23.11.2024
Մամուլ. Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել է» սիրած տղայի հետ. գեներալը չի օրհնում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք կտա. մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայանալու է իր նախկին տեղակալ Արսեն Դավթյանի՝ կաշառք վերցնելու գործով դատական նիստին եւ սենսացիոն ցուցմունք է տալու։ Դա միջնորդել են ամբաստանյալի պաշտպանները, ուստի ենթադրելի է, որ նա պաշտպանական ցուցմունք է տալու։ Մեր տեղեկություններով, հայտարարելու է, թե այս գործում չկա կաշառքի հանցակազմ, այլ առկա է խարդախություն մյուս ամբաստանյալի՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից, եւ որ իր տեղակալը չէր կարող ինքնուրույն փոխել պետպատվերի չափը։ Ըստ ամենայնի, սա «շնորհակալություն» է լռության դիմաց»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի խնդրանքով տրամադրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունը կազմելու փուլում հնարավորություն է եղել դիմելու և եվրոպական դատարանին դիտարկումներ ներկայացնելու գործի վերաբերյալ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից ՄԻԵԴ-ին այդ նպատակով դիմել է Ռուբեն Մելիքյանի ու Սիրանուշ Սահակյանի կողմից ստեղծված «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ ՄԻԵԴ-ը թույլ է տվել նրանց, սակայն իրենք ժամկետները բաց են թողել և չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել գործի վերաբերյալ։ Այդ փաստը ֆիքսվել է ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքում։ Մինչդեռ նույն գործով ՄԻԵԴ-ը թույլ է տվել դիտարկումներ ներկայացնել նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին: Վերջինս ներկայացրել է իր դիտարկումները գործի հետ կապված, և ՄԻԵԴ-ը հաշվի է առել ու ընդունել է դրանք»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ եւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել եւ քննվել, սակայն այլ ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվի հենց Քննչական կոմիտեում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔԿ ղեկավարությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշում է կայացրել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:Մեզ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ որ հոդվածով է քրեական գործ հարուցվել Աղվան Հովսեփյանի նկատմամբ, կամ ինչու է Քննչական կոմիտեի նախկին նախագահը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն ակնհայտ է, որ այդ ամենը կապ ունի հենց իր պաշտոնական գործունեության հետ, եւ թերեւս իրավապահներին այդ մասով մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ»-ը մեկնաբանության համար դիմեց ՀՔԾ՝ հասկանալու համար՝ արդյոք իրենց մոտ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ քննվում է, թե ոչ, սակայն, ի պատասխան, ՀՔԾ-ն չմեկնաբանեց: Հույժ գաղտնի տեղեկություն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը երեկ ստացել է նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայության պաշտոնական պատասխանը։ «Ժողովուրդ» օրաթերթը իր հունիսի 30-ի համարում գրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, եւ կուսակցության նախագահն արդեն ստացել է այդ մասին պաշտոնական տեղեկությունը: Իսկ ի՞նչ է ասված փաստաթղթում. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն մերժել է Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել: Իհարկե, սպասելի սցենար էր, քանի որ արտակարգ դրության պայմաններում նման գործի քննությունը, բնականաբար, կարող է վնասել վարակի դեմ պայքարի գործընթացին, առավել եւս, որ կուսակցության նախագահի դիմումը ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ էր, այլեւ ՀՀ վարչապետի: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով:


Նկատենք, որ դրան զուգահեռ ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի միայն Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում: Եվ հետաքրքիր է, որ երեկ սոցիալական ցանցերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն արդեն դժգոհում են, որ այս համավարակի օրերին ընդդիմադիր խմբակցությունները նման նախաձեռնությամբ են հանդես եկել: Սա նշանակում է, որ այս հանձնաժողովն էլ անդամների սահմանված թիվը չապահովելու հիմքով կմնա չկայացած»:


«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում` համավարակի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը պարզելու նպատակով, եւ դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցության ակտիվը «նստել է» ԱԺ նախագահի ականջին, թե պետք է թույլ չտալ, որ նման հանձնաժողով ստեղծվի հիմա, որի իրավական արդարացումն են փնտրում: Երկար քննարկումներից հետո` միակ, այսպես ասած, հիմնավորումը գտել են արդեն հայտնի դարձած լոզունգը, թե համավարակն էլ պատերազմ է, եւ սխալ է այս ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալ: Ինչո՞ւ ոչ հիմա եւ ի՞նչ կտա տեւական ժամանակ հետո` ստեղծել վերոնշյալ հանձնաժողովը, իշխանական շրջանակներն ունեն իրենց բացատրությունը: Ըստ նրանց, երբ բավական ժամանակ անցնի, մի շարք աղմկոտ խնդիրներ ու բացթողումներ էլ կմոռացվեն, ուստի` շատ ավելի հեշտ կլինի դրա տակից դուրս գալը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունում շատերը, որոնք քչից-շատից կայացած են եղել, իրենց գործն են ունեցել, խիստ փոշմանել են, որ պատգամավոր են դարձել. հենց նրանք են, որ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի «ցուցակում»` որպես անհնազանդներ: Վերջիններս, ինչպես նաեւ «Իմ քայլում» շատերը, շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանն «անկաշկանդ», ադեկվատությունը կորցրած, խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում, ինչը վերջերս շատ է պատահում հատկապես Սահմանադրական դատարանին առնչվող գործընթացների կապակցությամբ: Քայլականները պնդում են՝ բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանն անհավասարակշիռ անձ է, նաեւ դիտմամբ է իրեն այդպես պահում` հատկապես Վահագն Հովակիմյանի, վերջերս էլ՝ Վլադիմիր Վարդանյանի եւ այլոց նկատմամբ, որպեսզի մնացածները վախենան, «չտզզան»։ Ասում են նաեւ՝ անհնազանդների բանակը գնալով մեծանում է, իսկ «կոմպրոմատներ» նրանց նկատմամբ այդպես էլ չեն գտնվում. գտնվածներն էլ «տուզիկ» թեմաներով են. զորօրինակ, թե Սոֆյա Հովսեփյանն ինչպես է իրեն տրված գրանտները ծախսել, Վահագն Աթաբեկյանի՝ ծանրոցներ փոխադրող «Կուրյեր» ընկերությունը լուծարվելիս ինչ փոքրիկ կիքսեր է թույլ տվել եւ այլն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «ընդհատակ է անցել»: Բանն այն է, որ վերջին օրերին խորհրդարանում քննարկված նախագծերի, դրանց շուրջ քննադատությունների համար, բացի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մեղադրում են նաեւ Վլադիմիր Վարդանյանին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, որին իշխանությունները ներգրավվել են խորհրդարանի ձեւավորումից ի վեր եւ, այսպես ասած, հինգ փուլ անցել, տարբեր նախագծեր ներկայացրել, սակայն լուծման այդպես էլ չեն հասել: Այդ ամենի հետ մեկտեղ առկա են քննադատություններ նաեւ եվրոպական կառույցների, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերի կողմից, եւ թիրախում երկու անձ է՝ Ռուստամ Բադասյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն միեւնույն ժամանակ մտածում են, թե այդ դեպքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ավելի կթուլանա, առանց այն էլ մշտապես քննադատությունների թիրախում է: Սակայն, ամեն դեպքում, մի քանի օր է՝ Վլադիմիր Վարդանյանը «անհետացել է»՝ չցանկանալով հանդես գալ պարզաբանումներով: Նկատենք, որ նա պասիվ էր նաեւ հունիսի 30-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ: Թերեւս պատճառը հենց քննադատություններն են նրա հանդեպ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից վարույթ է ընդունվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Թափառող շների վնասազերծման» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ Աշոտ Մելոյանի քաղաքացիական հայցը ընդդեմ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները եւ փոխհատուցում տրամադրել: Նշենք, որ Մելոյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, վերջինիս հետ նկարահանվել է «Կարգին սերիալ»-ում: Իսկ ո՞րն է հայցի պատճառը. մայիսի 8-ին Խաժակյանն անդրադարձել էր Աշոտ Մելոյանի հետեւյալ գրառմանը. «Ով մտածում է, որ թավիշը ձեռքեր չունի, եւ անընդմեջ կարող են լեզվի տակ եղածը շռայլել, ուրեմն թող պատրաստ լինեն թավշյա ապտակի»։ Խաժակյանը Մելոյանի հայտարարության վերաբերյալ գրել էր. «Հաշվի առնելով, որ հիմնարկի աշխատանքները խիստ անբավարար են, կարելի է ենթադրել, որ Մելոյանը վարձատրվում է հենց այսպիսի գրառումներ կատարելու համար: Ընդ որում՝ հիշեցնեմ, որ հիմնարկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում, եւ հարուցվել քրեական գործ: Տեսնես Մելոյանը կապ ունի՞ այդ գործի հետ»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աշոտ Մելոյանը, որպես իր հեղինակության «փրկագին», ավագանու ընդդիմադիր անդամից դատարանի միջոցով պահանջում է 3 մլն դրամ փոխհատուցում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները ակցիա էին իրականացրել՝ նամակներ հանձնելով ԵՄ պատվիրակությանը, ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, «փաստելով, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման եւ պահպանման, իսկ երկրի բարձրագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը, Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է եւ իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը Հայաստանի Հանրապետությունում, կոչ է անում նշյալ կառույցներին զերծ մնալ կողմնակալ հակաժողովրդավարական հայտարարություններից եւ տիրող հակաիրավական իրավիճակին տալ օբյեկտիվ ու անաչառ գնահատական/արձագանք»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները անակնկալի են եկել ակցիայի՝ սպասվածից ավելի բազմամարդությունից: Բանն այն է, որ նրանք խորապես վստահ են եղել, թե «նախկինները» ներուժ չունեն եւ չեն կարողանա մարդ հանել փողոց: Ավելին, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանին սկզբից զեկուցել են, թե «հազիվ մի տասը հոգի կարողանան հավաքել»: Ի վերջո, իշխանությունների զարմանքն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հավաքը ցրելու գործողություններ չեն իրականացրել: Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցում է, թե Փաշինյանը «պատեպատ է տվել» իրեն սխալ տեղեկություններ զեկուցողներին»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանություն իրականացնելու մեղադրանքներվ քրեական գործերով անցած Մասիսի քաղաապետ Դավիթ Համբարձումյանը գրեթե աշխատանքի չի ներկայանում։ Քաղաքապետարանից մեզ պատմեցին, որ նա գրեթե իրար հաջորդող արձակուրդներ է ձևակերպում և ամիսներով գործի չի գալիս։ Նրա լիազորությունները իրականացնում է տեղակալը, որն էլ չի փայլում իր հմտություննեով, ինչի արդյունքում քաղաքապետարանում իսկական «բարդակ» է։ Ասում են՝ Դավիթ Համբարձումյանը քաղաքապետարանն է «բարդակ» սարքել, իսկ նրա մյուս «կրիմինալ» եղբայրը քաղաքը ինչ ուզում՝ անում է՝ իրեն համարելով անպատժելի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «2003-2007 թթ. ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը որեւէ բան չունի ասելու տարիներ շարունակ իր ղեկավարած Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի հետ կապված գործընթացների մասին։ Հիշեցնենք․ սա հանրապետության միակ կենտրոնն է, որտեղ այրվածքների մասնագիտացված բուժում է կազմակերպվում։ Կենտրոնն այս պահին ավելի շատ կորոնավիրուսի բուժման հիվանդանոցի է վերածվել (թողնված է միայն այրվածքաբանության բաժանմունքը)։ «Ես այնտեղ հիմա չեմ, հանել են ինձ գործից, ու բացարձակ մեկնաբանություն չունեմ»,-ասաց պարոն Դավիդյանը։ Առողջապահության նախկին նախարարը՝ որպես առողջապահության նախկին կազմակերպիչ, եւս հրաժարվեց իր կարծիքը ներկայացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության քայլերի վերաբերյալ։ «Որեւէ բան ասել չեմ ուզում, իմ ասելով չէ։ Հիմա ամենակարեւորը՝ կարողանանք այս վիճակից դուրս գանք»։ Դավիդյանը միայն ասաց, որ ընդհանուր վիճակը բարդ է, եւ որ սխալ էր կորոնավիրուսի վերահսկողությունն առողջապահության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների վրա թողնելը։ Նա խորհուրդ տվեց զանգահարել մի քանի ամսից, երբ ամեն ինչի մասին հանգամանորեն կխոսի։


Որեւէ այլ հարցի չցանկացավ պատասխանել։ Սակայն այս քչախոսության «պատճառը» թերեւս այն քրեական գործն է, որն ամիսներ առաջ հարուցվել է նախկին նախարարի նկատմամբ, եւ այդ գործը կախված են պահել նրա գլխին՝ ո՛չ քննում-ավարտում են, ո՛չ կարճում։ Հիշեցնենք, որ բժշկական գիտությունների դոկտոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Նորայր Դավիդյանին մեղադրում են իր ղեկավարած կենտրոնում «միլիոնավոր դրամների չարաշահումների փաստի առթիվ հարուցված գործով»։ Ըստ մեղադրանքի՝ Դավիդյանը պետությանը պատճառել է էական՝ առանձնապես խոշոր չափի՝ 154 մլն 775 հազար 80 ՀՀ դրամի վնաս: Դավիդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Մենք տեղեկացել էինք, որ քննիչը վերցրել է նրա անձնագիրը։ Նորայր Դավիդյանը հաստատեց, որ անձնագիրը քննիչի մոտ է, եւ ասաց, որ տարբեր խնդիրների համար օգտագործում է անձնագրի պատճենը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Սնանկության մասին» օրենքում: Այս փոփոխությունները պայմանավորված են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի և սնանկության վարույթի հարաբերակցության կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն ուղղված է գույքի դեմ, որի ձեռքբերումն էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով։ Կարելի է ենթադրել, որ ապօրինի գույքի սեփականատիրոջ սնանկացումը պատճառ չէ, որ այդ գույքը բռնագանձվի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ է կորել գյումրեցի տատիկի դին՝ հարցրինք «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պատասխանատուներից մեկին։ «Մեծ հաշվով, մենք այդ խնդրի հետ կապ չունենք. դրական կորոնայով մահացածների մորգը գտնվում է Աբովյանում, մենք դիակն ուղարկել ենք Աբովյան»: Ասում են` ձեզ մոտ է կորել։ «Չէր կարող նման բան լինել, մեր մոտից այն ուղարկվել է Աբովյան»: Պատասխանատվությունից փորձում եք խուսափե՞լ։ «Ոչ, փաստն ենք արձանագրում»: Իսկ ո՞վ է պատասխանատուն։ «Նախարարությունը»: Ի՞նչ է լինելու: «Չեմ կարող ասել»: Բա ո՞վ կարող է ասել, իսկ հնարավո՞ր է` էլի են նման դեպքեր եղել։ «Չեմ կարծում, թե եղած լիներ․ կիմանայիք»: Որտեղի՞ց է այդ «լավատեսությունը»: «Հարազատները գնում, ապակու հետեւից ճանաչում են իրենց հարազատին` տեղի է ունենում իդենտիֆիկացիա»: Բոլոր դեպքերում, պատասխանատվություն հասնո՞ւմ է նման արարք կատարողներին։ «Խնդրով պետք է զբաղվեն իրավապահները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։ Նա այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, գիտակցությունը տեղն է, երկկողմանի թոքաբորբ է տանում։ Հիվանդանոցից հայտնեցին նաեւ, որ եթե կորոնավիրուսային վիճակը թույլ տա, եկող շաբաթ կինը վնասվածքաբանական եւ նյարդաբանական մի քանի վիրահատության կենթարկվի։ «Երկու վիրահատություն է նախատեսվում, ընդ որում՝ մի քանի էտապով։ Այս պահին դեռ թոքաբորբն է բուժվում»,- ասաց հիվանդանոցի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։ Վնասված են տիկնոջ 2 ոտքը եւ ողնաշարը։ Ավելի վաղ գրել էինք, որ կինն առաջին անգամ չէ նման քայլի դիմում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ-ի շուրջ ճգնաժամը գնալով խորանում է: «Ինչ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՍԴ դատավոր, որեւէ գործունեություն չվարելով՝ անվերջ կրկնում էր․ ՍԴ-ում ճգնաժամ է։ Սակայն այն օրվանից, երբ սկսեց մասնակցել ՍԴ նիստին, ՍԴ-ում իսկապես արդեն խորը ճգնաժամ է»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Ալվինա Գյուլումյանը գալի՞ս է աշխատանքի։ «Ոչ, նա գտնում է, որ իր իրավունքները պաշտպանելու ձեւը գիտի՝ դատական ճանապարհն է, եւ որեւէ մեկի հետ չի ցանկանում առճակատման մեջ մտնել»: Իսկ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյա՞նը։ «Թոխյանը վատառողջ է, այդ պատճառով չի գալիս, Հրանտ Նազարյանը նույնպես չի գալիս»: Հուլիսի 7-ին նշանակված ՍԴ նիստը կկայանա՞։ «Դժվար է ասել․ եթե դատավորները գան, կկայանա»: Կգա՞ն։ «Դարձյալ դժվար է ասել՝ պետք է նայել իրավունքի տեսանկյունից. մի կողմից՝ ԱԺ-ի ընդունած ՍԴ օրենքում փոփոխությունները նախագահն ասել է, որ չի ստորագրելու, մյուս կողմից` Արարատ Միրզոյանը ստորագրել է երեք դատավորների պաշտոնանկության ու Հրայր Թովմասյանի՝ դատավոր «դառնալու» մասին օրենքը եւ հռչակել, որ այն այլեւս գործում է»: Ի՞նչ կլինի։ «Ճգնաժամն էլ ավելի կխորանա»: Ի դեպ, հուլիսի 7-ի նիստին, բացի Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցից, օրակարգում ներառված է եւս 6 հարց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, որից 46-ը՝ չզեկուցվող կամ գաղտնի։ Կառավարության անդամներից ոմանք առաջարկություններով հանդես եկան՝ որոշ հարցեր դարձնել զեկուցվող։ Սակայն արդյունքում երեկվա նիստի օրակարգի մոտ 90 տոկոսը չզեկուցվող հարցեր էին։ Սա է դեմոկրատիայի ցուցիչը՝ թե գործող կառավարությունը որքանով բաց ու թափանցիկ է անցկացնում նիստերը։ Բազմաթիվ հարցեր, որոնք կարեւոր են, եւ որտեղ բարձրաձայնման ենթակա դրվագներ կան, չեն զեկուցվում, որ հանրությունը տեղյակ չլինի, թե կառավարությունն ինչ որոշումներ է ընդունում։ Փաստորեն, կառավարության նիստերը դռնբաց դարձնելն ընդամենը շղարշ էր, իրականում կարելի է նիստն անել բաց, բայց բազմաթիվ կարեւոր հարցեր դարձնել գաղտնի, իսկ հրապարակային նիստում քննարկել պոպուլիստական բնույթի հարցեր՝ անիմաստ զրույցներով։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդեն պարբերական բնույթ է կրում, երբ կարեւոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, Կառավարությունն իր հուլիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ, բոլոր կանխատեսումներով, համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»: Այս ամենը նշանակում է, որ մսավաճառների աշխատանքը կրկին կսահմանափավի, իսկ Նիկոլ Փաշինյանի «գերժամանակակից» մոտեցումները նոր սոցիալական մեծաթիվ բունտերի առիթ կդառնան»:


«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր մարզային հեռուստաընկերությունների խնդիրներին: Հատկապես ներկայիս վիճակում առկա բարդությունների, պետությունից ակնկալվող աջակցության հնարավորությունների մասին թերթի հետ զրույցում խոսել եւ առաջարկներ էին ներկայացրել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը, Շիրակի «Ցայգ» ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը եւ Գեղարքունիքի «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Բարսեղյանը: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս թեման կառավարությունում դարձել է քննարկման լուրջ առարկա: Ավելին, ըստ տեղեկությունների, հանձնարարվել է իրավասու կառույցներին հարցն ուսումնասիրել եւ ներկայացնել կոնկրետ առաջարկներ: Նույն աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա օրերին մարզային հեռուստաընկերություններին կառաջարկվի ներկայացնել իրենց առաջարկությունները՝ խորքային ուսումնասիրություն կատարելու եւ լուծումներ գտնելու համար»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. նախ՝ աշխատանքից ազատվել է պարկի տնօրենը՝ Վարդան Վարդանյանը: Ասել է թե՝ նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը չի ցանկացել շարունակել աշխատել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի կադրերի հետ: Վարդանյանի ազատվելուց հետո սկսել են ազատման դիմումներ գրել նաեւ ՊՈԱԿ-ի մյուս աշխատողները: Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը. արդյունքում ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել էր առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Սակայն մրցույթին մասնակցած թեկնածուները դժգոհ էին արդյունքներից եւ պահանջում էին չեղարկել մրցույթի արդյունքները: Չնայած սրան՝ Վարդանյանը մի քանի ամիս շարունակեց պաշտոնավարել: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց արդեն գործազուրկ տնօրենի հետ եւ հետաքրքրվեց ազատման իրական պատճառների մասին: Նախ՝ նշենք, որ սա անակնկալ է եղել Վարդանյանի համար: «Ճիշտն ասած ես հիմա վատառողջ պառկած եմ, բայց աշխատանքային պայամանագրի ժամկետն ավարտվել է, չի երկարաձգվել: Բնականաբար, այն չի երկարաձգվել գործատուի՝ նախարարության կողմից: Մինչեւ ծանուցում ստանալը անակնկալ էր ինձ համար: Պարզապես ծանուցել են, որ պայմանագիրը չի երկարաձգվել: Ես ինքս կուզեի իմանալ, թե ինչ խնդիր է եղել: Առողջանալուց հետո կորոշեմ թե ինչ անել»,- տեղեկացրեց Վարդան Վարդանյանը: Ի դեպ, նշենք, որ այժմ ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություննները ժամանակավորապես կատարում է տեղակալը՝ Արայիկ Հունանյանը»: