14.12.2024
Մամուլ. Նախկին նախագահներն ակտիվ հանդիպում-քննարկումների մեջ են
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը հետաձգում «հաճելի» պահը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը: Սարգսյանը, ինչպեսեւ ենթադրվում էր, ո՛չ ստորագրեց այն, ո՛չ էլ ուղարկեց ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու։ Թվում էր, թե ԱԺ նախագահը չի օգտվի 5-օրյա ժամկետից եւ առաջին իսկ օրը կհրապարակի այս նախագիծը, քանի որ դրանից հետո միայն կդադարեցվեն ՍԴ 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, սակայն Միրզոյանը, ինչպես երեւում է, որոշել է խաղալ ոմանց նյարդերի հետ եւ հնարավորինս ձգել ինտրիգը։ Մինչդեռ մի քանի օր առաջ, մեր հարցին ի պատասխան, վստահեցրել էր, թե ժամկետը լրանալուն պես «հաճույքով» կստորագրի նախագիծը։ Ինչո՞ւ է ԱԺ խոսնակը հետաձգում «հաճելի» պահը, գուցե փորձում է ընդգծել իր դերակատարումն այս գործընթացում կամ հասկացնում է, որ այնքան էլ «հաճելի» պրոցես չէ։ Նրա շրջապատը չի բացառում, որ Միրզոյանը ստորագրի վերջին օրը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանից «մուշտի» չստանա»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ-ում չեն հրավիրվում աշխատակարգային նիստեր. առանց քննության են մնացել մի շարք վարկային համաձայնագրեր, որոնց կատարման համար կառավարությունը միջազգային գործընկերներին խոստումներ է տվել։ Դրանց մեջ կան մի քանի միլիոն դոլար արժեցող ծրագրեր: ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին վարչապետն ու ԱԺ նախագահը շնորհավորեցին, ԱԺ նախագահն ընդունեց, բայց նա այդպես էլ չկարողացավ ապահովել «ՍԴ բնականոն գործունեությունը»։ Սցենարը, որոշ տեղեկություններով, Վահե Գրիգորյանինն էր։ «Գրիգորյանն անգամ այդ հարցում ֆիասկո գրանցեց՝ Աշոտ Խաչատրյանը հայտարարեց, որ մինչեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունները չմտնեն ուժի մեջ, ՍԴ նախագահի գործառույթներ չի կատարի, ինչի հետեւանքով հունիսի 25-ից ՍԴ մուտքագրված ոչ մի դիմումի ընթացք չի տրվել, խախտվել են գործերի քննության ժամկետները»,- ասաց ՍԴ աղբյուրը: Հույս ունեն, որ այս շաբաթ օրենքը կմտնի՞ ուժի մեջ՝ Աշոտ Խաչատրյանը կստանձնի ՍԴ նախագահի պարտականությունները, արձակուրդից հետ կկանչի Հրայր Թովմասյանին եւ Արեւիկ Պետրոսյանին, ու դատարանը կգումարի նիստեր։ «Անգամ եթե այդպես լինի, թե որքանով Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը կիրականացնեն Վահե Գրիգորյանի ցանկությունները, շատ մշուշոտ է. կարծում եմ` ճգնաժամային վիճակը դեռ երկար կշարունակվի»:


«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում փաստացի խոր ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ: Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որեւէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նաեւ իշխանության մեջ քիչ չեն նրանք, որոնք այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: Մյուս կողմից կառավարության եւ խորհրդարանի կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նրան այլեւս չեն տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, այնինչ Գրիգորյանն իրեն վաղուց է պատկերացնում ՍԴ նախագահ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ երեւույթին դա է պատճառը, որ այս օրերին սկսել է նորից ակտիվանալ Վահե Գրիգորյանը: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի նկատմամբ։ Մեզ հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ստացել Լևոն Յոլյանի վերաբերյալ։ Դիմումը վերաբերում է Լևոն Յոլյանի կողմից դստեր համար գնված թանկարժեք բնակարանին, որը ոչ Յոլյանի, ոչ էլ նրա հետ փոխկապակցված անձի՝ դստեր՝ Աննա Յոլյանի հայտարարագրում արտացոլված չէ։ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը թանկարժեք բնակարանը Աննա Յոլյանի համար գնել է Բուզանդի 107 հասցեում գտնվող նորակառույց էլիտար շենքի 12-րդ հարկում «Դակռուս» ՍՊԸ-ից։ Բնակարանի ընդհանուր մակերեսը 242,5 ք/մ է: Բնակարանի շուկայական արժեքը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Գործարքը կարծես թե տեղավորվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի շրջանակում։ ԿԿՀ-ից, սակայն, հրաժարվեցին վարույթի հետ կապված որևէ տեղեկություն փոխանցել»։


«Փաստ» թերթը գրում է. «Երբ սահմանին անհանգիստ է, երբ թշնամին պատերազմ է հրահրում, բնական է յուրաքանչյուրիս ցանկությունը՝ ներսում ունենալ միասնականություն, հաշտություն, հանդուրժողականություն: Թե՛ նախկինում, թե՛ վերջին օրերին մենք կարողացանք ապացուցել, որ հենց այդպես էլ կա: Մեծամասամբ: Բայց ոչ ամբողջությամբ: Ցավոք, առանձին դեպքերում հնարավոր չեղավ խուսափել ներքին ատելություն ու թշնամանք հրահրելու փորձերից: Ու շատ ավելի ցավալի է, որ ներքին օրակարգ առաջ բերող, ներքին թշնամիներ, «ներքին թուրքեր», դավաճաններ փնտրողների մեջ հիմնականում իշխանության մի քանի ներկայացուցիչներ ու, առավել եւս, իշխանամերձ որոշակի անհատներ էին: Օրինակ՝ ինչպես կարելի է բացատրել, որ պատգամավորը կարող է սպառնալ գլուխների վրայով անցնել, ատամներ ջարդել՝ հայ լինի, թե եզդի: Կամ՝ մեկ ուրիշը համարում է, որ «ներքին թշնամին» ավելի վտանգավոր է, քան արտաքինը: Երրորդը Ալիեւի սանձարձակությունների մեջ... ներհայաստանյան հետք է փնտրում: Չորրորդը ներսում խրամատներ է փնտրում ու պատրաստվում հերոսաբար «քանդել» դրանք: Իրականում նմանները, որոնք, որպես կանոն ներկայանում են որպես «հեղափոխության» ավելի մեծ պաշտպաններ, քան հենց Նիկոլ Փաշինյանը, ամենամեծ «արջի ծառայությունն» են մատուցում հենց Նիկոլ Փաշինյանին եւ օրվա իշխանություններին ընդհանրապես: Ոչ մի ընդդիմություն չի կարող այնքան մեծ վնաս հասցնել իշխանություններին ու նրանց վարկանիշին, որքան իրենց հավատարմությունն ապացուցելու ճանապարհին որեւէ արժեքի, որեւէ սրբության, որեւէ «կարմիր գծի» առջեւ կանգ չառնողները՝ իշխանության միջից լինի, թե «կողքերից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պահանջով ասֆալտի տեխհսկողությունն անցած տարվանից խստացվեց․ որպես բանկային երաշխիք՝ աստղաբաշխական թվեր են մուծվում, հաճախ կազմակերպությունները մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով, մասնակիցներից ամենաակտիվը Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն էր՝ նրա հետ փոխկապակցված կազմակերպություն․ երբ սա բացահայտեցինք, մրցույթները չեղարկվեցին, նոր մրցույթներ հայտարարվեցին»,- ասաց Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը: Հաղթողներ կա՞ն։ «Մրցույթները կայացել են, այդ թվում եւ՝ Երեւանի ասֆալտապատման մրցույթը։ Մրցույթներում, որպես օրինաչափություն, հաղթում է մի կազմակերպություն, որը բավարար ֆինանսական միջոցներ չունի, կոնկրետ` Երեւանի դեպքում վճարել է ավելի քան 38 մլն բանկային երաշխիք, որի դիմաց այդ` «Ինժեներիգ» ՍՊԸ-ն պետք է ստանա ընդամենը 33 մլն դրամի պայմանագիր, բայց քանի որ այդ կազմակերպությունը փոքր կամ միջին բիզնեսի շկալայում է, ոլորտի մասնագետների մոտ կան կասկածներ, որ տեխհսկողության բանկային վճարումները վճարում են բուն շինարարները, որոնց նկատմամբ պետք է հսկողություն իրականացվի։ Այսինքն, պատշաճ վերահսկողության մասին խոսք չի լինի․ ուզեցին լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։ Կառավարությունն իմիտացիա արեց, թե հսկողության պայմանները խստացվում են, սակայն ռեգրես գրանցվեց. այն ժամանակ տեխասմոտրը գոնե կախում չուներ շինարարից։ Ըստ ոլորտի փորձագետների, շինարարներն աշխատում են մի քանի բանկերի հետ եւ նույն գույքը գրավադրում են տարբեր բանկերում»: Ո՞վ է հսկելու այդ ամենը։ «Ոչ մեկը, մանավանդ որ բանկերն էլ են ներգրավված. Իսկ ոստիկանության 6-րդ վարչությունն էլ զբաղված է ընդդիմադիր գործիչների վարորդների աշխատավարձով, եւ այս կարեւորագույն խնդիրը դուրս է մնացել վերահսկողությունից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը նպատակ ունի ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակել դատախազության համակարգից որեւէ մեկին: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 17-ին աշխատանքից ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ից: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, որ Ռոբերտ Բազիկյանն իր ազատման դիմումը գրել էր ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ միասին, սակայն վերջինիս դիմումը չէին ստորագրում, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ Քարամյանի նշանակումից հետո համակարգից հեռանում են: Զրուցել էինք նաեւ Բազիկյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե համակարգից հեռացել է երկարատեւ ծառայության հիմքով՝ ասելով, թե բացարձակ այլ խնդիրներ չկան: Եվ, ահա, Արգիշտի Քյարամյանը փորձում է այդ պաշտոնը համալրել դրսից առկա կադրերով եւ, մասնավորապես, համակարգ բերել դատախազության ներկայացուցչի: Եվ սա էլ պատահական չէ. բանն այն է, որ Արգիշտի Քյարամյանը երկու տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ համակարգում եւ ներսից գիտի՝ դատախազությունում ինչ է կատարվում: Մասնավորապես, Քյարամյանը 2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ: Եվ, ահա, իր փորձն աչքի տակ ունենալով՝ նա որոշել է իրեն տեղակալ բերել այդ համակարգից որեւէ մեկին: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ լրատվական բաժին, որտեղից հորդորեցին հետեւել պաշտոնական լրահոսին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընկերների հավաստմամբ՝ նրա մականունը դպրոցում և ուսանողական տարիներին եղել է «մորքուր»: Այս մականվանը Վանեցյանը արժանացել է անվճռականության, որոշումներ կայացնելու անընդունակության և տղայական այլ հատկանիշների բացակայության պատճառով»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, երեկ էլ եղան անգամ Ազգային ժողովի դիմաց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ բողոքող անձանց շրջանակը չի սահմանափակվում միայն շարքային քաղաքացիներով, եւ զայրացած են նաեւ պաշտոնյաներից շատերը, որոնց երեխաները եւս հայտնվել են այդ նույն իրավիճակում: Բանն այն է, որ Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության նոր կարգ է առկա, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։ Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս դժգոհություններն իրենց աչքի տակ ունենալով՝ այսօր որոշել է հավաքվել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը եւ քննարկել ստեղծված իրավիճակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները դժգոհել են, որ կրկին խնդիրները կրթության ոլորտում են գոյացել, եւ փոխանակ եղած բացերը լրացվեն, իրավիճակն ավելի է սրվում: Այլ կերպ ասած, բունտ է հասունանում հենց իշխանությունների ներսում: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այսօրվա քննարկմանը ներկայացուցիչներ կլինեն նաեւ նախարարությունից, Գիտության եւ թեստավորման կենտրոնից, որոնց պատգամավորները մեծ թվով հարցեր ունեն ուղղելու: Ընդ որում, մեր տեղեկություններով՝ պատգամավորները զարմացած են՝ ինչպես է ստացվում, որ բոլոր ոլորտներում առաջընթաց կա, իսկ կրթության ոլորտում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Բավական չէր, որ Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը մեղադրում էր նախարարությանը եւ բացահայտումներ անում, հիմա էլ բունտ հասունացավ դիմորդների շրջանում: Եվ հենց այս իրավիճակն է պատճառը, որ պատգամավորները կոնկրետ բացատրություն են պահանջելու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատողները Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո սկսել են «շնչել»: Այժմ տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Գնել Հասրաթյանը: Թե երբ տեսչական մարմինը ղեկավար կունենա, հայտնի չէ: Հետաքրքիր է, որ Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո հեռացել են նաեւ նրա խորհրդականները: Օրինակ՝ հրաժարականի դիմում ներկայացրել են խորհրդականներ Արթուր Օթարյանը, Երեմ Սահակյանը, Հայկ Վարդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վտանգված է ղեկավարի օգնական Ալեքսանդր Կիրակոսյանի աշխատանքային ճակատագիրը: Պարզվում է՝ Կիրակոսյանը Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո անակնկալ «վարակվել է» կորոնավիրուսով, եւ երբ ղեկավարությունը պահանջում է բժշկի գնալ եւ արդյունքը ներկայացնել, անհասկանալի պատճառներով հրաժարվում է: Սակայն նկատենք, որ իր պաշտոնին է շարունակում մնալ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությանյանի՝ Բուլկու կադրերից է: Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել էր հենց Վիգեն Ավետիսյանը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գալոյանն անգամ չի ցանկացել, որ իրեն տեղակալ նշանակեն: Նա այս մասին իր մտերիմ շրջապատում անկեղծացել է՝ նշելով, որ պատասխանատվությունը մեծացել է, սակայն աշխատավարձը չի բարձրացել, ուստի չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաեւ Գալոյանի հրաժարականի լուրը»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արտերկրյա, հատկապես ռուսական լրատվամիջոցներում առնվազն տարօրինակ են որակում այն փաստը, որ հայաստանյան հեռուստաընկերությունների հաղորդավարները ստիպված են եթեր դուրս գալ դիմակներով: Թերթի հետ զրույցում ռուսաստանցի հայտնի լրագրողներից մեկն ասում էր, թե սկզբնական փուլում իրենց մոտ էլ է նման վիճակ եղել, սակայն շատ կարճ ժամանակ անց պատկան մարմինները հասկացել են, որ անհեթեթություն է դիմակով հաղորդում վարելը, հատկապես, երբ հաղորդավարը փաստացի միայնակ է (օպերատորները, որպես կանոն, առնվազն 3 մետր հեռու են լինում, իսկ ռեժիսորներն ու սպասարկող անձնակազմը այլ տարածքից են հետեւում): Իսկ եթե նույնիսկ զրուցակից կա, ապա նրանց միջեւ հեռավորությունը հաստատ հնարավոր է ապահովել 1,5-2 մետրի միջակայքում: Մեր զրուցակցի խոսքով, իրենց ապշեցրել է, որ հայաստանյան երկու հեռուստաընկերություն տուգանվել է հաղորդավարի՝ եթերում դիմակ չկրելու պատճառով: Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե դա կարող է հոգեբանական նշանակություն ունենալ հանրության վրա՝ դիմակ կրելու եւ հակահամաճարակային կանոնները պահպանելու տեսանկյունից, թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային փորձագետները լուրջ չեն համարում: Ի դեպ, հավելենք, որ այս օրերին լուրջ քննարկումներ են ընթանում նաեւ բացօթյա տարածքներում եւ անձնական օգտագործման մեքենաներում դիմակ կրելու պարտադրանքի նպատակահարմարության թեմայով: Ընդունելով հանրային փակ տարածքներում դիմակի անհրաժեշտությունը՝ շատերը կոչ են անում հանել դրսում եւ սեփական մեքենայում (ոչ տաքսիներում) ընտանիքի անդամների հետ երթեւեկելիս (կարող են փաստաթուղթ ստուգել) դիմակի պարտադրանքը: Երեկվանից առկա են նշյալ դեպքերում դիմակ կրելուց հրապարակային հրաժարումների մասին հայտարարություններ»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «…Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Եվ այս արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին։ Ընդ որում, դրանք չպետք է գերազանցեն սահմանված չափաքանակները։ Օրինակ՝ կարող են բերել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը՝ ավտոմեքենա, մոտոցիկլետ եւ դրանց կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկական: Կարող են իրենց հետ բերել օգտագործված կահույքը` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ (ասենք` ննջասենյակի կահույքի բոլոր բաղկացուցիչները)։ Նաեւ՝ կենցաղային եւ անձնական օգտագործման սարքերը` սառնարանը, հեռուստացույցը եւ, ի դեպ, յուրաքանչյուր տեսակից 3 հատ։ Իսկ անձնական գործածության իրերն ու օգտագործված տնային այլ գույքը՝ հագուստը, սպասքը, կարող են բերել առանց քանակային սահմանափակումների։ Գործնականում կարող են բերել արտերկրում աշխատելու տարիներին իրենց ամբողջ ստեղծածը։ Եվ այս արտոնությունից օգտելու համար ՀՀ մշտական բնակության եկողը ունի 18 ամիս ժամանակ այն պահից, երբ կստանա համապատասխան փաստաթուղթը: Բայց արտոնությունից օգտվելու հստակ հանգամանքներ կան…»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում և պարտադրել, որ վաճառողները սպառողներին տեսանելի վայրում փակցնեն տեղեկատվություն` սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ: Կառավարությունը պետք է հաստատի նաև այն ոչ պարենային ապրանքների ցանկը, որոնք ենթակա են վերադարձման: Վաճառողի կողմից ապրանքը հետ չվերցնելը կդիտարկվի վարչական իրավախախտում և կպատժվի օրենքով»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Դատապարտյալների իրավունքները պաշտպանող իրավական ակտերում կա օրենսդրական բաց, որի հետեւանքով հնարավոր չի լինում հոգեկան առողջության խնդիրներ ունենալու հիմքով դատապարտյալների վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացություն ստանալ: ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանվում է, որ հոգեկան կամ այլ ծանր հիվանդության կապակցությամբ պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կրող հիմնարկի պետը: Վերջինս պարտավոր է միջնորդության հետ միաժամանակ ներկայացնել համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը: Սակայն պարզվում է, որ գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ ստանալ այդ եզրակացությունը: Գործող կարգավորումներով, հոգեկան առողջության վիճակի պատճառով պատժից ազատելու կամ խափանման միջոց փոխելու հարցերը ենթակա են ուսումնասիրության դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կողմից, իսկ վերջինս նման փորձաքննություն իրականացնում է միայն դատարանի կամ քննիչի հատուկ որոշմամբ: Արդարադատության նախարարությունը առաջարկում է «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին ներառել այն մարմինների ցանկում, որոնց կայացրած որոշումը հիմք կդառնա դատապարտյալների՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պարետատունն անորոշ ժամկետով արգելել է հուլիսի 25-ին դեպի Եգիպտոս չվերթը՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ այս պահին։ «Ժամանակ»-ի հետ զրույցում «Շելբի տուր» ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանը տեղեկացրել է, որ պարետատունն արգելում է դեպի Եգիպտոս նախատեսված թռիչքը։ Տուրիստական ընկերության տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունով մոտ 10 մարդ ցանկություն էր հայտնել մեկնել Եգիպտոս հանգստի, գումարներն արդեն վճարել էին։ Տուրիստական ընկերությունը մինչև շաբաթվա վերջ վերադարձնելու է գումարները, քանի որ անորոշ ժամկետով են հետաձգվում թռիչքները, իսկ պարետատնից չեն ասում, թե երբ թույլ կտան թռիչքները»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Այն երևույթները, զարգացման այն խնդիրները, որոնք մենք ունեինք մինչև համավարակը և որոնք ավելացան ու խորացան արդեն համավարակից հետո, չէին կարող անմասն թողնել նաև մակրոտնտեսական հատվածը՝ բացասական զարգացումների իմաստով: Այս կարծիքին է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական անկման տեմպերին, խոսել գազի նոր սակագնի հետևանքների, ինչպես նաև գյուղմթերքի բարձր գների մասին: «Մրգի ու բանջարեղենի գները նախորդ տարիների համեմատ էապես բարձր են: Պատճառներից մեկը, որը պետք է ընդգծել, այն է, որ նախորդ տարիների համեմատ այս ուղղություններով մենք արտահանման կրճատում ունենք՝ պայմանավորված օբյեկտիվ երույթներով, ինչպիսին նաև համավարակն է, տրանսպորտային խնդիրները և այլն: Մյուս կողմից՝ այնպես չէ, որ ներքին պահանջարկը աճել է: Եվ նման իրավիճակի ու գների միակ խելամիտ պատասխանն այն է, որ մեր երկրում մրգի ու բանջարեղենի այս տարվա արտադրության ծավալներն էապես կրճատվել են, ինչը շատ ցավալի է և մտահոգիչ. նման բարձր գներով իրացումները նշանակում են, որ մարդիկ ոչ թե շատ, այլև ավելի քիչ եկամուտ են ստանում:


Մենք, որպես սպառող, բնականաբար, տուժում ենք և չենք կարողանում բավականաչափ օգտվել այդ արտադրատեսակներից, բայց գյուղմթերք արտադրողները ևս տուժում են, որովհետև, պատկերավոր ասենք, մեկ տոննա արտադրանքի մեկ կգ-ը 100 դրամով վաճառելու փոխարեն վաճառում են տասը կիլոգրամ՝ 1կգ-ը 1000 դրամով: Այստեղ նաև իրենք են վնասներ կրում, որովհետև արտադրության ծավալները բավականին քիչ են»: Հաշվի առնելով նաև գյուղմթերք արտադրողների ու տնային տնտեսությունների համախառն եկամտի կրճատումը՝ Թ. Ավետիսյանը հավելեց. «Կան խնդիրներ, որոնց շուրջ պատասխանատու մարմիններն ավելի շուտ պետք է մտածեին: Բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ գյուղոլորտի աջակցության ծրագրերը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական բնույթ ունեն, և դրանք պետք է լինեն արդյունավետ, համարժեք, որ մարդիկ իրենց աշխատանքով կարողանան ստեղծել այնքան արդյունք, որով հնարավոր կլինի տարվա ընթացքում գոնե նվազագույն կենսապահովումն ունենալ: Բայց ունենք այն, ինչ ունենք: Որքան էլ իշխանությունը ցանկություն չունենա ցույց տալ իրական պատկերը, այդուհանդերձ, գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալների անկումն անգամ վիճակագրությամբ է անկներև լինելու»: