անկաշկանդ քննադատի իրենց՝ փորձելով ներկայանալ իբրեւ անբասիր քաղաքական գործիչ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հայաստանի իշխանությունները Սամվել Բաբայանին «չեզոքացնելու» յուրօրինակ տարբերակ են մշակել: Ըստ լուրերի` առաջիկայում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան եւ իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն: ՀՀ իշխանությունները համոզված են, որ երբ այդ պարտքերի խնդիրն առաջ գա, եթե անգամ Սամվել Բաբայանը ստիպված Հայաստանից կրկին չհեռանա էլ, ապա առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ: Նշենք, որ Սամվել Բաբայանը ներկայումս դեռ գտնվում է Արցախում, եւ նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի պարագլուխ համարվող
Արթուր Վարդանյանի փաստաբան
Լևոն Բաղդասարյանը երեկ «Ժամանակին» ասաց. «Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց հանրությանը, որ թեպետ պատվեր էր իջեցվել՝ կատարել որոշակի գործողություններ, բայց Արթուր Վարդանյանն այդ ծրագիրը չի իրականացրել»։ Փաստաբանի խոսքով՝ Վարդանյանը պատվերը չի իրականացրել ոչ այն պատճառով, որ խումբն ԱԱԾ կողմից ժամանակին վնասազերծվել է։ «Նախաքննության ավարտին հանրությունը կիմանա, թե ով էր պատվիրատուն։ Բոլոր պատասխանները շատ շուտով կստանաք»»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը կարող է լինել նախագահի իրավաբանական վարչության պետ 44-ամյա
Գրիգոր Մուրադյանը, որը, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր։ Բանն այն է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական ինստիտուտներում որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Այդ փոփոխություններին զուգահեռ տեղի են ունենալու նաև ղեկավարների փոփոխություններ։ Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ
Արման Մկրտումյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Որոշ տեղեկությունների համաձայն, դա, այս անգամ, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է 2008 թվականից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն արդեն իսկ քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի՝ ԼՂՀ գործող նախագահ
Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը: Հիշեցնենք, որ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել: Սակայն Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունները որոշել են, որ հայկական երկրորդ պետության Սահմանադրությունը եւս պետք է առաջիկայում փոխվի: Դրանով նախատեսվելու է, որ Արցախը նույնպես նախագահական կառավարումից անցում կկատարի խորհրդարանականի: Կառավարման կարգը պետք է գործի 2020 թվականից՝ Արցախի հաջորդ գումարման խորհրդարանի ձեւավորվելուց հետո: Այսինքն՝ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ հատուկ կսահմանվի, որ գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր խորհրդարանի կազմավորվելը, այն է՝ 2020 թվականի ամառը: Այսպես կլուծվի նաեւ Արցախի կայունության հարցը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգիրքը հորով-մորով արած ՀՀԿ-ն ձեռնամուխ է եղել ԱԺ կանոնակարգ-օրենքի մշակմանը, որը պակաս կարեւոր չէ ՀՀԿ-ի համար: Քննարկումները կմեկնարկեն աշնանային նստաշրջանում։ Արդեն իսկ ձեւավորվել է խորհրդարանական հանձնաժողով, որը ղեկավարում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Ընդգրկված են քաղաքական փորձագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք «գրում» են կանոնակարգը, եւ մինչեւ օգոստոսի վերջ այն պատրաստ կլինի: Մինչեւ պաշտոնապես շրջանառության մեջ դնելն այն կներկայացվի քաղաքական ուժերին` քննարկման համար: Հետաքրքիր է, սակայն, որ ոչ սահմանադրական բարեփոխումների, ոչ Ընտրական օրենսգրքի աշխատանքներում այդպես էլ չընդգրկվեց ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, որը, ի դեպ, նախորդ ԱԺ կանոնակարգ-օրենքի կնքահայրն է: Կա՞ այս անգամ Վիկտորը հանձնաժողովում, հարցրինք ԱԺ մեր աղբյուրից։ Ոչ: Իսկ ընդհանրապես աշխատանքի գալի՞ս է, ԱԺ պլենար նիստերին էլ տեւական ժամանակ չի մասնակցում։ «Այո, գալիս է, ԱԺ-ից դուրս գալուց` երեկոյան ժամին նկատում եմ, որ իր լույսը դեռ վառվում է»»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 3 ամիս արդարադատության նախարարի տեղակալ աշխատելուց հետո
Դավիթ Մելքոնյանը վերադարձավ դատախազություն: Մինչեւ ԱՆ գնալը՝ 2014-2016 թթ․ մարտ ամիսը, նա Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետն էր։ Երեկ նշանակվել է գլխավոր դատախազ
Գեւորգ Կոստանյանի տեղակալ: Այժմ արդարադատության փոխնախարարի տեղը թափուր է: Սա շարքային փոխնախարարի պաշտոն չէ, այն զբաղեցնողը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի, այսինքն` Գեւորգ Կոստանյանի տեղակալն է լինելու: Դա է պատճառը, որ Արման Թաթոյանի՝ մարդու իրավունքների պաշտպան դառնալուց հետո երկար փնտրտուք էր` ում նշանակել, որ եւ Կոստանյանի սրտով լինի, եւ արդարադատության նախարար Արփինեի հետ կարողանա աշխատել: Կանգնեցին Դավիթ Մելքոնյանի թեկնածության վրա, սակայն կարճ ժամանակ անց նա կամ չարդարացրեց իրեն, կամ նրա կարիքն զգացին դատախազությունում: Մեր տեղեկություններով` փոխնախարարի պաշտոնի հիմնական հավակնորդը կառավարության պետաիրավական վարչության պետ
Արտակ Ասատրյանն է: Նա եւս, ինչպես Մելքոնյանը, համարվում է Կոստանյանի թիմակիցը. աշխատել է նրա ենթակայությամբ՝ ՄԻԵԴ-ի հետ կապերի վարչությունում»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ մտահոգություն հայտնի, թե մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները նվազում են։ Չի լսել։ Չկա նման մտահոգություն։ Իսկ նվազել է՝ մեղմ, շա՜տ մեղմ ասած։ Այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումները նվազել են 35 անգամ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ երկու անգամ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6 տոկոս աճ ապահոված երկրում օտարերկրյա ներդրումների 35 անգամյա նվազումը մտահոգիչ չէ՞։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդպես արագ ու դինամիկ զարգացող տնտեսությունը գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար։ Իսկ գուցե տնտեսությունը այդքան էլ արագ ու դինամիկ չի զարգանում, ինչպես արձանագրում են մեր պաշտոնական վիճակագիրները։ Գուցե ընդհանրապես չի զարգանում։ Իսկ գուցե գնալով ավելի՞ է ճահճանում։ Բա դա մտահոգվելու, կամ գոնե հրապարակայնորեն վերլուծելու հարց չէ՞, թե՞ այդպիսի հարց չկա։ Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ խոսի տնտեսության վարկավորման նվազման մասին։ Չի լսել։ Ընդհակառակը, ասում են, որ բանկերը մոտ երեք տոկոսով ավելի շատ վարկ են տրամադրել տնտեսվարողներին։ Իսկ իրականում խոսքը պարզ վերավարկավորման մասին է։ Այսինքն, տնտեսվարողը մի բանկից վերցրած վարկ ունի, մեկ այլ բանկ առաջարկում է նույնքան վարկ մի քիչ ավելի ցածր տոկոսով, ու տնտեսվարողը վերցնում է այդ վարկը՝ մարելով մյուս բանկին ունեցած վարկը։ Եվ ընդամենը։ Տարօրինակ է, որ նույնիսկ այս պայմաններում արձանագրվել է ընդամենը 3 տոկոս աճ։ Այս սխեմայով կարելի էր ապահովել վարկավորման 300 տոկոս աճ։ Ու ոչ մի պաշտոնյա նույնիսկ մտահոգության ակնարկ չի արել, որ Հայաստանում «չաշխատող վարկերի» մասնաբաժինը ընդհանուր վարկերի մեջ ընդամենը 9 ամսվա ընթացքում աճել է 1.6 անգամ՝ 8.5 տոկոսից հասնելով 13.6 տոկոսի։ Բա 6 տոկոսով աճող տնտեսության մեջ ինչպե՞ս կարող է 9 ամսվա ընթացքում մեռած վարկերի մասնաբաժինը ավելանալ 1.6 անգամ։ Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ մտահոգություն հայտնի Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։ Իսկ այն արդեն հասնում է 20 տոկոսի։ Սա ոչ թե վատ, այլ աղետալի ցուցանիշ է։ Դժվար է գտնել աշխարհում մի որեւէ երկիր, որտեղ արձանագրվի տնտեսական ակտիվության 6 տոկոս աճ, արդյունաբերության 10 տոկոս աճ, գյուղատնտեսության 4 տոկոս աճ, ծառայությունների 9 տոկոս աճ, բայց դրան զուգահեռ աճի նաեւ գործազրկությունը։ Ախր այդպես չի լինում։ Բա դա մտահոգվելու թեմա չէ՞։