Հայ-իրանական հարաբերություններում որևէ ճգնաժամ, պայմանավորված Իսրայելի գործոնով, չկա: Բնական է, որ իրանական կողմը որոշակի մտահոգություններ ունենա, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-Իրան հարաբերությունները դրանից կտուժեն: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց Իրանի մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը:
-Պարոն Խանլարյան, վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ Թել Ավիվում ՀՀ դեսպանության բացումը հարված կարող է հասցնել հայ-իրանական հարաբերություններին, որտեղ ճգնաժամ է նշմարվում: Եվ, իբրև, առաջին ազդանշանը Թեհրանում կազմակերպված ցույցն էր ընդդեմ Իսրայելի:
-Միջպետական հարաբերությունները ստատիկ բնույթ չունեն: Ժամանակ առ ժամանակ հարցեր են առաջ գալիս, խնդիրներ առաջանում, բայց ես չեմ կարծում, որ այդ հարցը կարող է ճակատագրական փոփոխություն մտցնել կամ այլ հարթություն փոխադրել Իրան-Հայաստան փոխհարաբերությունները: Դրանք բավականին բարձր մակարդակի են, ունեն ռազմավարական նշանակություն… այս տեսակ խնդիրները բնականաբար ազդում են երկու երկրների հանրային կարծիքների վրա, ինչը նաև քաղաքական դրսևորում է ստանում, բայց պետությունների հարաբերությունները դրանցից չեն տուժում:
Եվ չեմ կարծում, որ Իսրայելի հարցը կարող է մեծ փոփոխությունների հանգեցնել հայ-իրանական հարաբերություններում, բայց, իհարկե, դեռ պետք է սպասենք, տեսնենք ինչ կլինի: Բայց, կրկնում եմ, մինչ այս պահը այն, ինչ եղել է, ճգնաժամի մասին հաստատ չի խոսում, իսկ ձեր նշված փոքրիկ ցույցը ոչ թե ընդդեմ Հայաստանի էր, այլ Իսրայելի և ինձ չի թվում, թե դրանում գոյություն ունի պետական քաղաքականության դրսևորում:
-Բայց, այդուհանդերձ, երիտասարդների այդ ակցիան աննշան չանցավ. Հաջորդ օրն իսկ Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳՆ Կովկասի վարչության պետ Մ. Ֆաղանին ակցիայի կապակցությամբ որոշակի դժգոհություններ է հայտնել, թեև նաև ավելացրել, որ Իսրայելում դեսպանության բացումը չի կարող խաթարել երկու երկրների հարաբերությունները: Ի վերջո, այս մակարդակում անդրադարձը չի՞ խոսում այն մասին, որ խնդիր կա:
-Դժգոհությունները Իսրայելի քաղաքականության հետ են կապված. հայտնի է, որ մեր տարածաշրջանում Իսրայելը բավականին սպեցիֆիկ քաղաքականություն է առաջ տանում, բազմաթիվ երկրների, այդ թվում և Իրանի շահերին ուժեղ հարվածներ հասցնելով: Նաև Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներում Իսրայելը բավականին ակտիվ դերակատարում ունի, այնպես որ այդ մտահոգությունները Իրանի ԱԳՆ-ում, այո, գոյություն ունեն: Բայց եկեք չմոռանանք, որ Իրանն էլ բավականին նորմալ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ այդ երկրում վաղուց իսրայելական դեսպանություն գոյություն ունի:
Այսինքն, եթե դա խանգարեր ինչ-որ միջպետական հարաբերություններին, ապա Ադրբեջանի հետ այդ հարաբերությունները չպետք է լինեին: Նույնը կարելի է ասել նաև Թուրքիայի մասով, որի հետ Իրանն ունի բավականին բարձր մակարդակի քաղաքական և ռազմավարական փոխհարաբերություններ, բայց բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան, թե՛ որպես ՆԱՏՕ անդամ երկիր, թե՛ ԱՄՆ դաշնակից սերտ փոխհարաբերությունների մեջ է Իսրայելի հետ: Բայց դա չի ազդել Թեհրանի ու Անկարայի հարաբերությունների վրա, առավել ևս՝ չի խաթարել դրանք: Այնպես որ բնական է, որ իրանական կողմը որոշակի մտահոգություններ ունենա, բայց դա չի նշանակում, թե մեր հարաբերություններևը դրանից կտուժեն:
-Այսինքն այսօր խոսել հայ-իրանական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին սխալ է:
-Այո: Ես կարծում եմ, որ նման բան չկա: Բացի այդ, եկեք հիշենք, որ մի բան է քաղաքական բողոքը, մեկ այլ բան է քաղաքական դժգոհությունը պետական մակարդակում և բոլորովին այլ բան է միջպետական կայացած փոխհարաբերությունների մակարդակում: Ի վերջո, երկու երկրների հարաբերությունները չեն կարող ազդել կամ առկախված են երրորդ պետության հետ փոխհարաբերություններից:
-Այդ զարգացումների ֆոնին հայաստանյան որոշ վերլուծաբաններ ահազանգում էին, որ Հայաստանն ավելի խորը պետք է հաշվարկեր Իսրայելում դեսպանություն բացելու հետ կապված ռիսկերը, հաշվի առնելով ոչ միայն ՀՀ-Իրան հարաբերությունների մակարդակը, այլև այն հանգամանքը, որ Իսրայելը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և, ըստ այդմ, անհասկանալի է Երևանի նման ռևերանսը: Դուք էլ եք կարծում, որ Հայաստանը շտապո՞ւմ է:
-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում է տարիներ շարունակ, բայց ես չեմ տեսել կամ չեմ լսել, որ դա պայման է որևէ երկրի հետ փոխհարաբերություն ունենալու կամ չունենալու համար: Որքանով ես տեղյակ եմ, ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ ունի նաև այն երկրների հետ, որոնք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, օրինակ՝ ԱՄՆ-ն: Բայց դա չխանգարեց նրան, որ ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունները կայանային ու զարգանային:
Լիա Խոջոյան