VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին՝ ցերեկը, եղել է ՀՀ Ազգային ժողովում: Նա հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Վերջինս ցանկացել է տեղեկանալ, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը: Մեր տեղեկություններով՝ նախապես որոշվել է, որ, բացի այդ հարցից, այլ հարցերի չեն անդրադառնալու, քանի որ հավաքվելու գլխավոր պատճառը եղել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Մեր աղբյուրները նշում են՝ «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու Սահմանադրությունում փոփոխություններ կատարել: Իշխանությունը հստակ որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը եւս չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով: Լավատեղյակ աղբյուրները նշում են նաեւ, որ իշխանությունը որոշել է հարցը ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչի համար էլ շտապ հավաք է եղել, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին այն ուղղարկել հանձնաժողովի քննությանը: Միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո իշխանությունները կկարողանան հարցը ընդգրկել խորհրդարանի օրակարգ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «2020 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը մեծ մամուլի ասուլիս տվեց հատուկ թեմայով՝ Ապրիլյան պատերազմ, որի ընթացքում Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցերին չպատասխանեց՝ ասելով, թե այդ թեմային կվերաբերի իր հաջորդ մեծ ասուլիսը: Մինչ դա տեղի կունենար, բռնկվեց պատերազմը Արցախի դեմ, որ ավարտվեց ցավալի պարտությամբ: Դրանից հետո Սերժ Սարգսյանը հանրությանը ներկայացավ արդեն բացառիկ հարցազրույցով, որը մեծ ասուլիսի ձևաչափ չէ, քանի որ հարցերի հնարավորությունը, բնականաբար, սահմանափակ է: Մինչդեռ հարցեր շատ կան, թեկուզ հենց Սարգսյանի բացառիկ հարցազրույցի մի քանի հայտարարություններից բխող: Մասնավորապես, նա հայտարարում է, որ մնում էր վարչապետ՝ Արցախի հարցում աշխատանքային փաստաթուղթը ստորագրելու համար, որպեսզի չթողնի սերունդներին: Իսկ ինչո՞ւ այդ փաստաթուղթը չստորագրվեց մինչև 2018 թվական: Չէ՞ որ նախագահ Սարգսյանը դեռևս 2016-ին էր հայտարարել, որ Հայաստանը ստորագրության պատրաստ էր դեռևս 2011-ին՝ Կազանում, բայց Ալիևը ներկայացրեց հավելյալ պահանջներ, և ստորագրումը ձախողվեց:
Առաջանում է մեկ այլ հարց՝ այդ ի՞նչ հավելյալ պահանջներ էր ներկայացրել Ալիևը: Դա հետաքրքիր հարց է, առնվազն այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կարծես թե որևէ կերպ իրենց դժգոհությունը չհայտնեցին Ալիևի հավելյալ պահանջների կապակցությամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ նրա հավելյալ պահանջները առնվազն լռությամբ ընդունվել են համանախագահ երկրների ղեկավարների մակարդակում, կամ նրանցից որոշների մակարդակում: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը աշխատանքային փաստաթուղթ չստորագրեց 2017-ի ընտրությունից հետո, երբ նրա կուսակցությունը ստացել էր խորհրդարանի բացարձակ մեծամասնություն, երբ նա հաղթել էր խորհրդարանի անաղմուկ ընտրությանը, և ոչ պոպուլյար թղթեր ստորագրելու լավագույն ժամանակը հենց առավելագույն ուժեղ ժամանակն է: Մինչդեռ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը լինելու էր թույլ, որովհետև նրա վարչապետությունը հանրությունն ընկալելու էր խիստ բացասական՝ որպես երրորդ և անժամկետ նախագահություն: Սերժ Սարգսյանը դա չէր կարող չպատկերացնել:
Իհարկե, մյուս կողմից հասկանալի է, որ նա իր պատասխաններում չի ներկայացնելու այն, ինչ եղել է, կամ այն՝ ինչ սպասել է, ակնկալել, ծրագրել, ինչ սպասվում էր արցախյան հարցում, ինչ խոսել էին Ալիևի հետ Ժնևում՝ մեկուսի սեղանի շուրջ, երկուսով, որտեղ տեղի ունեցավ նրանց վերջին տետ ա տետ հանդիպումը 2017-ի հոկտեմբերին, և որից մի քանի ժամ հետո շվեյցարահայ համայնքի հետ զրույցում Սարգսյանը հայտարարեց, թե Ալիևն էլ չի ուզում, որ սահմանին լինեն զոհեր: Թեև այդ հայտարարությունից մեկ-երկու օր առաջ ադրբեջանցիները սպանել էին հայ զինվորի, և սպանեցին նաև մեկ-երկու օր հետո: Սերժ Սարգսյանը հազիվ թե հայտնի իր, եթե ոչ տեղեկացվածությունը, ապա առնվազն գոնե ենթադրությունը կամ գնահատականը, թե Ալիևը 2018-ի հոկտեմբերին նախատեսված Ադրբեջանի նախագահի իր հերթական ընտրությունն ինչու տեղափոխեց 2018-ի ապրիլ՝ արտահերթ կարգով ընտրության, այդպիսով ազատելով իր ձեռքերը 2018-ի աշնան համար: Ինչի՞ց էր Ալիևը ազատում իր ձեռքերը: Հարցերը իրապես շատ են, որոնց պատասխաններով կտոր առ կտոր կարող է հավաքվել պատկերը, բայց ինչի հավանականությունը խիստ ցածր է, գրեթե զրոյական: Ի՞նչ էր պատրաստվում ասել Սերժ Սարգսյանը արցախյան թեմատիկայով մեծ ասուլիսի ընթացքում, Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսից հետո: Ի՞նչ կանխեց պատերազմը այդ առումով, և ինչը չհասցրեց կանխել Սերժ Սարգսյանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր այն կուսակցությունները, որոնք մինչև վերջերս հայտարարում էին, որ դեմ են Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, հիմա մտադիր են պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք պնդում են, որ առնվազն մինչև աշուն պետք է ընտրություններ կազմակերպել: Դիրքորոշման նման փոփոխության պատճառն այն է, որ ընդդիմադիրները մտածում են, թե հանրային տրամադրությունները փոխվում են ի վնաս իշխանության, և անկախ նրանից, թե ով է ընտրությունների կազմակերպիչը, իշխանությունը հաջողության շանս չունի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ է խոսվել այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ունեն, այսպե կոչված, «սորոսականները» օրվա իշխանության կայացրած որոշումների և, ընդհանրապես, նրանց գործունեության վրա։ «Սորոսականների» և իշխանության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները, որպես կանոն, այդպես էլ գաղտնի են մնում։ Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շրջանակները վերջին շրջանում սկսել են նորից ակտիվանալ ու մնալ «գծի մեջ»: Եվ ահա, նախօրեին նրանք հերթական հանդիպումն են ունեցել արդարադատության նախարարի հետ։ Այստեղ հատկանշական է այն, որ, ի տարբերություն նախկին հանդիպումների, այս հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, հրապարակվել են նաև լուսանկարներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արևմտյան ֆինանսական հոսքերից օգտվող ՀԿ-ների ներկայացուցիչները այս անգամ մեծ փաթեթ են փոխանցել, որով իրենց կետային առաջարկներն են ներկայացրել արդարադատության ոլորտում նախանշվող փոփոխությունների ու մի շարք օրենսգրքերում արմատական «բարեփոխումներ» կատարելու վերաբերյալ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկների հիմնական մասը վերաբերել է Ընտրական և Քրեական օրենսգրքերում սպասվող փոփոխություններին և համապատասխան կարգավորումներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամսից ավելի է՝ Պետական վերահսկողական ծառայությունը Covid-19-ի գծով ստուգումներ է իրականացնում առողջապահական համակարգում՝ նախարարություն, բուժհաստատություններ: Ստուգում են, թե համավարակի համար բյուջեից եւ դրսից ուղարկված ֆինանսական աջակցության միջոցները որքանով են արդյունավետ օգտագործվել։ Ստուգումները դեռ չեն ավարտվել, ՊՎԾ պետը երեկ մեզ ասաց, որ չի կարող ասել, թե երբ կավարտվեն դրանք, երկար գործընթաց է, ստուգումներին կհաջորդի հաշվետվությունը վարչապետին։ Այլ մանրամասներ հայտնել չի կարող։ Կան տեղեկություններ, որ վարչապետին ենթակա մարմնի կողմից նման ստուգումների պատճառը եղել է Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարականը, որի մասին նախապես տեղեկացված է եղել Փաշինյանը։ Թորոսյանը ցանկացել է ընդհանրապես հեռանալ իշխանությունից, սակայն Նիկոլ Փաշինյանը ստուգումների «զենքով» նրան պահել է իր կողքին։ Որքան ժամանակ կմնա, այդքան ժամանակ ստուգումների արդյունքները «չեն հրապարակվի»։ Տեղեկացանք նաեւ, որ Հաշվեքննիչ պալատն էլ է օրերս ստուգումներ սկսել առողջապահության համակարգում, սակայն դրանք պլանային են՝ նախապես ծրագրված, ուստի ՊՎԾ-ի հետ ուղղակի համընկել են»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ մտավորականներ, կրթական հաստատություններ, եկեղեցականներ եւ, ընդհանրապես, հանրության ինտելեկտուալ հատվածը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վերջինս հայտարարում է, որ նշվածները ժողովուրդ չեն: Սակայն, ինչպես երեւում է, դրանով իշխանությունները չեն սահմանափակվելու: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ու հատկապես «մերձիշխանական» որոշակի շրջանակներ, որոնք այս շրջանում հետեւողականորեն զբաղված են Նիկոլ Փաշինյանի «երեսը լվանալով», հանձնարարություն են ստացել «ուժգին հակահարված» տալ հրաժարական պահանջողներին եւ նրանց հերթական «մեղավորներ» նշանակել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, «գույքագրելու» են մտավորականների, դասախոսների, եկեղեցականների, բնականաբար, նաեւ քաղաքական գործիչների հայտարարությունները պատերազմի ժամանակ, թե արդյոք նրանք պահանջել են պատերազմի դադարեցում, արդյոք խոսել են այդ մասին: Մեր տեղեկություններով, եղել են հակառակվողներ, ովքեր նշել են, թե այդ ժամանակ ռազմական դրություն է եղել, մարդիկ պաշտոնական տեղեկությունից զատ այլ բան չէին կարող ասել, մյուս կողմից էլ՝ նշյալ շրջանակները չէին կարող ճիշտ տեղեկություն ունենալ, որ նման պահանջ դնեին: Սակայն իշխանական «վերնախավն» անդրդվելի է եղել. ասել են, որ ինֆորմացիոն հարվածի առաջին ալիքը ավելի ուժգին ազդեցություն է ունենում, քան պարզաբանումները, ու մինչեւ հասցնեն «արդարանան», հանրության զգալի շերտի մոտ որոշակի վերաբերմունք կձեւավորվի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականին պատասխանատու գերատեսչությունները քաղաքացիներին հորդորում էին մնալ տանը, իսկ 2021 թվականին հորդորում են մնալ դրսում. պատճառը երկրաշարժն էր, որին, ինչպես պարզվեց, կրկին պատրաստ չենք, քանի որ իրազեկված չենք՝ նման պայմաններում ինչպես վարվել։ Բանն այն է, որ փետրվարի 13-ին Հայաստանում գրանցվեց երկրորդ երկրաշարժը, սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նոր որոշել է իրազեկող հոլովակներ պատրաստել, այնինչ դա պետք է արվեր հենց առաջին երկրաշարժի օրվանից սկսած: Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հյուսիս-արևելք` օջախի 10 կմ խորությամբ, և այդ ժամանակ ԱԻՆ-ը բավարարվեց միայն հայտարարություն տարածելով, թե Հայաստանում սպասվում են թույլ և ուժեղ երկրաշարժեր: Արդեն 8 օր անց գրանցվեց երկրորդ երկրաշարժը, որն ավելի ուժեղ էր, քան նախորդը, սակայն կրկին չկար իրազեկում, թե ինչպես պետք է վարվեն բնակիչները, ինչ պետք է անեն, այնինչ փաստ է՝ երկրաշարժ եղել էր, և հենց ԱԻՆ-ն էր հայտարարել, թե կրկին լինելու է: Իսկ ո՞վ կամ ո՞ր կառույցը պետք է իրազեկումն ապահովեր։ Հայաստանում կա Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, որի գործառույթների մեջ նշված է. «…Նպատակը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումն է, այսինքն` բնակչության կենսագործունեության ապահովումը, երկրաշարժի արդյունքում առաջացած՝ պետության տնտեսական և սոցիալական կորուստների նվազեցումը»: Իսկ նպատակներում գրված է. «Սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության իրազեկության և պատրաստվածության բարձրացում»: Սակայն հենց այս կարևոր դրույթն այդպես էլ կյանքի չի կոչվում։ Եվ սա այն դեպքում, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ունի երկու տնօրեն, 24 բաժին, իսկ թե ինչով են զբաղված, պարզ չէ։ Փաստ է, որ կառույցն այդպես էլ չի կատարում իր գործառույթները, և միայն երկու երկրաշարժից հետո է որոշել իրազեկող հոլովակներ պատրաստել, որոնք, հայտնի չէ նաև, երբ պատրաստ կլինեն։ Ու տպավորություն է, որ անտեղյակների կառավարություն ունենք. պատերազմին պատրաստ չէինք, երկրաշարժին պատրաստ չենք, նույնիսկ ձյուն է գալիս, շփոթվում են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած 44-օրյա դաժան պատերազմին եւ Արցախի 75 տոկոսի կորստին, քաղաքական վերնախավը արցախյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ին, միջոցառումների շարք է նախաձեռնել։ Փետրվարը համարվում է ղարաբաղյան շարժման խորհրդանիշը․ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդն ու Շահումյանի շրջանային խորհուրդը որոշում կայացրին մարզն Ադրբեջանի կազմից հանելու եւ Հայաստանի հետ վերամիավորելու մասին: Ղարաբաղում այս օրը պաշտոնապես նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ Այս տարի Արցախում առանձնահատուկ են պատրաստվում՝ ի ցույց դնելու Արցախի ժողովրդի միասնականությունն ու կամքը։ Չի բացառվում նաեւ, որ քայլերթ կազմակերպեն»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հաղորդագրություն է տարածում, թե «հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել»: Իրականում, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, Սյունիքի տարբեր հատվածներում սահմանային միջադեպեր արձանագրվում են, ինչի մասին խոսում են բնակիչները, համայնքների ղեկավարները։ Մարդու իրավունքների պաշտպանն էլ համապատասխան տեսանյութեր է հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Մի քանի օր առաջ էլ միջադեպ էր եղել խնձորեսկցի հովվի և ադրբեջանցի զինվորների միջև, երբ ադրբեջանցիները գողացել էին ոչխարները, ապա սահմանապահների բանակցությունների արդյունքում հետ էին վերադարձրել։ Տարբեր համայնքապետներ խոսում են ադրբեջանցիների կողմից պարբերական կրակոցների, նորանոր այլ սանձարձակությունների մասին։ Մի խոսքով՝ սահմանային միջադեպերի պակաս չկա, այնինչ ՊՆ-ն շարունակում է պնդել, որ այդպես չէ, իսկ քաղաքական իշխանությունը լուռ է և զբաղված է միայն երկրաշարժի մասին ստատուսներ խմբագրելով: Առկա վիճակը ավելի է զայրացրել սյունեցիներին, և ոչ միայն նրանց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին գաղտնազերծված փաստաթուղթը, իրականում, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին է։ Այդ փաստաթղթում ուղիղ նշված չէ դա, բայց ըստ երկկողմ պայմանավորվածության՝ այդ հատվածը մոտ 3 տարի պետք է շահագործվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, եւ դրա անվտանգ օգտագործման երաշխավոր են կանգնում ռուս խաղաղապահները։ 3 տարվա ընթացքում հայկական կողմը պետք է կառուցի շրջանցող ճանապարհ՝ իր տարածքում, որից հետո այդ 21 կիլոմետրն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի եւ պաշտպանության նախարարի անմիջական մասնակցությամբ։ Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ հատկապես Վաղարշակ Հարությունյանն է հակառակորդի բոլոր պահանջները կատարելու ջատագովը եւ ոչ մի դիմադրություն չի ցուցաբերում, ինչը զարմացրել է անգամ ռուսական կողմին։ Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն անգամ հայերի հետ մասնավոր զրույցներում ասել է՝ եթե ձերոնք տալիս են ձեր հողերը, մենք ինչո՞ւ պետք է դեմ լինենք՝ որոշողը դուք եք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ նախագահականը հաղորդագրություն տարածեց, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթվա վերջին վերադարձել է Երեւան: «Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաեւ Երեւանում»: Արմեն Սարգսյանը, բուժմանը զուգահեռ, անցել է նաեւ իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը, այսինքն՝ արդեն հաճախում է աշխատանքի եւ որոշ հրամանագրեր է ստորագրել։ Տարածված լուսանկարում նկատեցինք, որ նախագահը Հայաստան է ժամանել կապույտ գծանշումներով անծանոթ օդանավով, որի վրա որեւէ ավիաընկերության տարբերանշան չկա։ Օդանավը կայանել է «Զվարթնոց» օդանավակայանի «նախագահական» մուտքի մոտ, թիկունքում էլ երեւում է թիվ մեկ բորտը։ Մենք հետաքրքրվեցինք նախագահականից, թե ինչ օդանավով է Արմեն Սարգսյանը ժամանել Հայաստան, ինչին ի պատասխան՝ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանն ասաց․ «Հանրապետության նախագահի անցած տարեվերջին արտերկիր մեկնելու եւ օրեր առաջ բուժումից վերադառնալու ճամփորդական եւ մյուս բոլոր ծախսերը կատարվել են ոչ պետական՝ անձնական միջոցների հաշվին: Նախագահը Երեւան ժամանել է մասնավոր ինքնաթիռով, որքանով տեղյակ եմ՝ այն պատկանում է իր մտերիմ ընկերներից մեկին»: Ենթադրաբար, օդանավը բրիտանահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանին է պատկանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Համացանցում է հայտնվել օֆշորային հայտնի գործով անցնող Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և նրա սանիկ Աշոտ Սուքիասյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Շուրջ 25 րոպեանոց ձայնագրության մեջ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը պլանավորում են իրենց անելիքները, խոսում օֆշորային գոտում գրանցված ընկերությունում իրենց ստորագրությունները փոփոխելու մասին։ Խոսք է գնում նաև այն մասին, որ եթե հարցում կատարվի Աֆրիկայի Սիեռա Լեոնե հանրապետություն, և ճիշտ տեղեկություններ գան, ու պարզվի, որ օֆշորային գոտում ի սկզբանե բացված ընկերության սեփականատերերից մեկը ինքն է եղել, խայտառակ է լինելու ոտքից գլուխ։ Փայլակ Հայրապետյանը «Ժամանակ»-ին փոխանցեց, որ պատրաստվում է ձայնագրությունը ուղարկել ԱԱԾ՝ դրան ընթացք տալու համար։ «Այդ ձայնագրությունից պարզ է դառնում այն, ինչի մասին ես խոսում էի 10 տարի շարունակ»,- ասաց Հայրապետյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած 2021 թվականը դեռ նոր է մեկնարկել, սակայն ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն արդեն մեկ անձից կատարվող գնումների է ձեռնամուխ եղել: «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախարարությունն արդեն իսկ պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ փոստային ծառայությունների, էլեկտրականության բաշխման, ինչպես նաեւ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ մատուցելու համար: 256 հազար դրամ արժողությամբ ծառայության մասին պայմանագիրը կնքվել է «Սիլ ինշուրանս» ընկերության հետ, որի հիմնադիրը գործարար Խաչատուր Սուքիասյանն է: Առհասարակ, վերջին շրջանում այս ընկերության հետ կնքված պայմանագրերի թիվը կտրուկ ավելացել է։ 2020 թվականին եւս նախարարությունը հենց այս ընկերության հետ էր 195 հազար 700 դրամի չափով պայմանագիր կնքել: 2020 թվականին կնքված պայմանագրերը բազմազան են եղել, սակայն մեծ տեղ են գրավել դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը, որոնք գնվել են մեկ ընկերությունից: Խոսքը «Խաս-Խազ» ՍՊԸ-ի մասին է, որից գնումներ են կատարվել ընդհանուր 243 հազար դրամի չափով: Մեկ անգամ էլ 100 հազար դրամի չափով գնումներ են կատարվել «Անտիբակ» եւ «Արսանիտ» ՍՊԸ-ներից: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս ընկերությունը Երեւանի տարբեր վարչական շրջաններում խանութներ ունի՝ «Հազար ու մի մանրուք»-ը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանը փետրվարի 11-ին չընդունեց ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, սակայն օրենքի խախտումները չեն դադարում: Նախ՝ նշենք՝ պատգամավորների հիմնական մտահոգությունն օրինագծի այն դրույթի առնչությամբ էր, որ 14 տարեկան անձինք կկարողանան ինքնուրույն հանձնել ՄԻԱՎ-ի թեստ և իմանալ իրենց կարգավիճակը: Առավել ուշագրավ է, որ Հայաստանում պայքար է տարվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, բայց գլխավոր օրենքի շեղմամբ: Բանն այն է, որ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»: Սակայն օրենքի այս դրույթը հեղափոխական իշխանությունը խախտել է և փակել հանրապետական կենտրոնը՝ այն փաստացի տարրալուծելով «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի մեջ: Այսինքն՝ օրենքում գրված է մի բան, իսկ իրականությունը բոլորովին այլ է: Կառավարությունը, նաև խորհրդարանը նախորդ տարվա փետրվարին որոշել են կենտրոնը լուծարել, սակայն դրա իրավունքն օրենքով վերապահված չէ: Ընդգծենք, որ արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել Առողջապահության նախարարությանը և պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումար: Եվ մեծ հավանականությամբ կհաղթի, քանի որ ապօրինությունն ակնհայտ է»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել քննարկման: Կառավարությունն առաջարկում է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում գյուղացիական կոոպերատիվների ստացած նպատակային դրամական միջոցները չհարկել շահութահարկով՝ հնարավորություն տալով, որ այդ ֆինանսական միջոցները ամբողջովին ծառայեն իրենց նպատակին: Սա կարևոր է այնքանով, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները շատ դեպքերում դժգոհում են, որ իրենց կողմից իրականացվող աջակցման ծրագրերով հատկացվող ֆինանսական միջոցների զգալի մասը վերածվում է հարկային եկամուտների»: