Փաշինյանը ճանապարհաշինության նոր ստանդարտներ է պահանջում
Լուսանկարը` Արմենպրես
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2.9 միլիարդ դրամի վերաբաշխմանը՝ 58 կմ ճանապարհների նորոգման և կառուցման համար։ Այս ֆոնին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը զեկուցել է, որ 2025 թվականին արդեն իսկ 400 կմ ճանապարհի աշխատանքներ ավարտվել են, իսկ 500 կմ-ի տարեկան պլանը կկատարվի ժամկետից շուտ։ Այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով ակնհայտ բարելավումները, բարձրացրել է որակի նոր ստանդարտների ներդրման հարցը՝ այլ երկրներից հետ չմնալու համար։
Կառավարության նիստում հավանություն ստացած 2025 թվականի բյուջեի վերաբաշխման նախագիծը, ըստ նախարար Խուդաթյանի, կապահովի «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի և պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման բնականոն ընթացքը, որի ընդհանուր երկարությունը 58 կմ է։ Նա հստակեցրեց, որ աշխատանքների մի մասն արդեն ավարտված է, մյուս մասում մնացել են միայն գծանշման աշխատանքներ։
Արձագանքելով վարչապետի հարցին՝ արդյոք այս տարի 500 կմ ճանապարհի ցուցանիշը իրատեսականորեն հնարավո՞ր կլինի ապահովել, Դավիթ Խուդաթյանը վստահեցրեց, որ պլանը կգերակատարվի։ «Ամբողջովին, պարոն վարչապետ։ Մենք պլանավորում ենք, որ նոյեմբեր ամսին արդեն կավարտենք աշխատանքները։ Փաստացի 100 կմ է մնացել, որից մոտավոր 40 կմ-ի ներքին շերտն ամբողջությամբ պատրաստ է։ Դեկտեմբերին ասֆալտ չենք անի», – զեկուցեց նախարարը։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ անձամբ է տեսնում դրական տեղաշարժը։ «Ես Հայաստանի ներսում էլ շատ եմ ճամփորդում, և ակնհայտ է, որ մենք ճանապարհային ցանցի որակի էական փոփոխություն ունենք», – ասաց նա։ Սակայն կառավարության ղեկավարն ընդգծեց, որ պետք է մտածել ստանդարտների և շահագործման մեխանիզմների մասին, որպեսզի ճանապարհները չհասնեն այն վիճակին, որ «նորից սկսենք այդ վիճակից բերել ավելի լավ վիճակի»։ «Իմ զգացողությունն այն է, որ որակի հարցում մենք որոշակի փոփոխություն ունենք, բայց... երբ արդեն համեմատում եմ շատ երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների հետ, մենք դեռ չենք հասել ճանապարհաշինության այդ որակին։ Իհարկե, Հյուսիս-հարավի վերջին կտորը բացառություն է», – եզրափակեց Փաշինյանը։