23.11.2024
Մահաբեր հանքարդյունաբերություն. չարորակ հիվանդությունների մասով Լոռին առաջատար է. փորձագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ընդդեմ Ծառուկյանի՞. ինչ ցուցմունք է տվել «Մուլտի գրուպ»-ի գործադիր տնօրենը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ով արդեն երկու ամիս է կալանավորված է, ցուցմունք է տվել, որ իր անունով գրանցված մոտ 120 ձեռնարկությունները իրականում պատկանում են ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Առուստամյանը հայտարարել է, որ ինքը համաձայնել է այդ գործարքին, քանի որ չի ցանկացել կորցնել իր աշխատանքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսով է վարակվել նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Վանեցյանը չի գնում կուսակցության գրասենյակ և ինքնամեկուսացել է իր բնակարանում: Նրա առողջական վիճակը բավարար է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում տնտեսական, առողջապահական, քաղաքական, իրավական` սահմանադրական խոր ճգնաժամ է, իշխանություններն ինչպես մնացյալ, այնպես էլ ՍԴ-ին առնչվող հարցերում ահավոր դիլետանտ, փնթի գտնվեցին. ՍԴ-ի հետ կապված ողջ գործընթացում ահավոր բացեր ու կիքսեր են թույլ տվել»,- ասաց սահմանադրագետը: Իշխանությունները շատ արագ «կլուծեն» այդ հարցերը` մի մտահոգվեք։ «Չեն կարող. նախ` իրենք խնդիր ունեն ՍԴ-ում քվորումի հետ կապված»: ՍԴ նոր դատավորներին էլ արագ` մեկ օրում կընդունի-կընտրի, ու քվորում կլինի, սահմանադրական ճգնաժամը շատ արագ կվերանա։ «1 օրում 3 դատավորի ընտրություն հնարավոր չէ, դա շատ երկար պրոցեդուրա է իրենից ներկայացնում, եւ այն խախտել չեն կարող»: Կարող են, իրենք ամեն ինչ կարողանում են։ «Բոլոր դեպքերում, պետք է դատավորների թեկնածուների մրցույթ հայտարարվի, մեկ ամիս պետք է հայտեր ընդունվեն։ Իրենք էլ ճգնաժամ ունեն՝ նախ «նիկոլյան» իրավաբանները գրագետ չեն, միայն Սահմանադրական դատարանի մասին օրենքը մոռանալն արդեն բավական է, հիմա հետին թվով հասկացել են, որ փաստի առաջ են կանգնել, փորձում են շտկել իրենց ոչ գրագետ, փնթի աշխատանքը։ Մյուս կողմից էլ՝ կորոնավիրուսով հիվանդները շատ են ԱԺ-ում, եւ հնարավոր է քվորումի ու հարկավոր ձայների հետ կապված խնդիրներ ունենան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է այսօր ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ խմբագրել թույլ տված սխալները, որպեսզի կյանքի կոչվեն սահմանադրական փոփոխությունները, ՍԴ 3 դատավորի լիազորությունները դադարեցվեն, Հրայր Թովմասյանն էլ դառնա շարքային դատավոր։  Սակայն հարց է՝ իշխող թիմը կկարողանա՞ սահմանադրական օրենքների ընդունման համար պահանջվող 79 ձայնն ապահովել։ Հունիսի 23-ից ԻՔ 6-7 պատգամավոր հայտնել են, որ վարակվել են կորոնավիրուսով՝ Ծովինար Վարդանյան, Արեն Մկրտչյան, Քրիստինե Պողոսյան, Կարեն Համբարձումյան, Հայկ Գեւորգյան, Վիկտոր Ենգիբարյան, Հակոբ Սիմիդյանն էլ չի հերքել իր մասին լուրը։ Նրանց կողքին ԱԺ-ում նստող առնվազն 2-ական պատգամավոր պետք է 14 օր ինքնամեկուսացման մեջ գտնվի։ ԱԺ աշխատակազմի ղեկավարը երեկ «Փաստինֆո»-ին ասել էր, որ ԱԺ-ում կա «5 վարակված աշխատակից՝ աշխատակազմից, 6 պատգամավոր եւ մոտ 12 ինքնամեկուսացված պատգամավոր»։ Բանն այն է, որ եթե վարակակիրները մասնակցեն նիստին, քրեորեն պատժելի արարք գործած կլինեն, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն արտահերթին չմասնակցելու որոշում ունեն»:


«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 22-ին ԱԺ-ում իշխանական խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները, իշխանությունների կարծիքով, ուժի մեջ են մտել հունիսի 26-ից։ Ըստ այդմ, ՍԴ երեք դատավորների՝ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի եւ Հրանտ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվում են, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել՝ միայն որպես ՍԴ դատավոր, թեպետ, ամեն ինչ, մեղմ ասած, դեռ այդքան էլ պարզ ու հստակ չէ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն այնքան են շտապում ՍԴ սեփական դատավորներ «նշանակելու» հարցում, որ օրենքով նախատեսված երկու ամիսը չեն սպասելու: Ըստ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է ոգեւորված ու շահագրգիռ այս հարցում, որ անգամ հանգստյան օրերին թեմայի հետ կապված մի քանի աշխատանքային քննարկումներ ու փակ հանդիպումներ է ունեցել ՍԴ դատավորների հնարավոր թեկնածուներից մի քանիսի հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ հենց այս շաբաթվա ընթացքում հրավիրեն արտահերթ: Բայց մինչ այդ արտահերթով պետք է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություն կատարեն, քանզի, սովորության համաձայն, «ոտքի» վրա արված վերոնշյալ փոփոխությունները կատարելիս այդ մասին «մոռացել» են, ինչի հետ կապված, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր խոսակցություն է ունեցել պատասխանատուների հետ: Սակայն այստեղ առկա է մեկ այլ խնդիր: Բանն այն է, որ «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, իսկ ոչ քիչ թվով պատգամավորներ ինքնամեկուսացել են, ինչը կարող է խնդիրներ առաջացնել որոշումների ընդունման համար անհրաժեշտ քվեների հարցում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական իրավաբան պատգամավորներն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանգստյան օրերին քննարկումների մեջ են եղել։ «ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու խոչընդոտները վերացնեն։ Իշխանական թիմում խիստ վրդովված են, կարծում են, որ այս իրավական անգրագիտության եւ իրենց խայտառակվելու թիվ 1 պատասխանատուն Ռուստամ Բադասյանն է, եւ Փաշինյանը նրան պետք է օր առաջ ազատի։ Բադասյանը փորձում է մեղմել թիմի զայրույթը եւ որոշել է գերակատարել «պլանն» ու ուղիներ գտնել, որ այլ օրենքներում փոփոխություններով դադարեցվեն նաեւ արձակուրդում գտնվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, ՍԴ դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր, այսինքն՝ շուրջ 1 ամիս Թովմասյանն արձակուրդում է լինելու, հետեւաբար՝ ՍԴ նախագահ, սակայն այդ ընթացքում նա չի մասնակցելու ՍԴ նիստերին, նրա լիազորությունները կարող են դադարեցվել նրա՝ արձակուրդից վերադառնալու օրը միայն։ Սակայն պարզվում է՝ մի նյուանս էլ կա․ ՍԴ օրենքի համաձայն, ՍԴ-ում քվորումի բացակայության պարագայում նախագահի ԺՊ-ն կարող է հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին, որոնք կմասնակցեն նիստերին եւ որոշումների կայացմանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործընթացները եռում են, սակայն այդպես էլ չեն եփվում։ Բոլորը միաբերան նույնն են պնդում, որ պետք է իշխանափոխություն լինի, Փաշինյանին պիտի հեռացնել, սակայն ոչ մեկը չի կարողանում մյուսի հետ միասնական ռազմավարություն մշակել։ Կուլիսային պայմանավորվածությունները չեն ստացվում, քաղաքական դերակատարների շուրջ խորքային տարակարծություն կա։ Մեր տեղեկություններով, մի քանի ուղղությամբ փորձում են համախմբում իրականացնել, սակայն կրկին ոմանց հավակնությունները, մյուսների անհստակությունը փչացնում են ամեն ինչ։ Սակայն բոլորը սկսում են իրենց կարողությունների չափով ակտիվ գործողությունների պատրաստվել։ Ավելին, մեր տեղեկություններով, եթե իշխանությունն արտակարգ դրությունը չերկարաձգի, որոշ ուժեր պատրաստվում են արտակարգ դրությունից անմիջապես հետո հանրահավաքներ անելու։ Անգամ կոնկրետ օրեր են նշանակվել։ Դիտարկմանը` եթե իշխանությունը հերթական անգամ արտակարգ դրությունը երկարաձգի, ի՞նչ են անելու ակտիվ պայքարի պատրաստվող ուժերը, մեր զրուցակիցը նշեց, որ հնարավոր չէ անվերջ զսպել հասունացող դժգոհությունը, եւ եթե քաղաքական ուժերը չդիմեն ակտիվ գործողությունների, մի օր բողոքի ակցիաներ անելու են շարքային քաղաքացիները, որոնք սոցիալ-տնտեսական ծանր վիճակում են հայտնվել։ Մեր աղբյուրը նաեւ հույս հայտնեց, որ ընդդիմադիրների շրջանում կստացվի համախմբում եւ պայքարի ընդհանուր ճակատի ձեւավորում, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ իրենք կանգնած են կարեւոր ջրբաժանի առջեւ՝ ամեն ինչ մի կողմ դնել, միասնաբար պայքարել կամ թողնել, որ այդ ալիքն իրենց հետ քշի տանի ամեն ինչ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 35 պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի կողմից այս տարվա փետրվարի 6-ին կայացված որոշումը: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ հանրաքվեի դրվելիք հարցի վերաբերյալ հունիսի 22-ին խորհրդարանը արդեն որոշում ընդունել է, և հանրաքվեի անհրաժեշտությունը վերացել է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանը, որի գոյությունը հանրությունը հիշեց դիմակ կրելու վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի իրազեկման ակցիայի շրջանակում տեղի ունեցած միջադեպից, վերջին շրջանում տարօրինակ կերպով ակտիվացել է։ Նա օրերս անգամ մամուլի ասուլիս է տվել, խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներից ու որոշակի «քաղաքական վերլուծություններ արել»։ Սայաթ Շիրինյանը փաստացի հանդես է գալիս որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից։ Բացի Քոչարյանի աջակից լինելուց, Շիրինյանը նաև Վիկտոր Սողոմոնյանի ընկերն է ու «Հոկտեմբերի 27-ի գործով» հայտնի Ալեքսան Հարությունյանի սանիկն ու բանակի ընկերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սայաթ Շիրինյանը նաև բիզնես կապերով է կապված Քոչարյանների հետ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ նա «Մարտին սթար» չիպսերի, արևածաղկի սերմերի ու պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերության համասեփականատեր է։ Շիրինյանը, մասնավորապես, ընկերության դեպի Ղազախստան արտահանումների պատասխանատուն է։ «Մարտին սթար»-ը կամ նույն ինքը՝ «Օտ Մարտինա» ընկերությունը նույնպես ներգրավված է Քոչարյանի բիզնեսներում և փոխկապակցված է «Էլիտ Գրուպ» ՍՊԸ-ի հետ։ Այսինքն՝ մեր ունեցած տեղեկությունների և վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ «Մարտին Սթար» ՍՊԸ-ն նույնպես Քոչարյանի բիզնեսներից է»։


«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` ՀՀ դատաիրավական ոլորտում ընթացող գործընթացները դարձել են երկրում տեղի ունեցող իրադարձությունների առանցքային թեմաներից մեկը։ Մեր տեղեկություններով, գործող իշխանությունները նպատակ ունեն ընդհանուր առմամբ այս ոլորտում ունենալ բացարձակ ազդեցություն, մաքսիմալ ազատվել «ոչ յուրայիններից»։ Մասնավորաբար, չնայած ներկայիս բարձրագույն դատական խորհրդի կազմը ձեւավորվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այս կառույցի հետ եւս Փաշինյանի իշխանությունը որոշակի խնդիրներ է տեսնում, կամ, ինչպես իրավաբանական հանրության շրջանում են խոսում, այս կառույցի հետ էլ «յոլա» չեն գնում։ Շատերի համար անսպասելիորեն վերջին շրջանում տարբեր շրջանակներ սկսել են թիրախավորել ԲԴԽ-ն՝ նշելով, թե այն նույնպես սպասարկում է «նախկիններին»։ Թերթի տեղեկություններով, իշխանության շրջանում վերջերս նախնական որոշում է կայացվել, եւ մինչեւ սեպտեմբեր տարբեր սատելիտների միջոցով հրապարակ կնետվի, իսկ սեպտեմբերից արդեն բաց տեքստով առաջ կքաշվի ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի հարցը։ Մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, այս հարցի հետ կապված իշխանական խմբակցությունում արդեն որոշակի իրավակարգավորումներ են ուսումնասիրվում ու մշակվում, ավելին՝ խմբակցությունում Նիկոլ Փաշինյանի «հավատարիմները» մի քանի հանդիպումներ են ունեցել իրենց համար հետաքրքրություն ներկայացնող թեկնածուների հետ՝ հասկանալու, թե ով ավելի հնազանդ կլինի։ Մեր աղբյուրը չմանրամասնեց, թե ովքեր են այդ անձինք՝ խոստանալով առաջիկայում ավելի խորքային մանրամասներ տրամադրել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատեհ կամ անպատեհ առիթներով ցեխ է շպրտում նախկին իշխանությունների վրա, թե նրանց վերադարձ չի լինելու, կառավարությունը շարունակում է համալրվել նախկին իշխանական կադրերով: Այո, Փաշինյանն իր դյուրագրգիռ ելույթներով «կերակրում է» քայլարածներին, իսկ գործադիրում անաղմուկ նրանց փոխարինում նախկիններով: Այսպիսով` շրջակա միջավայրի նախարարի անժամկետ պաշտոնակատար է դարձել Վահե Ջիլավյանը` մի մարդ, ով բնապահպանության հետ կապ ունի այնքանով, որքանով օրվա իշխանությունն ազգային պահպանողական գաղափարախոսության հետ, այսինքն` ոչ մի կապ: Սակայն, առավել հատկանշական է Վ. Ջիլավյանի անցած ուղին: Նա նախկինների օրոք աշխատել է հնարավոր բոլոր նախարարություններում` սկսած ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից վերջացրած ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունով, էլ չենք ասում, որ եղել է ՀՀ սփյուռքի փոխնախարար եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ` կրկին նախկինների օրոք: Թե ինչպես նա դարձավ օրվա իշխանության «լավագույն նորը», դժվար է ասել, բայց այն, որ առնվազն այս իշխանության խոսքն ու գործը չի համընկնում, եւս մեկ անգամ փաստում է Ջիլավյանի պաշտոնավարումը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «1994թ․ ապրիլին Արմավիրի Տարոնիկ գյուղում սպանվեց Էջմիածնի բնակիչ, 36-ամյա գործարար Մհեր Պողոսյանը։ Սպանության մեջ մեղադրվեց ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը։ Այնուհետեւ հանցանքը վերաորակվեց, եւ Գրիգորյանը դատապարտվեց զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, պատիժն էլ ամբողջությամբ չկրեց․ դուրս եկավ 3 ամսից։ Թավշյա հեղափոխությունից հետո սպանվածի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, գործը վերաբացելու պահանջ ներկայացրեց։ 2020 թ․ մարտի 5-ին վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց 26 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատավճիռը՝ բավարարելով զինդատախազի բողոքը։ Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով, զինդատախազը պահանջել էր բեկանել տասնյակ տարիների վաղեմության գործով կայացած դատավճիռը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Իսկ նոր ի հայտ եկած հանգամանքը սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի հաղորդումն էր։ Էդուարդն ընտանեկան արխիվից հայտնաբերած փաստաթուղթ էր ներկայացրել դատարան, որը բացահայտում էր այդ տարիների իրավական համակարգի սնանկությունը։


Վերաքննիչի որոշման դեմ Հ․ Գրիգորյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Էդուարդն ասում է, որ Գրիգորյանը վճռաբեկում «լեզու է գտել» ու «ջրել» գործը։ Ավելին, մտերիմների հետ քեֆ-ուրախություն է արել՝ տոնել հաղթանակը։ «Ըստ ինձ հասած լուրի՝ վճռաբեկը համաձայնել է այնպիսի որոշում կայացնել, որը լիարժեք ազատություն կտա Հրանտ Գրիգորյանին»,- ասում է տուժողի իրավահաջորդը։ Մինչ այդ, սակայն, Գրիգորյանը փորձել է «լեզու գտնել» սպանվածի որդու՝ Էդուարդի հետ։ Նրան լռեցնելու եւ գործը մեկընդմիշտ փակելու Գրիգորյանի ջանքերը, սակայն, զուր են անցել․ ո՛չ ահաբեկելն է Էդուարդին հետ պահել մինչեւ վերջ գնալու վճռականությունից, ո՛չ կաշառքը։ «Մեկի միջոցով 250 հազար դոլարի ակնարկ էր անում»,- ասաց նա, որի տեղեկություններով՝ Հրանտը 1 մլն 300 հազար դոլարով վաճառել է իրեն պատկանող ռեստորանային համալիրներից մեկը։ «Նոր իշխանություններին չեմ մեղադրում․ ուղղակի դանդաղ են գործում։ Ես զարմանում եմ այն դատավորների վրա, որոնք դեռ շարունակում են գումարի դիմաց մարդասպանին երկրորդ անգամ ազատել պատասխանատվությունից։ Փաստորեն, 2 տարի անց էլ նոր Հայաստանում Հրանտ Գրիգորյանը կարողանում է փողով հարց լուծել։ Բայց ես կանգ չեմ առնելու․ Հրանտ Գրիգորյանի հետեւից գնալու եմ այնքան, մինչեւ տեսնեմ նառերի վրա պառկած»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: Ու այս առիթով արդեն նյութեր են նախապատրաստվում: «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այս դիմումը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ վերջին մեկ ամսվա հայտարարությունների հետ»: 


Նկատենք, որ առողջապահության պատասխանատուների իրականացրած քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարի եւ բուժման գործընթացում սկսվել է հետաքննության առարկա դառնալ նաեւ Ֆրանսիայում: Մասնավորապես, Փարիզի դատախազությունը դեռեւս հունիսի 9-ին սկսել էր հետաքննել երկրի իշխանությունների կողմից իրականացված գործողությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ Հետաքննությամբ կորոշվի, թե արդյոք իշխանությունների կողմից որեւէ քրեական հանցագործություն կատարվել է, թե ոչ։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայի պարագայում դատախազություն էր հանձնվել 62 բողոք՝ կապված պետական մարմինների, այդ թվում՝ նախարարությունների, տեղական մարմինների եւ ծերանոցների կողմից ճգնաժամի կարգավորման հետ։ Իտալիայում եւս նմանատիպ գործընթաց է գնում: Իսկ, ահա, Հայաստանում եւս փորձ է արվում հասկանալ, թե որքանով են իշխանությունների եւ հատկապես Առողջապահության նախարարության քայլերն եղել հիմնավոր, եւ արդյոք չեն եղել պաշտոնական դիրքը չարաշահելու կամ տեղեկատվություն թաքցնելու, աղավաղելու դեպքեր: Սակայն դիմումի հեղինակ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թերահավատորեն մոտեցավ քրեական գործ հարուցելու հեռանկարին»:


«Իրատես» թերթը գրում է. «Մշակույթի նախկին փոխնախարարներ Տիգրան Գալստյանն ու Նազենի Ղարիբյանը, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պաշտոնավարել են այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում, այժմ կրկին պաշտոնի ակնկալիք ունեն: Նազենի Ղարիբյանը, որ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նշանակվելուց հետո նախարարի պարտականություններն էր կատարում, վերջին շրջանում իշխանությանը սատարող, նույնիսկ գովերգող հայտարարություններով է հանդես գալիս: ԿԳՄՍ նախարարությունում տեղ չգտնելուց հետո նա ակտիվորեն քննադատում էր իշխանություններին ու անկաշկանդ խոսում պաշտոնյաների թերացումներից, բայց այժմ բոլորովին հակադիր դիրքերից է հանդես գալիս: «Իրատեսի» ունեցած տեղեկություներով՝ Նազենի Ղարիբյանը հավակնում է գիտահետազոտական ինստիտուտներից մեկի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելուն: Մյուս նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը, ի տարբերություն Ղարիբյանի, իր գնահատականներում կամ ելույթներում շատ ավելի զուսպ է: Ճիշտ է, չի քննադատում, բայց ակնհայտորեն չի էլ ձոներգում իշխանությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գալստյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնին է հավակնում, որ Վահագն Վերմիշյանի ձերբակալությունից հետո թափուր է մնացել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի շուրջ «կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գոգյանը պատրաստվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում առկա ակնհայտ թարգմանությունների եւ արտագրությունների մասին ապացուցողական փաստեր հրապարակել: Իսկ մինչ այդ Գոգյանը սպասում է, թե, ի վերջո, ինչ կլինի մայիսի 22-ին ՀՀ վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումի ճակատագիրը։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ նա իր մտերմիկ շրջապատում ասել է՝ հեռանա պաշտոնից, թե ոչ, պատրաստվում է Գալոյանի ատենախոսության մասին բացահայտումեր անել: Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ, որը հայտարարեց, թե ինքն այս պահին էլ աշխատում է, վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումից էլ դեռեւս որեւէ նորություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Դիանա Գալոյանի ատենախոսության մասով բացահայտումներին, այդ մասով նշեց. «Ես կարող եմ ասել, որ հարց եմ բարձրացրել եւ պատասխանի ակնկալիք ունեմ: Իմ գնալ-չգնալով այդ հարցը չի լուծվելու, հարցի պատասխանը ինձ համար շատ կարեւոր է: Իմ դիմումի պատճառներից մեկն էլ դա էր: Պետք լինի, կխոսեմ, տեսնենք դեռեւս…Խոսում եմ, չի հետաքրքրում, սենսացիա չկա երեւի, իսկ փաստերը ինտերնետում առկա են»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է ներկա­յացնել պաշտոնատար անձանց հայտա­րարագրերը, որոնք վերջիններս ներկա­յացնում են Կոռուպցիայի կանխար­գելման հանձնաժողով: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի եւ սպորտի նախա­րարությանը՝ ներկայացնելով տվյալներ նախարարի եւ փոխնախարարների հայտարարագրերից: Այսպիսով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարագրում անշարժ գույքի մասին որեւէ տվյալ չի ներկայացրել, չկան տվյալներ նաեւ տրանսպորտային միջոցների առկայության մասին: Դրամական միջոցներ բաժնում նախարարարը նշել է 1 մլն 290 հազար դրամի եւ 4 մլն 244 հազար՝ բանկային հաշվում առկա գումար: Արայիկ Հարությունյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից ՝ 16 մլն դրամ՝ նախարարի աշխատավարձ, եւ 142 հազար դրամ էլ Երեւանի պետական  ամալսարանից: Անդրադառնանք նախարարի տեղակալներին. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երեւանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաեւ 2010 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը փոխնախարարը ձեռք է բերել 2018 թվականին: Արթուր Մարտիրոսյանը, որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 18 մլն 140 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 7 մլն 800 հազար դրամ: «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում փոխնախարարը մեկ տարված ընթացքում ստացել է 2 մլն 850 հազար դրամ:


Նախարարի մյուս տեղակալ Արայիկ Խզմալյանը, համատեղ սեփականությամբ ունի երկու բնակարանի, երկուսն էլ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Թեեւ նախարարի տեղակալը 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա չի գնել, սակայն ունի երկու մեքենա՝ Nissanը ձեռք էր բերել 2017 թվականին, իսկ KiA մակնիշի ավտոմեքենան՝ 2013 թվականին: Բացի կանխիկ 14 մլն դրամից, փոխնախարարը բանկում ունի 1 մլն 710 հազար դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում նախարարությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 16 մլն դրամ, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայից էլª 467 հազար դրամ: Փոխնախարար Գրիշա Թամրազյանի հայտարարագրում բացակայում են տվյալներ նրա շարժական կամ անշարժ գույքերի վերաբերյալ: Սակայն հայտարարագիրը ներկայացնելիս Թամրազյանը նշել է իր բանկային հաշվում առկա 43 հազար դոլարի եւ կանխիկ՝ 2 հազար դոլարի եւ 2 մլն դրամի մասին: Փոխնախարարը մեկ տարվա ընթացքում նախարարությունից ստացել է 10 մլն դրամ՝ որպես աշխատավարձ, 864 հազար՝ Բրյուսովի պետական համալսարանից՝ կրկին որպես աշխատավարձ, եւ 6 մլն դրամից ավել գումար՝ բանկերից:


Մյուս տեղակալ Ժաննա Անդրեասյանն ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, սակայն նա տրանսպորտային միջոցների մասին որեւէ տեղեկություն չի հրապարակել: Անդրեասյանը կանխիկ գումար չի ունեցել, սակայն նա բանկում ունի 7 մլն 447 հազար դրամ: Հետաքրքիր տվյալներ են առկա նրա եկամտի հետ կապված՝ 1 մլն 324 հազար դրամ՝ Երեւանի պետական համալսարանից, 418 հազար դրամ՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ից, 11 մլն դրամ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, եւ այլ գումարներ եւս: Իսկ, ահա, Նարինե Խաչատուրյանն ունի երկու բնակարան, երկուսն էլ՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաեւ 2008 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը բանկում ունեցել է 4 մլն 909 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 9 մլն դրամ՝ որպես վարձատրություն, իսկ Հակոբ Սուլյանից ստացել է 1 մլն դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված գումար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդու ինքնասպանությունը կապում են գործարար Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Գալուստյանի եւ նրա որդու՝ Ալեն Գալուստյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ինքնասպանություն գործած տղամարդը՝ Մանվել Ավետիսյանը, աշխատել է «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում է հենց գործարար Ռոբերտ Գալուստյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա պարտք է եղել Գալուստյանին եւ վերջինիս որդուն՝ Ալեն Գալուստյանին: Նրանք Մանվելից պահանջել են իրենց պարտքը, որը մի փոքր ուշացումով, բայց կարողացել է հավաքել գումարը եւ վերադարձրել։ Եվ որպեսզի այլ խոսակցություններ չծավալվեն, նա կրտսեր Գալուստյանի մոտ է գնացել իր կնոջ հետ: Բայց, ինչպես երեւում է, պարտատերերն անգամ հաշվի չեն առել, որ իրենցից մշտապես յուղ վերցնող եւ վաճառող Մանվելը կնոջ հետ է եղել, այնքան էլ հաճելի խոսակցություն չի ծավալվել, եւ, ըստ ամենայնի, Մանվելն իրեն վատ է զգացել, որ կնոջ ներկայությամբ այդպիսի իրավիճակում է հայտնվել։ Կարճ ասած, տուն գնալուց որոշ ժամանակ հետո իրեն ցած է նետել պատշգամբից: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Գալուստյանի՝ Բենզին Ռուբոյի հետ, որը հաստատեց, որ 40-ամյա տղամարդու հետ պարտքուպահանջի հարց է եղել: «Ինքը պարտք է եղել, եւ ես նոր եմ իմացել, 1 միլիոնի չափ է եղել պարտքը: Անձամբ իմ որդուն՝ Ալենին, պարտք չի եղել: Որեւէ խնդիր չի եղել, կնոջն է՛լ, իրեն է՛լ շատ հարգանքով են դիմավորել», – պատմեց գործարարը»։


«Փաստ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը տասն օր առաջ ասել էր, որ «Գազպրոմ Արմենիան» ստիպված է լինելու 1000 աշխատող կրճատել: Նրա խոսքով` կրճատումների պատճառը լինելու է հաստատված նոր սակագինը, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ՀԾԿՀ-ին ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Թադեւոսյանը նաեւ հայտնել էր, որ կրճատումներից բացի, սպասվում են նաեւ աշխատավարձերի կրճատումներ: Երեկ «Փաստ» թերթին տեղեկություններ էին հասնում, որ ընկերությունն արդեն իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է ստորագրել աշխատանքային պայմանագրի հատուկ տարբերակ, որով նրանք «տալիս» են իրենց համաձայնությունը աշխատավարձի 20 տոկոսի կրճատման վերաբերյալ։ Այս փաստը «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների մոտ լուրջ դժգոհություններ է առաջացրել, որի մասին նրանք արտահայտվեցին մեզ հետ զրույցում։ Մանրամասներ ճշտելու համար դիմեցինք ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն, որտեղից միայն ասացին. ««Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենը ՀԾԿՀ նիստի ժամանակ անդրադարձել է այդ հարցին: Այդ ամենը պայմանավորված է սակագնի վերանայման եւ աշխատավարձային ֆոնդի կրճատման հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 1-ից Հայաստանն անցնելու է պարտադիր սպանդանոցային համակարգի: Ասել է թե՝ վաղվանից մեր հանրապետությունում արգելվելու է ոչ սպանդանոցային մորթը: Այն, ի դեպ, պետք է արգելվեր հունվարի 15-ից, սակայն մսավաճառների բողոքի ակցիաների պատճառով կառավարությունն արգելքը հետաձգեց մինչեւ հուլիսի 1-ը: Նշենք, որ մսամթերքի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձեւը, որ նշանակում է՝ անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված, անվտանգ միս է: Իսկ եթե մսավաճառը չունենա անասնաբուժական 5-րդ ձեւը, կտուգանվի 300 հազար դրամի չափով: Սպանդանոցային պարտադիր մորթի նկատմամբ խիստ վերահսկողությունը կսահմանվի վաղվանից, բայց արդյոք սպանդանոցների քանակը բավարա՞ր է, կամ բոլո՞ր անասնապահներին են հասանելի այդ սպանդանոցները: Պարզվում է՝ սպանդանոցային ճգնաժամ Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում է սպասվում: Այս խնդիրը մտահագում է նաեւ ՍԱՏՄ-ին: ՍԱՏՄ անասնաբուժական վարչության պետի ԺՊ Լիլիթ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Շիրակի մարզում գործող 2 սպանդանոց կա, իսկ Վայոց ձորում 1-ն է: Արմավիրի մարզում ծառայություն մատուցում է 14 սպանդանոց: Սպանդանոցի խնդիր չունի նաեւ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերը: Նշենք, որ ամիսներ առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում էր, որ հուլիսի 1-ին Հայաստանում պատրաստ կլինի մոտ 80 սպանդանոց։ Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ մեր հանրապետությունում կա 45 գործող սպանդանոց: Կառուցման փուլում գտնվում են 91 սպանդանոցներ: Պարզվում է, որ արտակարգ դրության պատճառով 17 տնտեսվարողներ շինարարական ոչ մի աշխատանք չեն իրականացրել»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, հստակ ընդգծվել էր, որ միջոցառման նպատակն է օժանդակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին:  Այս ծրագրով տուժած ոլորտների ցանկում նաև զբոսաշրջային ծառայություններն են: Բայց խնդիրն այն է, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցողներից շատերի տվյալները բացակայում են դիմումատուների ցուցակից: Խոսքը միանվագ, նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն ստանալու մասին է: Խնդիրն այն է, որ զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողների մեծամասնությունը (մեր տեղեկություններով՝ մոտ 80 տոկոսը) դեռ 2020 թ. սկզբին անցել է միկրոձեռնարկատիրության հարկման դաշտ: Այժմ ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են, որ 20-րդ միջոցառման ցանկում ընդհանրապես բացակայում են միկրոձեռնարկությունների տվյալները:


Ըստ էության, սա է պատճառը, որ թեպետ նրանցից շատերը նախորդ աջակցման ծրագրից կարողացել են օգտվել, բայց այս անգամ նրանք զրկվում են միանվագ աջակցությունից: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծանոթ է խնդրին, և իրենք ևս դիմել են համապատասխան մարմիններին՝ հարցն ուշադրության և քննարկումների փուլում պահելու համար: Մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ նա շեշտեց, որ դեռ աջակցության ծրագրերի առաջին փուլերում են բարձրաձայնել հնարավոր խնդիրների մասին: «Հիմնական խնդիրը տնտեսական գործունեության դասակարգչով է պայմանավորված՝ մասնավորապես այդ ծրագրերով նախատեսված դասակարգիչներին չհամապատասխանելու հետ: Մենք այս մասին դեռ 3-րդ միջոցառումից սկսած ենք բարձրաձայնել:  Մասնավորապես շեշտել ենք, որ զբոսաշրջության ոլորտին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել՝ նաև ընտրության չափանիշների մասով: Կազմակերպություններից շատերն ընտրվում են ըստ տնտեսական գործունեության դասակարգչի, իսկ զբոսաշրջության ոլորտում շատ են կազմակերպությունները, ԱՁ-ները, որոնց տնտեսական գործունեության դասակարգիչը չի համապատասխանում պահանջվող դասակարգիչներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը: