Չեմ սատարելու ոչ մի քաղաքական ուժի, եթե մասնակցեմ՝ իմ դեմքով. Միքայել Մինասյան
Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նրա խոսքով, ընտրությունների նախաշեմին ինքը չի սատարելու ոչ մի քաղաքական ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր, իսկ իր համախոհները չեն լինի ոչ մի ցուցակում.
«Հայաստանում անցել է քաղաքականության ժամանակը։ Եկել է անկեղծության ժամանակը։ Եթե ես մասնակցեմ ընտրություններին՝ իմ դեմքով եմ մասնակցելու, իմ համախոհների հետ»,- ասել է նա:
Ճշտող հարցին՝ խոսքը և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի՞մասին էլ է. «Որքանով տեղյակ եմ, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն մասնակցելու ընտրություններին, առաջին նախագահը նույնպես, իսկ երկրորդ նախագահը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է, ես շատ եմ ուզում, որ իր մոտ ստացվի: Ես չեմ մասնակցելու այդ ընտրություններին այդ թիմի կազմում»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ ճշտող հարցին՝ կարո՞ղ են ընտրությունները լինել սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու ելք, Մինասյանը տվել է բացասական պատասխան:
Բանախոսը շեշտել է՝ հեռացնելու է Նիկոլ Փաշինյանին ու պատժելու է նրան.
«Եվ ապացուցելու եմ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան: Ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով ով է»,- հավելել է Միքայել Մինասյանը: