Արդյոք իշխանություններին կհաջողվի լռեցնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը այն դեպքում, եթե դեպքերի զարգացումը բերի Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը, հրաժարվել է, արդյոք, ԲՀԿ-ն կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջից և ո՞ւր կարող է բերել ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» համագործակցությունը: Այս և այլ հարցերի շուրջ VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը «Թեժ գիծ» նախագիծի շրջանակներում զրուցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյաննի հետ:
- Տիկին Զոհրաբյան, որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը:
- Եթե ես հիմա թվարկեմ այն հիմնական մարտահրավերները, որոնք առջև այսօր կանգնած է Հայաստանը, ապա մեր ամբողջ հարցազրույցը ստիպված կլինենք նվիրել դրան: Առաջին և ամենամեծ մարտահրավերն այսօր կորոնավիրուսի համավարակի շուրջ ստեղծված երկրում այլևս բացարձակ անկառավարելի իրավիճակն է: Ես հիմա չեմ ցանկանում թվարկել այն քալերը, որ պիտի աներ մեր կառավարությունը, որպեսզի այս աստիճանի չհասներ իրավիճակը: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ համաճարակի դեմ համակարգված պայքար տանելու փոխարեն կառավարությունը և պատկան կառույցները զբաղված են ընդամենը իմիտացիայով:
Պերմանենտ երկարաձգվող արտակարգ դրությունը միայն մի նպատակ է հետապնդում՝ թույլ չտալ մարդկանց իրենց բողոքի ձայնը բարձրացնել սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ: Ինչպես նաև մարդկանց տուգանել:
Կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանում իջեցված է «կրիր դիմակ, որ կրենք» բանաձևին: Այլ բան չկա և ես սա համարում եմ Հայաստանի առջև ծառացած ամենալրջագույն մարտահրավերներից մեկը:
Նույնքան կարևոր մարտահրավեր է սոցիալական ծայրահեղ վիճակը, որը մեծապես պայմանավորված է մաև կորոնավիրուսի շուրջ իշխանությունների պայքարի անկարողությամբ: Տնտեսավարողները չեն աշխատում, բայց նրանց պարտադրում են նույն տեմպով վճարել հարկերը, մարդիկ չեն աշխատում, բայց պարտավոր են իրենց վարկային պարտավորությունները կատարել, իսկ մենք գիտենք, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը կքած է վարկերի տակ: Եվ ես շատ մեծ մտավախություն ունեմ, որ այս ամենը ուղղակիորեն հասցնելու են սոցիալական բունտի:
Ես սա ասում եմ առանց չարախնդալու, բայց այն, կարծես, այլևս դառնում է անխուսափելի. մենք տեսնում ենք այն բուռն ընդվզումը, որ կա ժողովրդի մեջ, որը փորձում են լռեցնել դիմակներով ու հավաքների արգելքով, բայց ես չեմ կարծում, թե հնարավոր կլինի այդպես անվերջ պահել:
- Ի՞նչ կանխատեսումներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներքաղաքական զարգացումների մասով, արտահերթ ընտրություններ սպասելի՞ են:
- Ես չեմ սիրում քաղաքականությունը տեսափոխել գուշակությունների դաշտ: Բայց մի բան կարող եմ ասել. հեղափոխությունից երկու տարի անց մենք տեսնում ենք հասարակության լայն շերտերի մոտ հիասթփություն: Նույնիսկ այն շերտերը, ովքեր ողջունել էին հեղափոխությունը, ովքեր հեղափոխության ավանգարդում էին նրանց գերակշիռ մեծամասնությունը այսօր հիասթափված է: Մի հատված կա, որը հիասթափված է, բայց լռում է, որովհետև չի ուզում ընդունել, որ ինքը ժամանակին սխալ քայլ ու սխալ ընտրություն է կատարել:
Մեկ բան այսօր հստակ է. քաղաքացու խնդիրները հեղափոխությունից հետո ոչ միայն լուծված չեն, այլ հակառակը՝ սոցիալ-տնտեսական խնդիրները ավելի են խորացել: Էլ չխոսեմ, թե մարդու իրավունքների առումով մենք այսօր ինչպիսի կատաստրոֆիկ հետընթաց ենք արձանագրում: Ինչի՞ դա կվերածվի, իշխանությունը կկարողանա տարբեր ռեպրեսիվ ճանապարհներով իր իշխանությունը երկարաձգել մինչև հաջորդ ընտրություն, թե այլ զարգացումներ կլինեն՝ ես այս հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ամեն ինչ որոշելու է ժողովուրդը:
- Վերջին զարգացումների ֆոնին ԲՀԿ-ն համատեղ հայտարարություններով է հանդես գալիս «Հայրենիք» և Դաշնակցություն կուսակցությունների հետ: Ի՞նչ ձևաչափի մասին է խոսքը և արդյոք այս համագործակցությունը կարող է ավելին դառնալ, քան ուղղակի պահով թելադրված:
- Ես չեմ կարծում, որ մեր համագործակցությունը Դաշնակցության և «Հայրենիք» կուսակցության հետ պահի թելադրանքով պայմանավորված համագործակցություն է: Ոչ, այստեղ կա երեք ուժերի լուրջ մտահոգությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այստեղ կա երեք քաղաքական ուժերի լուրջ մտահոգությունը բոլոր այն ոլորտային ձախողումների վերաբերյալ, որոնք մենք այսօր արձանագրում ենք: Երեք այս ուժերը, որ այսօր հանդես են գալիս, պատրաստ են ներկայացնել միասնական համատեղ օրակարգ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար: Այնպես որ կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ ավելի խորն է, քան արտաքուստ այս պահին կարող է թվալ:
- Նկատելի է, որ դատական հայտնի գործընթացներից հետո ԲՀԿ-ն թեև քննադատում է իշխանություններին, սակայն այլևս չի հնչեցնում իր՝ կառավարության 100 տոկոսի փոփոխության պահանջը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Չգիտեմ, թե ինչից է դա նկատելի, ես նման բան չեմ նկատում : Եթե հետևեք իմ ելույթներին, եթե հետևեք իմ գործընկերներ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Գևորգ Պետրոսյանի ելույթներին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որտեղ շատ հստակ ամեն ինչ ասված է, ապա կտեսնեք, որ ԲՀԿ-ն իր առաջադրած հիմնադրույթներից հետ չի կանգնել և կառավարության գործունեության վերաբերյալ մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել:
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառում է երկխոսությունը իշխանությունների հետ, բոլոր կամուրջներն այրվա՞ծ են:
- Ես չեմ կարծում, որ Հայաստանում քաղաքական ուժերը պետք է միմյանց հռչակեն թշնամիներ և սկսեն միմյանց ոչնչացնել: Ես հասկանում եմ, որ իշխանությունը, ցավոք, ընտրել է այդ տարբերակը՝ ընդդիմախոսներին ոչնչացնելու, նրանց ընտանիքներ մտնելու, սոցցանցերում ֆեյքերով և սփյուռքում ապրող մեր որոշ հայրենակիցներին մանիպուլացնելով, որպեսզի պահեն օպոնենտների հետ հարաբերությունները ատելության ու թշնամանքի հարթության վրա, բայց երբևէ ԲՀԿ-ն չի իջնելու այդ մակարդակին: Մենք միշտ պատրաստ ենք կորնստրուկտիվ երկխոսության բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը հանունն է և ոչ թե կազմաքանդումը:
- Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել է, որ իրավիճակը երկրում տանում է դեպի սով: Ինչի՞ հիման վրա է նման վատատեսական հայտարարություն արվում:
- Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարության մեջ ամեն ինչ հստակ ասված է, որ, այո, իրավիճակը իսկապես տանելու է սոցիալական լարվածության ու նույնիսկ սովի: Եվ դա հիմնված է այն իրավիճակի վրա, ինչն այսօր մենք տեսնում ենք Հայաստանում: Եվ եթե թվում է, թե տասնյակ հազարավոր ընտանիքներ այսօր սովի մատնված չեն, ապա կարող եմ ասել, որ մեծ լավատես եք: Ես էլ կուզեի այդպիսի լավատես լինել, սակայն ես շրջում եմ մարզերում, ես շրջում եմ Երևանում և տեսնում եմ այդ ծայրահեղ աղքատությունը, մարդիկ անգամ հացի խնդիր ունեն ու կան ընտանիքներ, որտեղ երեխաները քնում են սոված:
Ու հանկարծ որևէ մեկը չփորձի այս ամենը համարել պոպուլիզմ կամ դեմագոգիա, քանի որ պոպուլիստ ու դեմագոգ են նրանք, ովքեր խնդիրները լուծելու փոխարեն հանրությանը հրամցնում են էժանագին մասկի-շոուներով: Եվ փորձում են մեզ լռեցնել, որպեսզի մենք չխոսենք, որ սոցիալական լարվածությունը Հայաստանում այսօր այնպիսի ծայրահեղ վիճակի է, որ շուտով, ինչպես ասաց Ծառուկյանը, մենք ստիպված ենք լինելու հաշվի նստել սով բառի հետ:
- Վատագույն սցենարի դեպքում, եթե ձերբակալվի Գագիկ Ծառուկյանը, ի՞նչ է լինելու կուսակցության հետ, շարունակելո՞ւ եք պայքարը:
- Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է, և չենք բացառում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է և ձերբակալվել: ԲՀԿ-ն ու մեր համախոհ քաղաքական ուժերը բոլոր սցենարների դեպքում ունենք մշակած մեր մարտավարությունը, այնպես որ, եթե որոշները ծրագրել են, որ ձերբակալելով Ծառուկյանին, ինձ, Պետրոսյան Գևորգին կամ կուսակցության մյուս լոկոմոտիվը, իրենք կարողանալու են լռեցնել մեր կուսակցականներին ու հազարավոր համակիրներին, ապա հստակ ասեմ, որ իրենց բոլոր հաշվարկներում իրենք մեծապես սխալվել են:
Լիա Խոջոյան