Ադրբեջանը շարունակում է ներքին խնդիրները Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիայի ետևում քողարկելու փորձերը, որոնց համար բավականին բարձր գին է վճարում՝ թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական կորուստների տեսքով: Հայաստանցի փորձագետների գնահատականով, այս ամենը ի ցույց է դնում նաև լուրջ քաղաքական ճգնաժամի խորացումը, որի առաջ կանգնել է իր իշխանությունը գերբնական ուժերի լարումով պահող Իլհամ Ալիևը:
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը կանգ չի առնում անգամ նման կորուստների գնով՝ վերսկսած գործողությունների արդյունքում կորցնելով տանկ, հրետանային միջոցներ ու մարտի դաշտում թողնելով մեծ թվով դիակներ ու վիրավորներ։ «Թե ինչի են փորձում հասնել՝ կարելի է կռահել, բայց որ իրենք իրենց վիճակն ավելի են վատթարացնում՝ դրանում կասկած էլ չկա»,- նշում է նա։
Աբրահամյանը, սակայն, սխալ է համարում Հայաստանի վրա հարձակումները որպես դիվերսիոն հարձակում դիտարկելը.
«Տավուշի ուղղությամբ իրակացված ադրբեջանական հարձակումները որևէ ձևով չպետք է դիվերսիոն հարձակում դիտարկել։ Իրականացվածը ՀՀ սահմանի ուղղությամբ բացահայտ հարձակում է կամ հարձակման փորձ, որը մեր զինված ուժերի կոշտ հակազդեցությանն է արժանացել»,- շեշտում է նա։
Ինչ վերաբերում է վատագույն սցենարներին և հարցին, թե հնարավոր է այս ամենը լայնածավալ պատերազմի բերի, Աբրահամյանը նշեց.
«Իրավիճակը տարբեր սցենարներով կարող է զարգանալ, մեծ թվով գործոններ կան, որոնց ազդեցությունը կարող է Ադրբեջանին մղել առավել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Բայց այս պահին դժվար է որևէ կանխատեսում անել»:
Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի զինուժի շարունակական ձախողումների հերթական ու շատ կարևոր դրսևորումներից է Ալիևի վերջին հայտարարությունը ռազմական ծախսերի էական ավելացման անհրաժեշտության մասին.
«Ստացվում է, որ իր ռազմական բյուջեով Հայաստանին ավելի քան երեք անգամ գերազանցող Ադրբեջանն ի վիճակի չէ ապահովել իր համար անհրաժեշտ ռազմավարական առաջխաղացումը, իսկ նավթադոլարների շարունակական ներհոսքը ամենևին չի ավելացրել Ադրբեջանի ռազմական ներուժը: Դեռ մի կողմ դնենք այն, որ առհասարակ սխալ է երկրի զինուժը գնահատել բացառապես ֆինանսական չափորոշիչներով: Դրա մասին վկայում է համաշխարհային ռազմական պատմությունը, այդ թվում՝ նորագույն: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ Ադրբեջանում իշխող կլանը հերթական անգամ փորձում է օգտագործել երկրի համար չափազանց բարդ ու վտանգավոր իրավիճակը՝ սեփական ֆինանսական շահերը սպասարկելու նպատայով»,- նշում է նա:
Դավթյանի խոսքով, Ադրբեջանի ռազմական բյուջեի մսխման փաստերը վաղուց հասանելի են, այդ թվում՝ շնորհիվ ներկայումս բանտարկված ադրբեջանցի բազմաթիվ ընդդամադիր գործիչների ու լրագրողների: Հետևաբար, խնդիրը պետք է դիտել նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից.
«Վերջին անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեի շուրջ 20 տոկոսով ավելացումը համընկավ համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ անկման ու կորոնովիրուսով պայմանավորված տնտեսության պարալիզացման հետ: Արդյունքներն ակներև են. շարունակվող գնաճ, անվերահսկելի ինֆլյացիա, սոցիալական բևեռացման խորացում: Դժվար է պատկերացնել, որ ստեղծված իրավիճակում Ալիևին հերթական անգամ կհաջողվի արդարացնել ռազմական ծախսերի ավելացումը, որոնք, ինչպես տեսնում ենք, չեն բերում որևէ արդյունքի: Չի կարող Ալիևն ապահովել նաև համազգային համախմբում, ինչի վառ դրևսերումներից էր Բաքվում անցկացված երթը՝ իշխանությունների կողմից կազմակերպված սոցիալական էքսպերիմենտը, որն ի սկզբանե ընդգծված հակահայկական բնույթ էր կրում, սակայն ընդամենը ժամեր անց վերածվեց հակաիշխանական ցույցի»:
Փորձագետը հավելեց.
«Ադրբեջանում առկա է տարիներով կուտակված այնպիսի հսկայական սոցիալական լարվածություն, որ ռազմական ավանտյուրաների միջոցով այլևս հնարավոր չէ շեղել մարդկանց ուշադրությունը: Հետևաբար, Ադրբեջանի կողմից նախաձեռնված ցանկացած ռազմական գործողություն ի սկզբանե կարելի է ձախողված համարել»:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ մատնանշում է՝ Ադրբեջանն այլևս չի թաքցնում իր ռազմավարությունը, այն է՝ խուսափել բանակցային գործընթացից և հարցը լուծել ռազմական ճանապարհով: Սակայն, վստահ է նա, Բաքվում նաև հասկանում են, որ եթե սկսեն պատերազմ, ապա պարտվելու են, որովհետև հայկական կողմն ունի այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը. «Եվ իրենք դա լավ պատկերացնում են»,- շեշտում է նա:
«Ալիևն ասում է, որ այսօր միջազգային հարաբերություններում առաջին տեղում է ուժի գործոնը, հետո ասում՝ ոչ միայն Զանգեզուրը, այլև Երևանն է Ադրբեջանինը, իսկ վերջերս զորամասի բացմանն էլ հայտարարում է, որ Հայաստանի այսօրվա տարածքը հին պատմական Ադրբեջանի տարածքն է: Նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ևս հայտարարում է, որ իրենք ի վիճակի են Նախիջևանից հարվածել Երևանին, պաշտպանության նախարարն էլ կրկնում է՝ չեն հանդուրժելու և գնալու են ռազմական ճանապարհով: Եթե սա ամփոփում ենք, ապա հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ է Ադրբեջանը գնում այսպիսի քայլերի: Միայն ու միայն բանակցային գործընթացից խուսափելու և հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար»,- ընդգծում է Վաղարշակ Հարությունյանը:
Բաքուն միշտ իր հույսը դրել է այն հանգամանքի վրա, թե տարածքով ու բնակչությամբ մեծ է, ունի ռեսուրսներ և գնում է սրացումների, ինչն ապացուցում է, որ իրավիճակը ճիշտ չի գնահատում.
«Տարածաշրջանում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ռազմաքաղաքական բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ, եթե նա սկսի պատերազմ, ապա պարտվելու է, որովհետև մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ողջ տնտեսական ներուժը: Իրենք դա լավ պատկերացնում են: Ինչպես նաև լավ գիտեն, որ թեև մեզ պատերազմ պետք չէ, մենք ցանկանում ենք հարցը լուծել բանակցային ճանապարհով, բայց մենք նաև չենք խուսափում պատերազմից»,- եզրափակում է Հարությունյանը: