2025 թվականի ութ ամիսներին տնտեսական ակտիվության 7,1% տպավորիչ աճի ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունում առկա են ազատ դրամական միջոցներ։ Հոկտեմբերի 23-ի կառավարության նիստում նա ընդգծեց, որ այժմ փոքր և միջին բիզնեսի կարողություններից է կախված, թե այդ շրջանառությունից ինչ մասնաբաժին նրանք կկարողանան յուրացնել, սակայն մտահոգություն հայտնեց, որ այդ աճը դեռևս հիմնված է սպառման վրա։
Կառավարության ղեկավարը նշեց, որ տնտեսական վերլուծությունները հաստատում են երկրում փողի առկայությունը, և այժմ առանցքային դեր ունեն աշխատանքի արդյունավետությունը, բիզնեսի կազմակերպումը, կրթությունը և անձնական հմտությունների շարունակական զարգացումը։ Նրա խոսքով՝ իշխանությունների վարած քաղաքականությունը նպաստում է զարգացմանը, հակառակ դեպքում նման թվեր բացատրելն անհնար կլիներ։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև տնտեսական հաջողությունները բացառապես արտաքին գործոններով պայմանավորելու փորձերին։ Նա ընդգծեց, որ «այդ արտաքին գործոնները գալիս-գնում են, տնտեսական աճը մնում է», ինչը, նրա համոզմամբ, ապացուցում է կայունությունն ապահովող ֆունդամենտալ ներքին գործոնների առկայությունը։
Չնայած դրական դինամիկային՝ վարչապետը դժգոհություն հայտնեց աճի որակից։ «Մենք երջանիկ չենք մեր տնտեսական աճի կառուցվածքով, որովհետև մենք տեսնում ենք, որ հիմնականում մեր տնտեսական աճի կառուցվածքի մեջ սպառումը շարունակում է շատ մեծ և էական դեր ունենալ», – խոստովանեց նա՝ հավելելով, որ այս իրավիճակի փոփոխությունը նույնպես պետական քաղաքականության հարց է։
Վարչապետի հայտարարությունը հնչեց Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների հրապարակման ֆոնին, որոնց համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով։ Ընդ որում, միայն օգոստոսին աճը կազմել է 7,5%՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ։
Այս թվերը գերազանցում են 2025 թվականի վերաբերյալ բազմաթիվ կանխատեսումներ։ Թեև պետբյուջեով նախատեսված է 5,1% աճ, իսկ Կենտրոնական բանկն ակնկալում է 5,7-5,8%, միջազգային ֆինանսական կառույցները տալիս են ավելի զուսպ գնահատականներ. Համաշխարհային բանկը կանխատեսում է 4%, ԱՄՀ-ն՝ 4,5%, մինչդեռ Ասիական զարգացման բանկն ակնկալում է 6% աճ։