23.11.2024
Մամուլ. Տիգրան Ավինյանը կփոխարինվի Արայիկ Հարությունյանով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանին հասցրած կորուստները ցույց են տալիս, որ մեր ուժերը պատրաստ են եղել. Աբրահամյան

Ադրբեջանական ագրեսիան տարբեր միջոցներով ճնշվում է՝ հակառակորդը դիրքային, մարդկային և տեխնիկայի կորուստներ է կրում, սակայն գլխավոր խնդիրը շարունակվում է մնալ։ Գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է, որը պետք է ամեն գնով կանխել: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում նշեց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


- Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, արդյոք սպասելի էր նման սադրանք, հատկապես եթե հաշվի առնենք, որ նաև Դուք բարձրաձայնում էիք ադրբեջանական ԶՈՒ ակտիվ տեղաշարժերի մասին:


- Վերջին օրերին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում զորքերի տեղաշարժերիկ մասին տեղեկություններ էր շրջանառվում, որոնք հիմնականում պաշտոնական շրջանակների միջոցով հերքվում էին: Բնական է, որ հայկական ուղղությամբ որևէ գործողություն իրականացնելիս պաշտոնական հերքումներ լինելու էր, որպեսզի հանկարծակիության գործոնը «աշխատեր», սակայն Հայաստանի զինված ուժերի նպատակային գործողություններն ու Ադրբեջանին հասցրած կորուստները ցույց են տալիս, որ մեր ուժերը պատրաստ են եղել: Դեռ պարզ չէ, թե մինչև երբ այս ուղղությամբ լարվածությունը կպահպանվի:


- Սահմանային լարվածությունն ու Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի վատթարացումը մշտապես փոխկապակցված են եղել: Մինչև ո՞ւր է պատրաստ Ադրբեջանը գնալ:


- Ադրբեջանում հանրությանը մշտապես պատրաստել են պատերազմի և ստեղծված իրավիճակում՝ ներքաղաքական, սոցիալական և այլ հանգամանքներով պայմանավորված, Ադրբեջանը, եթե նույնիսկ ցանկություն էլ չունենա, ապա անընդհատ գտնվելու է հանրային ճնշման տակ, որոնք նրան անընդհատ վճռական գործողությունների են դրդելու: Բոլոր առումներով էլ Ադրբեջանի իշխանությունները բարդ դրության մեջ են:


- Այս պահին Արցախում իրավիճակը հարաբերական հանգիստ է, կարծում եք Ադրբեջանը այդ ուղղությամբ ևս կփորձի՞ լարել իրադրությունը:


- Համենայդեպս այս պահի դրությամբ, Արցախում որևէ ակտիվության մասին տեղեկատվություն չի փոխանցվել, սակայն ակտիվությունն այդ ուղղությամբ տեղափոխելը կամ մեկ այլ պատճառով ակտիվանալը իհարկե չենք կարող բացառել:


- Խոսվում է ադրբեջանական կողմի թե՛ դիրքային, թե՛ մարդկային կորուստների մասին: Ի՞նչ սպասել ի պատասխան դրա:


- Ադրբեջանն անընդհատ փորձում է առավելություն ապահովել դիրքային առաջխաղացման, դիրքավորման, նաև տեղեկատվական ակտիվության առումով, սակայն այս պահին առկա գործոններն այլ բանի մասին են խոսում: Ադրբեջանն անընդհատ նոր կորուստներ, նոր խնդիրներ է կուտակում:


- Դարձյալ հնչում է մշտական դարձած հարցը՝ ո՞ւր են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ՀԱՊԿ-ը, միջազգային ատյանները: Հայկական կողմը նորից միայնակ է մնացե՞լ:


- Միջնորդների հետ աշխատանքի մասին դեռևս հստակ տեղեկատվություն չկա, բայց մի բան պարզ է՝ արդեն իսկ նրանք ուշացել են կանխարգելիչ հայտարարությունների մասով:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Իրավիճակը լարված է եղել ողջ երեկո, երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։


Հայկական կողմը բարեբախտաբար կորուստներ չունի:


Լիա Խոջոյան