VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարությունն իրար հետեւից միջոցառումների ծրագրերի մասին է հայտարարում, դրանցից ոչ միայն շատերը չեն կարողանում օգտվել, այլեւ իրական շահառուներն էլ գումար չեն կարողանում ստանալ։ Ավելի կոնկրետ։ Բոլոր իշխանությունների, հատկապես Փաշինյանի սիրած գործարար Սամվել Ալեքսանյանի «Երեւան սիթիներում» աշխատողները հայտնվել են անելանելի վիճակում։ Կառավարության` կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառու դարձած առեւտրի կենտրոնի աշխատակիցներին մի «քոռ» կոպեկ էլ չի հասնում։ Պատճառը հավանաբար կառավարություն-գործարար խիստ ինքնատիպ կապի մեջ է։ Մեզ դիմած բազմաթիվ աշխատողներ փաստեցին, որ երբ դիմել են բանկ իրենց հասանելիքը ստանալու նպատակով, այնտեղից նրանց փոխանցել են, թե գումարը փոխանցված է, բայց չեն կարող ստանալ, արգելք է դրված։ Մյուս բոլոր հարցերի պատասխանը մեկն է եղել. «Գնացեք ձեր գործատուի հետ հարցերը պարզեք»։Հաշվի վրա արգելք դրած գործատուն՝ Սամվել Ալեքսանյանը, ավելի հեռուն է գնացել։ Որոշ աշխատողներ, որոնք կարողացել են սկզբնական շրջանում ստանալ փոխհատուցում, զգուշացվել են, որ նրանց հաջորդ աշխատավարձից այդքան գումար պահվելու է։
Աշխատակիցների համար այդպես էլ հստակ բացատրություն չի տրվել, թե ինչու պիտի իրենք այդ գումարներից չօգտվեն, երբ այդ միջոցառման շահառու են, իսկ պետությունն էլ գումարը փոխանցել է։ Նրանց փոխանցմամբ, առեւտրի կենտրոնների աշխատակիցները չեն էլ կարող բողոքել, քանի որ այս ծանր օրերին աշխատանք կորցնելու մտավախություն ունեն։ Իսկ այդ մտահոգությունն անտեղի չէ, որովհետեւ արդեն աշխատակիցներին նախազգուշացրել են, որ հնարավոր է կրճատումներ տեղի ունենան։ Ընդ որում, այսօրվանից արդեն ոմանք շաբաթը մի օր ոչ աշխատանքային օրվա փոխարեն հարկադիր պարապուրդի են ուղարկվում 2-3 օր։ Դրան գումարած ամեն օր աշխատակիցներն իրենց միջոցներով են տաքսիով աշխատանքի գնում-գալիս, եթե ընդմիջման գումարն էլ հանում ենք, տակը ոչինչ չի մնում։ Ստացվում է՝ բարեգործություն են անում Հայաստանի ամենախոշոր գործարարին։ Ամենաուշագրավն այն է, որ արտակարգ դրության պայմաններում ոչ մի օր չփակված «Երեւան սիթի» առեւտրի կենտրոնների ղեկավարությունը, որ ի տարբերություն մյուս տնտեսավարող սուբյեկտների, ֆինանսական մեծ կորուստներ չի ունեցել, անգամ մեկ կոպեկով չի ուզում սեփական աշխատողներին աջակցել, դեռ մի բան էլ՝ պետության փոխհատուցումն է կոպեկ առ կոպեկ խլում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ինչպես մնացյալ, այնպես էլ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործը իրավական «ջուր» է, նախ` երբ պետք է կայացվեր նրա նկատմամբ կալանքի որոշումը, մինչեւ վերջին պահը կալանավորման հիմքերը հստակեցրած չեն եղել: Հիմա էլ` հընթացս փորձում են մեղադրանքը փոխել, «կաշառքի գործը» վերածել «փողերի լվացման» մեղադրանքի: Ի դեպ. ինչպես շատ, այնպես էլ այս գործում փորձ է արվում ամեն բան տանել-հասցնել Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի «վրա»: «Հիմքեր» են փնտրում, որպեսզի կարողանան ապացուցել, որ «Մուլտի գրուպում» ունեցած Սեդրակ Առուստամյանի փայաբաժինները, Բուլղարիայում ունեցած ջրի գործարանը, Լիտվայում ունեցած հյուրանոցը իրականում ոչ թե իրեն, այլ քոչարյանների ընտանիքին են պատկանում, պարզապես արձանագրված է Առուստամյանի անունով: Ասում են, իշխանություններն իրականում, օգտագործելով Քոչարյանի անունը, փորձում են սեփականության վերաբաշխում կատարել` սկզբնական շրջանում Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Խաչատրյանի ունեցվածքից, հետո` մնացած գործարարների»:
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «տակից» իշխանությունը փախչում է։ Նա սեփական թիմում այլեւս չի կարողանում միասնականություն ապահովել, թեւերի միջեւ լարումը գագաթնակետին է հասել, թիկունքում ստվերային կառավարություն է աշխատում, իսկ իրավապահ համակարգն էլ չի կարողանում «օդից կախված» լուրերով քրեական գործերին ցանկալի ընթացք տալ։ Ու այս իրավիճակում Փաշինյանին օգնության է հասնում միակ «զենքը»՝ նախկիններին կոպեկ-կոպեկ ունեզրկելու ամբոխահաճո սպառնալիքը, որն առաջիկայում իրավական փաթեթավորում կստանա։ Մեր աղբյուրի հավաստմամբ, երկրում ստեղծված ծանր իրավիճակից հանրության ուշադրությունը շեղելու համար առաջիկայում Փաշինյանը գործի է դնելու սիրելի մեթոդը։ Նախկին տարբեր պաշտոնյաների դեմ քրեական գործերի հերթական փուլն է մեկնարկում, ու որքան հնչեղ լինեն անունները, «թալանի» չափը, այնքան հասարակության միտքը շատ կկենտրոնանա այդ ուղղությամբ։ Սակայն, ինչպես երեւում է, իրավապահ համակարգն այլեւս անզոր է միայն Փաշինյանի հրահանգների «հիմքով» գործեր հարուցելու, ողջ «գործը» մնացել է Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի հայտարարությունների հույսին, որոնք բակի խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն անցնում։ Դե պատկերացրեք` վարչապետի խոսնակը պաշտոնական հայտարարություն է անում` հղում կատարելով սեփական աղբյուրներին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության ռազմավարությունը գտնվում է իր վերջնական փուլում, այն հանրությանը կներկայացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Մասնավորապես, հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե ինչ փուլում է ռազմավարության մշակումը եւ ինչ հիմնական փոփոխություններ կլինեն։ Եվ ահա, անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ նշված ժամկետները կապ ունեն նաեւ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պատճառով Հայաստանում գործող արտակարգ դրության հետ։ Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր ռազմավարությունը պետք է ներկայացներ մեկ տարվա ընթացքում։ Անվտանգության խորհրդի գրասենյակից նաեւ հայտնում են․ «Այս ռազմավարության առանձնահատկություններից է այն, որ վերջինս հիմնված է ազգային անվտանգության պլանավորման եւ ապահովման համազգային մոտեցման վրա։
Այն ենթադրում է, որ անվտանգության ապահովման մեջ դերակատարում ունի ողջ պետական կառավարման համակարգը, ինչպես նաեւ հասարակությունը, եւ ոչ միայն անվտանգության համար ուղղակիորեն պատասխանատու կառույցները։ Այսպես, ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական եւ ռազմական, այնպես էլ այլ՝ սոցիալական, տնտեսական, էներգետիկ, առողջապահական, գիտական, տեղեկատվական եւ կիբեռ բաղադրիչներ»։ Գրասենյակից նաեւ ներկայացրել են, թե ինչ հանդիպումների հիման վրա է մշակվել ռազմավարությունը։ «Հիմնական աշխատանքները տարվել են միջգերատեսչական ձեւաչափով՝ ֆորմալ առումով ներառված է եղել թվով 23 գերատեսչություն/կառույց։ Խորհրդակցություններ են եղել Արցախի պաշտոնական շրջանակների, իսկ առանձին գլուխների վերաբերյալ նաեւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Ռազմավարության մշակման տարբեր փուլերում խորհրդակցություններ են անցկացվել նաեւ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», – ասված է Անվտանգության խորհրդի գրասենյակի պատասխանում»։
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի այսօրվա իրավիճակը, մեղմ ասած, շատ անհանգստացնող է։ Ասել, որ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, նշանակում է ոչինչ չասել։ Եվ դրսի մարտահրավերները, եւ ներսի անվերահսկելիությունն իսկական քաոս են ստեղծել։ Ու այս ամենն իրականացվում է արտակարգ դրության պայմաններում, երբ բոլոր ռեսուրսները պետք է գործադրվեին խիստ նպատակային։ Այնինչ, մենք երկու ճակատով էլ մեծ հարվածներ ենք ստանում։ Դրսից բացում են «խաղաքարտերը», մեզ հետ խոսում են պարտադրանքի, սպառնալիքի լեզվով, ներսում էլ դիմադրողականություն բացարձակ չկա։ Արցախի հիմնախնդրի շուրջ վտանգավոր զարգացումներ, հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ սրված վիճակ, երկրում քրեական մթնոլորտի ահագնացում, Ռուսաստանում Երեւանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռի կալանում, անլույս մնացած մարդիկ, հասարակության ներսում հասունացող դժգոհության ալիք, իշխանության բացահայտ ուժի գործադրմամբ, առանց իրավական որեւէ նորմի, բիզնեսի խլում, այն է՝ կապիտալի վերաբաշխում, հայհոյող պատգամավորներ, որոնցից կառավարությունը խլում է անգամ վերահսկելու գործառույթը, ու դա խորհրդարանական երկրում:
Կարելի է երկար շարունակել, սա ընդամենը վերջին օրերի քրոնիկոնն է։ Միով բանիվ, պետական ոչ մի ինստիտուտ չի աշխատում, ոչ մեկն իր տեղում չէ։ Թվում է, թե անփորձ վարորդին մեքենա են վստահել, որն աջ ու ձախ պատերին է հարվածում, հազարավոր մարդկանց է վրաերթի ենթարկում, բայց ոչ մեկը չի կարող նրա ընթացքը կանգնեցնել, որովհետեւ կանգնեցնողին էլ անիվների տակ տրորում են։ Բայց ամենասարսափելին այն է, որ կառավարելու անընդունակ այս իշխանության համար բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Ժողովուրդը մեղավոր է, որ հավատացել ու ծանրակշիռ է համարել վարչապետը խոսքը, թե չեն անջատի իրենց լույսն ու գազը։ Մեղավոր են, պիտի կանխատեսեին, որ համակարգը կոլապսի կենթարկվի։ Եվ, իհարկե, հիմնական մեղավորը նախկիններն են, որոնք, օրինակ, կարող էին անգամ Գավառի վենդետան ծրագրել ու իշխանությանն անճար վիճակի մեջ դնել։ Կարելի է առաջիկա 2-3 տարում էլ ամեն ինչի՝ անգամ սատանաներին չհայտնաբերելու համար մեղադրել նախկին ռեժիմին, դրա մնացորդներին, սակայն դրանից երկրին պատուհասած վտանգները չեն չեզոքանալու։ Մեկ մարդու անգործության, անհամարժեքության պատճառով կարող է իշխանական ողջ համակարգը փլուզվել, ինչին այսօր ականատես ենք։ Իսկ այդ մարդու անունը բոլորին է հայտնի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրառման հնարավորությունը «Յուքոմ» ընկերության նկատմամբ հնարավոր է քննարկել բացառապես իրավասու մարմնի կողմից օրենքի հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր, թե այս օրենքի շրջանակներում հնարավո՞ր է պետականացվի «Յուքոմ» ընկերությունը՝ հաշվի առնելով, որ այն պատկանում է Խաչատրյաններին, որոնց ունեցվածքն արգելանքի տակ է և բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։ Ընդգծենք, որ այս հարցումը նախարարությանն ուղարկել էինք ավելի վաղ, քան հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Վերջինիս ևս այս ընկերության մասով հարցեր էինք ուղարկել, որին նա պատասխան տվեց հենց իր պաշտոնական հաղորդագրության միջոցով։ Մանե Գևորգյանը մասնավորապես նշել էր. «Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե:
Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները»: Իսկ ահա նախարարությունից մեր հարցման ի պատասխան, պարզաբանել են թե ինչպես և որ դեպքում է բռնագանձվում գույքը։ ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը և ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը օրենքի իմաստով համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։ Նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը:
Այս քաղաքացիաիրավական վարույթի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների և նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։ Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը: Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման և հայցի հարուցման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։ Նախագծով ուսումնասիրությունը սկսվում է քրեադատավարական որոշված ազդակների առկայության դեպքում, որից հետո ընթանում է քրեական ընթացակարգերից անկախ:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը կարող է ներկայացվել և քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի ծագման վերաբերյալ ապացույցները, այն ծավալով, որով դրանք ձեռք բերելու հնարավորություն չունի իրավասու մարմինը, գտնվում են գույքը ձեռք բերած անձի մոտ՝ օրենքի նախագիծը նախատեսում է հայցի բավարարման հնարավորություն, եթե իրավասու մարմինը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում հայցվորին հասանելի օրինական եկամուտների վերաբերյալ տվյալներով։ Համապատասխանաբար, պատասխանողը կարող է հերքել կանխավարկածը՝ ապացուցելով գույքի օրինական ձեռքբերումը՝ ներկայացնելով այն փաստաթղթերը, որոնք օրենքի ուժով հասանելի են միայն պատասխանողին։ Ամեն դեպքում, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման միայն այն դեպքում, երբ գույքի և եկամուտների միջև անհամապատասխանությունը էական է, այն է՝ գույքի շուկայական արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը»։ Այսպիսով, հաշվի առնելով վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունները, «Յուքոմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, ապա առաջիկայում նոր գործընթացների ականատես կլինենք»։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Համավարակի պարտադրած ապրելակերպը, ամեն ինչից զատ, մեզ մղում է մարդու եւ մարդկության կյանքի իմաստի մասին բնավ ոչ ավելորդ մտորումների: Թվում է՝ ամեն ինչ ասված է: Եվ իրոք՝ «Ամեն ինչ ունայն, երազ անցավոր, // Աստղ էլ որ լինես՝ պիտ հանգչիս մի օր»: Ասել է Ավետիք Իսահակյանը եւ... դարձել հայոց երկնակամարի ամենավառ աստղերից մեկը: ...Վստահաբար՝ մարդկությունը կհաղթահարի ներկայիս ճգնաժամային վիճակը: Հաջորդ սերունդները վերստին կորոնեն եւ կձեւակերպեն կյանքի իմաստի հիմնախնդիրը՝ իրենց ժամանակին, իրենց առջեւ ծառացած խնդիրներին համապատասխան: Նրանց, հուսանք, հարկ չի լինի մտահոգվելու մարդկության իսպառ բնաջնջման վտանգով: Եվ մեր մասին դատելու են ոչ այնքան ըստ մեր գիտական եւ տեխնիկական նվաճումների, այլ ըստ մեր իմաստնության, բարոյականության, մարդու եւ ողջ մարդկային քաղաքակրթության գոյության իմաստին տված մեր պատասխանների: