Ինչպես և աշխարհի ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում կուսակցություններն ունեն սեփական կանոնները, բայց բոլորին համախմբում է մեկ չգրված օրենք՝ կա՛մ թիմի հետ ես, կա՛մ թիմի հետ չես: Ինչպես ասում են ռուսները՝ «третьего не дано»: Եվ սա հավասարապես վերաբերում է նաև այն անհատներին, որոնք կուսակցական չեն, բայց թիմի հետ են:
Այս իմաստով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բացառություն չէ: Եվ երբ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվեց այն իրավիճակը, որին բոլորս ականատես եղանք մեկ շաբաթ առաջ, պարզ էր, թե այս թիմի անդամները ինչ վարքագիծ են դրսևորելու. այդպես եղել է, այդպես կլինի: Ու եթե ԱԱԾ շենքի դիմաց քաշքշուկից հետո որոշ անձինք մեղադրում էին, թե որ կին էին, թող չգնային, բռնության էլ չենթարկվեին, կամ՝ բա ի՞նչ պիտի անեին, ի՞նչ կապ ունի սեռը՝ քաղաքական գործիչը սեռ չի ճանաչում, թիմի մասնիկ հանդիսացող Լյուդմիլա Սարգսյանը դարանակալել էր տանը ու հետևում էր զարգացումներին հեռվից:
Այո, Լյուդմիլա Սարգսյանը ԲՀԿ-ական չէ և արդեն իսկ հստակ է, որ երբեք չի էլ դառնա: Շատերը կհիշեն, որ երբ Լյուդմիլա Սարգսյանը որպես քաղաքական գործիչ մոռացության էր մատնվում, նա նորից կարողացավ վերադառնալ քաղաքական դաշտ միայն Նաիրա Զոհրաբյանի շնորհիվ. ավարտելով ՀԱԿ-ի հետ հարաբերությունները նա ընդգրկվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակում բացառապես Զոհրաբյանի պրոտեկցիայի շնորհիվ, 2019 թվականին էլ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ դարձավ: Ու այս ամենը ոչ միայն անձնական հարաբերությունների, այլև այն կարծիքի շնորհիվ, որ ձևավորվել է, որի մասին ժամանակին, դեռ նախքան այդ համագործակցությունը, հայտարարել էր նույն Զոհրաբյանը.
«Ես շատ հարգում եմ Լյուդմիլա Սարգսյանին: Տիկին Սարգսյանին համարում եմ իսկապես պատրաստված գործիչ: Գիտեք, մարդը, քաղաքական գործիչն ընդհանրապես պետք է լինի կանխատեսելի: Պիտի նաև քաղաքական կոռեկտություն և նրբանկատություն ունենա, ինչը ես այս տարիների ընթացքում տեսել եմ Լյուդմիլա Սարգսյանի մոտ: Ամենակարեւորը` իր մարդկային որակներն ինձ համար շատ գնահատելի են: Մնացածը կորոշվի առաջիկայում»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը:
Թերևս հենց սա էր վստահություն ներշնչել տիկին Սարգսյանին, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նա կարող է (ինչու ոչ) լինել ԲՀԿ-ի քաղաքապետի ցուցակում՝ սա մենք չենք ասում, այլ Լյուդմիլա Սարգսյանը հարցազրույցներից մեկում: Իսկ եթե չլինի քաղաքապետի թեկնածու, քանի որ կուսակցական չէ, ապա անցողիկ տեղում հաստատ կլինի: Եվ եղավ: Եվ հիմա էլ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամն է…. նոմինալ: Քանզի դժվար թե մեկը հիշի, թե ինչո՞վ է Լյուդմիլա Սարգսյանն աչքի ընկել այդ կարգավիճակում, ինչու որպես ավագանու անդամ երբևէ չի ցուցաբերել ակտիվություն, որի պատճառով էլ, թերևս, Ծառուկյանի այգում տեղի ունեցած հայտնի հավաքին անգամ հրավիրված չէր (գուցե սա նաև իր համար ազդանշան պետք է լիներ) և ինչու, ի վերջո, շահերի բախման կիզակետում գտնվելով նա չի հրաժարվում այդ մանդատից:
Շատերի մոտ է հարց առաջանում՝ ինչո՞ւ լինելով «Իմ քայլը» դաշինքի կարկառուն ներկայացուցիչ Հակոբ Սիմիդյանի զոքանչը, ավելին՝ ապրելով նրա հետ մեկ հարկի տակ Լյուդմիլա Սարգսյանը որոշում չի կայացնում հրաժարվել մի մանդատից, որը նրան բացի 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձից ոչինչ չի տալիս: Դեռ մեկ տարի առաջ այս հարցը այնքան էլ ակտուալ չէր, քանի որ Ծառուկյանը, ինչպես հիշում ենք, հեղափոխության օրերին կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին: Բայց իրավիճակ է փոխվել, ինչպես ասում են՝ կարգավիճակն է պարտադրում:
Փաստացի վերջին իրադարձությունների ժամանակ քար լռություն պահելուց հետո այդ մանդատը արդեն վնասում է իրեն, քանի որ խորը կասկածներ են առաջանում, թե ուր կորավ ժամանակին Նաիրա Զոհրաբյանի կողմից մատնանշած «իսկապես պատրաստված, կանխատեսելի գործիչը»: Քիչ հավանական է, որ Լյուդմիլա Սարգսյանը, տասնամյակների քաղաքական փորձ ունեցող այդ գործիչը, չի հասկանում, թե իր կարգավիճակը որքան խոցելի է, հատկապես, երբ թիմից միայն դու ես ընդգծված լռություն պահպանում:
VERELQ-ը մի քանի օր առաջ հարց էր ուղղել տիկին Սարգսյանին՝ ինչո՞ւ նա իր թիմակիցների հետ չէ այս խառը ժամանակներում: Այլ կերպ ասած, անկախ նրանից՝ ունես կուսակցական տոմս, թե չունես, բայց դու թիմի մաս ես, այսինքն՝ կամ իրենց հետ ես, կամ ոչ: Մեզ տված հարցազրույցում Սարգսյանը նշել էր, որ ԱԱԾ շենքի դիմաց գետիններին ոստիկանների կողմից քարշ տրվող գործընկերների հետ չէ, բայց նրանց կողքին է և որ իր զորակցությունն է հայտնում նրանց ու Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է մանդատից հրաժարվի և արդյոք Հակոբ Սիմիդյանի գործոնը իր դիրքորոշման վրա չի ազդում՝ արձագանքել էր.
«Դա ոչ մի կապ չունի իմ անձնական որոշումների հետ: Ես քաղաքական գործիչ եմ, ես եմ որոշում՝ ինչ հակակրանք կամ համակրանք ունենամ կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ և վերջին հաշվով ես նոր մարդ չեմ քաղաքականության մեջ»:
Մամուլն էլ այսօր գրել էր, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության կազմակերպումը Սիմիդյանի ջանքերով է եղել և նա «քաղաքական թրաֆիքինգի է» ենթարկել իմքայլականներին, որպեսզի փայլուն արդյունք ունենան: Դժվար է պատկերացնել, որ զոքանչը կարող էր իր փեսային երեկոյան ընթրիքի կամ առավոտյան սուրճի ժամանակ չհարցնել՝ դա այդպե՞ս է: Թեև անկախ պատասխանից կա մի հարց՝ ինչո՞ւ եմ ես դեռ ԲՀԿ-ի մանդատը պինդ-պինդ պահում: Բայց քանի որ մեզ տված հարցազրույցում Լյուդմիլա Սարգսյանը շեշտել էր իր անկախ քաղաքական գործիչ լինելու հանգամանքը, ստացվում է, որ նա հակակրանք ունի իր թիմի նկատմամբ, բայց սկզբունքորեն չի հեռանում: Թեև շատ լավ գիտի, թե ինչ են խոսում, ներեցեք, «թիմից թռնողների» հետևից:
Ուստի, տիկին Սարգսյանը ուշացնում է Facebook-յան ստատուսը, որում ասված կլինի. «Որոշում եմ կայացրել վայր դնել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամի մանդատը: Շնորհակալ եմ կուսակցությանը ինձ վստահելու ու համատեղ աշխատանքի համար»: Իսկ թե որոնք են պատճառները ամենևին էլ կարիք չկա ավելորդ անգամ նշելու՝ առանց այդ էլ ամեն ինչ պարզից էլ պարզ է:
Լիա Խոջոյան