25.11.2024
Մամուլ. Ի՞նչ զարգացումներ կան Գագիկ Ծառուկյանի գործով
prev Նախորդ նորություն

Ազդակները վկայում են՝ հայ-ռուսական հարաբերությունները հեռու են փայլուն լինելուց. Ղուկասյան

Թեպետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ նշում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն փայլուն կարգավիճակ, սակայն մենք տեսնում ենք, որ երկու կողմից էլ կան ազդակներ, որ դա ամենևին էլ այդպես չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

«Կան մի քանի ազդակներ, որոնք հուշում են, որ հայ-ռուսական հարաբերություններն այդքան էլ փայլուն չեն: Նախ, դա ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպն էր: Երկրորդ ազդակն այն է, որ հայկական տեղեկատվական դաշտում, մանավանդ իշխանական ԶԼՄ-ների, COVID-ի դեմ պայքարում ՌԴ կողմից ցուցաբերվող օգնությունը ներկայացվում է իմիջիայլոց, առանձնահատուկ նշելով Լիտվայի և Լեհաստանի օգնությունը: Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանը մեր կողքին է եղել համավարակի դեմ պայքարի գրեթե առաջին օրերից ու մեկ անգամ չէ, որ աջակցել է Հայաստանին: Իսկ ամենաթարմ ազդակն այն է, որ հայկական կողմը հրաժարվեց ատոմակայանի վերակառուցման համար ռուսական վարկից»,- թվարկեց Ղուկասյանը:


Նա հատուկ ընդգծեց, որ չի պատրաստվում գնահատական տալ իշխանության այս քայլերին, սակայն արձանագրում է այն ամենը, ինչը վկայում է, որ Երևանի ու Մոսկվայի միջև «արշալույսները խաղաղ չեն»:

Մշտապես կապի մեջ գտնվելով ռուսաստանցի իր գործընկեր-փորձագետների հետ, Արման Ղուկասյանը նշեց, որ ակնհայտ է, որ Մոսկվային այսօր երկու բան է անհանգստացնում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում: Նախ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն առնչվող քրեական գործերն են: Բանախոսը, որպեսզի իր բառերը մանիպուլյացիայի չենթարկվեն հատուկ շեշտեց՝ որևէ մեկը չի ասում, որ ռուսական կապիտալով ընկերությունները Հայաստանում օրենքից վեր են ու կարող են կոռուպցիայով զբաղվել: Եվ եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն.

«Բայց արդեն շուրջ երկու տարի է այս քրեական գործերը օդում կախված են և դրանց շրջանակներում դեռևս չկան պատժվածներ: Ինչո՞ւ չկա հանգուցալուծում, ինչո՞ւ չեն ասում մեղավորների անունները, իսկ գուցե այս ամենը այս ընկերությունների իմիջին հարվածելու փորձ է՝ սրանք հարցեր են, որ արդեն երկու տարի է օդում կախված են»,- նշեց նա:

Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար նաև մեր երկրում գործունեություն ծավալող արևմտյան կենսաբանական լաբորատորիաների խնդիրը: Կոնկրետ Հայաստանում, հիշեցրեց բանախոսը, դրանք տասն են.

«Լաբորատորիաների խնդիրը անվտանգության խնդիր է: Պաշտոնական տվյալների համաձայն դրանք հիմնադրվել են Պենտագոնի գումարներով և սա չի կարող հարցեր չառաջացնել: Եվ երբ մեր դաշնակից երկիրը ցանկություն է հայտնել ծանոթանալ կենսալաբորատորիաների գործունեությանը, մենք, կարծես թե, դեմ չենք եղել դրան և նույնիսկ համաձայնագիր էր նախապատրաստվում, սակայն այս մայիսին Երևանը հայտարարեց, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և մուտքը լաբորատորիաներ հետաձգվում է անհասկանալի պատճառներով: Կրկնում եմ, անկախ խոսքերից, փաստը մնում է փաստ՝ դրանց գործունեությունը ֆինանսավորում է Պենտագոնը, իսկ դա ոչ միայն խնդիր կարող է առաջացնել Հայաստանի համար, այլև տարածաշրջանի»,- ասաց նա:

Այսպիսով, հավելեց ՀԱՍԱԿ նախագահը, հայ-ռուսական հարաբերություններում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, դրանք հաստատ փայլուն չեն, ինչի մասին վկայում են թե՛ ՌԴ-ից ստացվող ազդակներն ու թե՛ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, և իշխանությունների քայլերը միշտ չէ, որ համընկնում են իրենց հայտարարությունների հետ.

«Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում պետք է հաշվի առնվեն երկու երկրների շահերը և այդ հարաբերությունները պետք է հավասար հիմքով կառուցվեն: Բայց եթե արվում են միայն հայտարարություններ ու դրան զուգահեռ սխալ քայլեր, ապա այդ հարաբերությունները չեն կարող լինել լավը ու փայլուն: Երկկողմ հարաբերությունների օրակարգում Հայաստանը պետք է լինի թափանցիկ և իր խոսքերը համապատասխանեցնի իր քայլերին»,- հավելեց Ղուկասյանը: