Համաձայնագիր՝ տվյալների արդյունավետ փոխանակման և տվյալների ճշգրտության բարձրացման համար
2023 թվականին Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրմանը վերաբերող համաձայնագիրը, որը ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակում է նախատեսում: Սա հարկային թափանցիկության կարեւորագույն գործիքակազմ է: Այն հնարավորություն է տալիս ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր երկրների միջեւ: Այս տարի արդեն 40-ից ավելի երկրների հետ Հայաստանն իրականացրել է համաձայնագրի շրջանակում տեղեկատվության փոխանակում:
Այս տեղեկությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Առաջին ընթերցմամբ նա քննարկման է ներկայացրել «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելուն վերաբերող օրենքի նախագիծը:
Փոփոխությունները հիմնականում վերաբերում են համաձայնագրի որոշակի դրույթների հստակեցման հետ կապված ինքնահայտարարագրի, նույնականացման կանոնների, կազմակերպությունների եւ անձանց հաշվետերերի նույնականացմանը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: