VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հիմնականում լուռ է, քանզի գիտակցում է արտաքին թշնամու դեմ համախմբված հանդես գալու կարեւորությունը, բայց շարունակում է կոնսուլտացիաները եւ ընդդիմության կոնսոլիդացմանն ուղղված քայլերը։ ՀՀ երկու նախկին նախագահներն էլ, չնայած հայտարարել են, որ իշխանության այլեւս չեն գալու, սակայն ակտիվ հանդիպումներ են ունենում բոլոր «խաղացողների» հետ։ Հանդիպում են ինչպես հին, այնպես էլ նոր քաղաքական գործիչների հետ։ Տարբեր հարցեր են քննարկվել, մի հարցում բոլոր քաղաքական թիմերը միասնական կարծիք ունեն՝ իշխանությունը ձախողված է, եւ նրա օր առաջ հեռանալը բխում է երկրի շահերից»:
«Իրավունք» թերթը գրում է. «Բոլորին քաջ հայտնի է, որ գործող իշխանության թիրախում վերջին ամիսներին ԲՀԿ-ն է, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանը։ Ինչպես տեղյակ են շատերը, գործող իշպանությունները սիրում են պարբերաբար թիրախավորել տարբեր քաղաքկան, նաեւ ոչ քաղաքական ուժերի, եթե խոսքը վերաբերում է այլակարծությանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ թավշյա իշխանություններին հիմա էլ դուր չի գալիս ԲՀԿ երիտասարդական թեւի ակտիվությունը։ Մեր տեղեկություններով՝ քննարկվում է ԲՀԿ երիտասարդական թեւի որոշ ներկայացուցիչների ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու հարցը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, որպեսզի հաջորդ ամիս երկարաձգվի ոչ թե արտակարգ դրությունը, այլ փորձեն շարունակել կորոնավիրուսի դեմ պայքարը արտակարգ իրավիճակների մասին օրենսդրության շրջանակներում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսի 7-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել էր այդպիսի փոփոխության կարեւորության մասին՝ նկատելով, որ արտակարգ դրության ռեժիմն անվերջ չի կարող պահպանվել։ Արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ, արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել»,-նշել էր նա։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությանը հանձնարարաել է նորմալ աշխատել եւ այնպես անել, որ օրենսդրության մեջ բացեր չլինեն։ Մեր տեղեկություններով՝ Արդարադատության նախարարությունում այս օրերին բուռն աշխատում են, որպեսզի կարողանան կարճ ժամանակահատվածում ներկայացնել նոր նախագիծ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր լրանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով ստորագրելու համար նախատեսված ժամկետը: Բանն այն է, որ հունիսի 30-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե չի ստորագրելու այդ օրենքը, որը խորհրդարանի կողմից ընդունվել էր արտահերթ նստաշրջանով եւ հատուկ 24-ամյա ռեժիմով: Եվ, ահա, Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը նախագահը ստորագրում ու հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով, եւ այդ 21 օրն ավարտվում է այսօր: Արդեն այս պարագայում, օրենքի համաձայն, Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում եւ հրապարակում է օրենքը, որից հետո էլ այն մտնում է ուժի մեջ: Նշենք, որ, ըստ այդ փոփոխությունների, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` Կառավարություն, ապա Հանրապետության նախագահ, այնուհետեւ Դատավորների ընդհանուր ժողով, ինչպես նաեւ ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչեւ ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու: Եվ արդեն այս փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը կստանձնի ՍԴ նախագահի պարտականությունները, եւ կսկսվեն թափուր մնացած պաշտոններում դատավորների առաջադրումները»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել իր «անձնական օգտագործման» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։ Պարապուրդի մատնված, դե-ֆակտո խոր ճգնաժամ ապրող ՍԴ-ն չի կարողանում վավերացնել պետության համար կարեւորագուն միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը, ինչն էլ իր հերթին լուրջ ազդեցություն է թողնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայաստանյան տնտեսության վրա։ Դեռ մեկ տարի առաջ իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը, որը այդ մեկ տարին առանց աչքը թարթելու բավականին բարձր աշխատավարձ է ստացել, գտնվում է ֆրուստրացիոն վիճակում, որովհետեւ հասկանում է, որ այդ․․․ ինքը չէ։ ՍԴ նախագահ ինքն այդպես էլ չի դառնա, իրեն չեն վստահում, որովհետեւ այսօր ՍԴ-ում տիրող խոր ճգնաժամի եւ ընդհանուր դատական համակարգում ստեղծված վիճակի բուն մեղավորն ու պատասխանատուն ինքն է»։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ութ կետից կազմված մի հարցաշար էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինիս հարցաշարն ուղղված էր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ նրա կողմից առաջ քաշված հարցերը վերաբերում էին հայկական զինուժի կողմից այդ օրերին իրականացված գործողությունների եւ քայլերի մանրամասներին։ Թեմայի հետ կապված կտրուկ ակտիվություն ցուցաբերեցին ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք չափազանց կոպիտ բառապաշարով ու պիտակավորումներով գրոհ սկսեցին Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» դեմ՝ «Լեւոնի սխալներից մեկն այն է, որ ամեն աղբի մարդու տեղ էր դնում», «Ծռերը լրիվ խառնում են» եւ նման կարգի այլ գրառումներով։ Այս գրոհին հաջորդեց «Ծռերի» ոչ պակաս ագրեսիվ պատասխանը, այն աստիճան, որ նրանցից մի քանիսը իրենց հրապարակումներում նույնիսկ Տեր-Պետրոսյանին դավաճան որակեցին: Ի դեպ, այս երկու քաղաքական ուժերի միջեւ փոխհրաձգությունը նոր չէ, սակայն երեկվանից դա առավել ցայտուն ու ագրեսիվ դարձավ»:
«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած երկրում չափազանց կարեւոր է, որ բանակը կայացած, բացառապես պրոֆեսիոնալ մարմին լինի, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել իր գործառույթները եւ թշնամու ցանկացած ոտնձգության պարագայում պաշտպանի երկրի սահմանները: Եվ փառք Աստծո, որ հայկական բանակն այդպիսին է՝ անցած երեսուն տարիներին ամբողջապես կայացած՝ անկախ ներքաղաքական գործընթացներից: Փորձագետների համոզմամբ, պատմությունը ցույց է տալիս, որ հակառակ պարագայում մեծ է լինում քաղաքական իշխանությունների գայթակղությունը՝ սեփականաշնորհել, քաղաքականացնել, անձնավորել հաղթանակները: Ավելին, որքան էլ ցավալի է, բանակի հետ որեւէ աղերս չունեցող առանձին գործիչներ բանակի հաշվին երբեմն փորձում են քաղաքական կամ անձնական դիվիդենտներ հավաքել: Այնինչ, ոչ մի քաղաքական ուժ, ներառյալ եւ առաջին հերթին իշխանությունը, իրավունք չունի քաղաքական դիվիդենտներ փնտրել եւ առավել եւս քաղել բանակի արձանագրած փայլուն արդյունքներից։ Սակայն, ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, պետք է նշել, որ նրան հաջողվել է նման շահարկումներից, քարոզչությունից բանակը զերծ պահել, խուսափել հաջողությունը բացառապես «նոր Հայաստանի» իրողությունների կամ մեկ անձի հետ ասոցացնելու հավանական փորձերից կամ «ջանքերից»: Պատասխանատվությունն ամբողջովին բանակի վրա է, իսկ մեր բանակը լիարժեք կայացած է, ամուր ու հզոր: Եվ նախարարի պահվածքը չափազանց կարեւոր է, քանզի որեւէ պարագայում բանակին, զինվորին ու գեներալին նեղացնել պարզապես չի կարելի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Համաշխարհային ճանաչում ունեցող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունում տավուշյան վերջին դեպքերի հետ կապված՝ օրերս Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ բանավեճ կայացավ: Ադրբեջանը ներկայացնում էր նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հեքմեթ Հաջիեւը, իսկ հայկական կողմից՝ Թբիլիսիի «Ալիք» կայքի պատասխանատու, վերջին շրջանում սկանդալների մեջ հայտնված Արսեն Խառատյանը, ինչը շարժել էր շատերի, այդ թվում` փորձագիտական հանրության տարակուսանքը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից հարցրինք` ինչո՞ւ «Իմ քայլից» չէր բանավիճողը կամ` իշխանություններից որեւէ մեկը։ Նա ասաց, որ ինֆորմացիա չունի այդ առնչությամբ. «Ով է կազմակերպել, ինչպես։ Ես, համենայնդեպս, դրա հետ կապ չեմ ունեցել»: ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Դա «Ալ Ջազիրայի» հեղինակային ծրագրերից մեկն է, եւ հեղինակային ծրագրի պրոդյուսերն ու ղեկավարությունն են որոշում հաղորդման կազմը, մասնակիցներին, ֆորմատը։ Այդ առնչությամբ մենք մեկնաբանություն չունենք, պարզապես հավելեմ, որ դրանից մեկ օր առաջ եղել է Հայաստանի ԱԳ նախարարի հարցազրույցը նույն լրատվականին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային եւ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների եւ բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգեւատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգեւատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։ Այսինքն՝ շուրջ 4 հազար 700 դոլարին համարժեք դրամ է ստացել մեկ անձ, ով հուլիսի 15-ին պաշտոնապես ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից»:
«Իրավունք» թերթը գրում է. «Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերի 31-ին: Արդեն իսկ հայտնի է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Ջավախքի Ախալքալաք եւ Նինոծմինդա շրջաններից, որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մեծամասնական թեկնածու, առաջադրել է գործող պատգամավոր Սամվել Մանուկյանին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` սա լուրջ վրդովմունք է առաջացրել գործող մեկ այլ հայազգի պատգամավորի` Հենզել Մկոյանի կողմնակիցների շրջանում, որը նույնպես «Վրացական երազանքից» է: Սոցցանցերում արդեն իսկ ակտիվ քննարկումներ ու փոխադարձ մեղադրանքներ են հնչում թե Մկոյանի, թե Մանուկյանի հասցեին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին երկու անգամ կանչել են հարցաքննության քրեական գործի շրջանակներում, որով վերջինս մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար. խոսքն ավելի քան 3 միլիոն դոլար գույքի վատնում կատարելու մասին է։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում նաեւ առերեսում է տեղի ունեցել մի անձի հետ, ում ինքնությունը, սակայն, չհաջողվեց պարզել: Մենք տեղեկացանք, սակայն, որ առերեսման ժամանակ երկու կողմերն էլ մնացել են իրենց կարծիքին եւ պնդել են իրենց տեսակետը: Սակայն հետաքրքիր է, որ այն անձը, ում հետ տեղի է ունեցել առերեսումը, չի պնդել, թե Սեյրան Օհանյանը վատնում կամ յուրացում է արել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանից, սակայն վերջինս ընդամենը նշեց, թե մեղադրանքն անհիմն է՝ այլ բան չցանկանալով մեկնաբանել: Նշենք, որ սա երկրորդ քրեական գործն է. Օհանյանը մեղադրվում է նաեւ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար: Եվ նկատենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում նաեւ իրեն առաջադրված այս մեղադրանքը: Ստացվում է՝ նախկին նախարարի դեմ այս պահին առկա է հարուցված երկու քրեական գործ, սակայն նա երկուսն էլ չի ընդունում, իսկ գործընթացները շարունակվում են»:
«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի դարձավ, որ ևս մեկ բուժհաստատություն, այն էլ՝ նեղ մասնագիտական ուղղվածության, փակվելու է ստանդարտ դարձած՝ օպտիմալացման անվան տակ։ Այսինքն՝ այն նույն ժամանակահատվածում, երբ Առողջապահության նախարարարությունն աղմկում է, թե երկրի հիվանդանոցային հզորությունները խիստ անբավարար են, ավելին, փորձում է այդ պատրվակի անվան տակ, օգտվելով արտակարգ դրության այսքան երանելի առավելություններից, իրենով անել նաև մասնավոր կլինիկաները, կողքից աննկատ այդ նույն հիվանդանոցները շարունակում են փակել։ Խոսքն այս անգամ Գրումրու ուռուցքաբանական դիսպանսերի մասին է։ Առողջապահական մի այնպիսի ուղղվածության, որն ամենամահաբերներից է, ընդ որում՝ անգամ պաշտոնական վիճակագրությունն է այստեղ արձանագրում մահացության աճ։ Իսկ ահա Թորոսյան Արսեն կոչվածը, որը, չմոռանանք, դեռ անձնական պատասխանատվություն է կրելու կորոնավիրուսից ՀՀ 859 քաղաքացու մահվան համար, ահա այսպես էլ «պայքարում» է կորոնավիրուսի դեմ՝ բուժհաստատությունները փակելով։ Պատճառաբանությունը նույնն է՝ 2019թ․ ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Քաղցկեղի հետազոտման միջազգային հետազոտության մասնագետները և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ եղել են հիվանդանոցում, կատարել ուսումնասիրություններ և տվել են անբավարար գնահատական։
Իսկ ահա Ուռուցքաբանական դիսպանսերի տնօրեն Վալերիկ Շիրինյանը հայտնել է, որ այդ «անբավարար» ասվածը շենքային պայմաններն են։ Այսինքն, Արսենի այդքան սիրած ԱՀԿ-ից եկել են, ասել են այսինչ հին շենք է, ու Թորոսյանը որոշել է փակել։ Իսկ պատկերն ավելի ռեալ հասկանալու համար համակարգի մեր աղբյուրը հուշեց, որ պետք է իրավիճակին ավելի ընդլայնական նայել։ Այսինքն, թե կոնկրետ ի՞նչն է Թորոսյանը «օպտիմալացնում»։ Նախ՝ նեղ մասնագիտական բուժհաստատությունները, թևեւ դրանք ուղղված են ամենամահացու և դրսում թանկարժեք բուժում պահանջող հիվանդությունների բուժմանը։ «Այսինքն դրանք փակելուց հետո մեր քաղաքացիներին կմնա կա՛մ մնալ առանց բուժման՝ դրա հետևանքներն աչքի առաջ ունենալով, կա՛մ մեկնել արտերկիր, որի հնարավորությունը մի քանիսն ունեն»,-ասաց աղբյուրը։ Հաջորդ թիրախը ծննդատներն են։ «Ծնելիության անկում և մահացության աճ»,-պատկերն ամբողջացրեց աղբյուրը»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես նախորդ տարի այս տարի եւս խոշոր հարկ վճարողները մեծ դերակատարում ունեն երկրի ամբողջ մուտքերի առումով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցուցակին։ Նշենք, որ երեկ ՊԵԿ-ը հրապարակել է 2020-ի առաջին կիսամյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գրանդ տոբակո»-ն։ «1000 խոշոր հարկ վճարողները, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում ապահովել են երկրի ամբողջ մուտքերի 67.5 տոկոսը, այս տարի այդ ցուցանիշը բարձրացել է եւ նրանք ապահովել են ընդհանուր եկամուտների 67.9 տոկոսը»,- ասաց Մաշադյանը։ Նրա կարծիքով՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում անսպասելի տվյալներ չկան։
«2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, առաջին 10 խոշոր հարկ վճարողներից 8-ը նախորդ տարվա առաջին կիսամյակի 10-նյակում են եղել։ Ըստ էության, 2 կազմակերպություն կա, որը նախորդ տարի տասնյակում ճի եղել, բայց այս տարի կա. մեկը՝ «Սիփիէս Օիլ»-ն է, որն այս տարի զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի 12-րդն էր եւ «ՄՏՍ Հայաստանը»-ը, որն այս տարի զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 37-ի փոխարեն»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։ Դիտարկմանը՝ կան ոլորտներ որոնք ըստ էության տուժած չեն համարվում, բայց նվազեցրել են վճարած հարկերը՝ ինչպես օրինակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, Մաշադյանն արձագանեց. «Նրանք տուժած ոլորտ չեն համարվում, քանի որ գործունեությունն ընդհանրապես չեն դադարեցրել։ Բայց, կարծում եմ, գնահատական տալ բացարձակ թվերով՝ ճիշտ չէ։ Չմոռանանք, որ Ազգային ժողովում հավանության արժանացավ շահութահարկի կանխավճարների փոփոխության վերաբերյալ Կառավարության առաջարկը, որի արդյունքում մեր հարկ վճարողները հնարավորություն ունեցան 2020 թվականի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չվճարելու»։ ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց՝ եթե օրենսդրական փոփոխություն չանեին ակնկալում էին, որ շուրջ 30-ից 32 մլրդ եկամուտ են ունենալու շահութահարկի կանխավճարի տեսքով. «Այդ եկամուտներն իհարկե՛, չեղան, այդ թվում նաեւ ԶՊՄԿ-ի շահութահարկի կանխավճարն էր, որը կազմում էր 3 մլրդ դրամից մի փոքր ավելի, եւ եթե այդ փոփոխությունը չլիներ, ԶՊՄԿ-ի մոտ այդպիսի մեծ տարբերություն չէր առաջանա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի հարցերով եվրոպական պառլամենտի հիմնական զեկուցող Տրայան Բասեսկուն օրերս թողել է զբաղեցրած պաշտոնը: Այդ որոշումը կայացվել էր դեռ 2 ամիս առաջ, եւ հայաստանյան իշխանությունները դրանում լումա չունեն: Ի դեպ, մեր թերթն առաջինն էր գրել, որ Բասեսկուն է լինելու եվրապառլամենտի կողմից նշանակված Հայաստանի հարցով զեկուցողը` նա միշտ աչքի է ընկել իր հակահայկական պահվածքով: Հիշեցնենք Կապանից դեպի Հադրութ գնացող ճանապարհի առնչությամբ Բասեսկուի եւ նրա 2 գործընկերների սկանդալային հայտարարությունը։ «Այո, Բասեսկուն գնաց, իսկ թե ով է լինելու Հայաստանի հարցով նոր զեկուցողը, հայտնի կդառնա աշնանը, կարծում ենք, որ ՀՀ ԱԺ-ն, ԱԳՆ-ն ակտիվ կլինեն այս հարցում, որ եթե ոչ հայամետ, առնվազն չեզոք գործիչ լինի Հայաստանի հարցով եվրոպական պառլամենտի հիմնական զեկուցողը, ու ինչպես նախորդ անգամ, ձեր թերթից չիմանան` ով ով է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Չնայած մենք պատրաստակամ ենք՝ օգնելու ԱԺ-ին ու ԱԳՆ-ին՝ տեղեկատվություն փոխանցելու հարցում»:
«Փաստ» թերթը գրում է. «Թշնամու սանձարձակություններին ու սադրանքներին զինված ուժերի լիարժեք ու անվերապահ պատասխանին, այսինքն՝ զինվորականների անթերի գործողություններին զուգահեռ չափազանց կարեւոր է «փողկապավորների» աշխատանքը: Խոսքը դիվանագիտական աշխատանքի, միջազգային գործընկերների հետ հետեւողական ու ամենօրյա աշխատանքի մասին է: Այս օրերին մի շարք փորձագետներ, սակայն, շեշտում են, թե հատկապես խորհրդարանական դիվանագիտության առումով իրականում խնդիրներ կան մասնավորաբար այլ երկրների ու միջազգային կառույցների գործընկերներին պատշաճ կերպով ճշմարտությունը ներկայացնելու եւ իրականությունը արտացոլող, այսինքն՝ հայանպաստ լուրջ հայտարարություններ ապահովելու առումով: Փորձագետները նաեւ շեշտում են, որ խորհրդարանականներին ընդամենը հաջողվել է «բերել», ասենք, Գվատեմալայի փոխնախագահի կամ որեւէ լոկալ տարածքի մեկ-երկու պատգամավորի գնահատական: Բայց քանի որ այստեղ պատասխանատուները սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ըստ տեղեկությունների, ամբողջ մեղքը գցել են ԱԳՆ-ի վրա, իսկ վերջինս էլ՝ դեսպանների: Այսինքն, վերջնարդյունքում ԱԺ-ն ու ԱԳՆ-ն մեղավոր են «նշանակել» դեսպաններին: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ որոշ իշխանավորների հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ ամենախոշոր ու ազդեցիկ եվրոպական ընտանիքների կողմից ստացված գնահատականները բերվել են արտախորհրդարանական ընդդիմության ջանքերով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը ներկայացրել է որոշման մի նախագիծ, որով առաջարկում է իր ենթակայության տակ գտնվող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ևս ներառել այն մարմինների ցանկում, որոնց կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար: Ներկայումս նման փորձաքննություն իրականացվում է բացառապես դատարանի կամ իրավապահ մարմինների միջնորդության հիման վրա: Ենթադրվում է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող դատապարտյալներին ավելի օպերատիվ ենթարկվել փորձաքննության և այդ հիմքով ազատվել պատժի կրումից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկել է Երևանի քաղաքապետարանին համայնքային ենթակայության տակ գտնվող Աբովյան պուրակին հարակից տարածքում (Աբովյան փողոց 51/1) 360.0 քառ. մետր մակերեսով և 14 մլն 40 հազար դրամ արժեք ունեցող հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Այդ տարածքում կկառուցվի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնը: Սա ողջունելի նախաձեռնություն է, քանի որ դժվար է հիշել, թե էլ երբ է պետությունը հողհատկացում կատարել և ֆինանսական միջոցներ տրամադրել մշակութային օջախ կառուցելու համար»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Քանի որ գործադիրը խոսում է կապիտալի շուկայի զարգացման անհրաժեշտությունից, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ դեր ունեն այդ մասով կուտակային կենսաթոշակային համակարգը, ապահովագրական հատվածը, օտարերկրյա ներդրողները, ՀՀ անհատ ներդրողները՝ ֆիզիկական անձինք, եւ սփյուռքը։ Իրավիճակն ի մի բերելով ու բացերը մեկտեղելով՝ ավելի դյուրին կլինի հասկանալ՝ կապիտալի շուկայի որ հատվածում ինչ գործիք է պետք կիրառել եւ ինչու է առաջարկվել այս կամ այն գործիքը եւ ընտրվել զարգացման ռազմավարական ուղղությունները։ Պարզվում է, օրինակ, որ Հայաստանում զանգվածային մասնավորեցման արդյունքում ձեւավորվել է բաժնետոմսերում անհատ ներդրողների մեծ բանակ: Այս տարվա հունվարի 31-ի դրությամբ միայն 111439 անհատ ներդրողի արժեթղթերի հաշիվ կա, որից, սակայն, միայն 13 տոկոսն է ընդամենը ակտիվ ներդրողի հաշիվ: Նաեւ՝ պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ ակտիվ հաշվետերերը իրական ակտիվություն չեն դրսեւորում կապիտալի շուկայում: Եվ, ըստ այդմ, փաստացի ֆիզիկական անձ ներդրողները մոտ 2600-3000-ն են, որոնք հիմնականում ներդրումներ են իրականացնում պարտքային գործիքներում…»։