23.11.2024
Մամուլ. Արսեն Թորոսյանը սենսացիոն ցուցմունք կտա. մեղքը կջարդի Ռազմիկ Աբրահամյանի գլխի՞ն
prev Նախորդ նորություն

Ապօրինի կուտակած գույքի բռնագանձումն արդարության վերականգնման քայլ է. Բաբկեն Թունյան

Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց Մեծամորի ատոմակայանի վերազինման համար տարեկան 3 տոկոսով տրամադրած ռուսական վարկից, որքանով արդյունավետ են կառվարության հակաճգնաժամային ծրագրերը, արդյոք Հայաստանում կարո՞ղ է լինել սով և ինչ հետևանքների կարող է հանգեցնել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը:


«Թեժ գիծ» ծրագրի շրջանակում VERELQ-ի ընթերցողների այս և այլ հարցերին պատասխանել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը:


Պարոն Թունայն, ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց Մեծամորի ատոմակայանի վերազինման համար տարեկան 3 տոկոսով տրամադրած ռուսական վարկից: Կառավարությունը հայտարարել է, որ նախատեսում է պետական պարտատոմսերի թողարկմամբ ավելի բարենպաստ պայմաններով միջոցներ ներգրավել ներքին շուկայից: Բանն այն է, որ պարտատոմսների տոկոսադրույքն ավելի բարձր է: Որքանո՞վ է դա նպատակահարմար բյուջեի ներկայիս մեծ պակասուրդի և դա փակելու արտաքին նոր պարտք ներգրավելու պայմաններում:


Ֆինանսների նախարարության աշխատակազմում գործում է պետական պարտքի կառավարման վարչությունը, որտեղ պրոֆեսիոնալ մասնագետներ են աշխատում եւ տարբեր գործոններ հաշվի առնելով՝ որոշում, որքան պարտք ներգրավել եւ ինչ աղբյուրներից։ Այո, ներքին պարտքը ավելի թանկ է, քան արտաքինը, սակայն տոկոսադրույքը միակ որոշիչ գործոնը չէ։ Եթե այդպես լիներ, մենք պետք է ընդհանրապես ներքին պարտքից հրաժարվեինք եւ դեֆիցիտը ֆինանսավորեինք միայն արտաքին աղբյուրների հաշվին։ Սակայն կառավարությունը վարում է հավասարակշռված քաղաքականություն՝ պետական պարտքի մեջ ներքին պարտքի ողջամիտ կշիռ ապահովելու համար։ Ձեր հարցի պատասխանը պետք է դիտարկել այս համատեքստում։


Ժամանակին, երբ լրագրությամբ էիք զբաղվում, փորձում էիք բացահայտել՝ ինչ տվեց Հայաստանին (անկում, թե աճ) ԵԱՏՄ-ին անդամակցությունը… Ձեր եզրակացություններից մեկն այն էր, որ տվյալ պարագայում «սպասումները չարդարացան» բառակապակցությունը բավականին մեղմ է հնչում: Ի՞նչ կասեք հիմա:


Որքանով հիշում եմ, ոչ թե ինքս էի փորձել գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության օգուտներն ու վնասները (նման գնահատական տալու համար լուրջ վերլուծական աշխատանք է պետք՝ մասնագիտական թիմի օգնությամբ), այլ ներկայացրել էի հենց կառավարության պատվերով արված վերլուծությունը։ Նախկին կառավարությունը տեղական վերլուծական կենտրոններից մեկին պատվիրել էր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության էֆեկտների վերլուծություն՝ մի քանի ուղղություններով (տրանսֆերտներ, առեւտուր եւ այլն)։ Ճիշտ է՝ վերլուծությունը արված էր կես տարվա համար եւ նախատեսված էր հետագայում ավելի երկար ժամանակահատվածի համար կրկին պատվիրել, սակայն չարվեց։


Իսկ իմ անձնական կարծիքը թե նախկինում, թե ներկայումս նույնն է. ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահմաններ չունենալը, բնականաբար, սահմանափակում է մաքսային միության առավելություններից օգտվելու հեռանկարները, սակայն մենք ունենք չիրացված պոտենցիալ եւ ճիշտ աշխատանքի դեպքում՝ այդ միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է տնտեսական օգուտներ ապահովել թե՜ Հայաստանի, թե՜ տնտեսական միության գործընկերների համար։


Պարոն Թունյան, հակաճգնաժամային միջոցառումները ծայրահեղ անբավարար են փոքր և միջին բիզնեսի փրկության համար, խոսքը հատկապես զբոսաշրջության մասին է: Ունի՞ արդյոք կառավարող ուժը ոլորտի փրկության իրատեսական ու կոնկրետ ծրագրեր: Խոսքը կապիտալ, ոչ թե մինչ օրս իրականացրած կոսմետիկ լուծումների մասին է:


Դուք միջոցառումները գնահատում եք «ծայրահեղ անբավարար», իսկ մինչ այժմ ձեռնարկված քայլերը՝ «կոսմետիկ բնույթի»։ Սրանք հարցի մեջ դրված որակումներ ու գնահատականներ են, որոնցից ես ինքս միշտ խուսափել եմ իմ սեփական լրագրողական կարիերայի ընթացքում։ Ինչեւէ՝ ի պատասխան ձեր հարցի, նշեմ, որ երկու պնդումների հետ էլ համաձայն չեմ։ Թե՜ ՓՄՁ-ի, թե՜ տուրիզմի եւ ճգնաժամից տուժած մյուս ոլորտների առումով մշակվել եւ այսօր էլ մշակվում ու իրականացվում են տարբեր միջոցառումներ։ Իհարկե, ձեռնարկված միջոցառումները չեն կարող անթերի լինել, եւ դրանք հընթացս շտկվում ու ճշգրտվում են։ Այս ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է՝ առողջապահականից ածանցվող տնտեսական ճգնաժամ է, եւ պատրաստի դեղատոմսեր չկան։ Այնպես որ, մի կողմից անհրաժեշտ են արագ արձագանքման միջոցառումներ, որոնք արվել եւ արվում են մյուս կողմից՝ առանձին ուղղություններով երկարաժամկետ ծրագրեր, որոնք մշակվում են։ Կառավարությունը դեռ 2 ամիս առաջ հայտարարել է, որ հակաճգնաժամային փաթեթի մի մասը հրատապ՝ հրդեհը մարելուն ուղղված միջոցառումներ են, մյուս մասը՝ երկարաժամկետ հեռանկարում զարգացմանը միտված ծրագրեր։

Հացն ուղղում եմ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներկայացուցիչների անունից: Ինչո՞ւ զբոսաշրջության ոլորտի միկրոձեռնարկություններն և դրանց աշխատակիցները զրկված են կառավարության ընդունած սոցիալական աջակցության 20-րդ ծրագրից օգտվելու հնարավորությունից: Կայքի հետ կապված տեխնիկական խնդի՞ր է, թե՞ աջակցություն չի նախատեսվել:


Մեկ շաբաթ առաջ կառավարության որոշման փոփոխությամբ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման աջակցությունից օգտվելու հնարավորություն տրվեց նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին և իրենց աշխատակիցներին: Դա վերաբերում է ոչ միայն տուրիզմին, այլ ճգնաժամից տուժած այլ ոլորտներին։ Միկրոբիզնեսին ի սկզբանե 20-րդ միջոցառման (իսկ դրանից առաջ՝ 8-րդ միջոցառման) մեջ չընդգրկելը ոչ թե տեխնիկական սխալի հետեւանք էր կամ աջակցելու ցանկության բացակայություն, այլ ուներ օբյեկտիվ պատճառ։ Բանն այն է, որ 2020 թվականից միկրոձեռնարկատերերը ազատված են իրացման շրջանառության վերաբերյալ ամսական և եռամսյակային հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունից, որը բարդություն էր առաջացնում առավել տուժած ոլորտներում գործողներին նույնականացնելու առումով: Քննարկումների արդյունքում նույնականացման խնդրի լուծումը գտնվեց, եւ միկրոբիզնեսն ընդգրկվեց աջակցության այդ ծրագրի մեջ։


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկայնը վերջերս հայտարարեց՝ սոցիալ-տնտեսական վիճակը երկրում այնքան վատ է համավարակի ու վատ կառավարման պատճառով, որ երկրում «երեք ամսից սով է սկսելու»: Ինչպե՞ս կմեկնաբանեք տվյալ հայտարարությունը և ի՞նչ է անում կառավարությունը տվյալ սցենարի բացառման համար:


Հայաստանում սով չի լինի, եւ ուրախ կլինեմ, եթե հետեւողական գտնվեք եւ երեք ամիս հետո այդ հարցը ուղղեք այդ պնդումն անողներին։


Վերջերս Կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 4,5%: Պատրա՞ստ է արդյոք Հայաստանի «ախտահարված» տնտեսությունը էժան փողեր կլանել, կգտնվե՞ն արդյոք բանկերն առավել «առատաձեռն» ցածր տոկոադրույքով վարկեր տրամադրելու հարցում և ինչի՞ դա կարող է հանգեցնել:


Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը լագային է՝ դրա ազդեցությունը կզգացվի ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց։ Դրամավարկային պայմանների մեղմացումը այս պահին ավելի շատ դրական ազդակ է ֆինանսական շուկաներին եւ տնտեսվարողներին ինչը, նույնպես շատ կարեւոր է։ Այն նաեւ ցույց է տալիս, որ գների եւ ֆինանսական կայունության առումով մեզ մոտ անհանգստանալու պատճառներ չկան։ Ինչ վերաբերում է բանկերի հնարավոր շռայլությանը բանկերը. ոչ ժլատ են լինում, ոչ շռայլ։ Նրանք առաջնորդվում են իրենց հաշվարկներով ու ռիսկերով։ Ու եթե լինի վարկերի նկատմամբ առողջ պահանջարկ, բնականաբար, բանկերը վարկավորման ծավալները կավելացնեն։


Օրեր առաջ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ կառավարութունը նախատեսում է վերանայել եկամտահարկի վերադարձով հիպոթքային վարկի տոկոսների մարման ծրագիրը: Կառուցապատողներն անհանգստացած են, քանի որ նման փոփոխությունը կարող է հանգեցնել շինարարության ոլորտի կտրուկ անկամ: Կարծո՞ւմ եք տեղի է հիմա վերանեյալ այդ ծրագիրը:


Ֆինանսների նախարարը խոսել է այդ համակարգի ոչ թե վերացման, այլ սահմանափակման՝ մասնավորապես, մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կառուցվող շենքերը այդ ծրագրից հանելու մասին։ Ի դեպ, նույն կառուցապատողները նշում են, որ Կենտրոնում առանց այն էլ բնակելի շենքերի շինարարության ծավալների աճ դժվար թե լինի, քանի որ պարզապես տեղ չկա։ Քննարկվում է նաեւ այդ համակարգի տրամաբանությունը փոխելու եւ այն եկամուտների հայտարարագրման համակարգի մեխանիզմի մեջ դնելու հարցը։


Ամեն դեպքում, վերջնական որոշում դեռ չկա այդ հարցով։ Ազգային ժողովում մենք հանդիպել ենք կառուցապատողների հետ եւ լսել նրանց մոտեցումները։ Գիտենք, որ կառավարությունում նույնպես նրանց հետ քննարկումներ եղել են։
Այս պահին միայն մեկ բան է հստակ. վերջնական որոշումը լինելու է մաքսիմալ հավասարակշռված՝ հաշվի առնելով թե՜ տվյալ ոլորտում գործող տնտեսվարողների թե՜ բնակարանային խնդիր ունեցող անձանց թե մնացած շահերը։ Ու եթե լինեն փոփոխություններ, ապա դրանք կլինեն ողջամիտ ժամկետներում, որպեսզի շուկայում ցնցումներ չառջանան, եւ տվյալ ոլորտի բիզնեսները բավարար ժամանակ ունենան ադապտացվելու խաղի նոր կանոններին։ Բիզնեսի համար կանխատեսելիիությունը ամենակարեւոր բաներից մեկն է, ինչը մենք պետք է ապահովենք։


Վերջերս ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը քննադատում է ընդդիմությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում խոշոր բիզնեսը սերտաճած է եղել քաղաքականության հետ, ի՞նչ հետևանքաների կարող է հանգեցնել օրենքի կիրառումը տնտեսական առումով: Ենթադրենք պետությունն առգրավում է որոշակի քանակի գույք: Ինչպե՞ս ծրագրում այն տնօրինել: Այժմ էլ պետության տնօրինության տակ կան մեծ արժեքով գույքեր՝ Մարզահամերգային համալիրը և Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որոնք դեռևս չի ստացվել աճուրդով վաճառել:


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կոռուպցիայի դեմ պայքարի եւ արդարության վերականգնմանն ուղղված կարեւորագույն քայլերից մեկն է։ Ի վերջո, հեղափոխություն տեղի ունեցավ նաեւ այն պատճառով, որ ամսական մի քանի հարյուր դոլար աշխատավարձ ստացող չինովնիկները կուտակեցին մի քանի տասնյակ միլիոն դոլարի գույք։ Այդ ամենը տեղի է ունեցել բացահայտ, բոլորի աչքի առաջ։ Հայաստանը փոքր երկիր է եւ այստեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն։ Հասարակության գլխավոր ակնկալիքներից մեկը նոր իշխանություններից հենց դա է՝ արդարության վերականգնումն ու ապօրինի հարստությունը հետ բերելը։ Իսկ թե ինչպես կառավարությունը կտնօրինի այդ գույքերը, դա հարցի մյուս կողմն է։ Հայաստանը շուկայական տնտեսության մոդելն ընտրած երկիր է, եւ կառավարությունը որեւ հավակնություն չունի ինքնուրույն հավերժ տիրապետել ու կառավարել այդ գույքերը։


Պարոն Թունյան, ինչո՞ւ է կառվարությունը ճագնաժամի պայմաններում բարձրացում գույքահարը: Ամողջ աշխարհում, ճգնաժամերի ժամանակ կառավարությոնները փորձոմ են մեղմացումների գնալ, նավազեցնել հարկային բեռը բիզնեսի համար: Շատ երկրներում հայտարարված են հարկային արձակուրդներ: Հայաստանում ոչ միայն հարկային արձակուրդներ չհայտարարվեցին, այլև հարկատեսակն են բարձրացնում:


Կրկին պետք է չհամաձայնեմ պնդման հետ՝ ճգնաժամային իրավիճակում գույքահարկը չի բարձրացվում։ Գույքահարկերը բարձրացմանը հանգեցնող օրենքի ընդունվել է 2019 թվականին, որով կադաստրային արժեքները մոտարկվում են շուկայական արժեքներին։ Իսկ դա անհրաժեշտություն էր, որովհետեւ կադաստրային արժեքները մի քանի անգամ շեղված էին իրական շուկայական գներից։ Ունենք մի վիճակ, երբ 40-50 հազար դոլարանոց բնակարանի կադաստրային արժեքը ընամենը 10 հազար դոլար է որի համար վճարվում է տարեկան ընդամենը 5 դոլար գույքահարկ։ Ընդամենը 7 հազար դոլար արժողությամբ հնամաշ մեքենայի համար տարեկան վճարվում է կրկնակի – եռակի անգամ ավելի շատ գույքահարկ, քան Երեւանի կենտրոնում գտնվող թանկարժեք բնակարանի համար։ Դրա համար էլ՝ ընդհանուր հարկերի մեջ գույքահարկի կշռի ցուցանիշով կամ ՀՆԱ-ի նկատմամբ գույքահարկի ցուցանիշով Հայաստանը աշխարհի վերջին հորիզոնականներում է։ Ու որպես դրա հետեւանք՝ մեր քաղաքներն ու գյուղերը զրկված են ֆինանսական ինքնուրույնությունից, որովհետւ այդ գույքահարկը գնում է համայնքային բյուջեներ։


Օրենքը, որը վերջերս ընդունվեց Ազգային ժողովի կողմից եւ բուռն քննարկումների առարկա դարձավ, ոչ թե գույքահարկ է ավելացնում, այլ հակառակը՝ մեղմում է նախորդ տարի ընդունված օրենքի հետեւանքը։ Օրինակ՝ եթե բնակարանի համար այսօր վճարվում է տարեկան 7000 դրամ, ապա անցած տարի ընդունված կադաստրային արժեքների մասին օրենքի հետեւանքով՝ հարկման բազայի ավելացման արդյունքում գույքահարկը կտասնապատկվեր, քանի որ այդ գույքը կհայտնվեր հարկման սանդղակի վերին շեմերում՝ ամենաբարձր հարկման տոկոսներով։ Հիմա մենք վերանայեցինք շեմերն ու տոկոսները, որ վճարվի կրկնակի կամ եռակի ավելի քիչ։


Եվս մեկ կարեւոր հանգամանք։ Նոր օրենքով առաջին վճարումները կատարվելու են մեկուկես տարի հետո՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Ընդ որում, առաջին տարում վճարվելու է նոր՝ բարձր գույքահարկի մեկ քառորդը հետո, մեկ երրորդը եւ այդպես շարունակ՝ 6 տարվա ընթացքում նոր միայն լիարժեք կգործեն նոր գույքահարկերը։ Ավելին, գույքերի մեծ մասի համար այժմ ընդունված օրենքի արդյունքում հաջորդ տարի վճարվելու է ավելի քիչ, քան հիմա։ 2022 թվականին ավելացումը լինելու է այսօրվա համեմատ աննշան։


Այնպես որ, խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի թանկացման մասին, դա իրականության հետ որեւէ կապ չունի։ Պարզապես որոշ շրջանակներ միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ հույսը դնելով այն հանգամանքի վրա, որ մարդկանց մեծ մասը օրենքները չեն կարդում։


Կառավարությունը տարվա կտրվածքով կանխատեսում է 2% տնտեսական անկում, չնայած տնտեսապես շատ զարգացած պետություններ կանխատեսում են առավել մեծ անկում իրենց տնտեսություններում: Օրինակ, Գերմանիան կանխատեսում է 7% անկում: Որքանո՞վ են իրատեսկաան կառվարության կանխատեսուները: Այն հիշեցնում է 2009 թվականի ճգնաժամի ժամանակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ տնտեսական աճի մասին լավատեսությունը, որից հետո մենք ունեցանք 14% անկում:


Այո, կառավարության կանխատեսումներով, այս տարի տնտեսական անկումը կկազմի 2%: Հենց այդ կանխատեսման հիման վրա էլ Ազգային ժողովը հաստատեց պետական բյուջեի փոփոխությունները՝ մեծացնելով բյուջեի դեֆիցիտը։


Ի տարբերություն 2008-2009 թվականների, երբ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները դրսեւորվեցին ամիսների ընթացքում, այժմ անկումը միանգամից եղավ՝ տոտալ լոքդաունի պատճառով։ Բայց կան նաեւ տեսակետներ, որ վերականգնումն էլ կարող է ավելի արագ տեղի ունենալ։


Ինչպես նշեցի, այս ճգնաժամն իր բնույթով աննախադեպ է. այն առողջապահականից բխող ճգնաժամ է եւ տնտեսական իրավիճակը կախված է աշխարհում եւ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերից։


Կանխատեսումները, որպես կանոն, միշտ ճշգրտվում են եւ իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ երկու տոկոս անկման կանխատեսումն էլ կարող է ճշգրտվել։ Ամեն դեպքում, պետք է նկատի ունենալ որ կոնկրետ Հայաստանի դեպքում ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումները միշտ ավելի ճիշտ են եղել քան միջազգային կառույցների։


Նշեմ նաեւ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով մայիս ամսին անկման տեմպը թուլացել է ապրիլի համեմատ։ Հունիս ամսվա տվյալների ամփոփումը ավելի հստակ ցույց կտա դինամիկան։ Իսկ 2009 թվականի հետ համեմատականը տեղին չէ՝ թե՜ ճգնաժամի բնույթի թե մնացած առումներով։


Զուցել է Արշալույս Մղդեսյանը