Խնդիրները Հայաստանում շատ-շատ են, իսկ կորոնավիրուսի պանդեմիայի և Արցախյան վերջին պատերազմի պատճառով դրանք բազմապատկվել են: Եվ, ցավոք, կառավարությունը ոչինչ չի անում, որ գնալով մեղմի այս խնդիրների հետևանքները: Այս մասին քննարկամնը հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը:
Բանախոսի խոսքով, երկրում գրեթե բոլոր ոլորտները հայտնվել են բարձիթողի վիճակում՝ իշխանությունները զբաղված են բացառապես սեփական գոյությունը պաշտպանելու գործընթացներով, իսկ մարդիկ մնացել են իրենց խնդիրների ու օր-օրի ահագնացող սոցիալական վիճակի հետ միայնակ.
«Ի թիվս այլ հարցերի այսօր ունենք նաև ավելի քան 30 հազար մարդ, որոնք ստիպված լքել են իրենց հայրենի վայրերը, կորցրել ամեն ինչ ու փախստական են դարձել: Եվ ի՞նչ է անում կառավարությունը, որպեսզի այդ մարդկանց իրական խնդիրները թեթևացնի՞: Իրականում ոչինչ»,- ասաց նա:
Տարիներ շարունակ լուրջ խնդիրներից մեկը և ամենից խոցելին են եղել հաշմանդամություն ունեցող անձիք, իսկ այսօր նրանց թիվը կտրուկ ավելացել է՝ Արցախյան վերջին պատերազմից հազարավոր երիտասարդներ վերադարձել են լուրջ վնասվածքներով:
Լուրջ խնդիր է նաև արտագաղթը, որը ոչ միայն սոցիալական բնույթ ունի, այլև այստեղ կարևոր է անվտանգության կոմպոնենտը: Իսկ փորձագետները կանխատեսում են արտագաղթի կտրուկ աճ: Բանախոսը հիշատակեց նաև գնաճը, կենսաթոշակների ու աշխատավարձերի ցածր լինելու հանգամանքը:
Կոստանյանի խոսքով, բացի առկա սոցիալական, տնտեսական խնդիրներից ունենք նաև կրթության հետ կապված լրջագույն մտահոգություններ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող «բարեփոխումների» մասով, որոնք ոչ միայն բազմաթիվ հարցեր են առաջացնում, այլև միտում ունեն հետագայում ևս թուլացնելու ազգային արժեքների հիմքով հասարակություն ունենալու հեռանկարը:
"Այս ամենը խորացնում է բևեռացումը, բայց ի՞նչ ենք տեսնում կառավարության կողմից ի պատասխան այս ամենի մեղմման. պարգևավճարերը ոչ միայն չեն վերացվում, այլև մեծանում են, պետական պաշտոնների են նշանակվում ծանոթ-բարեկամ-հարազատ սկզբունքով, առանց հաշվի առնելու, թե որքանով է տվյալ անձը այդ ոլորտի գիտակ ու պրոֆեսիոնալ: "Հանուն սոցիալական արդարության" կուսակցությունը բազմիցս է բարձրաձայնել այս բոլոր խնդիրները, բազմիցս ենք խոսել նաև վարկային թալանի մասին և պահանջներ ներկայացրել կառավարությանը այս ամենի հետ, սակայն որևէ դրական փոփոխության ականատես չենք, դեռ հակառակը: Իսկ դա հղի է նորանոր սպառնալիքներով երկրի թե՛ տնտեսական զարգացման, թե՛ սոցիալական արդարության հաստատման առումով",- նշեց Ծովինար Կոստանյանն ու հավելեց, որ երկրի միակ փրկությունը գրագետ կառավարումն է, իսկ դրա հիմքում պետք է լինի պետական ու ազգային շահը:
Նշենք, որ «Ինչպիսի՞ խոչընդոտներ կան Հայաստանում սոցիալական արդարության հաստատման ճանապարհին» քննարկումը կազմակերպել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը: