Վերջին օրերին հայ հասարակության շրջանում լուրջ դիսկուրս է ձևավորվել Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման հարցի շուրջ: Հիշեցնենք, անցած շաաբաթ Երևանի ավագանին հավանություն տվեց Գանդիի հուշարձանը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու որոշմանը։
Գլխավոր շարժառիթը, թե ինչու է հանրության մի մեծ հատված դեմ այս որոշմանն այն է, որ Գանդին չի ընդունել 1915 թվականի հայերի ցեղասպանության փաստը և ավելին՝ Հայաստանը համարել Թուրքիայի մի մասը: Այս մասին հիշեցնում է նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը՝ նշելով, որ մեզանից շատերս չգիտենք, որ Գանդին նմանատիպ հայացքներ է ունեցել հայերի և Հայաստանի մասին, փոխարենը ճանաչել ենք Գանդիին, որպես Բրիտանական կայսրությունից Հնդկաստանի անկախության համար պայքարղ քաղաքական գործչի:
«Գանդին իսկապես չի ընդունել Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի ջարդը և անգամ համարել է, որ հենց Թուրքիան է Առաջին Համաշխարհային պատերազմում տուժած երկիրը: Թերևս դրա պատճառները շատ խորն են, հիմա դրան չեմ անդրադառնա: Ցանկության դեպքում, ինքներդ կարող եք պատճառները գտնել:
Ուսումնասիրությանս ընթացքում հանդիպեցի մի շատ հետաքրքիր հոդվածի՝ հնդկական անգլալեզու SWARAJYA կայքում, որտեղ հեղինակները վերլուծում են Գանդիի կողմից հայերի կոտորածը չընդունելու հանգամանքը և Թուրքիային սատարելու դրդապատճառները:
Ցիտում եմ այդ հոդվածից մի հատված՝ հայերեն թարգմանությամբ.
«Թե՛ Մահաթմա Գանդին, և թե՛ Հնդկաստանի ազգային կոնգրեսը կույր էին Օսմանյան կայսրության կողմից իրականացված էթնիկ զտումների հարցում: Փոխարենը, Գանդին որոշեց «Առաջին համաշխարհային պատերազմի» ավարտին «Թուրքիային պատճառված անարդարությունների» դեմ դուրս գալ: Գանդին երբեք հրապարակավ չճանաչեց ցեղասպանությունը, ոչ էլ Կոնգրեսը: Զարմանալի է, բայց նույնիսկ Հիտլերը դատապարտեց «հայերի ոչնչացումը»...»:
Արդյունքում հանգեցի մի եզրակացության. Հայաստանում որևէ արձան տեղադրելուց առաջ հարկավոր է պատմաբանների և մասնագետների խումբ կազմել և նրանց եզրակացությունը հրապարակելուց հետո նոր այդպիսի պատասխանատու որոշում կայացնել:
Միանշանակ ողջունելի է, որ հարաբերությունները Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական են, առևտրա-տնտեսական հարաբերությունները զարգանում են, նաև ՀՀ-ն որոշակի զինատեսակներ է գնում Հնդկաստանից, ինչը կարևոր է մեր անվտանգությունը ապահովելու համար: Կարծում եմ, եթե մենք ցանկանում ենք ընդգծել մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները, ապա կարող ենք, օրինակ, հայ-հնդկական բարեկամության արձան կանգնեցնել, ոչ մի անձնավորության, ով հակասական կերպար է մեր սեփական պատմության տեսանկյունից»,- գրել է Ծովինար Կոստանյանը Facebook-ի իր էջում:
VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն է առաջարկել Երևանի քաղաքապետին Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը: Դրա տեղափոխման, տեղադրման, ինչպես նաև բոլոր ծախսերն, ըստ ԱԳՆ-ի, հոգալու է հնդկական կողմը։ Տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ: