23.11.2024
Մեզ չեն լռեցնի, անգամ եթե Գագիկ Ծառուկյանը ձերբակալվի, մեր պահանջը նույնն է. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գագիկ Ծառուկյանը բավական ծանր է տանում կորոնավիրուսը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


 


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների անհանդուրժողականությունն ու վրեժխնդրությունը սահմաններ չունի. պարզվում է` Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը, որն աշխատում էր Լոռիում գտնվող Հայաստանի մանուկների բարեգործական հիմնադրամում՝ որպես ՍՄԱՐԹ կենտրոնի տնօրեն, ազատվել է աշխատանքից։ «Դա, ըստ էության, համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Էդմոն Մարուքյան-«Իմ քայլը» լարված հարաբերություններ էին»,- ասաց մեր աղբյուրը: Կարծում եք` իշխանությունների հորդորո՞վ է ՀՄԲՀ-ն նման որոշում կայացրել։ «Ինչո՞ւ ոչ՝ ո՛չ վարչապետից, ո՛չ փոխվարչապետից հեռու չէ նման ձեռագիրը»: ԼՀԿ-ից հաստատեցին, որ Քրիստ Մարուքյանն ազատվել է աշխատանքից, բայց չմեկնաբանեցին պատճառները»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից տեղեկացնում են, որ նա պետք է մինչև հուլիսի 15-ը ելույթ ունենար իրեն պատկանող 5-րդ ալիքով և անդրադառնար առողջապահական, տնտեսական և արտաքին քաղաքական որոշ հարցերի: Սակայն հայ-ադրբեջանական սահմանագծում սկսված ռազմական գործողությունների պատճառով Քոչարյանը հրաժարվել է հարցազրույցի գաղափարից՝ թերևս համարելով, որ իր կողմից հնչեցվելիք քննադատությունը կաշխատի իր դեմ»:


«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում հնարավոր է՝ Երեւանի քաղաքապետարանն ավագանու արտահերթ նիստ հրավիրի, որպեսզի որոշեն, թե ով է փոխարինելու փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարված Հայկ Սարգսյանին: «Կա փոխքաղաքապետի մի քանի թեկնածու, եւ քաղաքապետը որոշակի կոնսուլտացիաներից հետո նրանցից մեկին կներկայացնի Երեւանի ավգանու հաստատմանը»,- այս մասին ՀԺ-ին հայտնեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Քանի որ Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ մասնավոր աշխատանքի է անցնելու փոխքաղաքապետը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: Վերջինս էլ հայտնեց, որ Սարգսյանի մոտ մասնավոր աշխատանքի տեղափոխվելու մոտիվացիան եղել է դեռեւս փետրվար ամսից, սակայն մի շարք պատճառներով եւ քաղաքապետի հետ քննարկման արդյունքում մի փոքր երկարաձգվել է: Հայկ Սարգսյանի հեռանալը հետաձգվել էր համավարակով պայմանավորված համայնքային բյուջեի հետ կապված որոշակի խնդիրներով ու ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակով:


Ըստ որոշ լրատվամիջոցների էլ՝ Հայկ Սարգսյանը անցնում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի գործով, եւ դրա համար են նրան ազատում պաշտոնից: Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել եւս մի քանի անձի, որոնց մի մասի անունները իրավապահները գաղտնի են պահում: Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե գուցե տեւական ժամանակ շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, եւ իրականում հենց դա է Սարգսյանի հրաժարականի պատճառը, վերջինս բացառեց. «Ինչ վրաբերում է բամբասանքների մակարդակում այս կամ այն մարդու հետ առնչությանը, կասեմ հետեւյալը՝ պարոն Սարգսյանը եւ մենք հայտարարել ենք, որ դա որեւէ հիմք չունեցող ապատեղեկատվություն է, որն արել էր դեղին մամուլը»: Նկատենք՝ ՀԺ-ը վերջին շրջանում տեղեկացել էր, որ Հայկ Սարգսյանը դեռեւս անցյալ տարվանից ֆինանսական մեծ խնդիրների մեջ է: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Հայկ Սարգսյանը, լինելով իշխող քաղաքական թիմի անդամ եւ հեղափոխության ջատագով, աշխատավարձի համար չէր, որ գնացել էր քաղաքապետարանում աշխատելու, սակայն հիմա հեռանում է, քանի որ անլուծելի խնդիրների առաջ է կանգնել, այսինքն՝ Սարգսյանը տեղափոխվում է մասնավոր ոլորտ՝ ոչ թե լավագույնին ձգտելով, այլ այլընտրանք չունենալով:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 13-ին ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին։ Աֆանդյանը, հիշեցնենք, նախկինում ևս զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ։ Եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը: 2019թ. սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: Սակայն Աֆանդյանը հանրության հիշողության մեջ մնացել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում սկսել են առաջնորդվել նեղ անձնային շահերով և «սիմպատիաներով», ինչն էլ առիթ է դարձել, որ «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ ծագի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ «դաստիարակչական» աշխատանքներ է տարել իմքայլականների հետ, թե ինչպես պիտի լինի պատգամավորը, և որ չի կարելի անձնական «սիմպատիաների» պատճառով ձախողել թիմային աշխատանքը։ Բանն այն է, որ հուլիսի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, ըստ որի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Հուլիսի 9-ին պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները:


Իրականում պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի ջանքերով է տապալվել նախագիծը։ Պատգամավորն անձնական խնդիրներ ունի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանի հետ, ով նշանակված է որպես նախագծի զեկուցող։ Պատգամավորը գործընկերներին համոզել է, որ հաշվի չեն առնվել իր առաջարկները, և չի կարելի խորհրդարանին այսպես արհամարհել։ Պապիկյանն ուրբաթ օրվա նիստին ասել է, որ ուղղակի ապշած է ստեղծված իրավիճակից, թե ինչպես կարելի է անձնական դրդապատճառներով տապալել օրենքը։ Նա զգուշացրել է, որ մի քանի օր անց նախագիծը երկրորդ ընթերցման է ներկայացվելու, և ինքը չի հանդուրժի նման կամակորություններ։ «Իմ քայլի» մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխող խմբակցությունում գործում են խմբակներ։ Դրանցից մեկն էլ Մերի Գալստյան-Լենա Նազարյան-Մարիա Կարապետյան եռյակն է, որը շատ ակտիվ է ներքին քննարկումներում և միասնաբար է գործում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել հանցավոր խումբ: Նկատենք, որ նախաքննական մարմինը անուններ չէր տվել, թե այս աղմկահարույց գործով ինչ պաշտոնատար անձինք են անցնում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մի քանի անձանց անուններ պարզել: Այսպիսով, մեզ հաջողվել է պարզել, որ քրեական գործով անցնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Արգամ Ստեփանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, սակայն հայտնի պաշտոնյաների անունն այսքանով չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով շոշափվում է նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներկայիս պետ Անի Մխիթարյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկի կնոջ անունը, որն, ի դեպ, քրեական գործով հարցաքննվել է: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. քրեական գործով շոշափվում է նաև արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանի անունը»:


«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի հերթական սադրանքներին հայկական բանակը տալիս է լիարժեք պատասխան, ինչի արդյունքում դեռ երկար ժամանակ թշնամին լիզելու է իր վերքերը: Սա անկասկած է, սրանում վստահ ենք բոլորս, սրանում բազմիցս սեփական փորձով համոզվել են հենց ադրբեջանցիները: Միևնույն ժամանակ, թշնամու ցանկացած ոտնձգություն յուրօրինակ թեսթ է մեզ համար՝ ներհասարակական ու, ինչու չէ, նաև ներքաղաքական հարաբերությունների տեսանկյունից: Մեկ անգամ չէ, որ մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը հաստատել են՝ ցանկացած դեպքում, երբ թեկուզ փոքրինչ վտանգ սպառնա մեր երկրին, մեր սահմաններին, մեր անվտանգությանը, մենք դառնում ենք միակամ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք օրվա իշխանությունների հանդեպ: Բարեբախտաբար, այս օրերն էլ բացառություն չեն. ուրախալի է, որ հայաստանյան դասական ընդդիմությունը որևէ ապատեղեկատվություն չտարածեց, ընդհակառակը, իրենք էին կոչ անում մեր հանրությանը՝ չհավատալ կեղծ լուրերին, ապավինել միայն պաշտոնական տեղեկություններին: Ավելին, ընդդիմադիր շատ գործիչներ սոցցանցերում տարածում էին բացառապես պաշտոնական տեղեկությունները, այդ թվում՝ ոչ միայն ՊՆ-ի, այլև այնպիսի գերատեսչությունների (օրինակ՝ ԱԳՆ-ի), որոնց գործունեությունը պարբերաբար քննադատում են»: 


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ քվորումի բացակայության հիմքով չի կայացել Սահմանադրական դատարանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 5 հարց։ Ավելի վաղ հայտնել ենք, որ քվորումի բացակայության պատճառով տեղի չեն ունեցել նաև հունիսի 30-ին և հուլիսի 7-ին նախատեսված նիստերը, ինչն աննախադեպ երևույթ է Սահմանադրական դատարանի 25 տարվա պատմության մեջ։ ՍԴ հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին, թերևս ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ, ինչի մասին այդքան թմբկահարում էին իշխանականները»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: ՀՀ վարչապետի՝ փետրվարի 12-ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այս ամիսների ընթացքում աշխատել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա, և չնայած հայեցակարգը դեռ պատրաստ չէ, և այն պետք է ներկայացնել դեկտեմբերին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը որոշել է ավելի վաղ սկսել հանրային քննարկումները, չնայած մինչ այս ամենամոտ ժամկետ էր նշվում սեպտեմբերը: Մենք տեղեկացանք, որ պատճառը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` արտակարգ դրությունն է և այն հանգամանքը, որ հանրային քննարկումներն անցկացվելու են առցանց ռեժիմով: Իսկ դա, բնականաբար, լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու, և հանրային քննարկումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջում: Ընդ որում, ինչպես քննարկում են իշխանության ներսում, այս նախագիծը պետք է լինի ամենալայն քննարկվածներից մեկը: 


Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր առցանց հանրային քննարկմանը կմասնակցեն Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Սակայն մենք տեղեկացանք, որ սա ավելի ընդհանրացված քննարկում է, և մասնագիտական հանձնաժողովի անդամները պարզապես լսելու են քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքները և ներկայացնելու են կատարված աշխատանքները, փոփոխությունները, որոնք լինելու են: Արդեն ընդհանրացված քննարկումներից հետո առաջիկայում սպասվում են նաև առանձին քննարկումներ՝ տարբեր շրջանակների հետ: Ընդ որում, արդեն այդ ժամանակ քննարկումները լինելու են գլուխ առ գլուխ, և չի բացառվում, որ վերջնական արդյունքում նախագիծը տարբերվի նախապես պատկերացրածից: Ամեն դեպքում, այդ պահի դրությամբ մասնագիտական հանձնաժողովի անդամները եկել են միասնական եզրակացության, որ պետք է վերացվի կայուն մեծամասնության դրույթը, ռեյտինգային համակարգը, սակայն կառավարման համակարգի փոփոխություն չի լինի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտք և ելքի հետ կապված հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար: Պարզվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու և ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ և ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաև հետախուզվող պարտապանների՝ ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն այս թեմայի շուրջ օրինագծերի փաթեթ է քննարկման դրել և առաջարկում է լրացնել նշված օրենսդրական բացը: Բացի այս, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը մերժելու նոր հիմք, մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի այն անձանց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունիսի սկզբներին ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը: Նա համակարգի համար նոր մարդ չէ, ինչպես ասում են՝ «մեջից է» եւ կարիերան սկսել է դեռ 2009 թվականից՝ մուտք գործելով համակարգ որպես ՊԵԿ տարածքային հարկային տեսչության առաջատար մասնագիտ, այնուհետեւ աշխատել է տարբեր պաշտոններում, մասնավորաբար անցել է համակարգում իրավական բլոկի բոլոր աստիճանները: Համակարգի մեր աղբյուրները նշում են, որ նա ՊԵԿ նախագահ է նշանակվել ոչ միայն կարգ ու կանոն հաստատելու, այլեւ բռնելու «անօրենների» ու «ապօրինի հարստացածների» ձեռքը: Ի դեպ, մեր աղբյուրները պատմում են նաեւ, որ առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում, եւ համակարգը համալրվելու է երիտասարդ, բանիմաց կադրերով:


Մեր տեղեկություններով, կադրերի ընտրության հարցն անձամբ ՊԵԿ նախագահի տիրույթում է: ՊԵԿ-ում խոսում են, որ նորանշանակ նախագահը կադրային քաղաքականության հարցում մերժում է ԽԾԲ –ների ինստիտուտը, իսկ այս հարցում թույլ չի տալիս որեւէ միջամտություն տեղակալների կողմից: Վերջիններս, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող նման որոշումներ կայացնել ինքնուրույն. սա նրանց համար անկանխատեսելի է եղել , ինչից էլ, ըստ մեր տեղեկությունների, բավականին «նեղված» են: Մեր զրուցակիցներից մեկն ասում էր նաեւ, թե Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում եւս երբեք «օգտակար» չի եղել իր անմիջական շրջապատին: ՊԵԿ-ի գլոբալ, մասնավորապես վարչարարության եւ զարգացման ծրագրերի առումով էլ խոսում են, թե նոր ղեկավարը դրանք ճիշտ է համարում, սակայն իրագործման ճանապարհին հնարավոր են շտկումներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսով վարակվածների թիվը կարծես քիչ-քիչ նվազում է․ ո՞րն է պատճառը։ «Հաստատ՝ դիմակները չեն»,- ասաց կորոնավիրուսի դեմ պայքարող ոլորտի կազմակերպիչը: Բա ի՞նչն է։ «Ցանկացած վիրուս իր կենսունակության ժամկետն ունի, մասամբ նշանակություն ունի նաեւ տաք եղանակը»: Իսկ հնարավո՞ր է թվերի մանիպուլյացիա են անում։ «Հաստատ՝ չէ. թվերը մենք տեսնում ենք մինչ հրապարակվելը, նախորդ անգամ ասացի` փորձում են հավասարաչափ բաշխել օրերի վրա, հիմա` ոչ։ Նվազում կա՝ շատ չի իջել, բայց կայունացում կա»: Իսկ ինչո՞ւ եք որոշել, որ անպայման պետք է ամերիկյան վակցինան գնվի, Ռուսաստանում արդեն լուրջ շարժ կա այդ ուղղությամբ, ինչու ո՛չ ռուսական վակցինա։ «Այդ հարցով պետք է դիմեք Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն` ՀՎԿԱ»: Իսկ կարո՞ղ ենք ֆիքսել, որ վարակի պիկը հաղթահարել ենք։ «Ոչ, չենք կարող, կարող ենք ասել` կայուն վիճակ է. եթե թվերը երկու շաբաթ այսպես կայուն մնան, այդ ժամանակ արդեն կարող ենք ասել, որ, այո, պիկը հաղթահարված է»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մարտ ամսից սկսած` դպրոցներն ու բու­հերն անցան հեռավար ուսուցման, ին­չը շատերի կարծիքով` պարզապես ժա­մավաճառության փայլուն օրինակ է: Մեր տեղեկություններով` ԿԳՄՍ նախարարությունը քննարկել և որոշել է, որ դպրոցներն իրենց դռներն աշակերտների համար կբացեն սեպտեմբերից, իսկ ահա բուհերը առաջին կիսամյակը կանցկացնեն կրկին հեռավար, ապա հետո հավա­նաբար երկրորդ կիսամյակից` փետրվա­րից, դասերը կանցկացվեն բուհական պատերից ներս»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում, որի արդյունքում Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանները ստիպված կլինեն վճարել իրենց կողմից օգտագործված ջրի հեռացման համար: Կառավարությունը նախատեսում է, որ ձկնաբուծարանների կողմից ընդերքից արդյունահանվող, իսկ օգտագործումից հետո դրենաժային համակարգ լցվող ջրի համար պետք է առանձին վճար սահմանվի, որը կգործի 2021թ. հունվարից: Ձկնաբուծարաններից գանձվող գումարը կօգտագործվի դրենաժային համակարգը մաքրելու համար: Հիմա այդ համակարգը մաքրվում է պետական միջոցներով, որը, սակայն, բավարար չէ համակարգի կենսագործունեությունն ապահովելու համար»:


«Փաստ» թերթը գրում է. «Մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունն այնպիսի տեսք ունի, որ Հայաստանի համար արտաքին անվտանգության սպառնալիքները միշտ ակտուալ են։ Մեր երկրի համար անվտանգության հիմնական սպառնալիքը գալիս է Ադրբեջանի կողմից, որը տարբեր միջոցներով փորձում է հասնել ռազմական գործողությունների վերսկսմանը և հրաժարվում է ճանաչել Արցախի անկախությունը։  Սակայն Հայաստանի համար մյուս մեծ արտաքին սպառնալիքը գալիս է հարևան Թուրքիայից։ Այս երկիրն արդեն ուրիշ քաշային կատեգորիա է, քանի որ 80 մլն-ից ավելի բնակչություն ունի, տիրապետում է ահռելի տնտեսական հզորության՝ անգամ Մեծ քսանյակի (G20) երկրների մեջ է մտնում, և ունի անհամեմատ հզոր ռազմական ներուժ՝ սպասարկելով ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևը։


Թուրքիան հակահայ քաղաքականության շրջանակում բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին։ Եվ պատահական չէ, որ Հայաստանի հետ սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում թուրքական կողմը նախապայմաններ է առաջ դնում, որոնցից մեկն էլ վերաբերում է Արցախյան հակամարտության ադրբեջանամետ լուծմանը։ Բացի այդ, Թուրքիա-Ադրբեջան տանդեմը վարում է Հայաստանին տնտեսապես շրջափակման ենթարկելու և մեկուսացնելու քաղաքականություն։ Այդ պատճառով է, որ տարածաշրջանային գրեթե բոլոր ստրատեգիական նախաձեռնությունները և կարևորագույն հաղորդակցության ուղիները շրջանցում են մեր երկիրը։ Եվ ժամանակի ընթացքում Թուրքիան փորձում է ավելի մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանում և անգամ տարածաշրջանից դուրս։ Պատահական չէ, որ թուրքական բանակը ժամանակ առ ժամանակ քուրդ զինյալներին ոչնչացնելու կամ այլ պատրվակներով ներխուժում է Սիրիայի կամ Իրաքի հյուսիսային հատվածներ՝ ոտնահարելով այդ երկրների ինքնիշխանությունը։


Հետաքրքրական է նաև, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը ուժեղացնել նաև միջերկրածովյան տարածաշրջանում։ Թուրքական կողմն ապօրինի հորատման ծրագրեր է իրականացնում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու և ափամերձ ծանծաղուտի սահմաններում, որը հարուստ է օգտակար հանածոներով։ Ու սրան զուգահեռ Թուրքիան չի խորշում Լիբիայի քաղաքացիական պատերազմում իր ներգրավվածությունն ավելացնելուց։ Իսկ իսլամական աշխարհում իր գերակայության հասնելու ձգտումով էլ պայմանավորված՝ Թուրքիան ստեղծել է աշխարհաքաղաքական հակասությունների բարդ շղթա։ 2023 թվականին լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 100 տարին, և այդ երկիրը ձգտում է այդ հոբելյանական թվականին վերականգնել իր հզոր տերության կարգավիճակը։


Եվ այս համատեքստում ադրբեջանական ուղղությունը մնում է թուրքական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Դրանով է պայմանավորված Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ թուրքական կողմի չափից ավելի ադրբեջանամետ արձագանքը։ Պատահական չէ, որ հայկական կողմի գործողությունները դատապարտեցին և Ադրբեջանին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Թուրքիայի արտգործնախարարությունը, ապա ԱԳ նախարար Չավուշօղլուն, ինչպես նաև նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։


Այսպիսի հայտարարություններով Թուրքիան լարվածություն է հրահրում տարածաշրջանում և փորձում է ձեռքերը տաքացնել այդ լարվածության կրակի վրա։ Պատահական չէ, որ վերջերս մամուլում հայտնվեցին գաղտնի փաստաթղթեր, որ Թուրքիան Հայաստան ներխուժելու պլաններ է ունեցել։ Չնայած շատերը լուրջ չեն ընդունում այդ ծրագրերը, սակայն դրանք լուրջ անհանգստանալու տեղիք պետք է տան։ Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Անհրաժեշտ է, որ մեր երկիրը ակտիվացնի իր արտաքին քաղաքականությունը Թուրքիայի ախորժակը զսպելու ուղղությամբ, և դրա շրջանակներում խորացնի իր համագործակցությունը այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիայի հակասությունները խորանում են։ Այդպիսի գործընկերներ կարող են լինել Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը, Սիրիան, ինչու չէ, նաև Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը։ Այս կերպ պետք է զսպել ու հակակշռել Թուրքիային»: