Ղարաբաղյան հարցը չափազանց կարևոր է Հարավային Կովկասի տարածաշրջանի, հետևաբար նաև՝ Ռուսաստանի համար, քանի որ այնտեղ Ռուսաստանը ներկայացված է ամենատարբեր ձևերով: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:
Ապրիլայն պատերազմից եւ Վիեննայում նախգահններ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն այս շաբաթ քննարկվեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում՝ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ:
Ռուսաստանի համար խնդրի կարևորությունը ՌԴ տարածաշրջանային շահերի համատեքստում ներկայացնելու համար Լուկյանովը հիշեցնում է, որ Ռուսաստանն իր հարաբերություններն ունի տարածաշրջանի երկրների, նույնիսկ Վրաստանի հետ: «Հասկանալի է, որ դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց կա խնդիրների մի ամբողջ համալիր, որոնք ապագայում կարող են առաջացնել վտանգներ: Այնպես որ՝ Ռուսաստանն, իհարկե, բացարձակապես հետաքրքրված չէ Ղարաբաղյան հակամարտության սրացմամբ: Մենք տեսանք ռազմական գործողությունների վերսկսում մեկ ամիս առաջ: Եվ ռուսական դիվանագիտությունը գործադրեց առավելագույն ջանքեր, որպեսզի անհապաղ դադարեցվեն ռազմական գործողությունները, որովհետև պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարված է Ռուսաստանի ողջ քաղաքականությանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն իմաստով», - ասել է նա:
Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն առանցքային խաղացող է տարածաշրջանում: «Հետևաբար զարմանալի չէ, երբ այս հարցը քննարկվում է Ռուսաստանում ամենաբարձր մակարդակում», - ասել է Ֆյոդոր Լուկյանովը:
Խնդիրը, ըստ փորձագետի, կարելի է քննարկել տարբեր տեսանկյուններից: «Ես կասեի՝ Հարավային Կովկասը, ցավոք, մտնում է անկայունության գոտի, որը սկսվել է Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից և տարածվում է դեպի հյուսիս ու արևելք, այսինքն՝ Եվրասիայի տարածքի վրա: Մենք արդեն տեսնում ենք դրա նախանշանները: Այս իմաստով Հարավային Կովկասն այն պատնեշն է, որը կա՛մ կարող է արգելակել այդ զարգացումը, կա՛մ էլ ընդհակառակը՝ խթանել դրան: Բացի այդ, կան մի շարք այլ գործոններ: Առաջինը՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, Ռուսաստանը բավական բարդ, բայց կարևոր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, երկրորդը՝ Հյուսիսային Կովկասը նույն այդ տարածաշրջանի մի մասն է: Սա պարզ է: Բայց ես կարծում եմ, որ այսօր այս ամենը պիտի դիտարկվի նաև նշված գլոբալ զարգացումների համատեքստում», - ասել է փորձագետը:
Անդրադառնալով հարցին, թե որքանով համադրելի ՌԴ ձգտումները տարածաշրջանային կայունության և Մոսկվայի կողմից հակամարտող կողմերին զինելու քաղաքականությունը, փորձագետը նշել է, որ «նման բաները, ցավոք, մշտապես լինում են մեծ քաղաքականության մեջ»:
«Կասկած չկա, որ այդ քաղաքականությունը կատարյալ չէ և շատ խոցելի է քննադատության համար: Ես հասկանում եմ հայ հասարակության դժգոհությունը բարոյաքաղաքական տեսանկյունից, բայց նման բաները, ցավոք, մշտապես լինում են մեծ քաղաքականության մեջ: Օրինակ՝ Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն է ցույց տալիս այն երկրներին, որոնք հակամարտում են միմյանց դեմ: Ամերիկացիները այդ հարաբերությունների միջոցով ավելի մեծ լծակներ են ձեռք բերում թե՛ այս և թե՛ այն կողմի նկատմամբ: Նմանատիպ հակամարտությունների որևէ փորձագետ կասի՝ երբ հակամարտությունը հնարավոր չէ լուծել դիվանագիտական ճանապարհով, կայունությունը պահպանելու միակ ձևը ուժերի հավասարակշռության պահպանումն է:
Ուստի Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անձեռնմխելիությունը, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս Ադրբեջանին ավելի ինքնավստահ զգալ: Հույզերը Հայաստանում հասկանալի են, բայց վախենամ, որ դա չի փոխվի: Բայց եթե դիվանագիտական առաջընթաց լինի, դիվանագիտությունը դուրս գա փակուղուց, այդ դեպքում կլինեն բոլորովին այլ մոտեցումներ: Առայժմ մեծ հույսեր չկան», - ասել է նա: