Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը նախօրեին՝ ապրիլի 19-ին, Եվրանեսթ ԽՎ-ի Սոցիալական, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության կոմիտեի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների թեման:
Նա նշել է, որ չնայած աշխարհի բոլոր անկյուններում հրադադարի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ այդ երկրի կողմից հովանավորվող օտարերկրյա զինված ահաբեկիչների մասնակցությամբ: Այդ գործողությունները հանգեցրին մարդկային և նյութական բազմաթիվ անդառնալի կորուստների, Արցախի տարածքի զգալի մասը հայտնվեց Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստականներ։
«Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակի վրա։ Կորոնավիրուսը տարածվել է ոչ միայն առաջնագծում գտնվող զինծառայողների, այլև քաղաքացիական բնակչության շրջանում։ Հայաստանի եւ Արցախի առողջապահության համակարգերը հաղթահարել են դժվարությունները ոչ միայն մեծ թվով վիրավոր զինծառայողների եւ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդների բուժման հարցում, այլեւ այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուժերը գրոհել են բժշկական ենթակառուցվածքները՝ ավերելով դրանք», - հայտարարել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հասել են դաժանության գագաթնակետին, երբ հոկտեմբերի 28-ին գնդակոծվել է Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնը։
Խանդանյանը հիշեցրել է, որ 44 օր տևած պատերազմն Ադրբեջանի միակ ռազմական ագրեսիան չէր 2020թ.: Նույն թվականի հուլիսին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը: Այդ էսկալացիայի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը նպատակաուղղված հարվածներ են հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին և խաղաղ բնակչությանը, այդ թվում հրթիռակոծելով արտադրական արտադրամաս, որը օրական 300 հազար բժշկական դիմակ է արտադրել, տեղեկացրել է նա:
Դիմելով քննարկման մասնակիցներին՝ պատգամավորը նշել է, որ «այդ կոմիտեն, մասնավորապես, և Եվրանեսթ ԽՎ-ն, ընդհանուր առմամբ, պետք է մանրամասն ուսումնասիրեն և անդրադառնան վերոնշյալ փաստերին, խստորեն դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան և ապակառուցողական դերը տարածաշրջանում»: «Ես հուսով եմ, որ Եվրախորհրդարանում մեր գործընկերներն ավելի ակտիվ կներգրավվեն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում», - եզրափակել է նա: