23.11.2024
Աջակցություն է ցուցաբերվել Լաչինի հիդրոէլեկտրակայանի աշխատանքների վերսկսմանը. ՌԴ ՊՆ
prev Նախորդ նորություն

Սերտ համագործակցելու ենք ՌԴ-ի հետ. կստեղծվի ԶՈւ բարեփոխումներով զբաղվող աշխատանքային խումբ

Կառավարության փետրվարի 25-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործադիրում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կիրականացնի Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը։


Փաշինյանը հիշեցրեց նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետի ձևակերլումը. «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումներ մեկնարկ»։ «Վերջին ամիսներին մենք այս թեմայով ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել։ Եվ ըստ էության ձևակերպել ենք օրակարգ, թե ինչպես և ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի Զինված ուժերի բարեփոխումը», - հավելեց վարչապետը։


Ըստ այդմ Փաշինյանն այսօր մտադիր է ստորագրել որոշում՝ աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ: Այն գործելու է պաշտպանության նախարարի գլխավորությամբ, որը կիրականացնի ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի ճանապարհային քարտեզի ժամանակացույցի ձևավորումը ։


Նա առանձնահատուկ հավելեց, որ այս գործընթացում մտադիր են էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։


«Եվ համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այս համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ՝ անվտանգային, ռազմական արդյունաբերության ոլորտում և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Եվ հույս ունեմ, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասն իրականություն կդարձնենք։ Եվ գործնականում արդեն կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը», - եզրափակեց նա։


Ավելի վաղ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո Հայաստանը բանակի բարեփոխման քաղաքականություն է վարում, օպտիմալացնում է բանակի թվակազմը անցնում է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգի:


«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլեւ արդեն իրականացվում է, ընդ որում, այդ գործընթացում անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները», - ասել է Հարությունյանը:


Այնուհետև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է, որ Ռուսաստանն արդեն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Զինված ուժերի արդիականացմանը։ Նրա խոսքով՝ այժմ շատ ինտենսիվ շփումներ են ընթանում Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ամենատարբեր ուղղություններով:


VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշակի զորամիավորման վերատեղաբաշխման հնարավորության հարցը: Բացի այդ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովելու համար: