Ինչո՞վ է աչքի ընկնում Հայաստանի հանրապետության վարչապետը՝ քաղաքական թիվ մեկ պաշտոնյան առավոտյան, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը Իրանի շուրջ երկշաբաթյա հրադադարի համաձայնության ուղղությամբ է: Բոլորը փորձում են քննարկել, հասկանալ, թթե ինչ կա հետնաբեմում, որքան մեծ է հաստատուն հրադադարի հեռանկարը, ինչ զարգացումներ կլինեն, եւ այն:
Հայաստանի թիվ մեկ քաղաքական պաշտոնյան, գործնականում որեւէ հետնախորշում հավաքվող խմբին բնորոշ հռետորաբանությամբ խոսում է ընդդիմադիր մրցակիցների, այս դեպքում մասնավորապես Սամվել Կարապետյանի մասին:
Թվում է, որ Հայաստանի վարչապետը Իրանի շուրջ համաձայնության առավոտյան առաջին հերթին պետք է թերեւս ողջուներ երկշաբաթյա հրադադարը, հույս հայտներ, որ այն կլինի երկարատեւ եւ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող երկու երկրներ կկարողանան հասնել դիվանագիտական առավել հաստատուն փոխհամաձայնությունների, որը բխում է նաեւ Հայաստանի հանրապետության անվտանգության միջավայրի շահից: Թիիվ մեկ քաղաքական պաշտոնյան կօգտվեր առիթից, ինչպես նաեւ Հայաստանի համար օբյեկտիվ անհրաժեշտությունից, եւ կարտահայտվեր այդ թեմայով:
Բայց, կրկնեմ, Հայաստանի վարչապետը աչքի է ընկնում ավելի վերը նշածս հռետորաբանությամբ՝ ներքաղաքական թեմայով: Սա մեծ հաշվով հերթական մի վկայություն է, որ Հայաստանը դադարել է լինել քաղաքական բովանդակություն եւ սուբյեկտություն պարունակող պետություն: Հակառակ պարագայում, կրկնեմ, քաղաքական սուբյեկտը առաջինը կարձագանքեր համաշխարհային օրակարգի կարեւոր հարցին՝ առավել եւս, ընդգծեմ՝ դա անմիջապես սահմանակից է Հայաստանին եւ ունի Հայաստանի համար խորքային նշանակություն: Հետո նոր թող անցներ իր ներքաղաքական հոգսերին:
Պետական քաղաքական բովանդակության ու սուբյեկտության կորուստը լինելու է շարունակվող: Ինչպես բազմիցս ասել եմ, ներկայիս կառավարող ուժը այլեւս չունի որեւէ այլ բովանդակութամբ քաղաքականության հնարավորություն, ներուժ, եթե ունեցել է երբեւէ: Ընդ որում, ունի ցանկություն, թե ոչ,, դա արդեն նշանակություն չունեցող հարց է, քանի որ անգամ ցանկության դեպքում՝ հենց ինքն է հրաժարվել բոլոր հնարավորություններից, հանձնել բոլոր հնարավորություններն ու իրավունքները հարեւան պետությանը: Հետեւաբար, հայկական պետականության ճակատագրով մտահոգ որեւէ քաղաքացու խնդիրը շատ պարզ է՝ Հայաստանին վերադարձնել պետական սուբյեկտություն, դրա համար օգտագործելով խորհրդարանի ընտրության հնարավորությունը:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան