14.12.2024
Ներքին խնդիրների մեջ թաղված Ադրբեջանը կպարտվի, և Բաքվում դա լավ գիտեն. փորձագետներ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մանվել Գրիգորյանը քաղաքական տանիք է փնտրում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ազատության մեջ գտնվող Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը փորձել է համախմբել դեռևս իր ազդեցության տակ գտնվող կառույցի ներկայացուցիչներին: Մանվել Գրիգորյանը նոր քաղաքական տանիք է փնտրում, և ըստ մեր աղբյուրի՝ այդպիսին կարող է հանդիսանալ Ռոբերտ Քոչարյանը: Գրիգորյանի շրջապատի ներկայացուցիչները պնդում են, որ նա սկսել է դրականորեն արտահայտվել Քոչարյանի և նրա հետ հնարավոր համագործակցության մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը հանձնելու մասին աղմկահարույց նախագծի վերաբերյալ իշխանությունում կրկին բանակների են բաժանվել։ Մենք գրել էինք, որ նախագիծը կառավարության նիստում ընդունվելուց հետո շրջանառության մեջ է դրվել, ուղարկվել ԱԺ, բայց քանի որ թիմի ներսում համակարծիք չեն Արսեն Թորոսյանի ներկայացրած նախագծի հարցում եւ կարծում են, որ այն խնդրահարույց է ու խոցելի բոլոր առումներով, ուստի որոշ ժամանակով հետաձգվել է օրակարգ բերելը։ Մեզ ասացին, որ մասնավորապես ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է ներքին քննարկումների ժամանակ այնպիսի ջախջախիչ փաստարկներ ներկայացրել, որ նախագծի գլխադասային հանձնաժողով է նշանակվել ոչ թե առողջապահության հարցերով ԱԺ հանձնաժողովը, այլ՝ պետաիրավականը։ «Իմ քայլում», սակայն, վստահ են, որ անպարտելի Արսեն Թորոսյանի առաջ այս հարցում էլ կանաչ լույս կվառվի, եւ մոտ ապագայում նախագիծը կբերվի օրակարգ ու կընդունվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ Կանոնակարգ օրենքում և այնտեղ բազմաթիվ այլ լրացումներից բացի, առաջարկում է ԱԺ նախագահին իրավունք վերապահել էթիկայի կանոնները խախտած պատգամավորի նկատմամբ կիրառելու հետևյալ կարգապահական միջոցները՝ ա) հրապարակային նկատողություն, բ) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, գ) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում»:


«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Որպես պատճառ նշվում է այն, որ Վանեցյանը դժվարանում է մարդիկ գտնել՝ կուսակցությունում ներգրավելու համար... «Փաստ» թերթը, սակայն, տեղեկացավ, որ այս պահի պասիվության պատճառը բոլորովին այլ է: «Սկզբից կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, այնուհետ՝ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ կորոնավիրուսով հիվանդանալը, այժմ էլ՝ լարված իրավիճակը սահմանին ստիպում են առավել պասիվ քայլերի գնալ եւ ժամանակավոր դադարներ վերցնել... Ֆորսմաժորային իրավիճակից հետո դուք կտեսնեք, թե իրականում որքան մեծ է կուսակցությանն անդամագրվել ցանկացողների թիվը»,- փոխանցեց մեր զրուցակիցը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից անմիջապես հետո ՀՀԿ կրծքանշանը «Դուխով» գլխարկով բարեհաջող փոխելուց հետո Շահինյանները կրկին հայտնվեցին իշխանության մեջ։ Հայր և որդի Շահինյաններից կրտսերը՝ Կարապետ Շահինյանը, դարձավ Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի քարտուղարը, իսկ հայրը վերջերս նշանակվել էր Մալաթիա-Սեբաստիայի ԵԿՄ կառույցի ղեկավար։ Սակայն 1-2 ամիս պաշտոնավարելով, Մնացական Շահինյանն ազատվել է կառույցի ղեկավարի պաշտոնից։ Ասում են՝ նրա ազատումը այդ պաշտոնից մեծ ոգևորություն է առաջացրել կռված տղաների շրջանում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանը տարեսկզբին ասել էր, որ այս տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ (200 հոգանոց)․ երեկ քաղաքապետ Մարությանն իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ 100 փոքրիկ ավտոբուսի մրցույթ է հայտարարվել, ինչո՞վ էր պայմանավորված այս փոփոխությունը՝ հարցրինք ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանին։ «Մեծ ավտոբուսների միջազգային վարկով նախատեսված մրցույթի ժամկետները փոփոխություն են կրել, այն երկարաձգվել է առնվազն մինչեւ 2021-ի սկիզբը։ Չնայած կասկածում եմ, որ այդ ժամանակ էլ լինեն, տրանսպորտի ոլորտում ճգնաժամային իրավիճակը փրկելու համար քաղաքապետը որոշել է 100 փոքր ավտոբուս ձեռք բերել»: Վա՞տ է։ «Թերեւս քաղաքապետն ամաչել է ուղղակիորեն նշել, որ դեֆակտո խոսքը գնում է հուսահատության «գազել»-ների մասին, որոնք նոր տրանսպորտային համակարգում չեն կարող շահագործվել, ինչը նշանակում է, որ կա՛մ նոր ցանցի մասին պետք է մոռանանք, կա՛մ համարենք, որ այս գնումը 1-2 տարվա կյանք ունի եւ անարդյունավետ է»: Փո՞ղ են «լվանում»։ «Գուցե համատեղում են հաճելին օգտակարի հետ` քաղաքացիների աչքին թոզ փչելով ու խնդիրը կիսատ-պռատ լուծելով։ Հիշեցնեմ, որ այս ամիս 450 «գազել» դուրս է գալու շահագործումից»: Ի՞նչ միջոցներով են ձեռք բերելու նոր «գազիկները»։ «Սպասում ենք տեսնենք` որ ոլորտից են ծախսերը կրճատվելու»: Կարո՞ղ է պարգեւավճարներից։ «Բացառվո՛ւմ է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովն այդպես էլ չքննարկեց դեռեւս կառավարության նախորդ նիտում հուլիսի 9-ին ընդունված եւ հրատապ համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախ` նկատենք, որ այդ նախագծով պետք է սահմանվեր, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:


Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկում է եղել, եւ պատգամավորներն անգամ սադրանք են որակել նման նախագիծ ներկայացնելը, որը կարող է տուգանք ենթադրել բժիշկների համար: Մեր տեղեկություններով՝ հատկապես դեմ է արտահայտվել պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ լինելով բժիշկների որդի: Սակայն, բացի Գեւորգյանից, դեմ են եղել նաեւ խմբակցության այն թեւերը, որոնք առողջապահական ոլորտից են: Եվ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանն այս հարցի վերաբերյալ նշեց. «ԱԺ նստաշրջանն արդեն իսկ ավարտվել է հունիսի 15-ին, իսկ նախագիծը ընդգրկված չի եղել արտահերթ նստաշրջանների օրակարգում: Օրենքով սահմանված կարգով կքննարկվի հաջորդ նստաշրջանում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուլիսի 14-ին հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ «Այս իրավիճակը չի նպաստում երկու հարեւան պետությունների սահմանային դրության կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկիր: Ընդգծում ենք հրադադարի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշված էր հայտարարության մեջ։


Նկատենք, որ այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ տարբեր քաղաքական շրջանակների կողմից: Շատերը պնդեցին՝ քանի որ Հայաստանն է ՀԱՊԿ անդամ, ապա կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ աներ դադարեցնել կրակը։ Ի վերջո, ինչպե՞ս պետք է ՀԱՊԿ-ն արձագանքեր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին: Այսպիսով, ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է. «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում մյուս բոլոր անդամ-պետությունները այդ անդամ-պետության խնդրանքով անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»: Բացի այդ, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում այդ պետությունը պետք է դիմի կազմակերպությանը օգնության խնդրանքով, սակայն նկատենք, որ պաշտոնական Երեւանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:


Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը միայն հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որից հետո էլ ՀԱՊԿ-ը նիստ էր գումարել եւ ընդունել վերը նշված հայտարարությունը: Այսինքն, ստացվում է՝ այս փուլում, քանի դեռ Երեւանը պաշտոնապես չի դիմել կառույցին, վերջինս չի կարող որեւէ կերպ օգնել Հայաստանին: Իսկ երեկ Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, թե այդ կառույցին դիմելու անհրաժեշտություն չկա: Այս ամենին զուգահեռ նկատենք, որ ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են չեզոք, ոչ մի անգամ այս կառույցը հստակ չի մատնանշել մեղավոր կողմին եւ մշտապես կոչն ուղղել է երկու կողմերին։ Եվ, ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը միակը չէ, որտեղ ՀԱՊԿ-ն չեզոք ու անհասցե ձեւակերպումներ է օգտագործում: Եվ, փաստորեն, որքան էլ ՀԱՊԿ կանոնադրությունում հստակ է օգնություն տրամադրելը, դրա համար պաշտոնական Երեւանի դիմումն է անհրաժեշտ»:


«Փաստ» թերթը գրում է. «Փորձագետներն ասում են՝ ադրբեջանական հերթական սադրանքներն ու արկածախնդրությունը անսպասելի չէին. ահաբեկչական ու ռազմատենչ հռետորաբանություն ունեցող երկրից, որտեղ ահռելի ներքին խնդիրներ են կուտակվել, այլ բան սպասել չի կարելի: Սակայն առանձնահատուկ վերաբերմունքի է արժանի այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակը թիրախավորված հարվածել է Հայաստանում ապրող խաղաղ բնակչությանը։ Սա պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Երկու կողմին ուղղված՝ զսպվածության, բանակցությունների սեղան վերադառնալու ստանդարտ կոչերը հասկանալի են ու ոչ անակնկալ: Սակայն ներկայումս գործ ունենք ագրեսոր երկրի հետ, որը թքած ունի իր զինվորների ու իր ժողովրդի կյանքի վրա եւ պատրաստ է կրակել հակառակորդ երկրի խաղաղ բնակչության վրա: Այո՛, մարտունակ ու հզոր է հայոց բանակը, այո՛, Հայաստանի ու Արցախի սահմանին ապրող յուրաքանչյուր ոք անսասան է, երբեք չի ընկճվի, մեկ մետր անգամ չի հեռանա իր՝ թեկուզ թշնամու ագրեսիայից վնասված տնից, այո՛, կարճ ժամանակում կվերականգնվի ամեն մի վնասված տուն, ինչպես պաշտոնապես ասվեց՝ կարիք լինի, նորը կկառուցվի, կվերականգնվի ամեն մի վնասված քար ու տանիք: Իսկ պատմության մեջ կմնան իրենց հողը թշնամուց պաշտպանող հայ զինվորի, հայ կամավորի, հայ հողագործի հերոսականությունն ու հակառակորդի նենգությունը, վայրագություններն ու անմարդկային տեսակը: Չեն կարող լինել երկակի ստանդարտներ: Միջազգային հանրությունն ի վերջո պետք է հասկանա, որ առկա է տարածաշրջանի եւ աշխարհի համար վտանգ ներկայացնող, միջազգային որեւէ կոնվենցիա չհարգող, ռազմատենչ միավոր՝ ի դեմս արհեստածին Ադրբեջան պետության եւ դրա ղեկավարության»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լոկալ բախումները կարո՞ղ են հանգեցնել լայնածավալ գործողությունների՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ «Անկանխատեսելի է։ Այն, որ սահմանի այդ հատվածում լարվածությունը, դիվերսիոն գործողությունները շարունակվելու են, երկրի թիվ 1 պաշտոնյան պետք է հասկանա, նաեւ հասկանա, որ զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել-ավարտել են, այժմ պետք է քաղաքական լուծում, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ հարձակվելու է այդ դիրքերի վրա»: Ինչո՞ւ։ «Որովհետեւ կարեւոր հանգույց է եւ թուլացնում է Ադրբեջանի պաշտպանական ու հարձակողական կարողությունները»: Ո՞րն է քաղաքական լուծումը։ «Իշխանությունը պետք է օգտագործի ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերությունների ողջ ռեսուրսը»:


Դիմեն ՀԱՊԿ-ի՞ն: «ՀԱՊԿ-ին դիմելու հազար ու մի պրոցեդուրա կա, նկատի ունեմ` քաղաքական լուծման եւ ոչ ռազմական տարբերակը՝ պետք է ՀԱՊԿ-ից պոկել գնահատական, որ ՈՒԱԶ-ի մոլորվածության խնդիր չէ, այլ` ուղեկալի վրա ադրբեջանական կողմի հարձակման»: Ինչո՞ւ չի անում դա ՀԱՊԿ-ն։ «Մերոնց լուրջ չի վերաբերվում»: Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ից ի՞նչ պետք է սպասել։ «Պետք է վերականգնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմավորվածությունները ու նաեւ տիեզերական զոնդաժը` օրբիտայից երկու կողմերի ռազմական շարժը վերահսկելու համար։ Պետք է հասնել նրան, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում հայտնի եւ ոչ լղոզված հայտարարություններ անի` հատկապես թուրքական գործոնով պայմանավորված, որովհետեւ մենք ՌԴ-ի հետ ունենք համատեղ պայմանագրեր` օդային տարածքի ու «մնացյալի» հետ կապված։ Ինչ վերաբերում է Իրանին․ քանի որ այս ամենը նաեւ փորձ է` թույլ չտալու ԵԱՏՄ ընդլայնումը դեպի Իրան, Իրանը, որպես կապող օղակ, պետք է ներգրավել դիվանագիտական գործընթացի մեջ, որպես չերեւացող, բայց շատ լուրջ դաշնակցի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմը ոչ միայն զոհեր են ու ավերածություններ, այլեւ դրսում ապրող մեր հայրենակիցների կենսապայմանների փոփոխություն։ Երեկ մեզ էին դիմել Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացմամբ զբաղվող հայեր եւ ասում էին, որ մոսկովյան այն շուկաները, որտեղ տերուտնօրինություն են անում ադրբեջանցիները, հրաժարվում են հայկական գյուղմթերք վերցնելուց։ Խոսքն այս դեպքում լոլիկի իրացման մասին է։ Իսկ երեկ համացանցում տարածվեց ադրբեջանցու կողմից հայկական ծիրանը կոխկրտելու տեսանյութը։ Մեր դեսպանությունը, հայաստանյան գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչները լրջորեն պետք է զբաղվեն այս փաստերով եւ թույլ չտան, որ իրավիճակը բարդանա»:


«Փաստ» թերթը գրում է. «Մեր ժամանակների առանձնահատկություններից մեկը տեղեկատվական պատերազմներն են, եւ այդ ֆոնին գերկարեւոր է կիբերանվտանգությունը, քանի որ ապատեղեկատվության եւ հիբրիդային պատերազմի վտանգը մշտական է եւ սպասելի, որ ցանկացած պահի այն կակտիվանա։ Հայաստանյան իրականության համար սա առավել կարեւոր է , քանզի իրական պատերազմին զուգահեռ նաեւ տեղեկատվական պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ: Այս հարթության մեջ չափազանց վտանգավոր են արտաքին ֆեյք-նյուզերն ու հանրությանը իրականությունից շեղող լուրերը։ Թե՛ պատկան մարմինները, թե՛ մասնագիտական շրջանակները քանիցս զգուշացրել են հանրությանը՝ զգույշ լինել տեղեկատվական հոսքերի առումով, հետեւել տեղեկատվական անվտանգության տարրական կանոններին: Այս առումով, բնականաբար, էական է սոցցանցերի խնդիրը, քանզի հատկապես ֆեյսբուքյան ֆեյք օգտահաշիվներով տարածվող տեղեկությունները կարող են ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ: Դրսի ուժերի հետ կապված նման հաշիվների դեմ պայքարը մշտական գործընթաց է, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրավապահ համակարգում էլ ավելի են խստացրել ֆեյք օգտատերերի «որսը», քանի որ հաճախ նրանց տարածած տեղեկություններն ուղղակիորեն սպառնում են ՀՀ պետական շահերին ու ազգային անվտանգությանը։ Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, օրերս իրավապահները հայտնաբերել են կեղծ օգտատերերի զգալի թվով օգտահաշիվներ, որոնք առանձնակի ակտիվացել են հուլիսի 12-ից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին զուգահեռ։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, հայտնաբերված օգտահաշիվների գերակշիռ մասը ադրբեջանական ծագում է ունեցել, եւ հայկական տիրույթում փորձել են տարածել կեղծ եւ պրոադրբեջանական քարոզչություն, ինչը կանխվել է»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրով վեր էին հանվել այն իրավական թերի կարգավորումները, որոնց շտկումն առաջնային նշանակություն ունի վերոհիշյալ խնդիրների կարգավորման հարցում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանությունը պարտավոր է օժանդակել հարկադիր կատարման ծառայություններին դատական վճիռների կատարումն ապահովելու համար: Եթե քրեական գործերով հետախուզվողների դեպքում ոստիկանությունը իրավասու է կիրառել սահմանափակումներ, ապա պարտապանների պարագայում այս իրավապահ կառույցի լիազորություններն օրենսդրորեն սահմանափակվում են պարտապան անձի բնակության վայրի պարզմամբ, վերջինիս հետախուզման մասին իրազեկելով: ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է դրել օրենքի նախագծերի փաթեթ, որը լուծում է վերոհիշյալ խնդիրները: Վերջինով ոստիկանությանը լրացուցիչ լիազորություններ են տրվում այս իրավահարաբերություններում: Նախագծով սահմանվում է, որ Հայաստանից չի թույլատրվի քաղաքացու ելքը, եթե Քրեական օրենսգրքով վերջինիս նկատմամբ սահմանված է խափանման միջոց: Այդ ընթացքում քաղաքացուն կթույլատրվի հատել պետական սահմանը միայն հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի եզրակացության հիման վրա: ՀՀ սահմանը չի թույլատրվի հատել նաեւ այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ որպես պարտապան հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնատար անձի կողմից հայտարարվել է հետախուզում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղատներում այս օրերին վիտամինային, այլ կերպ ասած՝ իմունիտետ բարձրացնող դեղերի դեֆիցիտ է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք այցելելով դեղատներ՝ պարզում են, որ C վիտամին (եթե կա, ապա սահմանափակ քանակությամբ), ցինկ կամ երկաթ չկա: Դեղատան աշխատողները պատճառաբանում են, որ կորոնավիրուսի պատճառով դրա պահանջարկը բարձրացել է, ինչի արդյունքում եղածն էլ սպառվել է. պատվիրում են, բայց չեն ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց. «C վիտամինի խնդիր չկա, ներմուծում ենք և կա տեղական արտադրություն, իսկ ցինկը մեր դաշտում չէ, դա սննդային հավելում է»: Ստացվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարևոր և պահանջված ցինկը նախարարության դաշտում չէ: Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ իմունային համակարգն ամրապնդելու միջոցներից մեկը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Նույն մասնագետների խոսքերով՝ ցինկը կարող է կարևորագույն դեր ունենալ ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի հաղթահարման գործում։ Բայց, արի ու տես, հայաստանյան դեղատները ցինկով ապահովված լինել-չլինելու հարցը նախարարության լիազորություններից դուրս է: Դեղատներում նաև հակաբիոտիկների դեֆիցիտ է: Օրինակ՝ այս օրերին «Ազիմակ» կոչվող հակաբիոտիկ չկա դեղատներում: Բժիշկները դրա փոխարինողն են նշանակում պացիենտներին: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ բժիշկը դեղատոմսում միանգամից նշում է մի քանի հակաբիոտիկների անուններ՝ լավ իմանալով, թե որը կարող է պացիենտը գտնել դեղատնում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ձևավորվում են կամավորական խմբեր, որոնք պատրաստ են ցանկացած պահի գալ Հայաստան և մասնակցել սահմանի պաշտպանությանը: Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Բեյրութում արդեն այդպիսի մի քանի խումբ է ստեղծվել, որոնք ունեն մարտական գործողությունների մասնակցության փորձ և տիրապետում են խորհրդային արտադրության զենքին»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ սահմանին լարված իրավիճակ է, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, առիթից օգտվելով, շարունակում է հրապարակել առարկայական ծրագրերի կրթական չափորոշիչները: Դեռ «Հայ եկեղեցու պատ­մություն» առարկան դպրոցական ծրագ­րից դուրս մղելու վերջիններիս որոշումը հորով-մորով չարած` հիմա էլ հերթը հա­սել է «Ես և շրջակա աշխարհը» առար­կայական ծրագրում «ականներ» տեղադրելուն: Մասնագետների գնահատմամբ` ծրագրի բովանդակությունը բա­վական խնդրահարույց է, որոշ առումով նաև վտանգավոր առողջ սերունդ կրթելու համար: Թեմայի մանրամասները կներկայացնենք առաջիկայում»