23.11.2024
Երեւանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռազմաբազայի զորամասը ՀՀ արևելք տեղափոխելու հարցը
prev Նախորդ նորություն

Անձնակազմի օպտիմալացում, անցում նոր սպառազինության. Հայաստանը կբարեփոխի բանակը

Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո Հայաստանը բանակի բարեփոխման քաղաքականություն է վարում, օպտիմալացնում է բանակի թվակազմը անցնում է սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համակարգի: Այդ մասին " «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:


«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլեւ արդեն իրականացվում է, ընդ որում, այդ գործընթացում անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները», - ասել է Հարությունյանը:


Նրա խոսքով, ռազմական շինարարության գործընթացը սկզբունքորեն շարունակական է, իսկ այսօր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում սահմանում է ազգային զինված ուժերի կողմից իրականացվող բարեփոխումների անշրջելի եւ անվիճելի առաջնահերթություն:


«Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը եւ Ղարաբաղում հայտնի իրադարձությունները, մենք արմատապես կվերանայենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարտական եւ թվային կազմի օպտիմալացումը՝ հաշվի առնելով առկա խնդիրները: Դա կատարվելու է նախեւառաջ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, նոր համալիրներում եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի համակարգերում առաջնային ուղղություններով ընտրանքային վերազինման, կադրային ներուժի պահպանման, պաշտոնների համալրվածության մակարդակի բարձրացմամբ՝ սպաներով, պետծառայողներով եւ պայմանագրային զինծառայողներով», - նշել է Հարությունյանը:


Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ՌԷԲ-ի, ՀՕՊ-ի եւ անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի եւ հրետանու զարգացմանը:


Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 25-30-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը՝ Հայաստանի զինված ուժերի Բարեփոխումների եւ արդիականացման հարցերին աջակցելու համար:


«Համատեղ աշխատանքի արդյունքում առաջարկություններ են մշակվել հայկական զինված ուժերի արդիականացման շրջանակներում հետագա գործողությունների եւ միջոցառումների վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ներկա վիճակը, ընդ որում, շատ լուրջ շեշտը դրված է տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,-նշել է նախարարը: