Վրաստանը, թեև կախված է Թուրքիայից, սակայն չի ցանկանա մասնակցել Անկարայի առաջարկած «3 + 3» ձևաչափին Հարավային Կովկասում, կարծում են փորձագետները: Նրանք նշում են, որ Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում ղարաբաղյան պատերազմից հետո աճել է, սակայն դա չի օգնի նրա առաջարկի իրականացմանը, հայտնում է EADaily-ը։
«Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի վերահսկողության աշխատանքների սկիզբը, համապատասխանաբար, այնտեղ թուրքական զինվորականների այնտեղ հայտնվելը կարելի է գնահատել որպես Անկարայի հաջողություն, որին հաջողվել է արդեն ռազմական իմաստով հայտնվել այդ տարածաշրջանում: Թուրքիան աշխարհաքաղաքական տեսանկյունից վերափոխումների լուրջ գործընթաց է սկսել, եւ դժվար թե նա կանգ առնի ձեռք բերածի վրա», — նշել է «Վալդայ» ակումբի փորձագետ Ֆարհադ Իբրահիմովը։
Ռազմական ներկայությունն Անկարայի ձեռքում միակ գործիքը չէ։ Թուրքական ղեկավարությունը փորձում է թիվ 1 առաջնորդը դառնալ Մերձավոր Արեւելքում՝ օգտագործելով տարբեր քաղաքական եւ տնտեսական մեխանիզմներ։
«Թուրքիայի հիմնական առաջնահերթությունը եղել և մնում է իր տնտեսական շահերի առաջխաղացումը, ֆինանսական կառույցների ստեղծումը, «փափուկ ուժի» քաղաքականության ընդլայնումը։ Այս երեք բաղադրիչները հենց օգնել են Թուրքիային ոտքի կանգնել և հասնել նրան, ինչ այսօր ունի», — ասել է փորձագետը։
«Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններն ամրապնդվում են, քանի որ դրա համար պատճառներ կան։ Նախ, Թուրքիան ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցներից է։ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանին շատ կարեւոր է Թուրքիայի աջակցությունը։ Երկրորդ՝ Թուրքիայի տարածաշրջանային գլխավոր հակառակորդը Ռուսաստանն է, որի հետ հարաբերությունների սրումը նպաստում է թուրքական ղեկավարության հետ լավ կապերի պահպանմանը։
Երրորդ՝ երկրների միջև կան տնտեսական կապեր։ Թուրքական ընկերությունները շատ ակտիվորեն ինտեգրվում են Վրաստանում, հատկապես ափամերձ գոտիներում, ուստի կողմերը շահագրգռված են երկկողմ հարաբերությունների զարգացմամբ։ Այսպես, թուրքական բիզնեսը բարգավաճում է, եւ ոչ միայն Վրաստանում, այլեւ հետխորհրդային տարածաշրջանի այլ երկրներում», - ընդգծել է Ռուսաստանի մերձավորարեւելյան ասոցիացիայի նախագահ Մուրադ Սադիգզադեն։
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած «վեցի պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությանը, որին կմասնակցեն Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը, ապա դրա իրականացման համար խոչընդոտ կարող են հանդիսանալ այն խնդիրները, որոնք կապված են, մասնավորապես, Վրաստանի դիրքորոշման հետ:
«Էրդողանի առաջարկը գրավիչ է, սակայն դժվար թե կենսունակ լինի Վրաստանի անհաշտ ու անզիջում դիրքորոշման պատճառով, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին։ Ձևաչափն ինքնին հետաքրքիր է, առավել ևս, որ Իրանն արդեն նման բան է առաջարկել, բայց Հայաստանի և, ըստ էության, հենց Իրանի մասնակցությամբ։ Իրանական «3 + 3» ձևաչափը ավելի կենսունակ է թվում», - կարծում է Ֆարհադ Իբրահիմովը:
Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Քամրան Հասանովը նշում է, որ Թուրքիան անուղղակիորեն արդեն ազդում է Վրաստանի դիրքորոշման վրա ներդրումների, նավթային և գազային միջանցքների միջոցով։
«Այդ միջանցքների նշանակությունը տարեցտարի աճում է, քանի որ Թուրքիան ավելացրել է ադրբեջանական գազի մատակարարումը TANAP-ի միջոցով, որն, ըստ էության, անցնում է վրացական տարածքով։ Վրաստանի տարածքում Թուրքիան Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի հետ միասին 4 գլխավոր ներդրողներից մեկն է։ Մեծ է նաև քաղաքական ազդեցությունը այն պատճառով, որ Վրաստանը Ռուսաստանի ոչ բարվոք հարաբերությունների մեջ է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որտեղ արևմտամետ վրացական քաղաքական ուժերը կարող են յուրօրինակ հենարան և պաշտպանություն տեսնել Ռուսաստանից», - ասաց փորձագետը։
Սակայն, ընդգծել է Հասանովը, Վրաստանում կան նաեւ «որոշակի մտավախություններ, որ Թուրքիան կարող է Աջարիային «պոկել», հովանավորել մահմեդական բնակչությանը, մեծացնել իր կապիտալ ներդրումները»: