Եթե դրսում չբուժվի՝ Մանվել Գրիգորյանը կմահանա. փաստաբանը դիմել է կառավարությանը
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ստանալու թույլտվություն արտերկրում Գրիգորյանի առողջությունը վերականգնելու համար: Այս մասին ասված է փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ ինչ էլ ասի՝ թիրախավորվելու է ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է որպես զինվորի սնունդ գողացող՝ այդպես ցանկացան, թե այդպես ներկայացրեցին, արդեն կարևոր չէ:
«Գաղտնիք չէ, որ հիվանդությունները, որոնք Մանվել Գրիգորյանը ձեռք էր բերել պատերազմի տարիներին, ավելի խորացան այս վերջին մեկ տարում ու հասան ծանր աստիճանի, որ այլևս հնարավոր չէ բուժել Հայաստանում, ըստ բուժող բժշկի, այն հնարավոր է բուժել միայն արտերկրում:
Պարզ է, որ դրսի բուժման բացակայության պայմաններում մեկ օրից, մեկ ամսից, թե Աստված գիտի երբ, Մանվել Գրիգորյանը մահանալու է: Ու եթե այսօրվա իշխանությունը Աստծո իշխանությունը ևս վերցրել է իրեն և ինքն է որոշում հիվանդը գնա՞ դուրսը բուժվելու, քանի որ այստեղ այլևս հնարավոր չէ բուժվել, թե՝ մնա, ապա դրա գնահատականը տրվելու է նաև ի վերուստ:
Այսօր Գրիգորյանի առողջության վերականգնման համար պաշտպանական կողմը դիմում է ՀՀ Կառավարությանը՝ ստանալու թույլտվություն՝ արտերկրում հնարավորինս առողջությունը վերականգնելու համար»,- մասնավորապես ասված է փաստաբանի հայտարարության մեջ: