23.10.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Հայաստանն արմատապես փոխում է հաշմանդամության սահմանումը

Լուսանկարը` սպուտնիկ
Լուսանկարը` սպուտնիկ

Հայաստանն արմատապես փոխում է հաշմանդամության սահմանման մոտեցումը՝ հրաժարվելով «առողջական վիճակի» գնահատումից հօգուտ անձի «ֆունկցիոնալության» ժամանակակից գնահատման։ Այս մասին հոկտեմբերի 23-ի կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ «բառապաշարը պետք է փոխել», քանի որ փոխվել է ամբողջ համակարգը։ Որպես արդիականացման օրինակ՝ նա նաև հայտարարեց դիաբետով երեխաների համար գլյուկոզայի մոնիթորինգի ոչ ինվազիվ համակարգերի ներդրման մասին։


Ինչպես պարզաբանեց վարչապետը, նոր համակարգը կենտրոնանում է ոչ թե ախտորոշման, այլ այն բանի վրա, թե ինչ ֆունկցիաներ մարդը չի կարող կատարել։ «21-րդ դարում, մանավանդ 40-ից վերև, կատարյալ առողջ մարդ շատ դժվար է գտնել», – նկատեց նա՝ հավելելով, որ եթե մարդը, օրինակ, բուժվել է քաղցկեղից, պետք է գնահատել հենց նրա ներկայիս ֆունկցիոնալությունը. թե լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ ինչ գործողություններ կարող է կատարել և ինչ սահմանափակումներով։


Փաշինյանն ընդգծեց, որ սա տեղական հայտնագործություն չէ, այլ Հայաստանի պրակտիկան աշխարհի լավագույն առաջադեմ փորձին համապատասխանեցնելը։ «Մեր ուղերձը մարդուն այն է, որ մենք աջակցենք ձեզ ամեն ինչով, որպեսզի ձեր ֆունկցիոնալությունը լինի այնպիսին, որ դուք ինքներդ ձեր աշխատանքով, ձեր կրթությամբ կարողանաք ձեր կարիքները հոգալ», – հայտարարեց կառավարության ղեկավարը։


Որպես նոր տեխնոլոգիաների ներդրման կոնկրետ օրինակ՝ նա անդրադարձավ շաքարային դիաբետով երեխաներին մոնիթորինգի ժամանակակից համակարգերով ապահովելուն։ Նրա խոսքով՝ այլևս երեխաների «մատը ծակելու» կարիք չի լինի։ «Այս որոշմամբ պետական բյուջեից այդ սարքերը գնում ենք, տրամադրում ենք, որը փակցվում է երեխայի թևին և միացվում սմարթֆոնին», – պարզաբանեց Փաշինյանը։ Սա թույլ կտա ծնողներին օրվա ցանկացած ժամի հետևել երեխայի վիճակի դինամիկային, ինչը, վարչապետի խոսքով, «ըստ էության կփակի այս խնդիրը»։

Լուսանկարը` Արմենպրես
Հաջորդ նորություն next