VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հունիսի 7-ի երեկոյան գրել էինք․ «Պռոշյան փողոցում մեքենաների շարասյուն է հայտնվել, որը մուտք է գործել կառավարական ամառանոցի տարածք։ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք»։ Օրեր անց տեղեկանում ենք կատարվածի մանրամասներից։ Հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի», պարզվում է, այնքան է զայրացրել վարչապետին, որ նա հենց այդ օրը հրահանգ է իջեցրել՝ «փակել Ծառուկյանի օդերը» եւ պետական մեքենան գործի դնել նրա դեմ՝ քրեական գործ հարուցվեց Ծառուկյանի եւ նրա մերձավորների նկատմամբ, մի շաբաթ անց ԱԱԾ-ն գնաց խուզարկության, ԱԺ-ն նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Բայց այդ որոշումները կայացնելիս Փաշինյանը լուրջ մտավախություններ է ունեցել, որ ժողովուրդը կլցվի փողոցները եւ կսրբի-կտանի ամեն ինչ։ Ու, բնականաբար, առաջինը կշարժվեն դեպի կառավարական առանձնատներ, ուստի ներսից ուժեղացրել է պաշտպանությունը, եւ բոլոր ռազմականացված կառույցներին հրահանգ է իջեցվել՝ կազմ ու պատրաստ լինել։ Բայց երբ Ծառուկյանի կալանքի քննության ժամանակ պարզվել է, որ հազիվ մի քանի հարյուր մարդ է հավաքվում՝ ի պաշտպանություն Ծառուկյանի, իսկական ցնծություն է տիրել իշխանական թիմում։ Տառացիորեն նշել են իրենց հաղթանակը եւ եզրակացրել, որ սրանից հետո իրենք ինչ էլ անեն, ժողովուրդը փողոց դուրս չի գա, եւ իշխանափոխության վտանգ չկա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի` կորոնավիրուսով վարակվելու պատճառով ԲՀԿ-ականները «կարճատեւ» արձակուրդ են վերցրել՝ առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու, սակայն թեժ աշնան պլանները մշակվում են։ Հիվանդ են նաեւ պատգամավորներ Արթուր Գրիգորյանը եւ Կարինե Պողոսյանը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին։ Նա մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել՝ աջակցելու նրան։ Երեկ մեզ չհաջողվեց կապվել նրա հետ, Արման Աբովյանը փոխանցեց, որ որեւէ տեղեկություն չունի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների, այսպես կոչված, համատեղ գործողությունների ծրագիրը հանգեց դատախազություն ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելուն: Մինչդեռ այդ կուսակցությունները ընդամենը երկու շաբաթ առաջ առանձին-առանձին խոսում էին կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին: Կառավարության հրաժարականի պահանջը օրակարգից անհետացել է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Կարդան Ղուկասյանին: Այն կապված է հունիսի 18- ին վերջիններիս բնակարանները խուզարկելու դեպքի հետ, որից հետո էլ ԱԱԾ-ն նրանց կանչել է հարցաքննության: Իսկ թե ինչ հարցեր են ուղղվել, մեզ պարզել չհաջողվեց: Փորձեցինք տեղեկությունը պարզել անձամբ Վարդեւան Գրիգորյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց վարորդը՝ նշելով, թե նա երկրում չէ, իսկ, ահա, Վարդան Ղուկասյանն էլ, լսելով, որ իրեն զանգահարում են լրատվամիջոցից, ասաց՝ լավ եղեք, ցտեսություն՝ չցանկանալով անգամ լսել հարցը: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին խուզարկություն էր իրականացվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում: Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդեւան Գրիգորյանի տուն, նույն օրը նաեւ խուզարկել էին Վարդան Ղուկասյանի գրասենյակը: Վարդեւան Գրիգորյանը հայտնել էր՝ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց էին տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ եւ կատարել որոշակի գործողություններ: Պատգամավորի խոսքով՝ առգրավել են իր այփադը եւ թոռների հեռախոսները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը գրությամբ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։ Նա ներկայացրել է հիմնավորումներ այն մասին, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։ Ինչպես հայտնի է, 2019թ. սեպտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանը հայտնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալու եւ անկախ պատգամավոր դառնալու մասին, եւ, ահա, Էդմոն Մարուքյանն իր դիմումով պահանջում է այդ մեկ մանդատը վերադարձնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է վերաբերվում խմբակցության կողմից ներկայացված դիմումին: «Այն չափազանց խոցելի է, որովհետեւ դուրս գալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ ես չեմ անդամակցել, ասենք, իշխող խմբակցությանը, ինչի արդյունքում կարող էր խախտվել ուժերի հարաբերակցությունը։ Այնպես որ, այդ առումով եւս «Լուսավոր Հայաստանի» դիմումը խիստ խնդրահարույց է։ Թող դիմեն, ում ցանկանում են, եւ որքան ցանկանում են», – նշեց նա: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք պատրաստ է վերադարձնել իր մանդատը: «Ես մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ աշխատանքը, կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կորոնավիրուսային իրավիճակն օրեցօր վատթարանում է։ «Իմ քայլում» նոն-ստոպ ռեժիմով աշխատում են, որպեսզի ՍԴ-ի օպերացիան չձախողվի։ Այժմ գլխավոր խնդիրն «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունն է, որով հնարավորություն կտրվի հիվանդ պատգամավորներին՝ գրավոր տեղեկացնել իրենց քվեարկության մասին, ինչպես այժմ արվում է գործուղման մեջ գտնվելու ընթացքում՝ առանց նիստին ներկա լինելու։ Մի արտահերթ էլ՝ արագացված ռեժիմով, դրա համար կհրավիրեն, որպեսզի չտապալվի ՍԴ դատավորների ընտրությունը։ Իշխանությունն օրենքով երկամսյա ժամկետ է սահմանել ՍԴ-ն համալրելու համար։ Օրենքի փոփոխությունից հետո ով ինչքան ուզում է, թող կորոնավիրուսով վարակվի՝ տներից գրություն կուղարկեն եւ կապահովեն անհրաժեշտ քվեները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև իշխանությունը հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամն այլևս հաղթահարված է, սակայն ՍԴ դիրքերը ոչ մի կերպ լքել չցանկացողները որոշել են իշխանություններին ցույց տալ, թե որն է իրական ճգնաժամը։ ՍԴ երեկ նշանակված աշխատակարգային նիստը չի կայացել, քանի որ քվորում չի ապահովվել։ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը արձակուրդում են։ Եվ չնայած նրանց բացակայությամբ էլ նիստը կարող էր կայանալ ՍԴ 6 դատավորների մասնակցությամբ, սակայն նրանցից մի քանիսը ևս բացակայել են։ Նիստին ներկա են եղել միայն Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, ինչպես նաև առաջին անգամ՝ Վահե Գրիգորյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՍԴ որոշ անդամներ որոշել են նման կերպ՝ նիստերին չմասնակցելով տապալել ՍԴ աշխատանքը ու ցույց տալ, թե որն է իրական ճգնաժամը։ Հրայր Թովմասյանի ու Արևիկ Պետրոսյանի հրատապ արձակուրդ մեկնելը ևս ճգնաժամ ստեղծելու պլանի մաս է։ Այս վիճակը թերևս կշարունակվի մինչև ՍԴ դատարանակազմության ավարտը»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Թե որն է չստորագրելու պատճառը, նախագահականից չեն հստակեցնում: Չի բացառվում, որ նպատակը ՍԴ հեռացող դատավորներին կենսաթոշակ ապահովելու մասին փոփոխությունները հնարավորինս արագ կյանքի կոչելն է: ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը մեր խնդրանքով պարզաբանել է, թե ի՞նչ է նշանակում նախագահի կողմից այդ օրենքը չստորագրելը. «Ցանկացած օրենք, որ ընդունվում է Ազգային ժողովի կողմից, ենթադրում է հետեւյալ ընթացակարգը. 21-օրյա ժամկետում նախագահը կամ ստորագրում է այն կամ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այդ օրենքի սահմանադրականությունը ստուգելու հարցով: Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա նախագահը չի ստորագրում, օրենքը համարվում է հակասահմանադրական:
Եթե Սահմանադրական դատարանը հավանություն է տալիս, նախագահը ստորագրում է»,- ասաց Բաղդասարյանը: Շարունակելով պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում, երբ նախագահը ի սկզբանե հայտնում է, որ ինքը օրենքը չի ստորագրում, պատգամավորը ընդգծեց՝ այդ դեպքում Սահմանադրության 129 հոդվածի 3-րդ կետի ուժով նա ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքը: ԱԺ նախագահի հրապարակելուց հետո օրենքը համարվում է ուժի մեջ մտած: Այսինքն դա ոչ նշանակում է, որ այն հակասահմանադրական է, ոչ էլ այն, որ նախագահը չի՞ ուզում ստորագրել՝ հետաքրքրվեցինք պատգամավորից. «Ոչ, ոչ, եթե հակասահմանադրական համարեր, կդիմեր Սահմանադրական դատարան»,- պատասխանեց նա»:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանություններն այս օրերին օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնում, որոնք նպատակ ունեն արտակարգ դրության պայմաններում տարբեր համակարգերի կենտրոնացված կառավարում ապահովել: Ներկայումս նման նախաձեռնություն են հանդես բերել առողջապահության եւ կրթության ոլորտների վերաբերյալ, մի դեպքում՝ նշված ժամանակահատվածում ՀՀ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը առողջապահության նախարարությանը փոխանցելու լիազորություն տալով կառավարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից, մյուս դեպքում՝ հնարավորություն ընձեռելով կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ եւ լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում, հաստատել նաեւ նոր ցանկ:
«Ես հիմա այլ նպատակ եմ տեսնում. ասել՝ «ես ունեի ինչ-որ մտքեր, որոնք չկարողացա իրականացնել, որովհետեւ որոշ ղեկավարներ ինձ խանգարեցին, հիմա օրենքը կունենամ, իրենց կփոխեմ ու ամեն ինչ լավ կլինի»: Այս առումով հիշենք, որ մինչ այս կանխարգելման ձախողման համար մեղավոր նշանակվեց ժողովուրդը: Ինչեւէ, վերոնշյալի առումով ես ուզում եմ շեշտել, որ չկա այնպիսի գլխավոր բժիշկ կամ բուժհաստատության տնօրեն, որը պատրաստակամ չէ պայքարելու կորոնավիրուսի համաճարակի դեմ: Հետեւաբար, մարդկանց փոխելու ցանկության մեջ ես ավելի շատ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական հոսքերը վերահսկելու շարժառիթ եմ տեսնում»,-առողջապահության համակարգի առումով «Փաստի» հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը: Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, համանման փոփոխություններ իշխանությունները նախատեսում են նաեւ այլ ոլորտներում: Այս հանգամանքից ելնելով՝ որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ իշխանություններն իսկապես նախատեսում են դեռ երկար ժամանակ երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից սոցիալական, առողջապահական որեւէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, եւ հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում: «Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով», -նշել էր նա։ Այս հայտարարության ֆոնին հետաքրքիր էր արձանագրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին է փոխանցել 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու եւ բուժաշխատողներին աջակցելու նպատակով:
Եվ հայտնի է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաեւ «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 24-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հասկանալու համար՝ ինչպես է նախարար Թորոսյանը համաձայնել այս պարագայում աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից, արդյոք այս դեպքը թուլատրելի է համարել: Եվ, ահա, երեկ՝ հունիսի 29-ին, նախարարությունից պարզաբանեցին, թե հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավարության որոշումների հիման վրա: Ստացվում է՝ նախարար Թորոսյանն ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխախոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաեւ խրախուսելի։ Համաձայնեք՝ «սկզբունքային» տեսակետ է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում ամեն ինչ անում էին, որպեսզի փակեն ատոմակայանը։ Իսկ ատոմակայանը ոչ միայն էներգետիկ, այլեւ ֆիզիկական անվտանգության հարց է մեզ համար. ատոմակայանի առկայությունը զսպում է Թուրքիային, Ադրբեջանին, որ լայնածավալ գործողությունների չգնան Հայաստանի նկատմամբ` հազար ու մի պատճառով, որովհետեւ եթե ատոմակայանին մի բան լինի, տարածաշրջանը դառնում է «աղետի գոտի»` Չեռնոբիլ, որից իրենք էլ են տուժելու։ Այն օրերին ատոմակայանը փակվեց, հետագայում մերոնք հասկացան, որ անհնար է առանց ատոմակայանի։ Ռուսաստանը նույնպես շահագրգիռ էր այդ հարցում, Հայաստանը պայմանագիր կնքեց Ռուսաստանի եւ «Ռոսատոմի» հետ՝ վերջինս վերանորոգման աշխատանքները ստանձնեց, վարկ տրամադրեցին, հիմա մերոնք հրաժարվել են ռուսական վարկից։ Տարածքային կառավարման նախարարն ասաց` մենք մեր ներքին ռեսուրսներով ենք դա ֆինանսավորելու, մի քանի օր հետո ֆինանսների նախարարն ԱԺ-ում հայտարարեց` մենք միջազգային կառույցներից ենք ներգրավելու այդ միջոցները, ու դեռ ձեն-ձուն չկա»,- ասաց էներգետիկ խնդիրներով փորձագետը: Չե՞ն ներգրավել միջոցները։ «Պաշտոնական հայտարարություն չկա, ընդ որում, անգամ եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ գումարը գտնվել է, վերանորոգման աշխատանքները կարող է կատարել միայն «Ռոսատոմը»․ գեներատորը ռուսական է: Նիկոլը գնաց վարկի մերժմանը, որպեսզի եւս մեկ շտրիխով Հայաստանը, ինչպես Ախուրյանի կամրջի կառուցման եւ ռուսական հեռուստաընկերությունների դեպքում, դուրս գա ռուսական ազդեցության դաշտից»: Ի՞նչ է սպասվում։ «Ինչ-որ մի փուլում ատոմակայանը կկանգնի փակման վտանգի առջեւ, իսկ այն արտադրում է մեր երկրի հոսանքի 40 տոկոսը, ու մենք կրկին կհայտնվենք հովհարային անջատումների էրայում»:
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, ռուսական շրջանակներում բավական անհանգստացած են ՀՀ-ում վերջին մի քանի ամիսներին նկատելիորեն աճած հակառուսական տրամադրություններով, հատկապես, որ դրանք արվում են ոչ միայն իշխանամերձ շրջանակների, այլ նաև իշխանության տարբեր ներկայացուցիչների և պատգամավորների միջոցով։ Թերթի աղբյուրը փոխանցել է նաև, որ երբ այս անհանգստությունների մասին տեղեկացրել են հայաստանյան իշխանության բարձր շրջանակներին, նրանք ուղղակի ձեռքները «թափ են տվել»՝ ակնարկելով, թե դա ՀՀ ներքաղաքական հարցն է։ Մեր ունեցած տեղեկություններով, ռուսական շրջանակների անհանգստության նոր ալիքը կապված է բացահայտ հակառուսական արտահայտություններ և անթաքույց հակառուսական պրոպագանդա պարունակող տարբեր հրապարակումներով ոչ միայն սոցցանցերում, այլև իշխանամերձ լրատվականներում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն այս մասին բավականին հանգամանալից մի քանի վերլուծություններ է փոխանցել պաշտոնական Մոսկվային։ Խոսակցություններ կան, որ հակառուսական նոր արշավ սպասվում է նաև առաջիկա օրերին: Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անհանգստությունները խորացել են նաև «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքի հետ կապված, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատունը կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել: Ռուսական լրատվամիջոցներն արդեն հրապարակումներ են անում, թե «ռուսական հեռուստաալիքները Հայաստանում կթույլատրվեն «դեղատոմսով»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի որոշմամբ՝ մարզում մահվան դեպքերի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Մարզպետի որոշմամբ՝ փոփոխվել է հանձնաժողովի կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզի առողջապահական ընկերություններում արձանագրված հիվանդանոցային մահերի կլինիկական եւ ախտաբանաանատոմիական ախտորոշումների տարամիտման դեպքում հանձնաժողովը պետք է կազմակերպի քննարկումներ եւ ներկայացնի հաշվետվություն: Անդրեյ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, ասաց. «Դա ստեղծված է եղել, ուղղակի իմ որոշումով կազմն է փոփոխվել, քանի որ նոր աշխատողներ են: Դա պարտադիր հանձնաժողով է եւ բոլոր մարզերում կա, գործում է»: Մարզպետի խոսքով՝ մահվան դեպքերի նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կապ չունի կորոնավիրուսի հետ: Հարցին՝ հանձնաժողովի կողմից հսկողությունն ինչ տեսքով է, մարզպետն արձագանքեց՝ նշելով, որ չի կարող դրա մասին մանրամասն ասել: Այնուամենայնիվ, դարձյալ մարզպետից հետաքրքրվեցինք՝ արդյոք հանձնաժողովը ստեղծված է մահվան կասկածելի դեպքերն ուսումնասիրելու համար: Մեր հարցին ի պատասխան՝ Ղուկասյանն անկեղծացավ. «Դեպք չի եղել, որ ուսումնասիրենք, դրա համար չեմ կարող մանրամասն ասել, թե որ դեպքերում է պետք ուսումնասիրություն անցկացնել»: Պարզվում է՝ հանձնաժողովը կա, ուսումնասիրության առարկան եւս, բայց ուսումնասիրող չկա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության շուրջ ուշագրավ զարգացումները չեն դադարում: Մասնավորապես՝ մեր տեղեկություններով՝ ռազմական հնաբնակ ոստիկանապետերը ներկայիս իշխանության մեջ բարեկամներ են փնտրում իրենց տեղը ապահովվելու համար, ինչն էլ ՌՈ աշխատակիցների մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Գաղտնիք չէ, որ 2020 թվականի փետրվարի 21-ին Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսան Աղաջանյանն իր մոտ էր հրավիրել նախկին իշխանությունների հետ բարեկամական կամ ընկերական կապի մեջ գտնվող ՌՈ պաշտոնատար անձանց եւ «հաթաթա տվել»՝ եթե կաշխատեք նորմալ, կմնաք, չեք աշխատի, ազատման դիմում կգրեք: Ավելին, ՌՈ որոշ աշխատակիցներ դրանից հետո դիմել էին իշխանության իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Ալեքսան Աղաջանյանին կամ այնպես անեն, որ իրենց աշխատանքից չազատեն:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում է Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Աշոտ Զաքարյանը, որը եւս համարվում է հնաբնակներից: Ավելին, ըստ լուրերի՝ Աշոտ Զաքարյանը, լինելով Երեւանի կայազորի ՌՈ պետ, խոչընդոտել է խաղաղապահ զորքերի միանալը հեղափոխության ակցիաների մասնակիցներին: Եվ քանի որ ՌՈ նորանշանակ պետ Ալեքսանդր Աղաջանյանը որոշել է համակարգը մաքրել նախկիններից, Զաքարյանը եւս իշխանության ներսում բարեկամներ է փնտրում, որպեսզի պաշտոնից չազատվի: ՌՈ-ում տարածված լուրերի համաձայն՝ Վանաձորի ռազմական ոստիկանապետը բարեկամ է իրեն գտել՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՌՈ ռազմական ոստիկանության բաժնի պետ Աշոտ Զաքարյանի հետ, որը հաստատեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղեմի ընկերներն են, սակայն վստահեցրեց, թե դա կապ չունի իր աշխատել կամ չաշխատելու հետ: «Ռազմական ոստիկանության անձնակազմը որեւէ ներքին խնդիր չունի, եւ յուրաքանչյուրը զբաղված է իր աշխատանքային պարտականությունները կատարելով»: Մեր դիտարկմանը՝ արդյոք ՌՈ ժամանակավոր պաշտոնակատարն իր հետ նման խոսակցություն ունեցել է աշխատանքից ազատվելու վերաբերյալ, ասաց. «Կարծում եմ՝ ոչ միայն իմ հետ, այլ որեւէ մեկի հետ նման շեշտադրությամբ խոսակցություն չկա, ինձ հետ առավելեւս: Ավելին, չեմ կարող Ձեզ մեկնաբանել՝ եթե որեւէ մեկին հետաքրքրում է իմ կենսագրությունը, ապա թող հետ գնան եւ տեսնեն, թե ես ինչ ճանապարհ եմ անցել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ վարչապետը «խարեբ առ խարեբ» արմատախիլ է անում քրեական ենթամշակույթը, Աջափնյակի թաղապետարանում այդ երևույթը կարծես վերելք է ապրում։ Նախ մտնելով վարչական շենք՝ այցելուին դիմավորում է բազմաթիվ դաջվածքներով «ճշտով աբրած» ինչ-որ անձնավորություն, որը ճշտում է այցելության նպատակը։ Թաղապետարանում գործածվող շատ տերմիններ ևս վերափոխվել են ենթամշակութայինի, օրինակ՝ այցելուների հերթերը կոչվում են «կիլդիմ»։ Վարչական շրջանի բնակիչները տարակուսած են նաև, թե ինչո՞ւ է Նուբարաշենի բնակիչ թաղապետը 2 տեղակալ բերել Վարդենիսից, այն էլ «Սերժի մնացորդ»՝ նախկին երկարամյա բնակկոմունալի պետ և նախկին փոխքաղաքապետ Գևորգ Բադեյանին ու Կարեն Մկրտչյանին»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ո՞րն է Մգեռ Արմենիայի՝ վերջին շրջանում հակաիշխանական պահվածքի պատճառը: Վերջերս նա զրկվել է պետական վերջին լծակից: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դաշնակահանրապետական որջին վերջ տալու համար, միավորել է Մշակույթի եւ Ջազի քոլեջները, որոնցից մեկում Մգեռ Արմենիան խորհրդի նախագահն էր: Նա զրկվում է այստեղի իր լծակ բներից, այդ թվում՝ կաբինետից, որն ըստ որոշ տեղեկությունների, սարքել էր սանհանգույցի փոխարեն: Հիմա է պարզ դառնում նրա վերջին ակտիվության պատճառը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Այս համավարակի հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում պարենային ապահովության հարցն ամենահրատապներից է։ Մեզ համար՝ հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցորենի մասով ինքնաբավության մակարդակը ցածր է։ Նաեւ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը (գերազանցապես այստեղից ենք ներկրում) կորոնավիրուսի այս օրերին պարբերաբար խոսում է իր գյուղատնտեսական քաղաքականությունը վերանայելու մասին՝ այս կամ այն պարենային ապրանքի արտահանումը մասնակի արգելելու հարցով, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած ծավալումների... Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տարիների ընթացքում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2018 թ․ այն կազմել է 31,5 տոկոս՝ 2014 թ․ 48,7 տոկոսի դիմաց։ Ինքնաբավության այս մակարդակը շատ վատ է, որովհետեւ միջազգային ցուցանիշներով երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, եթե առաջնահերթ անհրաժեշտության պարենամթերքի պահանջարկի 70-75 տոկոսն ապահովվում է սեփական արտադրության հաշվին: Մենք ցորեն ներկրող երկիր ենք․ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծել ենք 250,0 - 330,0 հազար տոննա ցորեն։ Ու քանի որ դեռ չգիտենք, թե ինչ ծավալում կստանա այս համավարակը եւ ինչ հետեւանքներ կարձանագրվեն ամբողջ աշխարհում, մեզ համար հույժ կարեւոր է դառնում տեղական արտադրության ծավալների ավելացումը։ Այսպիսով, էկոնոմիկայի նախարարությունը աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր է առաջարկում»: