VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ըստ էության, դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ չնայած հայտարարվում է, թե 1700 մարդ է դիմել կուսակցությանը անդամակցելու համար, սակայն իրականում պարզվում է, որ հնարավոր չի լինում անհրաժեշտ թվով մարդիկ գտնել գոնե գրասենյակի բացմանը լուսանկարվելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սահմանին երեկ արձանագրված հարաբերական անդորրին, ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպություններ թիվ մեկ պատրաստություն են հայտարարել։ Տեղեկացանք, որ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ Արմավիրում հավաքել է իր «Սեւ հովազ» կազմակերպությանը․ քննարկվել է սահմանային իրավիճակը, տեղեկացրել է, որ մեկ օր առաջ եղել է Տավուշում, ներկայացրել է իրավիճակը, ապա հանձնարարել է հավաքագրել բոլոր կամավորներին եւ կազմուպատրաստ սպասել պաշտպանության նախարարի հրահանգներին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի դեպքերը բավականին միֆեր պայթեցրին. հիշենք, որ Իլհամ Ալիեւը մշտապես հոխորտում էր` մեզ կես ժամ է պետք Հայաստանը գրավելու համար։ Պարզվում է՝ նրանք ոչ միայն անկարող են դա անել, անկարող են անգամ պաշտպանել իրենց 30 միլիոնանոց ԱԹՍ-ն՝ անօդաչու սարքերը։ Գեներալ են կորցնում, դիրքեր. ադրբեջանցիների համար շատ անսպասելի են եղել այդ զարգացումները։ Նրանք փորձեցին ամեն գնով հետ վերցնել գրավված դիտակետը, որը, այսպես ասած, խոր լոկացիա է. մենք այնտեղից տեսնում ենք իրենց թիկունքի ողջ շարժը, Տավուշի կոմունիկացիոն խորքերը։ Հիմա այն մեր ձեռքում է, եւ մեզ այնտեղից իջեցնել հնարավոր չէ»,- ասաց ռազմական փորձագետը: Իսկ համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Ադրբեջանը 2016-ի նման դիմել է Ռուսաստանին` հարցը կարգավորելու համար։ «Ոչ միջնորդավորված՝ այո. հիշենք՝ նախորդ անգամ ուղիղ ԳՇ պետ Գերասիմովին էին դիմել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում, որ աշխարհը հասկանա՝ նախահարձակն Ադրբեջանն է։ Մեր ԱԳՆ-ի ուշացած հայտարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայտարարության, անատամ էր եւ խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին, հետո էլ, չգիտես ինչու, անիմաստ ուրախանում, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է։ Այսինքն` դիվանագիտորեն ձախողված ենք, թեեւ բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են»,- ասաց նախկին ուժայինը: Բավարա՞ր էին մեր գերատեսչությունների քայլերն այս օրերին, մասնավորապես՝ դիվանագիտական․ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Այնքանով, որքանով ես տեղյակ եմ այդ գերատեսչությունների գործողություններից, կարծում եմ` բավարար էին։ Ինչ-որ բան չգիտեմ, որ կարելի էր անել եւ չի արվել, եթե նման բան լիներ, ինքս կոչ կանեի, որ անեին»: Նույն հարցը տվեցինք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
«Կարծում եմ` օպերատիվ աշխատանքները շարունակվում են, Հանրապետականը նույնպես հենց առաջին վայրկյանից միջազգային իր բոլոր գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ինֆորմացիա է տվել ու շարունակում է թարմացնել, սակայն մի քանի կարեւոր հետեւություն պետք է անել. միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ որ Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարությունը՝ որպես արտաքին այցեքարտ, չի աշխատում: ՀՀ-ում արեւմտյան մի շարք դեսպանատներ, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին` ներքին քաղաքական ավանտյուրաների հարցում, նույնքան բարյացակամ չգտնվեցին, որպեսզի մատնանշեն բուն ագրեսորին։ Ասել է՝ ներքին քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանի առջեւ կանաչ լույս են վառում, իսկ արտաքինում աջակցություն չեն ցուցաբերում․ Փաշինյանը պետք է հետեւություններ անի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սամանին լարված իրավիճակ էր: Պետական սահմանի հյուսիսարեւելյան` Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ էր իրականացնում, որի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ եւ 10 վիրավոր ունեցավ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Իսկ Ադրբեջանը պաշտոնապես 12 զոհ ունեցավ, որոնց մեջ կային գեներալ ու գնդապետ: Իսկ ի՞նչ վիճակ է սահմանին այսօր: Երեկ Տավուշի մարզում ստեղծված Տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ Տեղեկատվական շտաբի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ»։ Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանի եւ Արդբեջանի միջեւ հրադադար է հայտարարվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ հրադադարի պայմանավորվածության մասով, բայց լինում է իրավիճակ, երբ գիշերները ակտիվությունն ընկնում է. եթե նման ինֆորմացիա ունենանք, մենք կհայտարարենք, կամ կարող է բրիֆինգներից դուրս ԱԳՆ-ն հայտարարել»:
Իսկ պաշտոնական Ադրբեջանն այս ընթացքում լռություն էր պահպանում: Չնայած մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ հակահայկական եւ պատերազմի կոչերով, այնուամենայնիվ, մինչ այժմ ազերիները որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել` իրենց գործողությունների մասով: Միայն հայտնի է, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել: Արդյոք դիվանագիտական խողովակներով Ադրբեջանը հրադադա՞ր է աղերսել: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը դժվարացավ որեւէ տեղեկություն տրամադրել: Միայն հայտնի է, որ հայկական դիվանագիտական հատվածն այս օրերին ակտիվորեն աշխատել է, ու թերեւս բանակցություններն են բերել սահմանային խաղաղության, որն էլ ի վերջո հանգեցնելու է հրադադարի: Ադրբեջանն այլընտրանք չունի. բարձունքը նվաճված է, զիջում չի լինելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»: Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Խալափովը՝ Իլհամ Ալիեւի հորաքրոջ որդին: Ամենայն հավանականությամբ, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը նույնպես մշակվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների խոհանոցում: Բաքվում, իհարկե, հայեր չկան, բայց կան խառը ամուսնություններից ծնվածներ, որոնց ծնողներից մեկը ծագումով հայ է եղել: Այդ մարդիկ, երեւում է, հայտնվել են հատուկ ծառայությունների թիրախում: Ռազմական անհաջողությունների մեղքն ինչ-որ մեկի վրա պետք է բարդել: Մամուլում հրապարակումներ են տարածվել այս կամ այն պաշտոնյայի «երակներում հայկական արյան» թեմայով: Մանրակրկիտ հարցախույզի է ենթարկվել նույնիսկ նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն, ում մայրը, ասում են, հայ է եղել: Ռասիզադեն հերքել է եւ երդվել, որ մայրը կեսռուս-կեսլեհուհի է եղել՝ ծնունդով Դոնի Ռոստովից: Բայց դա, կարծես, իրավիճակ չի փոխում: Պետական մեքենան անցել է գործի՝ նպատակ ունենալով Բաքվում հերթական զտումն անցկացնել: Թիրախում նրանք են, որոնց կասկածում են հայկական ծագման մեջ: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրներն արդեն իսկ ահազանգում են տեղ գտած բռնությունների մասին: Բացառված չէ, որ Բաքվում նոր ջարդեր կազմակերպվեն՝ «խառնածիններից քաղաքը մաքրելու» կարգախոսով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթին հասած տեղեկությունների, Թուրքիայի հատուկ ծառայությունները վերջին ամիսներին հանձնարարություն են ստացել եւ ծրագիր են իրականացնում Հայաստանի տնտեսական ոլորտ ծածուկ ներխուժման հետ կապված: Խոսքը միջնորդ կազմակերպությունների ներգրավմամբ տնտեսական կախվածություն ձեւավորելու մասին է, ինչի միջոցով այնուհետ հնարավորություն կստեղծվի ներազդելու որոշ համակարգաստեղծ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության վրա: Թուրքերի թիրախում են հանքարդյունաբերության, էներգետիկայի եւ սննդամթերքի արտադրության ոլորտները: Ըստ փորձագետների, նման դեպքերում սովորաբար գործում են միջնորդավորված, երրորդ երկրների՝ զուգահեռ ոլորտներում գործող եւ զգուշավորություն չներշնչող կազմակերպությունների միջոցով, որոնք կա՛մ հանդես են գալիս գրավիչ պայմաններով` բաժնեմասեր ձեռք բերելու առաջարկներով, կա՛մ էլ կանխավճարային եւ ներդրումային գործարքներ են նախաձեռնում՝ այդպիսով ֆինանսական ազդեցության գործիքներ ձեռք բերելով թիրախ հանդիսացող տնտեսվարողների հանդեպ:
Մեզ հետ զրույցում տնտեսական անվտանգության ոլորտի մի քանի փորձագետներ չբացառեցին նման զարգացումների հնարավորությունը, «մանավանդ, որ ներկա փուլում Հայաստանում ստեղծված տնտեսական իրողություններում մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնելով կամ խոստանալով՝ հնարավոր է ներխուժել բավականին խոշոր մասնավոր կառույցների կառավարման գործընթաց»: Ըստ մեր զրուցակիցներից մեկի, նման ռիսկեր առկա են ցանկացած երկրում. «Երբ տնտեսական ճգնաժամ է, «քյաշի» դեֆիցիտ է, իսկ կառավարությունը անփորձ է, լիարժեք չի տիրապետում իրավիճակին, որեւէ հնչեղ անվանումով օտարերկրյա ընկերություն կարող է անխափան գնել որեւէ խոշոր տնտեսվարողի բաժնետոմսեր, իսկ ավելի ուշ կարող է պարզվել, որ այդ բաժնետոմսերի իրական շահառուներն են թուրք-ադրբեջանական շրջանակները: Դա շատ պարզ իրագործվող միջամտության բանաձեւերից է, քողարկված տնտեսական ինտերվենցիա է»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ներդրումային ոլորտում այս հանգամանքը պետք է ուշադրության արժանանա պատկան մարմինների կողմից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երբ գործող իշխանության եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվեցին կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջից հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ակնհայտորեն պասիվացրեց իր գործողությունները խորհրդարանում եւ դրանից դուրս: Նա խորհրդարանի ակտիվ պատգամավորներից էր, բայց վերջին շրջանում մշտապես բացակայում է: Իսկ Ծառուկյանի կալանավորման դեմ բողոքող ցուցարարների առաջնորդների շարքերում Բագրատյանը չկար ու չկար: Ինչու՞ է ընդհատակ անցել Սերգեյ Բագրատյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ փորձում է գտնել նրան, բայց անարդյունք: Ինչից կամ ումից է վախենում Սերգեյ Բագրատյանը՝ դժվար է ասել: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ քննություն է իրականացնում ԲՀԿ-ականների գործողություններում, փորփրում են բոլոր գործիչների անցյալը, որպեսզի հնարավոր լինի 2017թվականի ընտրակաշառք տալու փաստեր գտնել հնարավոր բոլոր թեկնածուների վրա»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակել է քննարկել կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության եւ կրթության ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը քննարկմանը հրավիրել է նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին, որը, կարելի է ասել, անակնկալ է եղել ներկաների համար: Oրաթերթը գրել էր, որ այս հարցով նախորդ քննարկումը թեժ էր եղել, եւ Փաշինյանը ընդգծել էր, որ Արայիկ Հարությունյանն արդյունավետ չի աշխատել, իսկ հաշվետվությունն էլ կարծես քաղշինությանն է վերաբերում եւ ոչ թե կրթությանը: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ նախօրեի քննարկումը եւս իր թեժությամբ չի զիջել նախորդին: Բանն այն է, որ Փաշինյանի մոտ սուր հայտարարություններ է փորձել անել փոխնախարար Թամրազյանը՝ մեղադրելով Սմբատ Գոգյանին, սակայն դա արժանացել է Փաշինյանի վրդովմունքին: Վերջինս չի թողել, որպեսզի Թամրազյանն ավարտի իր խոսքը, ընդհատել է նրան եւ հայտարարել, որ ինքը ծառայողական քննություն է նշանակում, եւ թող դա էլ տա բոլոր հարցերի պատասխանները: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել: Տպավորություն է, որ ամեն գնով վարչապետը փորձում է Գոգյանին պահել, ու վերջինիս ազատման դիմումը, որը ներկայացվել էր դեռեւս մայիսի 22-ին, վարչապետն այդպես էլ չի ստորագրել»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ը օրերս անդրադարձել էր «Ֆիզիկոս» համատիրությանը, որի պաշտոնական թվերում բացակայում են և՛ հավաքված վարձավճարները, և՛ այն վարձու աշխատողները, որոնք իբր բնակչությանը մատուցել են ծառայություններ, ստանալով գումարներ։ Պարզվում է՝ «Աջափնյակ 5» համատիրությունը ընդհանրապես եղել է «լվացքատուն», որով անցել են բազմաթիվ գոյություն չունեցող մարդիկ և ծառայություններ, իսկ նրա ղեկավար Հակոբիկը հայտնի է որպես Արման Սահակյանի համար աշխատող։ Նկատենք, սակայն, որ համատիրությունների այս գործելակերպը, ցավոք, դեռ չի ստացել իրավական գնահատական»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Երեկ մեր աղբյուրները հայտնեցին, որ պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Արա Մկրտչյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ դեռեւս անցած տարվա նոյեմբերին։ Այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, եւ երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում։ Ոստիկանության նորանշանակ պետ Վահե Ղազարյանն Արա Մկրտչյանին նշանակել է Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ․ այդ պաշտոնը Մնացական Բիչախչյանից հետո թափուր էր շուրջ 4 ամիս։ Իսկ ՆԱՎ-ի նոր պետի հարցում ոստիկանապետը դեռ փնտրտուքի մեջ է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանն այս տարվա հուլիսի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ֆինանսների նախարարության: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին որոշում էր կայացրել եւ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Վիգեն Ավետիսյանին ազատել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Եվ, ահա, վերջինս դատական հայցով պահանջում է, որ դատարանը պարտադրի վարչապետին եւ ՀՀ ֆինանսների նախարարությանն այդ որոշումն անվավեր ճանաչել, իրեն նախկին պաշտոնին վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդր Հարությունյանին: Նշենք, որ Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի մայիսին: «Ժողովուրդ» օրաթերթն այդ ժամանակ գրել էր, որ Վիգեն Ավետիսյանը պատահական անձ չէ. նա ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ, եւ համարվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հավատարիմը»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունից և դեպի ՀՀ ավիաչվերթներն արդեն մոտ չորս ամիս դադարեցված են, և հասկանալի է, որ այդ ոլորտում բառացիորեն տիրում է չափազանց բարդ վիճակ։ Սա, իհարկե, գլոբալ խնդիր է: Սակայն աշխարհի մի շարք երկրներ արդեն սկսել են կամ նախատեսում են բացել սահմանները և թույլատրել թռիչքները: Հայաստանին դա, ցավոք, դեռևս չի վերաբերում: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենին զուգահեռ բավականին լուրջ խմորումներ են առաջանում ավիափոխադրող ընկերությունների շրջանում, որոնք ունեն վարձակալած ինքնաթիռներ և վարձերը վճարելու ֆիքսված պարտավորություններ։ Չնայած առաջին մեկ-երկու ամսվա ընթացքում որոշակի փոխզիջումներ և համաձայնեցված գործընթացներ իրականացվեցին, սակայն այս պրոբլեմն աստիճանաբար խորացավ, ընդհուպ՝ վարձավճարների վերաբերյալ կոշտ խոսակցությունների մակարդակով։ Խնդիրը կապված է նաև ավիացիայի՝ սպասարկող անձնակազմի աշխատավարձերի հետ, քանի որ մարդիկ չորս ամիս գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ և, ըստ էության, եկամտի ոչ մի աղբյուր չունեն։ Ավիաընկերությունների սեփականատերերի համար ամենաառանցքային հարցը, սակայն, թռիչքուղու և տվյալ ուղղության հետ կապված հարցերն են, քանզի դրանց համար ևս հստակ ֆիքսված մուծումներ ու վարձավճարներ կան։ Թերթի տեղեկություններով, առաջիկայում, սահմանին վիճակը հանդարտվելուց հետո, ոլորտի ներկայացուցիչները պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել կառավարության ու պատկան մարմինների առջև, որպեսզի վերջիններս վերջապես փորձեն լուծումներ գտնել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման ահազանգերը, որոնք ստանում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Այդ կեղծ ահազանգերն անհանգստություն են պատճառում և’ փրկարարներին, և’ այն կազմակերպություններին, որտեղ իբրև թե ռումբ է տեղադրվել։ Անցյալում, որպես կանոն, այդ կեղծ ահազանգերի հեղինակները բացահայտվում էին և պատժվում, վերջին շրջանում նման բացահայտումներ չեն արվում։ Երեկ հերթական ահազանգն էր ստացվել, որ ռումբ է տեղադրվել Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում։ ԱԻՆ փրկարար ծառայությունը շտապ մեկնել էր դեպքի վայր եւ պարզել, որ ահազանգը կեղծ է»: