23.11.2024
Լյուդմիլա Սարգսյանի չգրված ստատուսը կամ՝ մի մանդատի պատմություն
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը, գրավով ազատվելուց հետո, մի կողմից վերականգնողական բուժում է ստանում, մյուս կողմից՝ բուռն հանդիպումների մեջ է։ Նա նախ հանդիպել է իր զինակիցների, թիմակիցների հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Մոտ օրերս թիմը հստակ գործողությունների ծրագիր է քննարկելու․ պետք է որոշեն, թե ինչպես է մասնակցելու երկրի քաղաքական կյանքին։ Քոչարյանը նաեւ քաղաքական հանդիպումներ ու հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք ընդդիմադիր գործիչների, նախկին պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, կայացել է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպում։ Երկու նախկին նախագահների հարաբերությունները բավականին բարդ են, բայց նրանք հասկանում են, որ պետք է հարթեն իրենց հակասությունները եւ համատեղ գործողությունների ծրագիր մշակեն, նաեւ կոնսոլիդացնեն ողջ ընդդիմադիր դաշտը։ Միայն այդպես է հնարավոր կասեցնել մեկ անձի իշխանության հաստատման գործընթացը, որը կարող է կործանարար լինել մեր պետության համար։ Ռ․ Քոչարյանի գրասենյակից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կալանք չընտրելու դատարանի որոշումից հետո իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական միավորումների հանդիպումները և քննարկումները դադարեցին: ԲՀԿ-ն այս ուժերին հասկացրել է, որ ինքն այլևս շահագրգռված չէ նման քննարկումներին մասնակցելու հարցում, ինչից բոլորը հետևություն են արել, որ իրենց միավորումը այլևս ոչ մի իմաստ չունի, եթե չկա դրա հովանավորը: Սեփական դեմքը փրկելու համար այդ կուսակցությունները հանդես են գալու ինքնուրույն հայտարարություններով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ՀՀԿ-ն շատ ակտիվ գործունեություն է պատրաստվում ծավալել: Նախկին իշխող կուսակցությունը պատրաստվում է դիմել գրեթե բոլոր եվրոպական կառույցներին, որպեսզի դրսի կառույցներն ու ազդեցության օղակները կոշտ արձագանքեն նախօրեին խորհրդարանում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին: ՀՀԿ-ականները մտադիր են ամեն ինչ անել` իշխանություններին ծանր «հարվածներ» հասցնելու համար միջազգային կառույցների շուրթերով: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին այդ հարցով: Ի պատասխան՝ Աշոտյանը հայտարարեց. «ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է, ամենալայն ու խոշոր կապերով ինչպես եվրոպական, այնպես էլ համաշախարհային քաղաքական ընտանիքներին անդամակցության, անկախ մեր արտախորհրդարական կարգավիճակից՝ այդ կապերը շարունակվում են: Բնական է, որ մենք մեր տեսակետները հայտնել ենք նաեւ այս քաղաքական օրակարգի եւ վերջին զարգացումների հետ կապված, ինչպես նաեւ ԱԺ-ում տեղի ունեցած ուզուրպացիայի հերթական փուլի կապակցությամբ, մենք պաշտոնական տեղեկություն տվել ենք դրա մասին եւ այն ներկայացրել ենք նաեւ ինչպես մեր եվրոպական գործընկերներին, այնպես էլ միջազգային քաղաքական ընտանիքներին»:


«Հրապարակ» թերթը գրում է.«Իշխանություններն այնքան են շտապել ՍԴ-ի հարցում, որ մեծ թվով կազուսներ են թողել իրենց հետևից: «Այն պա­հին, երբ խորհրդարանում ընդունվում էին սահմանադրական դարակազմիկ փոփոխությունները, հանրաքվեն չեղարկելու որոշումը դեռ չկար: Այսինքն` հանրաքվեն ուժի մեջ էր: Աբսուրդ է, չէ՞, սահմանադրական փոփոխություն են կա­տարում 213 հոդվածի մեջ, երբ մյուս փոփո­խությունը` հանրաքվեն, դեռ չէր չեղարկվել: Հա­ջորդը. հիմնավորումը, որ փոփոխություններն արվում են, որպեսզի ՍԴ-ն համապատասխա­նի 2015 թ. ընդունված սահմանադրական նորմե­րին, նույնպես աբսուրդ է: Ասենք` Արևիկ Պետրոսյանը մնում է դա­տավոր, սակայն պաշտո­նավարման ժամկետը կարճացնում են, բայց չէ որ նա չի ընտրվել ԱԺ-ի կողմից, նրան նախա­գահն է նշանակել, իսկ Սահմանադրության մեջ ասվում է, որ դատավորներին պետք է ընտրի ԱԺ-ն, ու այսպի­սի լիքը կազուսներ»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: «Մանրուքների» հետևից եք ընկել` իրենք հարցե­րին «գլոբալ» են նայում: «Այո, օրենքն իրենք են, պետությունն իրենք են, Սահմանադրությունն իրենք են` երկրում այլևս չկա Սահմա­նադրություն»


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ի վերջո ստորագրեց օրենքների փաթեթը, որով սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար իր ստորագրությունն անհրաժեշտ չէ եւ բավարար է, որ Ազգային ժողովի կայքում հրապարակվի այդ մասին: Եվ ահա, սահմանադրական փոփոխություն կատարելու մասին նախագծում ամրագրված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Այսինքն, եթե անգամ Արարատ Միրզոյանն այն այսօր ստորագրի, այն ուժի մեջ կմտնի միայն վաղը` հունիսի 25-ին: Եվ հենց այստեղ է թաքնվում ինտրիգը: Բանն այն է, որ ԲՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք ՍԴ դիմելու համար, ունի 25 ստորագրություն եւ պակասում է երկու պատգամավորի ստորագրություն եւ դիմել են ԼՀԿ-ին: Եվ ահա, եթե անհրաժեշտ թվով ստորագրությունները հավաքվեն եւ այսօր դիմումը մուտք արվի ՍԴ, ապա օրենքի դրույթների տարածումը կկասեցվի` մինչեւ ՍԴ-ի կողմից այն քննարկելը: Այսինքն, հենց այս կազմով ՍԴ-ի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ ընդդիմադիր ԼՀԿ Ն տվել է իր համաձայնությունը եւ այսօր կհայտարարեն այդ մասին ասուլիսի ժամանակ: Սակայն նկատենք, որ մինչեւ նախագահ Սարգսյանի կողմից այն ստորագրելը իշխանությունների ներկայացուցիչները փորձել են համոզել Մարուքյանին չդիմել ՍԴ, սակայն մեր տեղեկություններով այդպես էլ չեն կարողացել: Սակայն ամեն ինչ ավարտված չէ եւ միգուցե մինչեւ ասուլիսը, փոփոխություններ լինեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ-ն 2 օր է՝ մինչ ուշ գիշեր բուռն քննարկումների մեջ է․ կարծիքները բաժանվել են երկու մասի։ Մի մասն ասել է` ճար չունենք, պիտի ստորագրենք ՍԴ դիմումը, մյուս` նիկոլամետ մասը, այդ թվում՝ Մարուքյանը, դեմ է: ԼՀԿ-ում արդարանում են, թե «ԲՀԿ-ի ՍԴ դիմումը կազմել են Քոչարյանի փաստաբանները»։ «ՍԴ մեր դիմումի վրա աշխատել են բացառապես ԲՀԿ փորձագետներն ու իրավաբանները. առաջին անգամ եմ նման բան լսում»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը: ԼՀԿ-ականների հաջորդ պրետենզիան այն է, որ նույն օրը ՍԴ-ն հայտարարություն տարածեց, թե Քոչարյանի գործը քննվելու է հուլիսի 7-ին։ «Ի՞նչ մեսիջ էր դրանով ուզում Հրայրը տալ եւ ո՞ւմ, կարող էր, չէ՞, մեկ օր ուշ անել այդ հայտարարությունը։ Ստացվեց, որ ոչ թե ՍԴ-ի, այլ Քոչարյանի պրոբլեմ կա։ Դիմումը ստորագրելու դեպքում ասելու են՝ պաշտպանում ենք Քոչարյանին»: Ուզում եք Քոչարյանի պատրվակով «զադնի՞» դնել։ «Ոչ, հակառակը, դա կլիներ «սեւ ու սպիտակի» արգումենտ, ինչին մենք դեմ ենք, բայց, այնուհանդերձ, փաստն առկա է։ Ողջ հանրությունը 2 օր է՝ սեւեռվել է մեզ վրա։ Բայց երբ նույն պառլամենտի նույնքան անօրինական` հանրաքվեի մասին օրենքի ընդունումից հետո մենք ԲՀԿ-ին առաջարկեցինք դիմել ՍԴ, խնդրեցինք ԲՀԿ-ին ստորագրել այդ դիմումի տակ, Կոլյայիչն ասաց` մենք չենք ստորագրի, մենք էդ թեմայի մեջ չկանք»։


«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ ճնշումների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի հետ կապված գործողությունների առնչությամբ արդեն իսկ առկա են միջազգային մի շարք կառույցների գնահատականները, որոնք մասնագետները միանշանակ չեն գնահատում: Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում հնարավոր են նոր, առավել կոշտ գնահատականներ տարբեր ուժային կենտրոնների եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Ընդ որում, պարտադիր չէ հայտարարությունների տեսքով: Մասնավորաբար, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովին ու Եվրախորհրդին՝ «Փաստ» թերթի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց. «Չի բացառվում, որ նրանց կողմից որոշակի գործողություններ լինեն, չի բացառվում նաեւ շանտաժի քաղաքականությունը: Այսինքն, իրենք աչք են փակում Հայաստանում ՍԴ-ի լիազորությունները յուրացնելու գործընթացի վրա, փոխարենը Հայաստանի իշխանությունները, օրինակ՝ վավերացնում են ստամբուլյան կոնվենցիան: Ընդհանուր առմամբ, արդեն ամեն ինչ հնարավոր է, այդ թվում՝ քաղաքական առեւտուրը»: Ի դեպ, խոսելով ներկայումս տեղի ունեցող գործընթացների մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ գործ ունենք անձնիշխան համակարգի հետ, որը «չի հանդուրժում որեւէ այլընտրանք ու վերացնում է իրեն չենթարկվող ցանկացած գործոն»:


«Փաստ» թերթը գրում է. «Իշխանություններին շատ են քննադատում այն փաստի հետ կապված, որ շատ դեպքերում շարունակում են կառչած մնալ «նախկինների» կադրերից։ Ավելին՝ մի շարք առանցքային դեմքեր ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլեւ իշխանությունների «սրտի կադրերն» են դարձել։ Այս «հոսքի» մեջ, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների ներսում հատկապես շատ ու հաճախակի են թիրախային քննարկումները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ կապված. ոչ միայն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այլեւ հենց իշխանության ոչ քիչ թվով ներկայացուցիչներ ուղղակի պահանջում են Մուկուչյանի հրաժարականը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը քանիցս բարձրացվել է Փաշինյանի մոտ, սակայն նա կտրուկ «բլոկել» է թեման եւ հորդորել այս շրջափուլում մոռանալ Մուկուչյանի թեման՝ հասկացնելով, որ նախ՝ մինչ Մուկուչյանը դեռ բավական հարցեր կան լուծելու, մյուս կողմից ՝ Մուկուչյանի ծառայություններն իրեն առաջիկայում անհրաժեշտ են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավորներին թեժ ամառ է սպասվում։ Ազգային ժողովն այսօր կգումարի արտահերթ նստաշրջան՝ բավականին մեծ օրակարգով։ Ընդգրկված է 12 հարց, ընդ որում՝ մի քանիսն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեն։ Օրակարգում են նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, 2019-ի բյուջեի կատարողականը, ԿԸՀ գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ․ հաղորդումը։ Որոշ տեղեկություններով, սա վերջին արտահերթը չի լինելու, պատգամավորներն ամառային արձակուրդներն անցկացնելու են խորհրդարանում․ դեռ կիսատ մնացած նախագծեր կան, եւ չի բացառվում, որ եկող շաբաթ նույնիսկ ՍԴ նոր դատավորներին ընտրեն, եթե, իհարկե, գտնեն հարմար թեկնածուներ։ Այժմ թեկնածուների փնտրտուք է գնում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Բաբկեն Թունյանը եւ Վարազդատ Կարապետյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով ցանկանում են հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների գործունեությունը թափանցիկ դարձնել։ Նրանք կարծում են, որ հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրման գործիքներից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Պատգամավորները նշել են, որ սրանք հավելյալ վստահություն կձեւավորեն սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն կտան իրականացնել հանրային վերահսկողության համապատասխան գործիքակազմ: Նրանք առանձին-առանձին նախագծերով նշել են, այն կազմակերպությունների ղեկավար մարմինները, որոնք պետք է հայտարարաիգր ներկայացնեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս հունիսի 16-ին՝ Ազգային ժողովում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիոթյունից զրկելու հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել էր. «Արդյոք Դուք միայն այս քաղաքական ուժի՝ «Ծառուկյան դաշինիքի» մասո՞վ եք ընտրակաշառքի փաստերի տիրապետում, երբեւէ ոչ մի անգամ, ոչ մի պարագայում, օրինակ, Հանրապետական կուսակցության ընտրակաշառքների մասին տեղեկություն, շտաբերում փաստացի բաժանվող ընտրակաշառքների ցուցակի տեղ չե՞ք իմացել, չե՞ք տիրապետում, չե՞ք գտել»։ Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել էր. «Եթե այդ կամ այլ որեւէ գործով, այդ կամ այլ որեւէ շինությունում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվի որեւէ այլ քաղաքական ուժի, որեւէ այլ ժամանակահատվածի ընտրությունների փաստաթղթեր, հավաստիացնում եմ՝ այն կունենա բացարձակապես նույն ճակատագիրը»։  Եվ, ահա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խիստ ուշագրավ հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մասին:


Իսկ ինչո՞ւ դիմեցինք հենց Ավետիսյանին: Բանն այն է, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «ընտրակաշառքի հայրենիքը» հենց Մարտունի քաղաքն էր, եւ այդ պատճառով փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց Մարտունու քաղաքապետից: Եվ, ահա, Արմեն Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե երբեւէ որեւէ կուսակցության անդամ չի եղել եւ չի խառնվել ընտրական գործընթացների: «Այն ժամանակ ասում էին՝ քաղաքապետերը պետք է անպայման լինեն ՀՀԿ անդամ, բայց ես ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, ոչ մի կուսակցության հետքերով չեմ գնացել: Ես ընդհանրապես նման բաների մեջ չեմ եղել եւ քաղաքապետ եմ դարձել առանց 1000 դրամ ընտրակաշառք բաժանելու»: Իսկ, ահա, անդրադառնալով Հակոբ Հակոբյանին՝ Ավետիսյանը հայտարարեց. «Հակոբ Հակոբյանը որ կա, որ ընտրվել էր այն ժամանակ, ես առաջին քաղաքապետն եմ եղել, որ ասել եմ՝ նա իմ քաղաքի պատգամավորը չէ, նա կաշառքով է ընտրվել: Ես լսելով՝ նա ընտրակաշառք բաժանելով է դարձել պատգամավոր, զզվել եմ նրանից»: Այսպիսով, Մարտունու քաղաքապետը հաղորդում է տալիս հանցագործության մասին. ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է բաժանել: Հետաքրքիր է՝ ԱԱԾ-ն, ՀՀ դատախազությունը կգնան այս հայտարարության հետքերով, թե ոչ»:


«Փաստ» թերթը գրում է. «Համաշխարհային համաճարակային իրադրությունը շարունակում է իր ուղղակի հետեւանքները թողնել հայաստանյան իրականության վրա, եւ մարդիկ ամենաուղիղ ձեւով քաղում են դրա պտուղները։ Երեկ վարչապետն էլ փաստեց, որ վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Արդեն չորս ամիս է՝ ՀՀ-ում արտակարգ դրություն է, իսկ տարբեր կազմակերպություններ ստեղծված իրավիճակով պայմանավորված, կա՛մ դադարեցնում են իրենց գործունեությունները, կա՛մ աշխատանքները կազմակերպում հեռավար համակարգով։ Տարբեր ոլորտներ յուրովի են տուժել այս վիճակից: «Փաստ» թերթի տեղեկություններով, ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ բավականին վատ դրության մեջ են հայտնվել նաեւ անշարժ գույքի այն սեփականատերերը, որոնք իրենց տարածքները վարձակալության են տրամադրում: Բանն այն է, որ տնային պայմաններում աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ որոշ ոլորտների գործունեության կասեցման գործընթացներին զուգահեռ շատ ընկերություններ ուղղակի հանձնում են իրենց վարձակալած տարածքները, կամ խնդրում են վարձավճարային «արձակուրդ» կիրառել, ծայրահեղ դեպքում՝ գոնե մեծ զեղչեր անել։ «Վերջին երկու խնդրանքի բավարարման դեպքում մենք ենք հայտնվում անփող վիճակում, չբավարարման դեպքում վարձակալները դադարեցնում են պայմանագիրը: Այս դեպքում էլ ենք տուժում, քանզի հիմա դժվար է նոր վարձակալ գտնել: Մենք հասկանում ենք, որ վարձակալներն էլ խնդիրներ ունեն: Բայց այս ամենի արդյունքում այս դաշտում ստեղծվել է տոտալ լճացում»,- մեզ հետ զրույցում ասաց վարձատուներից մեկը՝ հավելելով, որ սա էլ հանգեցնում է բացասական մուլտիպլիկատիվ էֆեկտի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչեւ վերջերս Ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող Հանրապետական մարզադաշտի տարածքը շաբաթ-կիրակի օրերին ծաղկի մեծածախ շուկայի էր վերածվում։ Տարածքը տարիներ շարունակ վարձակալել էին ծաղկավաճառները, իսկ հասույթը գնում էր Ֆուտբոլի ֆեդերացիային։ Ծաղիկների բիզնեսի թեման թեժացավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո։ Դրանով սկսեցին զբաղվել իրավապահները, իսկ ծաղկավաճառներին տանել-հարցաքննելն ընկալվեց որպես Վանեցյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների դրսեւորում։ Բայց այդ ժամանակ պարզվեց, որ ծաղկի շուկան գործում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կնքած պայմանագրի շրջանակներում։ 


Պարզվեց նաեւ, որ, բացի քաղաքական նպատակներից, որոշ շրջանակներ նաեւ տնտեսական շահեր էին հետապնդում։ Մեր տեղեկություններով, ծաղկի, այսպես կոչված, «բիրիքնոցը» մարզադաշտից արդեն մի քանի ամիս է՝ տեղափոխվել է տարբեր տոնավաճառներ, այդ թվում՝ Աէրացիայի հարեւանությամբ գտնվող տարածք, որտեղ, ըստ տեղեկությունների, փայատեր է նաեւ իշխանությունների սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանը։ Ի դեպ, հանուն Սուքիասյանի բիզնեսի, վերջին շրջանում պետական ապարատի աշխատակիցներին վերեւներից խորհուրդ են տալիս, որ իրենց դրամային շրջանառությունն իրականացնեն «Հայէկոնոմբանկի» միջոցով։ Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ գործարարին պատկանող Շիրակի 43/2 հասցեում գտնվող ավտոկայանատեղիի մի հատված վարձակալական հիմունքներով տրամադրվել է «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ին: ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը գրանցված է ոմն Կարեն Մարտիրոսյանի անունով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ ԻԿՄ դեկան Վահրամ Դումանյանի` ամեն գնով ԵՊՀ ռեկտոր դառնալու մոլուցքի մասին հայտնի է վաղուց, երբ նրա հարցերով զբաղվում և «զանգում» էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչի պատճառով էլ նախկին վարչապետը Արամ Սիմոնյանի հետ մտել էր բացահայտ դիմակայության մեջ։ Կարեն Կարապետյանի շահագրգռվածությունը պարզ էր՝ Վահրամ Դումանյանը հավատարմության խոստում էր տվել վերջինիս։ Խնդիրն այն է, որ նույն ավանդույթը շարունակվում է նաև հիմա։ Դումանյանը ոչ միայն հավատարմության, այլև, մեր տեղեկություններով, որոշ դեկաններից հենց առաջին փուլով ազատվելու խոստում է տվել։ Մինչդեռ մի դեկանին հանելով և մյուսին բերելով՝ բարեփոխումների մասին խոսել չի կարելի։ Արայիկ Հարությունյանի պահանջով ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը որքան էլ ջանա և հոգաբարձուների խորհրդի ցանկալի անդամներ առաջադրի, չի կարողանալու ցանկալի արդյունք ապահովել և խոշոր հաշվով տանուլ է տալու, քանի որ համալսարանում համոզված են, որ Դումանյանի` ռեկտոր դառնալու դեպքում համալսարանի փաստացի ղեկավարը դառնալու է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է դրամական փոխհատուցում տրամադրել այն հարկադիր կատարողներին, որոնք գործուղվում են իրենց բնակության վայրից հեռու որևէ մարզ և չեն ստանում բնակարանային ապահովում: Կառավարությունը համարում է, որ եթե հարկադիր կատարման ծառայությունը հավասարեցված է զինվորական ծառայությանը, ապա հարկադիր կատարողներն էլ զինվորականների նման պետք է իրենց վարձակալած բնակարանների համար դրամական փոխհատուցում ստանան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Ալեն Սիմոնյանը, Մխիթար Հայրապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համազասպ Դանիելյանը և Ծովինար Վարդանյանը խորհրդարան են ներկայացրել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագիծ… Այս նախագծով նախատեսվում է ստեղծել նման հիմնադրամներ, որոնք կարող են օգտագործվել մշակութային, սպորտային և այլ նպատակներով: Այս հիմնադրամների տարբերությունը այլ հիմնադրամներից լինելու է թերևս այն, որ դրանցում հավաքված միջոցներն օգտագործվելու են բացառապես հայտարարված նպատակների իրականացման համար»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի «Ֆիրդուսի» թաղամասի ապամոնտաժվող հատվածում նորակառույց շենքերի 1-ին եւ 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից եւ հուշանվերների խանութներից զատ կլինեն նաեւ թանգարաններ: ՀՀ կառավարությունը կառուցապատողների հետ քննարկում է պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ եւ 3-րդ հարկերում ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ դեռեւս շոշափվում է տարբեր մշակութային գործիչների թանգարաններ ունենալու հարցը, հիմնական քննարկվող անունների թվում են նկարիչ Հակոբ Հակոբյանն ու Աղասի Այվազյանը: Մեր քաղաքացիների համոզմամբ՝ լավ կլինի նոր նախագիծ մշակելուց առաջ նախ, ուսումնասիրվի նախկին որոշումների օրինական լինելը, հետո ամբողջ Երեւան քաղաքի քաղաքաշինության ոլորտի հետ կապված մշակվի տեսլական (այսինքն հստակեցվի թե ինչ սկզբունքներով են քանդում հինը, կառուցում նորը ): Այս բոլոր քայլերից հետո նոր նախագծի մրցույթ հայտարարվի ու դրվի հանրային քննարկման:Նրանք հույս ունեն, որ Կառավարությունն առաջիկայում կմանրամասնի, թե ինչ մտադրություններ ունի տվյալ տարածքի հետ կապված, հանրային քննարկման կդնի, ապա նոր կսկսի կառուցապատման աշխատանքները: Փոխվարչապետի գրասենյակից հայտնեցին, որ առայժմ մանրամասնել չեն կարող, թե ինչպիսի տեսք է ունենալու պատմական շենքերով, փայտե պատշգամբներով հատվածն ու ինչ նոր առավելություններ են լինելու այնտեղ: Նշեցին, որ շուտով կներկայացվի ավելի մանրամասն տեղեկատվությունը նախագծում կատարված վերոնշյալ փոփոխությունների մասին՝ այդ թվում հատուկ տեսահոլովակի միջոցով:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. ««Էներգետիկ անվտանգության հարցերի լուծումը մշտապես եղել է կառավարության գործունեության հիմնական թիրախներից մեկը: Հետեւողական աշխատանքներ տանելով Հայաստան ներմուծվող հիմնական էներգակրի՝ գազի գնման եւ դրա ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ պետությունն առանձնակի ուշադրություն է դարձնում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը եւ էներգախնայող նորարարական լուծումների ներդրմանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախորդ շաբաթ կրկին քննարկվեց գազի սակագնի բարձրացման հարցը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել էր 1000 խմ գազի միջին սակագինը սահմանել 283 ԱՄՆ դոլար՝ գործող 255-ի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն սեփական հաշվարկների արդյունքում առաջարկել էր 266.7 դոլարի սահմանագիծը, որն էլ ընդունվեց: 


Վերոհիշյալ քննարկումները կրկին առաջնային հարթակ բերեցին էներգետիկայի ոլորտի զարգացման եւ դրա անվտանգության հարցերը: Այս ուղղությամբ Հայաստանի վարած քաղաքականությունը հիմնականում միտված է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, էներգամատակարարման հուսալիության ապահովմանը, տեղական վերականգնվող էներգապաշարների օգտագործման ծավալների մեծացմանը, ինչպես նաեւ էներգախնայող միջոցների ներդրմանը: Գործադիրը ձգտում է ստեղծել արտահանման կողմնորոշում ունեցող կայուն էներգահամակարգ, դրա համար ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր արտադրող հզորություններ: Ուշադրության կենտրոնում են նաեւ ատոմային էներգիայի արտադրության պահպանման եւ հզորացման հարցերը: Մշտական միջոցառումներ են իրականացվում ատոմային գործող էներգաբլոկի պահպանման եւ անվտանգության զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով վերջերս կառավարությունը պետական բյուջեից վարկային միջոցներ հատկացրեց, ինչը կնպաստի պահպանման աշխատանքներն արդյունավետ եւ որակյալ իրականացնելուն: Սրան զուգահեռ ընթացքի մեջ են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները»: