23.11.2024
Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր
prev Նախորդ նորություն

Դավիթ Բեկում նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են պատերազմից հետո գյուղի հետ կապված իրավիճակը

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել են Դավիթ Բեկ գյուղ:

Գյուղում հանդիպում է տեղի ունեցել Կապան համայնքի ղեկավարի, Դավիթ Բեկ և Կաղնուտ գյուղապետերի հետ:

Քննակվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո համայնքում ստեղծված իրավիճակը:




Մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված` ավելի են սրվել սոցիալական խնդիրները. սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են հողատարածքներից կամ այն մշակելու հնարավորությունից, քանի որ հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ: Ավելին, կան մասնավոր հողատարածքներ, որոնք չնայած կադաստրային օրինական վկայականների` ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել:

Մանրամասն քննարկվել են մարդկանց անհատական խնդիրները, որոնց մեծ մասը նախորդ այցերի ընթացքում արձանագրվել և արդեն իսկ պաշտոնական ընթացք են տրվել:

Համայնքի բնակիչները բարձրացրել են աշխատատեղերի բացակայության հարցը: Առաջարկվել է կարիքները գրավոր ձևակերպել` ՀՀ Նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում աջակցության նկատառումով:

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Հիշեցնենք, որ Դավիթ Բեկ գյուղի խաղաղ բնակիչները 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում տուժել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումներից. սպանվել էր մեկ խաղաղ բնակիչ, վիրավորումներ էին ստացել մի քանի անձինք: