23.11.2024
ՄԻՊ հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել. Արցախի գլխավոր դատախազություն
prev Նախորդ նորություն

Ամերիկյան կողմի հետ ՊԵԿ-ը համագործակցության հուշագիր է ստորագրելու

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջենիֆեր Սվիդերին:


Հանդիպմանը քննարկվել են երկու կառույցների միջև համագործակցության հետ կապված հարցեր:


Մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան գործընկերներին վարչությանը տրամադրված սարքավորումների համար և նշել, որ դրանք արդեն ծառայում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգությանը հակազդելու գործում:


Քննարկվել են նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության արդյունքում ՊԵԿ շնագիտական կենտրոնում նախատեսվելիք բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստորագրել երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր, ինչը նախատեսվում էր իրականացնել դեռևս մեկ տարի առաջ, սակայն համավարակի պատճառով հետաձգվել էր:


Երկու կառույցների ղեկավարները շեշտել են, որ 4 տարվա ընթացքում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն, որն ուղղված է տարածաշրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանը: