23.11.2024
Մամուլ. Ծառուկյանից վտանգ չկա՞. իշխանությունը ցնծության մեջ՝ ժողովուրդը փողոց դուրս չի գա
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել է» սիրած տղայի հետ. գեներալը չի օրհնում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում պտտվող լուրերի համաձայն՝ օրերս Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի դուստրը՝ Այծեմնիկը, ամուսնացել է։ Էջմիածինն այդ լուրից փոթորկվել է, քանի որ ԵԿՄ նախկին նախագահի դուստրը ոչ թե ավանդական կարգով է ամուսնացել, այլ «փախել է» ու հիմա բնակվում է ամուսնու հետ։ Գրիգորյանը, ասում են, չի համակերպվում այս փաստի հետ եւ հրաժարվում է հայրական օրհնությունը տալ։ Գրիգորյանի դստեր ընտրյալն Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանի որդին է։ Իսկ Վազրիկ Գրիգորյանը փոխքաղաքապետ է եղել այն տարիներին, երբ Էջմիածնի «ղեկը» Մանվելի որդու՝ Կարեն Գրիգորյանի ձեռքում էր: Մանվել Գրիգորյանը դստերը չի ներում մի քանի պատճառով․ նախ, որ, ի հեճուկս իրենց ավանդական ընտանիքի չգրված օրենքների, աղջիկն ամուսնացել է ոչ ավանդական ճանապարհով, եւ երկրորդ՝ Գրիգորյանի ականջին շշուկներ են հասել, որ Վազրիկ Գրիգորյանի ընտանիքը հաշվենկատ ամուսնություն է ծրագրել: Նա կարծում է, որ խնամիները որոշել են Այծեմնիկին հարս բերել եւ «Մանվելի միլիոններով փակել իրենց պարտքերը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ ժամը 12-ին, վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) քննվելու է ոչ միայն դատախազության բողոքը՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այլ նաեւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։ «Պաշտպանական կողմի բողոքը վերաբերում է հիմնավոր կասկածին, մենք գտնում ենք, որ որեւէ ապացույց չկա ներկայացված դատարանին, որը կհիմնավորի, որ պարոն Ծառուկյանը նույնիսկ առնչություն ունի այդ գործի հետ։ Նաեւ վարույթի օրինականության վերաբերյալ է, որ ի սկզբանե մենք պնդում էինք ու հիմա էլ ենք պնդում, որ այդ քրեական գործը չպետք է քննվի ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այլ՝ ՀՔԾ-ում։ Այդ հանգամանքներին առաջին ատյանի դատարանն անդրադարձ չի կատարել, որի կապակցությամբ մենք էլ ենք բողոքարկել դատական ակտը»,- ասաց Խաչատրյանը։


Պաշտպանին հարցրինք՝ այն հանգամանքը, որ Ծառուկյանը վարակված է եւ բուժում է ստանում, կարո՞ղ է ազդել բողոքների քննության վրա։ «Ամեն դեպքում՝ բացի այն հանգամանքը, որ առաջին ատյանն արձանագրել է, որ կալանավորման որեւէ հիմք գոյություն չունի, նաեւ անդրադարձել է այդ հարցին, որ անձը 63 տարեկան է, մոտ ապագայում կլինի 64 տարեկան, եւ այդ պարագայում նա գտնվում է ռիսկային խմբում, իսկ Եվրոպայի՝ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի զեկույցով այդ հարցի կապակցությամբ շատ հստակ արձանագրումներ են կատարվել։ Այս պահին վարակված լինելն արդեն իսկ խոսում է դրա մասին, իմիջիայլոց՝ այնպես չէ, որ ասիմպտոմ է վարակը․ ջերմություն ունի, թոքաբորբի նշաններ ունի։ Ամեն դեպքում, վաղը մենք ներկայանալու ենք դատական նիստին եւ փորձելու ենք շարունակել նիստը, որպեսզի որեւէ մեկին տեղիք չտանք խոսելու։ Համացանցով շատ են շահարկում, թե, իբր, այդ հանգամանքն օգտագործվում է չկալանավորվելու համար։ Մենք բոլորին հակառակը կապացուցենք, իսկ մնացածը դատարանը պետք է որոշի՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ դատական նիստը շարունակվի՞, թե՞ ոչ։ Մենք ներկայանալու ենք եւ կներկայացնենք մեր կողմից կազմված բողոքները»,- պատասխանեց պաշտպանը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացրած հայցից, ինչի հիմքով Վարչական դատարանը, դատավոր Ռաֆիկ Խանդանյանի նախագահությամբ, կարճել է հայցի վարույթը: Քոչարյանը, հիշեցնենք, հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով ՔԾ-ին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտումներ թույլ տալուց: Նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը մեր զրույցում պարզաբանել էր, որ ակնկալում են անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց, քանի որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը, լինելով 60-ից բարձր տարիքային խմբում եւ ունենալով առողջական խնդիրներ, գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից: Հայցին զուգահեռ ներկայացվել էր հայցի ապահովման պահանջ կիրառելու միջնորդություն, որը դատարանը բավարարել էր եւ որոշել մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը Քոչարյանին թողնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Օրբելյանն պարզաբանեց, որ հայցից հրաժարվել են՝ դրա առարկայազուրկ դառնալու հիմքով.


«Հայցը վերաբերում էր կալանքի պահման պայմաններին, քրեակատարողական համակարգում անձին պահելու դեպքում հնարավոր վատ վերաբերմունքի ենթարկվելուն՝ պայմանավորված կորոնավիրուսով, իսկ օբյեկտիվ իրականության մեջ ՔԿՀ-ները իրենց կառուցվածքով, մոդելով ունակ չեն ապահովել կորոնավիրուսի դեմ արդունավետ պայքարի միջոցներ, դա համաշխարհային տենդենց է, հիմա քանի որ կալանքը վերացվել է, փոխարինվել գրավով, գտել ենք, որ հայցի քննությունն այլեւս անարդունավետ է պաշտպանության տեսանկյունից»: Հարցին՝ հաշվի չեն առել արդյոք, որ գրավով ազատ արձակվելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, եւ տեսականորեն, հնարավոր է, որ նորից կալանավորելու որոշում կայացվի, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Անկախ դրանից, այս պահին նա չի գտնվում ՔԿՀ-ում եւ վարչական դատարավարության լույսի ներքո ես չեմ կարող ասել՝ հետո նրա իրավունքները գուցե խախտվեն, դրա համար ուզում եմ ունենալ գործիքակազմ, այսինքն՝ դատավարական տեսանկյունից տեսական կամ հնարավոր խախտման հիմքով ես չեմ կարող մտնել դատական գործընթացի մեջ»,- ասաց Օրբելյանը՝ շեշտելով, որ այս պահին կա ուժի մեջ մտած դատական ակտ. «Քանի որ կալանքը վերացվեց, հետեւաբար կալանավայրում պահելու կամ չպահելու հետ կապված հարաբերությունները, վատ վերաբերմունք է թե չէ, խոշտանգում է թե չէ, քովիդով վարակվելու ռիսկ է թե չէ, անիմաստ է դառնում եւ առարկայազուրկ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր՝ ԿԸՀ դիմելը հիշեցրեց հայտնի անեկդոտը․ «Քշի Թուրքիա, 15-ին դրանք հայերին կոտորել են»․ ինչո՞ւ հիմա որոշեցիք դիմել ձեր կորսված մանդատը ետ բերելու համար, որովհետեւ այսօր որոշվում է իշխանությունների «սրտի» ընդդիմության հա՞րցը՝ հարցրինք «Լուսավոր Հայաստանի» անդամին` իրենց խմբակցության նախկին անդամ Արման Բաբաջանյանի մանդատի հարցով։ «Ամենեւին, նպատակ միշտ է եղել, պահը հիմա հասունացավ։ Գիտեք, ըստ օրենքի՝ «անկախ պատգամավոր» կարգավիճակ չկա, ԿԸՀ-ն նիստ կգումարի, որոշում կկայացնի»: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի սրտի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մերժի՞, իմքայլական պատգամավորներն արդեն սիգալներ են ուղարկում նրան։ «Կդիմենք ՍԴ»: Ներեցեք` ի՞նչ ՍԴ, որտեղի՞ց եք գտնելու ՍԴ՝ քվորում չկա, սոդոմ-գոմոր է ՍԴ-ի շուրջ։ «Եկեք չշտապենք, սպասենք ԿԸՀ որոշմանը. բոլոր դեպքերում, դա լինելու է շարունակական պրոցես, մենք անպայման հասնելու ենք մեր նպատակին»: Իսկ եթե ձախողվե՞ք։ «Կապ չունի, սա քաղաքական պրոցես է, որն այն մասին է, որ Սահմանադրությամբ ամրագրված է` երկրում անկախ պատգամավորի ինստիտուտ գոյութուն չունի, մանավանդ՝ ընդամենը 374 ձայն տարած մեկի համար, եւ այդ դրույթը պետք է ի վերջո կյանքի կոչել»: Իսկ հնարավո՞ր է դուք հերթական անգամ ճամփա եք բացում իշխանության համար՝ «Իմ քայլում» եւս կարող է պատգամավորների «անկախացում» ընթանալ՝ նախադեպ եք ստեղծում։ «Դե, մի դեպքում ասում եք` Արման Բաբաջանյանն իշխանության սրտի պատգամավորն է, հիմա մեկ այլ բան եք ասում։ Կողմնորոշվե՛ք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը խորհրդարան են ներկայացրել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել այսպիսի դրույթ. «Ազգային անվտանգության մարմինը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաբանական հարցումը ստանալու պահից տասնօրյա ժամկետում հարցում կատարող փաստաբանին տրամադրել Հայաստանի Հանրապետության սահմանով քաղաքացու մուտքի և ելքի մասին տեղեկությունը, ինչպես նաև պահանջվող այլ տեղեկություններ (փաստաթղթեր), եթե դրանք վերաբերում են ազգային անվտանգության մարմնի իրավասությանը և չեն պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք»: Այս փոփոխությունը կարող է վերաբերել ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու է գրանցվել չունենալով 5 տարվա մշտական բնակության սահմանադրական ցենզ: Իսկ դա կարող է հաստատվել կամ հերքվել ԱԱԾ կողմից սահմանը հատելու վերաբերյալ տրվող տեղեկանքով»:


«Փաստ» թերթը գրում է. «Չնայած Սահմանադրական դատարանի դատավորների հարցում դեռ մեծ անորոշություններ կան, սակայն իշխանություններն ինտենսիվ «քասթինգ» են իրականացնում: Բայց այս հարցում իշխանության ներսում այնքան էլ ամեն ինչ հարթ ու անցնցում չի անցնում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս քննարկումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է իրեն ներկայացված ցուցակից՝ համարելով, որ դրանց մեջ շատ են պոպուլիստներն ու նախկին իշխանությունների հետ ասոցացվող անձինք։ Ցավոք, մեր աղբյուրը չի նշում՝ խոսքը միայն կառավարությա՞ն, թե՞ նաև մյուս երկու ինստիտուտների կողմից ներկայացվելիք թեկնածուների մասին է: Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանն անգամ որոշակիորեն ընդդիմացել է իր նախկին գործընկեր Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության առումով, նշել, թե Ջհանգիրյանը բավականին քաղաքականացված է, ՍԴ դատավոր ընտրվելու համար մեծ տարիք ունի, սակայն ավելի ուշ տեղի է տվել, քանի որ, ըստ օդում կախված լուրերի, Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցել է նաև մի ուշագրավ փաստ, համաձայն որի, Գագիկ Ջհանգիրյանի համար ի սկզբանե այլ աշխատանք է նախատեսած եղել. նախնական քննարկվել է Ջհանգիրյանին եվրոպական երկրներից մեկում դեսպան նշանակելու տարբերակը, սակայն այս թեման, կարծես, «ջրվել» է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը հաստատապես Կարեն Անդրեասյանն է, ով երկու տարի շարունակ գովերգել է իշխանություններին եւ վաստակել այդ վստահությունը։ Նրան կարող է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը։ Սակայն ամենաինտրիգայինը Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է, ինչն արդեն բուռն քննադատությունների է արժանացել։ Մարդիկ հիշել են, որ նա եղել է «հայոց ընտրակեղծարարության նախակարապետը», չնայած, ոմանց կարծիքով, առկա թեկնածուների մեջ ամենանորմալ իրավաբանն է եւ ունի նաեւ լուրջ «բոնուս»` Խաչատուր Սուքիասյանի խնամին է։ Ի դեպ, Արարատ Միրզոյանը շատ էր ուզում, որ իր քավոր Վլադիմիր Վարդանյանը դառնա ՍԴ նախագահ, սակայն այդ դեպքում բաց կմնար առանց այն էլ բոբիկ խորհրդարանի իրավական բլոկը։ Ինչ վերաբերում է փաստաբան Կարապետ Բադալյանի թեկնածությանը, ապա նա «Ռեստարտի» շահերն է պաշտպանել, այսինքն՝ սորոսական թիմի թեկնածուն է։ Բացի այդ, Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինն է՝ Արսեն Խառատյանի փեսան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սեւ ցուցակ» կազմելուց եւ իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն: Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլեւս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը՝ «սեւ ցուցակն» ուղարկվում է արխիվ: Վերջին օրերին մատուցած ծառայությունների դիմաց Փաշինյանը «համաներում» է հայտարարել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետք չէ մեղադրել մասնագետներին, թե՝ իշխանություններին քննադատելու փոխարեն օգնեք, աջակցեք։ Մեծ թվով մարդիկ երկու տարի շարունակ աջակցում են, խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնացույց անում՝ ապարդյուն։ Լսելու ունակություն ունեցող, սովորելու ցանկություն ունեցող, սխալներից դասեր քաղող իշխանություն մենք, ցավոք, չունենք։ Բայց մի հերթական անգամ փորձենք օգտակար լինել նրանց, քանզի նրանց սխալներից մենք ենք տուժում, նրանց ինքնավստահությունը մեր քթից է դուրս գալիս, նրանց տգիտությունը կարող է պետության ինքնիշխանություն արժենալ։ Խորհուրդ առաջին․ Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին, մի կարդացեք ֆեյսբուքյան գրառումներն ու քոմենթները, ձեր թանկ ժամանակը մի ծախսեք համացանցի վրա եւ մի խրախուսեք այդ վիրտուալ իրականության գոյությունը։


Սկզբում մի քիչ դժվար կլինի, բայց, հավատացեք՝ մի քանի շաբաթից բոլորը կամաց դուրս կգան, կվերադառնան իրական կյանք, կսկսեն աշխատել եւ ապրել, ստեղծագործել ու արարել։ Դա չափազանց առողջացնող դեր կխաղա երկրի կյանքում, եւ ձեր հասցեին ուղղված հայհոյանք-վիրավորանք-քննադատությունն էլ էականորեն կնվազի։ Խորհուրդ 2․ Արգելեք իրավապահներին հաղորդագրություններ տարածել նոր հարուցված քրեական գործերի մասին։ Հրաժարվեք քաղաքական նպատակներով իրավապահներին օգտագործելուց, հրահանգեք զբաղվել բացառապես քրեական վարույթներով եւ իրենց բուն գործառույթներով։ ԱԱԾ-ին արգելեք երկրի ներքին կյանքին խառնվելը, քաղաքական շրջանակներին հետապնդելը, հանձնարարեք անցնել իրենց բուն պարտականությունների կատարմանը՝ երկրի անվտանգության խնդիրների մասին հոգ տանելուն։ Վերջապես․ սկսեք աշխատել՝ երկրի բուն խնդիրներով զբաղվել, առանց փիառի ու աղմկոտ հայտարարությունների»:


«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին անընդհատ տեղեկություններ են հրապարակվում նաեւ այս կամ այն քաղաքական գործչի, պատգամավորի կամ պաշտոնյայի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Աշխարհն իրար խառնած այս հիվանդությունից ոչ ոք ապահովագրված չէ: Սակայն ոչ պակաս մտահոգիչ է այն արձագանքը, որ մեր հասարակության որոշ շերտեր տալիս են նման տեղեկություններին: Քիչ չեն այնպիսի մեկնաբանությունները, որոնց իմաստն այն է, թե «լավ է եղել», «տա Աստված, կորոնավիրուսը հաղթի» եւ այլն: Այսքան անմարդկային, չար, տմարդի ու անուղեղ վերաբերմունքը ե՞րբ խորացավ մեր հասարակության մեջ, ինչպե՞ս կարողացանք այսքան «ցավին անտարբեր» դառնալ, ուրիշի հիվանդությամբ, ցավով, վշտով ուրախանալ, ինչո՞ւ «հաջողացրեցինք» այսքան ընկնել: Սրանք հարցեր են, որ միանշանակ պատասխան չունեն: Այնպես չէ, որ մեկ-երկու օրում դարձանք այսպիսին: Բոլոր ժամանակներում էլ այդպիսիք եղել են մեր հասարակության մեջ, երբ որեւէ մեկի հարազատի մահվան լուրի ներքո կարող են գրել «տարոսն ուրիշին», երբ կարող են անպարկեշտ արտահայտություններ տալ որեւէ մեկի տանը, ասենք, թոռնիկ ծնվելու առթիվ: Սակայն հանուն արդարության պիտի նշենք, որ չարության, ատելության, նողկալիորեն հակամարդության դոզան գնալով ավելանում է: Չենք ուզում հավատալ, որ նման մեկնաբանությունները կազմակերպված են: Բայց պիտի ընդունենք, որ վատ օրինակը վարակիչ է: Այնպես որ, հատկապես հանրային դեմքերը պետք է չափազանց զգույշ լինեն իրենց արտաբերած ամեն մի բառի, ամեն մի մտքի առումով, քանզի նույնիսկ արտաքուստ անմեղ թվացող մի ձեւակերպում կարող է հանրային այլ «մեսիջ» դառնալ: Առողջություն բոլորին: Նաեւ՝ բարություն ու խելամտություն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հետին թվով ազնիվ դարձած և Արթուր Վանեցյանի հետ համագործակցելով «անարդարության դեմ ակտիվ գործողություններ անել» ցանկացող նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը լավ կանի պատասխանի, թե, օրինակ, ինչու է դստերը թողել «անարդար» կառավարությունում աշխատել ու օր առաջ նրան չի փրկել այդ միջավայրից։ Եթե նա յուր դստերը չի հորդորել ազատվել ՊԵԿ բաժնի պետի պաշտոնից, ապա մենք կարող ենք ենթադրել, որ նա կա՛մ դստերը թողել է ՊԵԿ-ում որպես հակահեղափոխականների «աչք և ականջ», կա՛մ պարզապես մոռացել է ՊԵԿ բաժնի պետ աղջկան հորդորել հեռանալ Փաշինյանի «ապազգային» կառավարության ստորաբաժանումից»։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲՀԿ, «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները համախմբվել են կոնկրետ խնդրի շուրջ, որի նպատակն է, ինչպես իրենք են նշում, պաշտպանել սահմանադրական կարգը: Այդ նպատակով ստեղծվել է երեք կուսակցություններից կազմված աշխատանքային խումբ, օրերս էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ: Եռյակին «Մեկ Հայաստան» կուսակցության չմիանալու հետ կապված այս օրերին տարաբնույթ խոսակցություններ եղան: Կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «5-րդ ալիքի» եթերում ասել էր, որ իրենք որեւէ տարաձայնություններ ու անհամաձայնություններ չունեն: «Հակառակը, մենք ունենք լիակատար փոխըմբռնում, փոխհասկացվածություն վերջնական նպատակների եւ գործողությունների հաջորդականության առումով: Ուղղակի կա երկու մոտեցում՝ ցանցային պայքար, թե համախմբում: Մենք այս պահին որոշեցինք, որ առայժմ բոլորով մեկ տեղ հավաքվելու անհրաժեշտություն չկա:


Կա եռյակ, մենք ողջունում ենք, պատրաստ ենք իրենց օրակարգերին օժանդակել, մասնագիտական, քաղաքական օժանդակություն ցուցաբերել, բայց վերջին երկու տարում իր արդյունավետությունն ապացուցած ցանցային պայքարը պետք է շարունակել: Դեռ ամբողջական ու լիակատար միավորման ժամանակը չէ»,ասել է Ղազինյանը: «Փաստ» թերթի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ասաց. «Մենք համատեղ աշխատանք ենք իրականացնում բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց օրակարգը, այն է` այս կառավարության անհապաղ հեռացում, համապատասխանում է մեր նույն օրակարգին: Այդ աշխատանքներն իրականացվում են ամենատարբեր եւ արդյունավետ ձեւաչափերում: Որտեղ կա միասին հանդես գալու անհրաժեշտություն, այդպես է իրականացվում աշխատանքը: Որտեղ կա ցանցային կամ այլ ձեւաչափ, այդպես է իրականացվում: Մենք հրաշալի համագործակցում ենք մեր գործընկեր «Մեկ Հայաստան» կուսակցության հետ, ինչպես նաեւ «Ազգային օրակարգ» եւ այլ կուսակցությունների հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ ընթացք կունենա ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացրած դիմումը: Գլխավոր դատա­խազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Դիմումը քննարկվում է»: Սակայն պարզվում է՝ դիմումից հետո իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ իրավապահների մոտ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթանում, մասնագետները տարակու­սած են՝ ինչպես վարվել: Եվ չնայած Աբրահամյանն այլ մանրամասներ չհայտնեց մեզ, այնուամենայնիվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ամենայն հավանականությամբ, արդեն հստակություն կլինի, թե ինչ ճակատագրի է արժանանալու երեք ուժերի կողմից ներկայացված դիմումը: Իրավապահ համակարգում քննարկվում է տարբերակ, որ ՀՀ դատախազությունը երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետագա ճակատագիրը որոշելու համար այն ուղարկի նախաքննական մարմիններից որեւէ մեկին՝ թերեւս այն մերժելու հեռանկարով: Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորո- նավիրուսային իրավիճակով չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին, այնուամենայնիվ համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգեւատրվեն: Ընդ որում, «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարգեւատրված դատախազները պատահական մարդիկ չեն: Երեկ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ «Մխիթար Գոշի» մեդալով պարգեւատրվել են գլ­խավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույ­թի օրինականության նկատմամբ-հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատա­կան վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը եւ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժ­նի պետ Գուրգեն Հակոբյանը:


Իսկ ովքեր են նրանք. Արսեն Մարտիրոսյանը սերտ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից՝ նշանակվել է գլ­խավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հս­կողության վարչության պետ: Ավելին, նա ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է: «Միխթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հա­րուցված քրեական գործը հսկող դատախազ Արմեն Փանոսյանը: Միգուցե «Մխիթար Գոշ» մեդալն էլ տվեցին նրա համար, որ հանձն է առել պատասխանատվության կանչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Իսկ այլդ մեդալով պարգեւատրված երրորդ ան­ձը՝ Գուրգեն Հակոբյանը, եւս հանդիսանում է Արթուր Դավթյանի մտերիմներից: Ավելին, դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ նրան եւս պատահական չեն պարգեւատրել: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ Գուրգեն Հակոբ­յանին ցանկանում են նշանակել ռազմական ոստիկանության պետ: Այստեղ նկատենք, որ ՌՈ ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանին պաշտոնավարելու համար մնացել է 19 օր, եւ չի բացառվում, որ փոփոխություններ լինեն:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որը վերաբերում է դատավորներին: Այս անգամ պատգամավորներ Աննա Կոստանյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին նախագծերի փաթեթը: Այս նախագծերով պատգամավորները ցանկանում են Դատական օրենսգրքում ամրագրել, որ «Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից»: Նկատենք, որ այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր դատավորներին, եւ անգամ նախագծի հեղինակներն են որպես հիմնավորում փաստում, որ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսված է կենսաթոշակի հաշվարկման կարգ, իսկ, ահա, մյուս դատարանների դատավորների համար նման կարգ նախատեսված չէ, եւ նրանք նկատում են, որ այսպիսի խտրական մոտեցումը հակասում է Սահմանադրությանը: Նկատենք, որ դատավորների կենսաթոշակը զգայուն թեմա է։ 2014 թվականին, երբ կառավարությունը ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացրեց մինչեւ 450-500 հազար դրամ, դատական համակարգում դժգոհություններ եղան՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ անհավասարությանը: Այժմ, փաստորեն, բոլոր դատավորները հավասար կլինեն, այդ թվում՝ երկրի թիվ մեկ դատարանի՝ Սահմանադրական դատարանի դատավորները»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ռազմական ոստիկանությունում հին բարքերը դեռևս շարունակվում են, քանի որ այդ կառույցը փաստացի ղեկավարում է ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, որը պաշտոնանկ արվեց այս տարվա փետրվարին։ Համակարգը դեռևս համալրված է նրա կոռուպցիոն կադրերով, ոչ մի բան չի փոխվել։ ՌՈ «ձևական» պետ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը շատ թույլ է, ինչն էլ Բաղդասարյանին հնարավորություն է տալիս կառավարել ինչպես նրան, այնպես էլ կառույցը։ Հիշեցնենք, որ մենք դեռևս փետրվարին էինք գրել, որ ՌՈ պետ պետք է նշանակվի Ալեքսանդր Աղաջանյանը, քանի որ նա շատ մտերիմ հարաբերությունների մեջ է Պնախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Դեռևս ձմռանը գրել էինք, որ Ալեքսանդր Աղաջանյանի նշանակմամբ առավելապես շահագրգռված էր հենց Արթուր Բաղդասարյանը, քանի որ միայն Աղաջանյանի նշանակմամբ նրան կհաջողվեր խուսափել հետագա պատասխանատվությունից, ու ինչպես ասում են, կեղտերը ջրի երես դուրս չէին գա, քանի որ Աղաջանյանը անմիջական մասնակցություն էր ունեցել Արթուր Բաղդասարյանի կոռուպցիոն գործունեությանը»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա մեծածավալ աշխատանքներ ընդգրկող պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2020 թ.) նպատակով ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը պլանավորված էր 2020 թ. հուլիսի 1-ին` ժամը 00:00-ին։ Այն 24 ժամով հետաձգվեց․ Հրազդան ՋԷԿ-ի միանալուց հետո կանգը կանի։ Արդյո՞ք Հայաստանի՝ ռուսական վարկի մի մասից հրաժարվելը խնդիր չառաջացրեց միջուկային էներգետիկայի ոլորտում ռուսական կողմի հետ հարաբերություններում, ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն ՀԱԷԿ-ում այս կանգի ժամանակ եւ համավարակի այս պայմաններում ինչպե՞ս ենք համագործակցելու արտերկրի մասնագետների հետ։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի հետ։ Նախ՝ առաջին հարցի մասով՝ վարկից հրաժարման հետեւանքով հնարավոր խնդիրների։ Մովսես Վարդանյանը վստահեցրեց․ ոչ մի խնդիր չկա, հայկական ու ռուսական կողմերը բնականոն աշխատում են։ Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարացման նախագիծը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գլխավոր նախագիծ է համարվում: Որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի գլխավոր կապալառու հանդես է գալիս «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը, որի հիմնական խնդիրներն են կայանի գոյապաշարի վերականգնումը եւ շահագործման ժամկետի երկարացումը, նրա անվտանգության եւ արդյունավետության մակարդակի բարձրացումը: «Ոլորտում հայկական եւ ռուսական ձեռնարկությունների փոխհարաբերությունները համագործակցության անցյալ տարիներից ի վեր միայն կատարելագործվում են. փոխըմբռնումն ու վստահությունն ավելանում են, համատեղ գործողությունների կառավարման եւ համակարգման ընթացակարգերը պարզեցվում են»,- շեշտեց Մովսես Վարդանյանը»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նախորդ տարի Հայաստանում արձանագրվեց վերջին տասնամյակի համար աննախադեպ տնտեսական աճ՝ 7.6 տոկոս: Այն էական պաշար է կորոնավիրուսի համավարակի պատճառով սպասվելիք տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար: Նախորդ տարվա դրական ցուցանիշներն ապահովող տնտեսության ճյուղերի կառուցվածքը ցույց է տալիս, որ էական նախադրյալներ կան անհամեմատ ավելի հեշտությամբ հաղթահարելու համաշխարհային մակարդակով ստեղծված, այդ թվում նաեւ մեր հանրապետությունում սպասվող սոցիալ-տնտեսական դժվարությունները: Տնտեսական դրական ցուցանիշներին նպաստել էր պետական ներդրումների, մասնավորապես՝ կապիտալ ներդրումների աճը: 2018 թ. համեմատ նախորդ տարի կապիտալ ծախսերն աճել էին 4.7 տոկոսով: Դրանք դրական էին ազդել արդյունաբերության եւ ծառայությունների վրա, մասնավորապես՝ էլեկտրականության, գազի, մշակող արդյունաբերության ոլորտներում: Այս տարի էլ կառավարությունն աննախադեպ ծավալի կապիտալ ծախսեր է անում, որը ոչ միայն կաշխատեցնի տնտեսությունը, այլեւ կնպաստի թեկուզ ժամանակավոր, բայց նոր աշխատատեղերի ստեղծմանը: Սա կարեւոր է համավարակի պատճառով ստեղծված ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու համար: 2020թ. այս պահի դրությամբ պետությունը միայն ճանապարհաշինության ոլորտում արդեն հաստատել է 31 մլրդ դրամի կապիտալ ծախսեր: Նախորդ տարի պետական բյուջեի կապիտալ ծախսերը մեծ են եղել բյուջեի պակասուրդի մեծությունից: Գործադիրն արդեն այսօր իրականացնում է ծրագրեր եւ գործողություններ, որոնք թիրախավորում են առավել ռիսկային ոլորտները եւ միտված են բացասական հետեւանքների մեղմմանը: Այս գործողությունների արդյունավետ իրականացման դեպքում կարելի է ակնկալել տնտեսության ավելի քիչ անկում, քան համաշխարհային տնտեսական անկման ցուցանիշներն են լինելու»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մսի վաճառքով զբաղվող անձինք և տնտեսվարողները պնդում են, որ իրենց որևէ մեկը չի զգուշացրել, որ հուլիսի 1-ից իրենք պարտավոր են վաճառել բացառապես սպանդանոցային միս և սովորականի նման շարունակում են վաճառել իրենց կողմից տարբեր անհատներից ձեռք բերված միսը: Կարծում ենք, որ կառավարությունը պետք է կա՛մ պաշտոնապես կրկին հետաձգի օրենքի գործողության ժամկետը, կա՛մ հետևի, որ այն խստորեն պահպանվի, այլապես այս վիճակը հիշեցնում է ամենաթողություն, ինչն ընդունելի չէ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը: Օրինակ, «Վարդան թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ երեք ամիս տանից են աշխատել. «Քանի որ ես ճանաչում եմ շուկան, պետք է ասեմ, որ շատ տուրիստական գործակալություններ են փակվել, որովհետև մարդիկ չեն կարողանում վարձերը վճարել և հանձնում են տարածքները: Դրա հետևանքով շատ քաղաքացիներ մնում են առանց աշխատանքի: Այս պահի դրությամբ ստեղծված վիճակը տուրիզմի ոլորտի վրա բացասաբար է ազդում»։ Նշենք նաև, որ տուրընկերություններն այս ամիսներին մեծ վնասներ են կրում: «Վարդան թրավել»-ի տնօրենի խոսքով՝ իրենք ևս ֆինանսական կորուստներ ունեն: «Եթե գումարենք այն շահույթը, որը պետք է ունենայինք մենք, կորուստները շատ մեծ են: Չէ՞ որ մայիսից մինչև օգոստոսի վերջ տուրիստական գործակալությունների ամենապիկ շրջանն է, բոլորը մեկնում են հանգստի: Այս պահի դրությամբ մենք, բացի այն, որ չունենք շահույթ, նաև ծախսեր ենք անում: Օրինակ՝ ես վճարում եմ յուրաքանչյուր ամիս տարածքի վարձակալության գումար, չնայած մարտ և ապրիլ ամիսների վարձակալության գումարը իմ ընկերության տարածքի սեփականատերը, հասկանալով մեր վիճակը, չվերցրեց: Ամեն օր են կորուստները»,- մեծ ափսոսանքով նկատեց մեր զրուցակիցը»: