Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ եւ կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը եւ խթանումը, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կձեւավորվի ներդրումային հստակ եւ կանխատեսելի իրավական միջավայր, որը Հայաստանին հնարավորություն կտա բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը եւ մրցունակությունը, ներդրումային գրավչությունը եւ խթանել կայուն ու ներառական տնտեսական աճը:
Փոխնախարարի տեղեկացմամբ ներկայում գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որն ընդունվել է 1994 թվականին, սակայն չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական կարգավորում: Զեկուցողի խոսքով նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլեւ տեղացի ներդրողների եւ ներդրումների վրա:
Օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները, ներդրողների իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների՝ արտոնությունների, իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը: Կարգավորվելու է նաեւ ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է երկար ժամանակ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ գործարարների մասնակցությամբ:
Նշվել է, որ նախագծի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվի «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: