VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Խոսակցությունները, թե Արայիկ Հարությունյանին Փաշինյանը ցանկանում է փոխվարչապետ նշանակել, կարծես կամաց-կամաց «միս ու արյուն» են առնում եւ իրականություն դառնում։ Մեր տեղեկություններով, մինչեւ սեպտեմբեր այդ փոփոխությունը կառավարությունում կլինի։ Տիգրան Ավինյանը կհեռանա՝ տեղը զիջելով Հարությունյանին։ Ավելին` Արայիկ Հարությունյանի տեղի համար էլ արդեն կա նախընտրած թեկնածու։ Ըստ կառավարության աղբյուրի` այդ պաշտոնին Նիկոլ Փաշինյանը նշանակելու է ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին, որը մի քանի ամիս առաջ էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից «սլացիկ» անցում կատարել ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնին»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը «պրոֆիլակտիկ» միջոցառումներով իր թիմակիցներին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին «չորով», ընդհուպ «Նիկոլական բառամթերքով» հասկացրել էր, որ ալամ աշխարհում ինքը միակ եւ «անգութ» ասողն է։ Հոխորտացել էր՝ ոչ մեկին չի խնայի, էլ առավել թիմում խաղեր տվողներին, տողատակերում հասկացնելով Ծառուկյանի հետ «պարտիա» սկսած Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին։ Ասել է՝ չափները պետք է ճանաչեն։ Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ, թե չկա նման բան։ Հիմա նույն Միրզոյանը հասկանում է, որ Նիկոլն իրեն կառափնարան է բարձրացրել` ստիպելով սահմանադրական կարգը երիցս տապալելու օրինագծերի տակ դնել իր ստորագրությունը: Արմեն Սարգսյանի վերջին հրաժարումը` ստորագրել հերթական հակասահմանադրական օրենքը, լուրջ մտորումների ու եզրահանգումների առջեւ է կանգնեցրել ԱԺ նախագահին։ Ասում են, թե վերջինս չի ցանկանում կամիկաձե դառնալ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 2-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես էր եկել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հայտարարությամբ: Ծառուկյանի այս հայտարարությունը նեղացրել է գործընկեր կուսակցություններին, հատկապես «Հայրենիք» կուսակցությանը, որտեղ համարում են, որ հայտարարությունը կարող էր լինել համատեղ: Բայց Ծառուկյանը իր հայտարարության մեջ շեշտել էր, որ ինքը ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարն է, ինչը հնարավոր չէր լինի անել համատեղ հայտարարությամբ, բացի այդ՝ ԲՀԿ-ն տարանջատվում է գործընկերներից»:
«Փաստ» թերթը գրում է. ««Գելափի» վերջին հարցումները, համաձայն որոնց, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը, տարբեր քննարկումների առիթ դարձավ: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ իրականում այս հարցումները մեթոդաբանական լուրջ սխալներ ունեն եւ ամենեւին չեն արտահայտում իրականությունը: Նման «թվերը» իշխանությունների կողմից ոգեւորությամբ հրապարակ են նետվում բացառապես PR նպատակներով: Բանն այն է, որ իշխանությունների համար էականը ԱԱԾ կողմից իրականացվող գաղտնի հարցումներն են, որոնք պարզապես զեկուցվում են եւ չեն հրապարակվում: Ըստ մեր կառավարական աղբյուրների, վերջին տվյալներով, Փաշինյանի վարկանիշն իրականում սրընթաց անկում է ապրում: Սակայն այստեղ առկա է մի այլ ուշագրավ հանգամանք. բանն այն է, որ, այդ հարցումների տվյալներով, իշխանություններից հիասթափված եւ դժգոհ հատվածը, որն արդեն բավական մեծ թիվ է կազմում, դեռ չի կողմնորոշվել նոր առաջնորդի հարցում: Այս հանգամանքն է, որ դեռեւս թույլ չի տալիս Փաշինյանի վարկանիշի բացարձակ փլուզում: Սակայն սա, ըստ մեր տեղեկությունների, ավելի է նյարդայնացնում վարչապետին, քանզի նա շատ լավ հասկանում է, որ իրենից անդառնալիորեն «պոկված» այդ մասսան ցանկացած պահի կարող է հայտնվել իր արմատական հակառակորդների «դաշտում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը գտնվում է հետախուզման մեջ, բավականին բարելավվել է իր բիզնեսը: Պարզապես, հիմա նա արտերկրից բանան է ներկրում ոչ թե դեպի Հայաստան, այլ` Ռուսաստան: Ի դեպ, ըստ շրջանառվող խոսակցությունների, վերջերս նա Մոսկվայում հանդիպում է ունեցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր, կրկին հետախուզման մեջ գտնվող Գեւորգ Կոստանյանի եւ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որտեղ քննարկել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Եռակողմ հանդիպմանը չի խանգարել անգամ այն, որ Գ. Կոստանյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, թե վարակվել է կորոնավիրուսով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա՞ ՍԴ-ի «դարակազմիկ» նիստը՝ հարցրինք ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին։ «Ժամը 11-ին նշանակված են ՍԴ յոթ նիստեր, թերեւս տեղյակ եք, որ օրակարգի ամեն մի հարցը մեկ նիստ է»: Բացի Քոչարյանի հարցից, ուրիշ կարեւոր հարցեր ե՞ւս կան։ «Մեզ համար բոլոր հարցերն են կարեւոր, անկարեւոր հարց մեզանում չկա»: Տեղի կունենա՞ նիստը։ «Նիստն իրավազոր է 5 դատավորի մասնակցության դեպքում, կարծում եմ` տեղի կունենա»: Դուք հիմա ունեք մի քանի ՍԴ «նախագահ»՝ ո՞ր նախագահն է վարելու նիստը։ «Նիստը կկայանա, կիմանաք»: Բոլոր դեպքերում, 3 դատավոր չի մասնակցի՝ նրանց չեն թողնում ՍԴ շենք մտնել։ «Դրա պատասխանատուն ոստիկանությունն է, որը նման լիազորություն չունի, իրենք ընդամենը պետք է շենքի պահպանությունն իրականացնեն. ՍԴ աշխատակազմից որեւէ ցուցում իրենց չի տրվել` շենքն արգելափակելու»: Օրենքով ՍԴ բոլոր դատավորներին ամրակցված է ծառայողական զենք, որն իրենց տրամադրել է ոստիկանությունը, տեղեկություն ունենք, որ այդ դատավորներից, որոնց չեն թողնում շենք մտնել, զենքը հետ չեն վերցրել, եւ այդ զենքը տրամադրվել է` իրենց անվտանգության եւ ծառայողական գործունեության խոչընդոտները վերացնելու համար, իսկ ինչո՞ւ հետ չեն վերցրել զենքերը, բա որ հանկարծ «կիրառե՞ն»։ «Այդ հարցերը պետք է ոստիկանությանն ուղղել, եթե հետ չի ստացել, ինչո՞ւ չի ստացել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները դադարեցվել են, իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՄԻԵԴ է դիմել նաեւ Հրայր Թովմասյանը, ով զրկվել է ՍԴ նախագահի պաշտոնից։ Նրանց շահերը կներկայացնի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը։ Բուն հայցադիմումից բացի, նրանք դատարանին խնդրել են կիրառել հայցի միջանկյալ միջոց, որը կիրառվում է «անհետաձգելի դեպքերում»։ Այն վերջնական որոշում չէ, բայց թույլ չի տալիս տվյալ պետության իշխանություններին մինչեւ դատարանի վճռի կայացումը կտրուկ քայլեր կատարել։ Օրինակ, մարդուն պահել բանտում։ ՍԴ դատավորների դեպքում եթե միջանկյալ միջոց կիրառվի, նրանք կշարունակեն պաշտոնավարել, մինչեւ ՄԻԵԴ-ն իրենց հայցով որոշում կայացնի։ Մեր տեղեկություններով՝ երեկ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ից արդեն հարցաշար է ստացել՝ նշված դատավորների վերաբերյալ տեղեկատվության պահանջով, որից հետո կորոշեն միջանկյալ միջոցի հարցը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է առարկել միջանկյալ միջոցի դեմ, որ դրա կիրառումը կառավարությունն անընդունելի է համարում: Միջանկյալ միջոցի որոշումը կայացվում է արագընթաց կարգով։ Թերեւս մինչեւ շաբաթվա վերջը պարզ կդառնա ՀՀ ՍԴ-ի ճակատագիրը։ ՍԴ «հեռացված» անդամներն այս օրերին դատարան չեն գնում։ Եվ այսօր նախատեսվող նիստը չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով։ Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն էլ արձակուրդում են։ Ալվինա Գյուլումյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց․ «Գնամ, որ Հրանտ Նազարյանի օ՞րն ընկնեմ։ Ինչո՞ւ գնամ, որ շոո՞ւ սարքեն։ Ես շոուների սիրահար չեմ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը՝ հունիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը: Ինչպես հայտնի է, այդ թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է: Սակայն, պարզվում է, իշխող ուժի կողմից նրա առաջադրումը պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն են Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը առաջարկել, որը նրանց վաղեմի ընկերն է: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության անդամները թեկնածուներ ունեցել են, բայց նախապատվությունը տրվել է Սիմիդյանի եւ Փամբուխչյանի առաջադրած թեկնածուին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մի քանի մարզպետների փոփոխություն է սպասվում։ Նշվում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի եւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի անունները։ Խոսվում է, որ որոշվել է նրանց փոխարինել ուժային կառույցների նախկին ղեկավարներով, ինչպես Սերժ Սարգսյանն արեց՝ 2012-ի ընտրություններից առաջ, որ ուժեղ մարզպետներն իշխանական թեկնածուներին անցկացնեն։ Այս հարցում էլ, փաստորեն, նախկին ավանդույթները շարունակվում են։ Մեզ հետաքրքրեց Տավուշի մարզպետի պարագան, ով հնազանդորեն կատարում է ղեկավարի ցանկությունները։ Մեզ ասացին, որ պատճառն Իջեւանի ընտրություններն են՝ մարզպետը «չի բաշարում» Ղալումյանին քաղաքապետի համար անհրաժեշտ ռեյտինգով ապահովել։ Բացառո՞ւմ եք, որ առաջիկայում կդադարեցվեն Ձեր լիազորությունները՝ հարցրինք Չոբանյանին։ «Ընդհակառակը։ Մենք բուռն գործունեության մեջ ենք, ռազմավարության վրա ենք աշխատում, ակտիվ այցելություններ են բոլոր ոլորտներում, կարծում եմ՝ ե՛ւ 2019-ն էր հաջող, ե՛ւ հիմա ենք դուրս գալիս համավարակային շոկից»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ - ում ուշագրավ նշանակում կամ, ավելի ճիշտ, վերականգնում է տեղի ունեցել։ Ամենախոշոր ու «յուղոտ» պաշտոններից մեկում՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը, որը ՊԵԿ հնաբնակներից է։ Նրա առաջխաղացումը դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք է տեղի ունեցել։ Բաբայանը մոտ մեկ տարի այս վարչության պետն էր, սակայն մի քանի ամիս առաջ Դավիթ Անանյանը նրան ազատել էր պաշտոնից։ Մեզ ասացին, որ ՊԵԿ նախկին նախագահի ու Կարեն Բաբայանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ Անանյանը Բաբայանին 10 րոպե ժամանակ է տվել, որ դիմում գրի եւ հեռանա։ Բաբայանը դիմումը գրել է, բայց այդ մասին «մաքսայինի թագուհին»՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, իմացել է պոստ ֆակտում՝ հեռանալուց հետո միայն։ Կարեն Բաբայանն ու Ներսիսյանն այս ընթացքում հասցրել էին մտերմանալ, ու Ներսիսյանը, մեզ ասացին, ծանր է տարել Բաբայանի հեռանալը, առավել եւս՝ առանց իր իմացության։ Նրա փոխարեն Անանյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Մհեր Մարտիրոսյանին, բայց վարչապետը, կորոնավիրուսի օրերին մաքսայինում կուտակումների հայտնի պատմությունից հետո, Անանյանին հանձնարարել էր ազատել Մարտիրոսյանին պաշտոնից։
Անանյանը հրաժարվել էր դա անել, քանի որ համարել էր, որ պրոֆեսիոնալ առումով լավ կադր է Մարտիրոսյանը, եւ մի քանի մարդու կուտակվելու պատճառով չի կարելի վարչության պետ ազատել։ Մենք այս պատմությունը մանրամասն ներկայացրել ենք ժամանակին, ինչը հաստատվեց նաեւ ՊԵԿ նախկին նախագահի հայտարարությամբ, ով, կարելի է ասել, նախընտրեց, որ ինքը դիմում գրի-ազատվի, քան ազատի մեծ մեղք չգործած կադրին։ Իսկ մաքսայինի գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ինչպես գրել էինք, Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել կադրային քաղաքականության հարցերում եւ հիմա ում ուզում, նշանակում եւ ազատում է։ Օգտվելով հանգամանքից, որ Անանյանն այլեւս չկա, նա աշխատանքից ազատել է Նիկոլ Փաշինյանի թիրախին՝ Մհեր Մարտիրոսյանին, եւ նրա փոխարեն նշանակել Կարեն Բաբայանին։ ՊԵԿ-ից երեկ հաստատեցին մեր տեղեկությունը, որ Արարատյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը։ Հրամանը եղել է մի քանի օր առաջ՝ ՊԵԿ նախագահի ստորագրությամբ եւ Շուշանիկ Ներսիսյանի կամքով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով բավականին ակտիվ գործողություներ են կատարվում, եւ այդ ակտիվությունը պատահական չէ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով բավականին շահագրգռված է վերջինիս հարազատ եղբորորդին, որն իրավապահ մարմիններին տարբեր միջնորդություններ է ներկայացնում, որպեսզի գործով իրավապահները քննեն ամենատարբեր վարկածներ: Մասնավորապես, Հայկ Հարությունյանի եղբորորդին, ուսումնասիրելով գործը, տեսել է, որ իրավապահներն այս կամ այն վարկածը չեն քննել, միջնորդում է, որ քննեն, իսկ իրավապահներին այլ ելք չի մնում, քան նրա միջնորդությունները բավարարել եւ քննության առարկա դարձնել նաեւ առաջարկվող վարկածները: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Հիշեցնենք նաեւ, որ այս գործով հետմահու նշանակվել են փորձաքննություններ, սակայն փորձաքննությունների եզրակացությունները դեռեւս չկան»:
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանության պաշտոնական լրահոսին հետեւելով՝ առաջին հերթին աչքի է զարնում այն հանգամանքը, որ բավական շատ են ապօրինի զենքի կամավոր հանձնման կամ առգրավման դեպքերի մասին տեղեկությունները: Ոստիկանության՝ «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից հատկապես կարեւորում է ազգաբնակչության մոտ եղած ապօրինի զենքի հավաքումը եւ այդ առումով բավական խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին։ Մեր զրուցակցի խոսքերով, նոր ոստիկանապետը երկար տարիներ քրեական-հետախուզության ոլորտում է ծառայել եւ «լավ գիտի ապօրինի զենքի հետեւանքները երկրի քրեական իրավիճակի վրա»։ Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ ոչ մասնագետների համար է պարզ, թե քաղաքացիների ձեռքին եղած զենքը տեւական ժամանակ ինչպիսի պատուհաս էր դարձել. քիչ չեն տեղեկությունները, որ դրանցով բազմաթիվ հանցանքներ էին կատարվում՝ խուլիգանությունից մինչեւ սպանություն։ Մնում է միայն հուսալ, որ ոստիկանապետը նույն ջանասիրությամբ պայքար կծավալի նաեւ ամեն գիշեր քաղաքացիների համար գլխացավ դարձած հրավառությունների դեմ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Արսեն Թորոսյանը հասկացրել է, որ Բժշկական համալսարանի հիվանդանոցներին, որոնք պատրաստ են քովիդ բուժել, պետպատվեր չի իջեցնելու։ «Վրեժ է լուծում բժշկականի խորհրդի նախագահ Վահան Արծրունուց, որը քննադատում է նրան, անգամ հրաժարականն է պահանջում։ Ի դեպ, Թորոսյանը ոչ միայն պատվաստումների, այլեւ որոշ դեղորայքի «սիրահար» է, օրինակ՝ «Պլակվենիլ»-ի, որն սկզբում համարվեց քովիդի լավագույն բուժամիջոցը, մեծ քանակով գնեցին, հետո պարզվեց` կարող է վատացնել հիվանդի վիճակը։ Հիմա մտածում են սաղացնել որեւէ աֆրիկյան երկրի վրա՝ որպես հումանիտար օգնություն»,- ասաց մեր աղբյուրը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագիրը»: Գնահատելով աղքատ խավին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը՝ ծրագրի հեղինակները նշում են, որ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվածների միայն 60-65 տոկոսն իսկապես դրա կարիքն ունի, «ինչը նշանակում է, որ համակարգում ընդգրկված ընտանիքների 35-40 տոկոսը իրականում աղքատ չէ և չպետք է նպաստառու լինի»: Մյուս կողմից՝ իսկապես աղքատների 50 տոկոսը չի կարողանում ընդգրկվել սոցիալական աջակցության ծրագրերում, ինչը էականորեն նվազեցնում է տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունն ու որակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որ 1.5 տարի առաջ ազատվեց դեսպանի պաշտոնից, 2 ամիս է՝ բուժվում է Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում։ Կիեւում, երբ դեռ դեսպան էր, սիրտը ստենտավորել են, իսկ վերջերս վիճակը վատացել է, ու նա Կիեւից ավտոմեքենայով մեկնել է Գերմանիա՝ բուժվելու։ Քաղաքական թեմաներով Մանուկյանը չցանկացավ խոսել, խոստացավ Հայաստան գալուց հետո հարցազրույց տալ, նշեց, որ հետեւում է այստեղի իրադարձություններին եւ անհանգստացած է երկրի անվտանգության համար՝ հատկապես կարդալով Ադրբեջանի հայտարարությունները։ Հիմա իրեն լավ է զգում, բնակվում է կլինիկային կից հյուրանոցում, որը, կորոնավիրուսով պայմանավորված, 50 տոկոս զեղչ է արել հյուրերի համար։ Իսկ Հայաստանում Մանուկյանին պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցն ու այլ հյուրանոցներ դադարեցրել են աշխատանքը՝ տուրիստներ չլինելու պատճառով։ Նախկին դեսպանն ասաց, որ սպասում է՝ ճանապարհները բացվեն, բժիշկներն էլ թույլատրեն ինքնաթիռ նստել, որ վերադառնա Հայաստան։ Կինը, երեխաները, թոռները Հայաստանում են, ինքը միայնակ է Գերմանիայում։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Մանուկյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամին է, նրա որդին ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, որը դատարանների դիմաց ակտիվորեն պայքարում էր աներոջ ազատության համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար։ Նախագծով առաջարկվում է ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը բեղմնավորման պահից եւ չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը եւ բարեխիղճ բուժաշխատողներին։ Գործող կարգավորումներով աբորտը թույլատրվում է մինչեւ հղիության 12 շաբաթը, իսկ դրանից հետո աբորտը կարող է թույլատրվել բժշկական եւ «սոցիալական» ցուցումների դեպքում, ինչպիսիք եք հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու՝ ազատազրկման վայրում պատիժ կրելը, հղիության ընթացքում ամուսնալուծությունը, բռնաբարության արդյունքում հղիությունը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միայն պաշտոնական տվյալներով անկախությունից ի վեր Հայաստանում գրանցվել է գրեթե կես միլիոն աբորտ։ Երկու հազար տասնինը թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի հանրային իրազեկման արշավ, որին միացան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս հայտարարեց, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1300 աղջիկ, իսկ վերջին 25 տարիների ընթացքում չի ծնվել 40000 աղջիկ։ Նախարարը նաեւ կոչ արեց տարբերություն չդնել տղաների եւ աղջիկների միջեւ եւ կարեւորել բոլոր երեխաներին»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն Հայաստանի հետ սահմանը բացել, քանի դեռ Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Վրաստանի ընդդիմությունը պահանջում է բացել հարևանների հետ սահմանները, ինչը հնարավորություն կտա վրացական բիզնեսին հատկապես ամառային տուրիստական շրջանում գումար վաստակել, սակայն Վրաստանի իշխանությունը կտրուկ դեմ է դրան՝ որպես հիմնավորում ներկայացնելով, օրինակ, Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի առկայությունը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ամենախոցելի սոցիալական խմբերի բնականոն կյանքին նպաստող քաղաքականության իրականացման շրջանակներում գործադիրը մշակել է հերթական համալիր լուծումների ամբողջություն նախանշող փաստաթուղթը՝ Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարությունը: Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը համալիր լուծումներ և ուղենիշներ է սահմանում պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և ոլորտին հետևողական աջակցություն ցուցաբերող միջազգային գործընկերների համար: Փաստաթուղթն ընդգրկում է մինչև 2025 թվականի համար մշակված գործողությունների համալիր ծրագիր: Կորոնավիրուսի համավարակը վեր հանեց սոցիալական ոլորտի բազմաթիվ խնդիրներ, որոնք, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին իրենց դեռ զգացնել են տալու, հետևաբար, պետության համարժեք արձագանքը դրանց և օպերատիվ հակազդման միջոցառումների մշակումն ու իրականացումն այլընտրանք չունեն և օրինաչափորեն առկա են առաջարկվող փաստաթղթում: Հանրային քննարկման ներկայացված համալիր ծրագրով նախատեսվում է ոլորտում իրականացվող միջոցառումները վերաիմաստավորել սոցիալական արդարության հաստատման և մարդկային կապիտալի զարգացման նպատակների ներքո: Ռազմավարությամբ գործադիրը նպատակ է հետապնդում զարգացնել արդյունավետ և հասցեական որոշումների կայացման մշակույթը»: