VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ բավական ուշագրավ դատական որոշումներ կայացվեցին, խոշոր գրավի դիմաց կալանքից ազատվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ խորհրդարանի երկրորդ՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չնայած մեծամասնությունը «փուռը տվեց», սակայն դատարանը կալանքի որոշում չկայացրեց։ Այսպես թե այնպես, երկու գործիչների դեպքում էլ իշխանությունը ցանկացած պահին կարող է կրկին թարմացնել զինանոցը, գտնել հավանական ու անհավանական բոլոր պատճառներն ու վերջիններիս ազատությունից զրկել։ Սակայն եւ՛ Քոչարյանը, եւ՛ Ծառուկյանն ունեն մեկ երաշխիք, որի պարագայում իշխանությունը երբեք նրանց դատարան չի բերի ու չի կալանավորի։ Դա ոչ թե իրավական ալիբիներն են, այլ քաղաքական դիրքորոշումը, այն է՝ այսուհետ ինչպես կդրսեւորեն իրենց քաղաքական առումով։ Այլ խոսքով, յուրահատուկ մի գործարք. եթե Քոչարյանն ու Ծառուկյանն իրենց թիմակիցներով որոշեն դուրս չգալ օրվա իշխանության դեմ, չպահանջել Փաշինյանի հրաժարականը, կարող են հանգիստ ապրել, հակառակ դեպքում, հասկանալի է արդեն ինչ սցենարով կընթանան իրադարձությունները։ Ստացվում է՝ Քոչարյանի եւ Ծառուկյանի վարքագծից է կախված, թե ինչպես իրեն կպահի օրվա իշխանությունը նրանց կալանավորելու հարցում։ Եթե Ռոբերտ Քոչարյանի պարագայում ձեւավորված թիմ, քաղաքական ուժ չկա, որպեսզի հակաիշխանական ինչ-ինչ դաշինքների միանա, վարչապետի հրաժարականի պահանջով դուրս գա փողոց, ապա այդ առումով բավական բարդ վիճակում է Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ ունի թիմ, իշխանության դեմ պայքարելու «տղամարդու» խոստում, այլ ուժերի հետ թեկուզ բանավոր համաձայնություն։ Ասել է՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու գինը կարող է լինել քաղաքական չեզոքությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված ԱԱԾ խուզարկության արդյունքում ի հայտ եկած ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ թղթերից ու քրեական գործերից հետո իրար է խառնվել նաև ՀՀԿ-ն։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ընտրակեղծարարության ակունքներում կանգնած ՀՀԿ-ականները «ուբորկա» են սկսել իրենց գրասենյակներում, բնակարաններում։ Թեև ՀՀԿ-ն ավելի խելացի է գտնվել ընտրակաշառք բաժանելուց և դրանց վերաբերյալ թղթերը շատ չի արխիվացրել, բայց որոշ ՀՀԿ-ականների մոտ դեռևս հին ցուցակներ կան, որոնք այս օրերին ակտիվ ոչնչացման փուլում են։ Մեզ պատմեցին, որ ամենաբարձր մակարդակով ՀՀԿ-ականներին զգուշացվել է «ուբորկան» մաքսիմում պատշաճ կատարել, որ հետք անգամ չմնա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նման միասնական պահվածք մենք տեսել էինք միայն խորհրդային տարիներին՝ ԽՄԿԿ համագումարների ժամանակ, երբ բոլոր որոշումներն անցնում էին միաձայն, եւ որեւէ մեկը չէր համարձակվում հակառակ կարծիք հայտնել ու դեմ գնալ ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգներին՝ երբ չկար ընդդիմություն եւ ընդզվում։ Երեկ 2020 թվականի անկախ Հայաստանի խորհրդարանն իր պատմության ամենախայտառակ էջը գրեց՝ մեկին մեկ կրկնելով ԽՄԿԿ համագումարների տեսարանները։ Դժվար է ասել, թե ինչ են զգում Նիկոլ Փաշինյանի ձեռքում անշունչ պտուտակների վերածված պատգամավորները։ Եվ ի՞նչ են շահում սրա դիմաց նրանք՝ պատգամավորի աշխատավա՞րձը, մանդատի բերած մի քանի արտոնություննե՞րը, սեփական կարեւորության զգացո՞ւմ։ Բարձր գին չե՞ք վճարում, արդյոք, սահմանադրական կարգը տապալելու կոլեկտիվ հանցագործությանը մասնակցության դիմաց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի որոշ պատգամավորներ, որոնք ինչ-ինչ թելերով անցյալում կապ են ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունից հետո բանագնացների միջոցով փորձել են Ծառուկյանի մոտ մեղա գալ, որ իրենք այդ քվեարկությունն իրականացրել են ստիպված, եւ իրենցից ապացույցներ են պահանջել՝ չէին կարող այլ կերպ քվեարկել։ Ասել են, որ գործընթացի պատասխանատուն եղել է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ով տղամարդ պատգամավորներին հոգեբանորեն ճնշելուց զատ, բոլոր պատգամավորներից պահանջել է իրենց քվեարկության մասին հավաստի ապացույց ներկայացնել ոչ թե լուսանկարի, այլ տեսանյութի տարբերակով։ Փաստորեն, քաղաքական թրաֆիքինգն ընդունված է նոր Հայաստանում, հեղափոխական ուժերի մոտ, մինչդեռ նրանք ԲՀԿ-ականներին էին դատապարտում ղազագիր գրելու հարցում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության եւ վարչության համատեղ նիստը, որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, կրկին անցել է բուռն: Հիմնական թեման եղել է երկուշաբթի մեկնարկող ԱԺ արտահերթը: Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «շան լափ» է թափել Վահագն Հովակիմյանի գլխին, մի քանի «շերեփ» էլ հասել է Արարատ Միրզոյանի քավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Ասաց` ինձ չի հետաքրքրում, թե ինչ եք արել կամ անելու, հարցը լուծեք` ոնց ուզում եք, ու էնպես լուծեք, որ խնդիրներ չառաջանան Վենետիկի, միջազգային այլ կառույցների հետ։ Շեշտեց` լավ չեք աշխատում այդ կառույցների հետ»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: «Լինչի» ենթարկված պատգամավորները «մեղքը» գցել են Ռուստամ Բադասյանի վրա: Նիկոլն ասել է․ «Ինձ չի հետաքրքրում, գործը պետք է անեք` առանց խնդիր ստեղծելու, թե չէ ձեր համար վատ կլինի»:
«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության՝ նախորդ շաբաթվա ավարտին տեղի ունեցած նիստի ժամանակ, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրակարգում է եղել նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարցը: «Իրատեսի» տեղեկություններով՝ իմքայլականներին խստագույնս անհանգստացնում է այն հանգամանքը, որ դատաիրավական ոլորտում իշխանությունը մեկը մյուսից հետեւից ձախողումներ է գրանցում: «Ձախողում ասվածը, իհարկե, իշխանության դիտանկյունով է ձախողում: «Իմ քայլի» ներկայացուցիչները որեւէ կերպ «մարսել» չեն կարողանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ձեւի փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու հանգամանքը, ինչպես նաեւ ՍԴ-ի մասով Վենետիկի հանձնաժողովից ոչ միանշանակ, ինչ-որ տեղ անգամ քննադատող եզրակացությունը: Եվրոպացիներին հունից հանել է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները, չսպասելով հանձնաժողովի եզրակացությանը, շրջանառության մեջ են դրել ՍԴ-ի մասին նախագիծը»,- ասաց մեր զրուցակիցը: Արշալույսները խաղաղ չեն նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչների համար: Իշխանության վերնախավը մեղադրական հարցապնդումներ է հղում պատգամավորներին, թե ինչպես է ստացվում, որ օրենսդրական գրեթե ոչ մի նախաձեռնություն առանց քննադատության, սահուն չի անցնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաեւ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու դատարանի որոշմանը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե սա եւս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է։ Ծառուկյանի հետ կապված էլ իմքայլականները հետաքրքրվել են՝ կձերբակալվի՞, Փաշինյանն այս հարցին էլ չի պատասխանել՝ դա միայն դատարանը գիտի։ Հիշեցնենք, որ նիստը շաբաթ օրն էր, իսկ կալանքի որոշումը պետք է կիրակի հրապարակվեր։ Ինչ վերաբերում է Ռ․ Քոչարյանի գործին, ապա ՍԴ-ն, որն արդեն ստացել է Վենետիկի եւ ՄԻԵԴ-ի պատասխանները, այն քննելու է հուլիսի 7-ին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի ՊԵԿ-ը Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության վերաբերյալ մոտ 1 միլիարդ դրամի ակտ էր կազմել։ «Նաիրի ինշուրանսի» կողմից այս դատական ակտը չէր բողոքարկվում մինչև վերջին պահը։ Սակայն նախօրեին բողոքարկման համար նախատեսված ժամկետի վերջին օրվա վերջին րոպեներին «Նաիրի ինշուրանսը» դատի է տվել ՊԵԿ-ին։ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը թերևս ոգևորել է Քոչարյան ընտանիքին, լրացուցիչ վստահություն է տվել, և նրանք անցել են հակահարձակման։ Հիշեցնենք, որ այս գործով, ի թիվս այլ հարցերի, Քոչարյանները «մեղադրվում» են 1 մլրդ դրամ (2 մլն դոլար) հարկ թաքցնելու մեջ։ Կարելի է պատկերացնել, թե հոր պաշտոնավարման ժամանակ ինչ չափով է Լևոն Քոչարյանը բարեգութ եղել բյուջեի վճարումների հարցում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը առանց ընդդիմության մասնակցության, առանց հանրության կարծիքը հաշվի առնելու հապճեպորեն հրավիրեց արտահերթ նիստ՝ լուծելու ՍԴ-ն եւս փաշինյանական դարձնելու ծրագիրը: Ըստ այդ «գաղափարի», դադարեցվում է ՍԴ երեք դատավորների պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել միայն որպես ՍԴ դատավոր: Այս նախաձեռնությունն ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերն ու իրավաբանական հանրության մեծ մասը որակել են որպես հակասահմանադրական: Խոսքը թե՛ բովանդակության, թե՛ ընթացակարգի մասին է, քանզի եզրակացության համար ՍԴ չեն դիմել, ինչը հստակ ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ ՀՀ նախագահի ստորագրման ընթացակարգը «քայլողները» վերացնում են «ոտքի վրա»: Արդյունքում որոշ ուժեր եւ մասնագետներ այս գործընթացն արդեն գնահատել են որպես «իշխանության զավթում», «սահմանադրական կարգի տապալում», «սահմանադրական հեղաշրջում»: «Փաստ» թերթի հետ զրույցում «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը նշել է, որ «այսպիսով խախտվում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, խախտվում է նաեւ ժողովրդավարության ամենակարեւոր՝ իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը»:
Ըստ Մելիքյանի, «իշխող քաղաքական ուժը օր օրի վերածվում է դասական բռնատիրական մի վարչակարգի»: Ի դեպ, երեկ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք էր հայտնել, որ «Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, եւ ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին»: Միեւնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՀՀ իշխանություններին կոչ էր արել «առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի կարգադրություններով՝ սահմանադրական ճգնաժամը 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների սահուն կատարմամբ եւ Եվրոպայի խորհրդի չափանիշների համապատասխան հաղթահարելու համար»: Սակայն փաստացի թե՛ ներքին, թե՛ արտաքին կարծիքները իշխանությունների կողմից շարունակում են մնալ անտեսված»:
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը միայնակ քննարկեց եւ ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի: Օրվա վերջում հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք` խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: ԲՀԿ-ն մասնավորապես դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին, որպեսզի միանան այս նախաձեռնությանը` երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու եւ սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար: Սակայն, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, հեչ ԼՀԿ-ի սրտով չէ այս նախաձեռնությունը: Վերջիններս անգամ իրենց գործընկերների հետ նեղ շրջանակում անկեղծացել են, թե զուտ խուսափում են, որ «հակահեղափոխականի» պիտակ կկպցնեն իրենց եւ կշարունակեն մեղադրել, այսպես ասած, նախկիններին աջակցելու մեջ: Իհարկե, ԼՀԿ-ականներն այս առումով մոռանում են, որ հակառակ դեպքում` արդեն պաշտոնապես վերածվելու են իշխանության գրպանային ընդդիմության, այնուամենայնիվ, թե ինչ ճանապարհով կգնա «Լուսավոր Հայաստանը», պարզ կլինի այսօր»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները բանակցում են միասնաբար Սահմանադրական դատարան դիմելու և խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցը վիճարկելու հարցի շուրջ: Սահմանադրության 169 հոդվածը պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդին՝ 27 պատգամավոր, հնարավորություն է տալիս նման հարցով դիմել ՍԴ: ԲՀԿ խմբակցությունը ունի 25 պատգամավոր, գումարած Տիգրան Ուրիխանյանը, 27 ստորագրություն ունենալու համար պետք է ևս մեկ պատգամավոր: Չնայած քննարկումներին, քիչ հավանական է, որ այս երկու խորհրդարանական խմբակցությունները գնան նման քայլի, քանի որ վախենալու են, որ կմեղադրվեն նախորդ իշխանության կողմից ուղղորդվելու մեջ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 89 կողմ ձայնով` առանց դեմ եւ ձեռնպահ ձայների: Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները: Այդպիսով կդադարեցվի Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես ՍԴ նախագահ, եւ 9 անդամներից 3-ի լիազորությունները` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի: Ընդ որում, այս փոփոխությունները բավականին արագ են կատարվելու, եւ Ազգային ժողովի կողմից նախագծի հրապարակումից հետո պատգամավորները խորհրդարանում արդեն փակ գաղտնի քվեարկությամբ կարող են ՍԴ նոր անդամներ ընտրել: Հավելենք, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են մինչեւ այդ ունենալ ՍԴ նոր կազմ, որպեսզի խուսափեն անակնկալներից, քանի որ չի բացառվում՝ այժմյան կազմով այն հակասահմանադրական ճանաչվի, եւ այդ դեպքում քրեական գործը կկարճվի: Դրա հետ մեկտեղ ուշագրավ է, որ երեկվա դրությամբ իմքայլականները չունեին թեկնածուներ եւ այդ առումով բուռն քննարկումների մեջ էին՝ այդպես էլ չիմանալով՝ ում առաջադրել միանգամից երեք տեղի համար: Ընդ որում, ընտրությունը պետք է կայանա նույն օրը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս առուն չթռած` իշխանություններն արդեն իսկ դերաբաշխումներ են կատարում Սահմանադրական դատարանում: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցությունում արդեն իսկ տեղյակ են, թե ովքեր են լինելու ՍԴ նոր անդամները, իսկՍԴ նախագահն, իհարկե, հայտնի է` այսքան ժամանակ աշխատավարձ ստացած եւ չաշխատած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին կարգելու են նախագահ: Իսկ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կհամալրի ՍԴ դատավորների շարքը: Ի դեպ, իշխանության մոլի երկրպագու դարձած Կ. Անդրեասյանն ամենեւին էլ նորեկ չի լինի Սահմանադրական դատարանում: Նա դեռեւս 2006-2007 թթ.-ին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ընդդիմադիր դաշտում խոստացված կոնսոլիդացիան այդպես էլ չի կայանում: Միասնական ճակատով հեղափոխական իշխանության դեմ պայքարի չեն գնա ԲՀԿ-ն, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին հայտարարվեց, թե շուտով հուշագիր կստորագրվի ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու եւ միասնական պայքարի համար: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ուժերի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են նախորդ շաբաթվա վերջին ու չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն պնդել է, թե անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ ուժեր միանան իրենց ճակատին, որպեսզի ազդեցիկ միավորում լինի, ու դա լինի Գագիկ Ծառուկյանի շուրջ: Մյուս կուսակցությունները, որոնց մեծ մասը մարդ-կուսակցություններ են, չեն համաձայնել` ասելով, թե պետք չէ «մանր-մունր» կուսակցություններին ներգրավել այդ գործընթացին: Ու այդպես հուշագիր ստորագրելու գրծընթացը կասեցվել է կամ չեղարկվել ընդհանրապես: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերը նշված ուժերն այնուամենայնիվ մի հարցի շուրջ համաձայնության եկել են, այն է` հին դեմքերը, Հանրապետական կուսակցության որեւէ ներկայացուցիչ չպետք է երեւա ընդդիմության գործողություններում եւ չպետք է խառնվի նոր ընդդիմության գործերին, այսինքն՝ այս ուժերը կարողացել են դեռեւս համաձայնության հասնել միայն այս հարցում:
Այնուամենայնիվ, կոնկրետ ի՞նչն է խանգարում միավորմանը. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ քննարկումները շարունակվում են: «Մեր քննարկումները քաղաքական ուժերի հետ այսօր էլ ընթացքի մեջ են, եւ որեւէ բան չպետք է արվի ինքնանպատակ, պահի ազդեցության տակ: Ոչ մի բան հնարավոր չէ մեկ ժամում նախանշել», – նշեց Տոնոյանը: Իսկ, ահա, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Հանդիպումներ եղել են ինչպես հունիսի 20-ին, այնպես էլ դրանից առաջ։ Ընթանում է բնականոն աշխատանքային գործընթաց, եւ քննարկումների ավարտին մեր ժողովրդին կներկայացնենք համագործակցության ձեւաչափի եւ առաջիկա ռազմավարության մասին»: Իսկ ի՞նչ խնդիրներ կան «Մեկ Հայաստան» կուսակցության մասով, որի լիդերը հայտարարել էր, թե հուշագիր ոչ մի դեպքում չի ստորագրելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ղազինյանը դժգոհել է, թե իրեն անտեսում են եւ չեն տեղեկացնում պայմանավորվածությունների մասին, նա շատ բան իմանում է լրատվամիջոցներից: Հավելենք, որ երեկ ողջ օրը խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ համապատասխան թվով ստորագրություններ հավաքել` ՍԴ դիմելու համար»:
«Իրատես» թերթը գրում է. «Վերջերս նորից ակտիվացել են խոսակցությունները, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շուտով պաշտոնանկ կարվի: Օդում կախված լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ ուժային կառույցների մասով, ցանկանում է ազատվել նախկինների կադրերից: Ասվածի ապացույցը վերջերս միանգամից երեք ղեկավարի՝ ԱԱԾ-ի, ոստիկանության ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի պաշտոնանկությունն էր: Դավիթ Տոնոյանի՝ նախարարի պաշտոնը լքելու մասին խոսակցություններն առկա են նրա նշանակման առաջին իսկ օրվանից: Բայց եթե նախորդ դեպքերում ռազմական ոլորտի թիվ մեկ պատասխանատուն լրագրողների հետ զրույցում անձամբ էր հերքում բոլոր տեսակի լուրերը, այժմ սակայն քար լռություն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տոնոյանը ներկա չէր նախորդ շաբաթ անցկացված Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին, ինչպես նաեւ բացակայում էր արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցը քննարկող խորհրդարանական նիստին, նախարարության բյուջեի կատարողականն էլ խորհրդարանում փոխնախարարն էր ներկայացնում, կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ: Որպես Տոնոյանի հավանական փոխարինողի՝ շրջանառվում է փոխնախարար Մակար Ղամբարյանի անունը: Վերջինս թեեւ անհեթեթ է որակում այս խոսակցությունները, սակայն լուրեր են պտտվում, թե նա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, որն էլ, անհրաժեշտության դեպքում, «վերեւներում» բարեխոսելու է Ղամբարյանի օգտին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ուշագրավ տեղեկություններ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի որդու մասին: Մասնավորապես, պարզեցինք, որ Աղաջանյանի որդու հետ կապված՝ ՀՀ զինվորական քննչական բաժնում քրեական գործ է հարուցված: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Աղաջանյանի որդին ամիսներ առաջ զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն իր հայրիկի՝ ՌՈ պետի՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ազատվել է ծառայությունից: Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը Աղաջանյանի որդու՝ բանակից ազատման մասով հարուցել է քրեական գործ, այն ուղարկել Զինվորական քննչական բաժին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանից: «Դ. Աղաջանյանը, ունենալով առողջական խնդիրներ, 19.07.2019թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքրի 315-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ»: Ստացվում է, որ քննչական մարմինը հիմա ստուգում է այն հանգամանքը, թե որ բժիշկներն են սխալ եզրակացություն տվել, որ խնդիրներ ունեցող տղան զորակոչվել է բանակ: Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտա տարվող քննությունը, որին մենք կհետևենք, և չի պարզվի, որ բժշկական եզրակացությունները սարքովի են»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է. «Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սեւացնել կամ քննադատել, այդ թվում՝ ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,-ասել է նա։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հայտարարությունը բավականին լուրջ քննադատության է արժանացել եւ մեծ թվով հարցեր է առաջացրել հատկապես ՀՀ ՊՆ-ի ու ԱՀ ՊԲ զինվորականների շրջանում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը փորձել է բացատրել եւ արդարանալ, որ ընդամենը նպատակ է ունեցել համեմատականներ տանել եւ ցույց տալ բանակի նոր ձեռքբերումները, ինչը, սակայն, լավ չի ընկալվել ոչ միայն զինվորականների, այլ առհասարակ հանրության տարբեր շերտերի, այդ թվում՝ քաղաքական տարբեր շրջանակների կողմից։ Թերթի տեղեկություններով, իրականում առաջ քաշած այդ թեզն ուղղորդված է եղել հայաստանյան իշխանությունների որոշակի սեգմենտի կողմից, ինչը նկատվում է նաեւ այս թեմայի հետ կապված քննարկումների ժամանակ փաշինյանական խմբերի կողմից Հարությունյանին տեղեկատվական աջակցություն ապահովելու փորձով։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ, ըստ մեր աղբյուրների, ՀՀ իշխանական շրջանակներում էլ այդ հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել, եւ Հարությունյանին ակնարկել են, որ նման թեմաները շրջանցի եւ խուսափի այդ կարգի մեկնաբանություններից»:
«Իրավունք» թերթը գրում է. «Թերեւս 2018-ի իշխանափոխության կարեւորագույն խոստումներից մեկն էլ շվայտ կյանքի եւ ճոխությունների մերժումն էր: Այժմյան վարչապետ, նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ «Նոր Հայաստանում» հատկապես պետական պաշտոնյաները, իրավունք չունեն իրենց ճոխություններ թույլ տալ: Նախկինում անգամ լուրեր էին շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին արգելել է Հայաստանի սահմաններից դուրս հանգստանալու գնալ: Ինչ խոսք, այսօրինակ քայլերը սկզբնական շրջանում գուցե շատերին հրապուրիչ թվային, սակայն ամեն հնարովի եւ արհեստական բան ուշ թե շուտ մի օր ավարտվում է: Մեր ունեցած տեղեկություններով, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երեւանի «Երազ» բնակելի թաղամասում բնակարան է գնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի եւ ռեկտորի ընտրությունը դարձել է անվերջանալի սերիալ։ «Դասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրված աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանի թեկնածությունն առաջադրել է դեկան Մարատ Գրիգորյանը, որը Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրն է, գործընթացի գլխին էլ կանգնած է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Ասել է թե` իմանալով, որ իշխանությանը դեմ մարդուն են «բրթել» խորհրդի անդամ, իսկ այդ մեկ ձայնը ռեկտորի ընտրություններում վճռորոշ նշանակություն ունի, որեւէ բան չի արել»,- ասաց ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը: Դե, ռեկտորի ամենահավանական թեկնածուն եւս կարծես «սրսուռ» իշխանական չէ. Դումանյան Վահրամը կարկառուն ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի հորեղբորորդին է, ՀԱԿ-ի հին համակիր։ «Այդպես է, բայց իր դեպքում կա ավելի հետաքրքիր նյուանս. Վահրամը 2006-ին եղել է Նիկոլի «Այլընտրանք» ընտրական դաշինքի անդամ, հետո հեռացել է Նիկոլից։ Նիկոլը գտել է, որ նա իրեն դավաճանել է, հիմա Նիկոլին ուզում են համոզել, որ Դումանյանն ամենաանցողիկ թեկնածուն է, ամենաշատ ձայնն ունի»: Նախ` քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, եւ հետո` ո՞վ է «զեկուցում»։ «ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, որը Դումանյանի ընկերն է»: Մի խոսքով, ԵՊՀ-ում, Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, խառն են ու ոչ մի կերպ հունի մեջ չեն ընկնում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» ընկերությունները ապրիլի 17-ի եւ ապրիլի 21-ի գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունները խնդրել են համաձայնություն տալ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 մլն 597 հազար 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ բանկերից մեկում գրավադրման գործարքի կնքմանը։ Սակայն պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 12-ի գրությամբ ՀԾԿՀ-ին ներկայացրել է կառավարության դիրքորոշում, որտեղ նշվել է, որ գործարքի կնքումը նպատակահարմար չէ։ Իսկ հանձնաժողովը գործարքի կնքմանը համաձայնություն չի տալիս, եթե այն ՀՀ կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը մերժել է, ի ապահովումն «Լիսմարթ» ընկերության վարկային պարտավորությունների կատարման, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 597 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 29-ին տեղի է ունենալու ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների բաց մրցույթը։ Ինչպես Գլխավոր դատախազությունից են մեզ հայտնել՝ տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով բաց մրցույթին մասնակցելու համար ստացվել է 3 դիմում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար՝ 25 դիմում, յոթ տեղի համար։ Մրցույթն անցկացնելու է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի եւ որակավորման հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղակալ Արմեն Հարությունյանն է՝ նախկին զինդատախազը։ Ըստ գլխավոր դատախազի հրամանի՝ մրցույթը, կախված հավակնորդների թվից, կարող է տեւել ոչ թե մեկ, այլ մի քանի օր։ Մրցույթներն անցկացվում են հարցազրույցի եղանակով։ Տեղակալի մրցույթն էլ անցկացվում է հարցազրույցի միջոցով՝ երեք փուլով։
Մրցույթն անցկացվում է անգամ այն դեպքում, երբ դիմել է մեկ հոգի։ Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է տալ առավելագույնը 2 հարց, սակայն ընդհանուր հարցերի քանակը պետք է լինի առնվազն վեցը։ Մրցույթի ավարտից հետո մեկօրյա ժամկետում 3 դրական եզրակացություն ստացած թեկնածուների վերաբերյալ ցուցակը ներկայացվում է գլխավոր դատախազին, եւ նա է նշանակում կատարում։ Էթիկայի եւ որակավորման հանձնաժողովի անդամ Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ է բոլոր թեկնածուներին , նրանց գործերն ուղարկվել են իրենց․ «Տեղակալի հետ կապված 3 թեկնածու կա, մյուսի դեպքում՝ 20-ից ավելի։ Օրենքով սահմանված կարգին համապատասխանող բոլոր անձինք իրավունք ունեն դիմելու։ Մարդիկ կան, որ իրավաբան են, օրինակ՝ տեղակալի համար մեկը, որը դիմում է ներկայացրել, արդարադատության նախարարությունից է»։ Հիշեցնենք նաեւ, որ բաց մրցույթները կանցկացվեն 2020թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ը: Մեր տեղեկություններով, մրցույթի համար դիմած անձինք այս օրերին ոչ միայն ինտենսիվ պատրաստվում են՝ օրենսդրությունն են վերհիշում, այլեւ գործի են դրել ծանոթ-բարեկամների ողջ արսենալը, որ իրենց համար բարեխոսեն»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի եւ թերմալ ջրերի երկրորդային օգտագործման խնդիրը դեռ մնում է պետության առաջնային լուծման օրակարգում: Այսօր մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետր մաքուր բարձր որակի եւ գյուղատնտեսական հողերի ոռոգման համար անհրաժեշտ օրգանական նյութերով հարուստ ջուրը հոսում է ՀՀ սահմաններից դուրս: Սա այն դեպքում, երբ Արարատյան դաշտում մշտապես զգացվում է ոռոգման ջրի պակաս, եւ պետությունն ամեն տարի դիմում է մեր երկրի ռազմավարական նշանակության ջրային ռեսուրսի հիմնական պաշարի՝ Սեւանի օգնությանը՝ օրենքով այնտեղից վերցնելով նվազագույնը 170 մլն խմ ջուր: 2008 թ. հանրապետությունում ձկնաբուծության ոլորտին առաջնայնություն տալուց հետո կարճ ժամանակահատվածում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի գերշահագործում արձանագրվեց: 1984 թ. կատարված ստորերկրյա ջրերի միակ ուսումնասիրության արդյունքում հաստատված 34,7 խմ վայրկյան թույլատրելի ջրառն արդեն 2014-ին հասավ 78.2-ի, որը տարեկան կազմում էր մոտ 2.2 մլրդ խմ քաղցրահամ ջուր: Դրանց միայն 1.2 մլրդ խմ-ը օգտագործվում էր ձկնաբուծական տնտեսությունների համար: Այդ տարիներին Արարատյան դաշտում գործում էր 250 ձկնաբուծարան: Այս ահռելի ջրաքանակը ձկնաբուծարաններում հիմնականում մեկ կամ, լավագույն դեպքում, երկու անգամ շրջանառելուց հետո Արաքսով հոսում էր երկրի սահմաններից դուրս: Ձկնաբուծարաններից հոսող ջրերի երկրորդային օգտագործումը խթանելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացվող տարբեր միջոցառումներին զուգահեռ հանդես է եկել նաեւ օրենսդրական կարգավորմամբ: Նախարարությունն առաջարկում է գրեթե զրոյացնել բնօգտագործման վճարներն այն դեպքում, երբ ջրօգտագործումից հետո հեռացված ջրերը կրկնակի օգտագործելու համար համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվում, եւ ջրառ է իրականացվում: Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է մակերեւութային, ստորերկրյա քաղցրահամ եւ թերմալ ջրերի կրկնակի օգտագործման համար՝ արդյունահանման համար սահմանված բնօգտագործման դրույքաչափի 0.5 գործակցի կիրառում»: