23.11.2024
Ադրբեջանին հասցրած կորուստները ցույց են տալիս, որ մեր ուժերը պատրաստ են եղել. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ի՞նչ զարգացումներ կան Գագիկ Ծառուկյանի գործով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննություն իրականացնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության գործիչների մասով հարուցված քրեական գործերի շրջանակներում: Ընդ որում, նկատենք՝ ԱԱԾ-ում այս քրեական գործերի մասով լայնածավալ քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրեական գործերը քննելու եւ համապատասխան աշխատանքները կատարելու գործին լծվել է 100 քննիչ, որոնց հրահանգ է տրված արագ գործել, հավաքել անհրաժեշտ փաստերը: ԱԱԾ-ում ԲՀԿ-ականների մասով տարբեր քաղաքացիների կողմից դիմումներն այնքան շատ են, որ նկատում են՝ անգամ այդ 100 քննիչը չեն հասցնում աշխատանքներն իրականացնել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ի հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս եւ ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս: Հավելենք, որ սրան զուգահեռ հետաքրքիր մարտավարական քայլ են արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները: Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Ծառուկյանի խափանման միջոցի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի պաշտպանական կողմն էլ Վերաքննիչի որոշումն է բողոքարկել Վճռաբեկ դատարան:


Եվ այս առումով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, եւ փոխարեն գործի քննությունը սկսվի, այժմ ընթանում է այն մի կառույցից մյուսին ուղարկելու գործընթացը, եւ սա,, ըստ էության արվում է ժամանակ շահելու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք»-ը և ՀՅԴ-ն համարում են, որ ԲՀԿ-ն այնքան էլ լուրջ չի վերաբերվում իրենց հետ համագործակցությանը: Ինչպես հայտնի է, այս կուսակցությունները ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ: ԲՀԿ-ն այս խմբում ներկայացնում են Իվետա Տոնոյանը և Արթուր Գրիգորյանը: «Հայրենիք»-ը և ՀՅԴ-ն ներկայացվածության նման ցածր մակարդակը համարում են իրենց համագործակցությանը ոչ լուրջ վերաբերվելու հետևանք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխություններ են նախաձեռնում՝ ուզում են ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել, ինչպես նախկինում էր։ Նոր կանոնակարգով էթիկայի հանձնաժողովը ժամանակավոր է՝ կոնկրետ դեպքի համար ստեղծված: Մշտական հանձնաժողով ունենալու հարցն օրակարգ է բարձրացել ԲՀԿ-ի դեմ պայքարի շրջանակներում, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի «համար»։ Նրանք հայհոյախառն հաղորդագրություններ էին ստացել եւ համարժեք պատասխանել։ Իմքայլականները հեռուն գնացող ծրագիր ունեն։ Երբ հանձնաժողովն արձանագրի, որ նրանք խախտել են էթիկան, արդեն կնախաձեռնեն ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու գործընթաց եւ փակ քվեարկությամբ կորոշեն հարցը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ում տեղի են ունեցել հարկայինի պետերի փոփոխություններ։ Օդիոզների բարեկամները համակարգից հեռացվելու փոխարեն, հիմնականում ռակիրովկայի են ենթարկվել։ Եթե հակիրճ անդրադառնալու լինենք, ապա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբայրը Արարատի հարկայինից տեղափոխվել է Եղեգնաձոր։ «Երևան» հիմնադրամի տարոնական տնօրենի որդին Եղեգնաձորի հարկայինից տեղափոխվել է Սևան։ Նախկին նախարար Սուրեն Կարայանի բարեկամ Արթուր Խաչատրյանը չի ընդունել Կապանի հարկայինի պետի պոստը և ՊԵԿ-ից ազատման դիմում է գրել։ Ավելորդ է նշել, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի 3 ընկերները ևս մնացին անձեռնմխելի և պահպանեցին յուղոտ տեսչությունները»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել առողջապահության նախարարության ընթացիկ տարվա պետական բյուջեի երեք ամիսների մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հունիսի 30-ի որոշմամբ՝ կասեցվել է հաշվեքննությունը: Պատճառը COVID-19 է: Պարզվում է՝ հաշվեքննության ընթացքում, հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաեւ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված է կասեցվել Առողջապահության նախարարության՝ պետբյուջեի երեք ամիսների մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության նկատմամբ հաշվեքննությունը: Սա դեռ ամենը չէ: Մեզ հայտնի դարձավ, որ կասեցման հիմքերի վերացումից հետո, Հաշվեքննիչ պալատի որոշմամբ, հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ կառավարության նիստում անցկացրին արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը փոխանցելու օրինագիծ։ Օրերս այն դրվել է շրջանառության մեջ, եւ ենթադրվում էր, որ մոտ օրերս կընդունվի, բայց ԱԺ-ում խոսում են, որ այն չի ներառվի այս շաբաթվա արտահերթ նիստի օրակարգ։ Բացի այն, որ նախագիծն առաջացրել է մասնագիտական հանրույթի, մարզպետարանների եւ հատկապես մասնավոր ԲԿ-ների տերերի դժգոհությունը, իրավական տեսանկյունից խնդրահարույց է եւ հում։ Չի բացառվում, որ այս փուլում իշխանությունը նահանջի, եւ նախագիծն օրակարգ բերվի 1-2 ամսից, երբ հաջորդ անգամ կրկին երկարաձգեն արտակարգ ռեժիմը։ Չնայած ուժգնացող պահանջներին, ՀՀ իշխանությունը հակված է մինչեւ դեկտեմբեր այս երանելի ռեժիմը Հայաստանում պահելուն»:


«Փաստ» օրաթերթը գրում թէ. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները ներկայումս ձեռնամուխ են եղել հանրության շրջանում ՀԿ-ների դերի բարձրացման հատուկ քաղաքականության մշակման գործին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, դա արտաքին որոշակի պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործընթաց է, որը ներկա փուլում փորձում են կյանքի կոչել։ Թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ հիմնական համեմատությունը տարվել է եկեղեցու հետ, նշվել է, որ հանրության շրջանում եկեղեցին բավական բարձր վարկանիշ ունի։ Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանին զեկուցել են, որ հայաստանցիների վստահությունը շարունակում են վայելել բանակն ու եկեղեցին, փոխարենը ընդհանրապես վստահություն չունեն հասարակական կազմակերպությունները։ Արեւմտյան հայտնի աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ մտահոգ կերպով հայտարարել է, թե «դա տեղի է ունեցել տարիներ շարունակ տարվող պետական քաղաքականության ու պրոպագանդայի պատճառով»։


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի մեծ ռեւերանսը` ավետարանչական եկեղեցու նկատմամբ, Սահմանադրության դրույթի հերթական խախտմամբ` նույն կարգավիճակի ու հարթության մեջ դնելու հայ առաքելական եկեղեցին ու ավետարանչական եկեղեցին, պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ այդ եկեղեցու հիմնական մասնաճյուղը` «Կյանքի խոսքը», հեղափոխության օրերին զինվորական կարգապահությամբ մասնակցել է թավշյա հեղափոխությանը։ Վերջինիս սպասումները, սակայն, Փաշինյանը չի արդարացրել` «փայ մտնելու» հարցերում. ավելին` կառավարությունում պաշտոն ստացած նրանց ներկայացուցիչ Գեւորգ Աճեմյանը խիստ ցուցադրաբար հեռացվել էր աշխատանքից, ինչը վերջիններս շատ ծանր են տարել: Ասում են` այդ օրերին անգամ նրանք կամուրջներ են փնտրել դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, նույնիսկ հանդիպում է եղել: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը «փռվել է ասֆալտին», վերջինս փորձում է առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին հետ բերել «անառակ որդիներին»` սպասվող ներքաղաքական զարգացումներում նրանց «ներուժը» կրկին օգտագործելու համար»:


«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ գործող իշխանությունը հանրությանն անընդհատ կոչ է անում մնալ տանը, հնարավորինս քիչ շփվելով միմյանց հետ, սակայն օրինակ` հենց Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում` վայելելու կյանքը: Մեր տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ-կիրակի օրերին գնացել է Իջեւան` մտերմիկ հավաքույթի: Մեր աղբյուրը հայտնում է, որ Փաշինյանը համարյա ամեն աշխատանքային շաբաթվա ավարտին գնում է ծննդավայր Իջեւան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ հայաստանյան կառույցի ներկայացուցիչները տարբեր միջավայրերում բողոքում են, որ իրենց վրա լուրջ ճնշում կա, մասնավորապես սփյուռքի դաշնակցական կառույցներից: ՀՅԴ Հայաստանի կառույցը ընդդիմադիր դիրքորոշում ունի գործող իշխանության նկատմամբ, մինչդեռ սփյուռքի կառույցները համարում են, որ կուսակցությունը պետք է պաշտպանի հեղափոխությունը և նրա ձեռքբերումները: Եվ քանի որ հայաստանյան ընկերների ֆինանսավորումը դրսից է, նրանք պարտադրված են ի գիտություն ընդունել սփյուռքից եկող ազդակները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Տավուշում ադրբեջանական ագրեսիան համարում է սադրանք. «Ադրբեջանը գնալով ուժեղացնում է ճնշումը։ Դեռ շատ լուրջ չէ, բայց ապագայի համար շատ վտանգավոր է․․․ ադրբեջանցիները թե՛ իրենց լսարանի համար են հող նախապատրաստում, թե՛ միջազգային հանրության, որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել»։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ն պետք է անհապաղ արձագանքի ադրբեջանական ագրեսիային»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը եւ երեկ Ադրբեջանը հերթական անգամ դիմեց սադրիչ գործողությունների, որոնք ՀՀ ԶՈՒ կողմից ստացան համարժեք պատասխան: Արդյունքում, ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր ունեն: Հայ զինվորները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ հայոց բանակը մարտական է եւ պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային: «Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ նման զարգացումը սպասելի էր իր համար՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում արդեն նաեւ Ադրբեջանի նախագահն էր ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններ անում: Նա ընդգծեց, որ սահմանին լարվածությունը սրելով՝ այսկերպ փորձ է արվում մեղմել Ադրբեջանի ներքին քաղաքական անկայուն կյանքը. «Ալիեւի վարքագիծը տարօրինակ է հատկապես վերջին շրջանում: Խուճապային տրամադրություն կա նաեւ Ադրբեջանի վերնախավում: Օրինակ՝ գիշերվա ընթացքում փոխանակ հասարակությանը սահման գնալու կոչ անի, կոչ է անում գնալ Բաքվի ազատության հրապարակ ու Ալիեւի հրաժարականը պահանջել: Այսինքն, երկկողմանի սուր է. Ալիեւի համար ոչ բարենպաստ իրավիճակ է թե՛ սահմանին, թե՛ ներքին քաղաքական կյանքում: Եվ այս առումով նա բավականին աննախանձելի իրավիճակում է: Մյուս կողմից՝ միանշանակ կարող ենք ասել, որ Ալիեւին չեն հետաքրքրում սեփական հասարակության մարդկային կորուստները: Հակառակը՝ կցանկանար, որ սահմանին ավելի շատ զոհեր լինեն, որ հայերի ու ադրբեջանցիների թշնամությունն ավելի խորանա, եւ ինքն այդ թշնամությունն օգտագործելով՝ իր իշխանությունն ավելի երկարացնի»:


«Իրատես» թերթը գրում է. «Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը, կարելի է ասել, աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ օգտագործելով հրետանային միջոցներ, տանկեր եւ այլն: «Իրատեսի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն ու ավելացնում՝ թշնամու նման պահվածքը, բնականաբար, անակնկալ չէ, ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, կանխատեսելի էր, որ ինչ-որ փուլում դիմելու էին նմանօրինակ սադրանքի։ Մանգասարյանը բացատրում է. երբ հակառակորդը նման տրամաչափի զինատեսակներ է օգտագործում, դա ինքնին լարվածության աճ է ենթադրում, իսկ իրադրությունը ցանկացած պահի կարող է ավելի սրվել։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ եթե հակառակորդը փորձի ուժի լեզվով խոսել, ապա զինված ուժերն ամեն ինչ անելու են դիրքային բարելավումներ ունենալու համար: Ենթադրում եմ, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ նման խնդիր դրված եղել է, ինչն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ի կատար է ածվել։ Բայց այստեղ պետք է մի շատ կարեւոր հանգամանք հաշվի առնել. դիրք հետ բերելը մի խնդիր է, դիրք պահելը՝ մեկ այլ: Վերջինը, ըստ իս, շատ ավելի ծանր է, քանի որ տվյալ դիրքի պաշտպանությունը պետք է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ կազմակերպել, հակառակորդը փորձելու է հակահարձակման անցնել, ինչը, բնականաբար, դժվարություններ է առաջացնելու՝ կապված տվյալ դիրքի հաղորդակցության, մատակարարման եւ այլ հարցերի հետ։ Մեր տղաները, վստահ եմ, այս անգամ նույնպես կարողանալու են լուծել իրենց առջեւ դրված բարդ ու դժվարին բոլոր խնդիրները, նրանք դա բազմիցս ապացուցել են»,- ընգծում է մեր զրուցակիցը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ բազմաչարչար օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 10-ի համարում գրել էր, որ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի քննարկումը հետաձգվել էր: Գրել էինք նաեւ, որ պատճառը եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջեւ անհամաձայնությունը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երկար, բուռն քննարկումներից հետո, ի վերջո, հաջողվել է այդ նախագծում փոփոխություններ անել եւ դնել երկրորդ ընթերցմամբ քվեարկության։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ուրբաթ օրը նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկման թեմա էին դարձել հենց «Ընդերքի մասին» օրենքի հետ կապված խնդիրները: Արարատ Միրզոյանը դժգոհել է, որ միջանձնային հարաբերությունները կարող են դառնալ այնպիսի իրավիճակի պատճառ, երբ անգամ նախագծեր են հեռացվում օրակարգից: Հիշեցնենք, որ ի թիվս այլ փոփոխությունների՝ օրենքով ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով»:


«Փաստ» թերթը գրում է. «ՏԻՄ ոլորտը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության «աքիլլեսյան գարշապարը»։ Սրանով պայմանավորված՝ ներկայումս իշխանությունը ձեռնամուխ է եղել նոր մարտավարության եւ փորձում է կարգավորել այդ բացը։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները որոշել են ՏԻՄ-երի հետ կապված դիմել նոր կարգավորման։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, քաղաքական որոշում է կայացվել եւ առաջիկայում գործընթաց է սկսվելու, որի արդյունքում նախատեսվում է այն համայնքներում, որտեղ չկան քաղաքական ուժեղ թիմ եւ հստակ աջակցություն տվյալ համայնքապետից (այսինքն՝ համայնքապետն ընդգծված «սեւ» է), համայնքապետի տեղակալներ նշանակել տալ «սվոյ» մարդկանց։ Թերթի տեղեկություններով, մարզպետները կառավարությանն արդեն իսկ ներկայացրել են «ռիսկային» համայնքների ցուցակը, եւ արդեն ընթանում են հստակեցման աշխատանքներ։ Ներկայումս իշխանությունը տեղերում մի յուրահատուկ «քասթինգ» է անցկացնում եւ փորձում հասկանալ տեղերում իրենց հնարավորությունները։ Իշխանությունները մտադիր են նմանօրինակ քայլով տեղերում թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը, ինչն էլ իր հերթին հող կնախապատրաստի ապագայում մարզերում ողջ իշխանությունը սեփական թիմակիցների ձեռքը վերցնելու համար եւ առաջիկա ՏԻՄ (գուցե՝ ոչ միայն ՏԻՄ) ընտրություններին լավ նախապատրաստվելու համար։ Զուգահեռ, մեր տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում է մարզպետարանների գործառույթների մասով. ըստ այդմ, նախատեսվում է ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք մարզպետներին կդարձնեն զուտ քաղաքական «մահակ»։


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում ներկայումս կիրառվող կրթության բովանդակային չափորոշիչները հնարավորություն չեն տալիս ապահովել հավասար կրթամակարդակ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի համար: Այն չի նպաստում նաեւ ուսուցիչների եկամուտների հավասարաչափ բաշխմանը: Վերջին ուսումնասիրություններով՝ Հայաստանի 38690 ուսուցիչների 10 տոկոսը կազմող աղքատների մեծամասնությունն ապրում է գյուղական բնակավայրերում: Այս երեւույթն իր ազդեցությունն է թողնում նաեւ ուսումնառության վրա, եւ գյուղական վայրերում այն զիջում է քաղաքային վայրերի մակարդակին: Օրինակ՝ 12-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության միջին արդյունքը քաղաքներում 14.3 տոկոս է, այն դեպքում, երբ սահմանամերձ եւ հեռավոր գյուղական վայրերում համապատասխանաբար 12.1 տոկոս եւ 11.9 տոկոս է, եւ այդ ցուցանիշները տարեցտարի նույն համամասնությամբ վատանում են: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակած եւ հանրային քննարկման ներկայացված Հանրակրթության պետական չափորոշիչներով նախատեսվում է նաեւ վերոհիշյալ խնդրի լուծումը: Սակայն երկրում հիմնական խնդիրը մնում է կրթության գործընթացի բովանդակային փոփոխությունը»: