23.11.2024
Պատգամավորը Եվրանեսթի ԽՎ-ին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
prev Նախորդ նորություն

Սփյուռքահայերը կարող են բարձր պաշտոնի հավակնել. Սահմանադրական փոփոխություն ԼՀԿ-ի առաջարկով

ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ՝ հնարավորություն տալով սփյուռքի մեր հայրենիակիցներին ևս հավակնել բարձր պետական պաշտոնների Հայաստանում:


«Ինչպես շատերդ գիտեք, ՀՀ Կառավարության անդամը (վարչապետ, փոխվարչապետ, նախարար), գործող Սահմանադրությամբ, կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի, ընդ որում՝ ոչ պակաս, քան վերջին 4 տարում։ Միաժամանակ՝ նա պետք է նույնքան ժամանակահատվածի չափով բավարարի նստակեցության ցենզը (Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 148-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորում)։

Այսինքն՝ տվյալ նորմն ուղղակի արգելք է սփյուռքից մեր հայրենակիցներին և նրանց հմտությունները, կապերն ու այլ հնարավորությունները պետության կառավարման կարևորագույն գործառույթներին ուղղակի ներգրավելու համար։

Սա անընդունելի կարգավորում է ներպետական կառավարման համակարգում, հատկապես ներկայիս աղետալի իրադրությունում, բարձր որակավորմամբ կադրերի սղության պայմաններում։

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան»-ը նախատեսում է փոփոխություն կատարել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասում՝ խմբագրելով այն այնպես, որ Կառավարության անդամ (բացառությամբ՝ վարչապետի) կարողանա լինել 25 տարին լրացած, հայերենին տիրապետող ՀՀ գործունակ քաղաքացին՝ անկախ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքից, ՀՀ քաղաքացիությունն ստանալու ժամկետից և ՀՀ-ում բնակության ժամանակահատվածի տևողությունից:

Սույն սահմանադրական փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային Ժողովի միջոցով»,- ասված է Էդմոն Մարուքյանի հայտարարության մեջ։