VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. ««ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բավականին դժվար կացության մեջ է հայտնվել. խորհրդարանում օրերս նա հավաքել է իր մտերիմներին` Զեյնալյան Նարեկին, Դանիելյան Համազասպին, իր օգնական Կոստանյան Վահանին, ասել է, որ «տխուր վիճակ է»՝ Նիկոլն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա, իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ պատճառն էլ չեն ասում, բայց դե` վարչության որոշումն է, պետք է իրականացվի։ Ինձ են ասել՝ կազմակերպի էդ հարցը, չգիտեմ` ոնց ասեմ»,- պատմեց ՔՊ մեր աղբյուրը: Ի վերջո պատճառը ո՞րն է։ «Հազար ու մի պատճառ է նշվում»: Հիշեցնենք․ Աննա Կարապետյանն Արարատ Միրզոյանի պրոտեժեն է՝ ամենաշատը գործուղումների մեկնած պատգամավորը, նաեւ հեղինակն է այն օրինագծի, որով առաջարկվում էր, որ Արարատ Միրզոյանը դառնա Անվտանգության խորհրդի անդամ, սակայն իմքայլականներն օրինագիծը տապալեցին։ Տիգրան Ավինյանի հանդեպ կա վերապահում, հիմա էլ Արարատի մերձավորներին են խաղից հանում, ո՞րն է պատճառը, ինչի՞ց է վախենում Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին շրջանում Արարատը, Ավինյանը, Թորոսյանը մոտ-մոտ են անում միմյանց։ Նիկոլն Ավինյանին կասկածում է «պերեվառոտ» անելու ցանկության մեջ, անընդհատ դա հասկացնում է»,- ասաց մեր աղբյուրը: Վերջին շրջանում Նիկոլը սկսել է հաճախ հավաքել ՔՊ պատգամավորներին, երբ էլ չի հավաքում, «զումով» է հետները նիստ անում, առաջ ամիսը մեկ էիք հավաքվում, չէ՞․ հարցրինք իմքայլական Հովիկ Աղազարյանին։ «Հա, առաջ ամիսը մեկ էր, հիմա եթե ընթացիկ կարեւոր հարցեր են լինում, համատեղ քննարկում ենք»: Աննա Կարապետյանը մասնակցո՞ւմ էր վերջին նիստին։ «Աչքովս չընկավ, ես 5-րդ շարքում եմ նստում»: Նրա՝ մանդատը դնելու հարցն այս անգամ չե՞ք քննարկել։ «Ոչ, մենք այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրինագծերի նկատմամբ մեր վերաբերմունքն էիք քննարկում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «բռնկումները» տեղատվել, լեզու գտնելու մարտավարության են վերածվել. Փաշինյանը փորձում է գոնե ներթիմային պայքարում առժամանակ դադար վերցնել: Վերջին «տրիադան»` ամառանոցի այգում, ցուցանք էր, որ թիմում առավոտները խաղաղ են, Ավինյանի ու Թորոսյանի հետ վեճերն էլ` խիստ «գաղափարական գետնին վրա»: Օրհասական վիճակում գտնվող Փաշինյանն ինֆորմացիա ունի, որ ընդդիմությունը միավորվելու հզոր թրենդի մեջ է, եւ եթե ինքը շարունակի իր թիմի հետ «փռելու, ծեփելու» մարտավարությունը, ընդհանրապես տանուլ կտա, մանավանդ որ թիմում իր ամենակոշտ ընդդիմախոսներից Ավինյանը «փայլուն» կապեր ունի ընդդիմադիրների հետ։ Ի դեպ, ասում են, թե Ավինյանը լրջորեն հակադարձում է Նիկոլին` առանց նայելու ով կա-ով չկա, ասում` էս բանը սխալ ես անում, էս բանը չի կարելի «ըտենց» անել: Ավինյանի օրինակին է սկսել հետեւել նաեւ Արսեն Թորոսյանը։ Վերջինիս առարկություններն էլ առնչվում են արտակարգ ռեժիմի հետ կապված կառավարության ոչ խելամիտ քայլերին: Միքայել Մինասյանի լրջագույն մեղադրանքների ֆոնին Նիկոլին պետք էր համերաշխության պերֆորմանս` կանաչ խոտերի ֆոնին, ինչն էլ ժամանակավորապես հետաձգեց Ավինյան-Փաշինյան մերձամարտը»:
«Իրատես» թերթը գրում է. «Բոլորին էլ տարօրինակ է թվում, թե իր հախուռն բնավորությամբ Նիկոլ Փաշինյանն ինչու Միքայել Մինասյանի մեղադրանքին չի արձագանքում, ինչու հարմար առիթը չի օգտագործում նորից նախկին «թալանչիներին» ու «կոռուպցիոներներին» հիշելու համար։ Մեր տեղեկություններով, պատճառն առավել քան զարմանալի է. այս անգամ նա լսել է իրեն խորհուրդ տվողներին։ Հայտնի ելույթից հետո բոլորն իրար գլխի են հավաքվել ու որոշել, թե ինչպես պիտի արձագանքի Փաշինյանը, ու եզրահանգել, որ առայժմ նա պիտի լռի, քանի որ Միքայել Մինասյանը որոշել է շարք սկսել, իսկ առաջին արձագանքով Փաշինյանը կներքաշվի նրա հետ մի բանավեճի մեջ, որտեղից հաստատապես շահած դուրս չի գա։ Նույն աղբյուրի պնդմամբ, որոշում է կայացվել հարմար առիթի դեպքում խոսել, սակայն առայժմ կսպասեն «Ստի վերջը» տեսաշարի հաջորդ մասին։ Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ Փաշինյանի բռնկուն բնավորությունը աչքի տակ ունենալով, չի բացառվում, որ մի երեկո «լայվ» մտնի ու պայմանավորվածությունը խախտի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 2-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, նախորդների համեմատ, անցել է հանդարտ մթնոլորտում: Հիշեցնենք, որ նախորդ նիստը շատ բուռն էր եղել, որի ժամանակ, կարելի է ասել, վարչապետը դուրս էր եկել ափերից ու իր թիմակիցներին հորդորել էր ուշքի գալ: Անգամ իմքայլականների համար էր անակնկալ եղել վարչապետի խիստ ու կոշտ որակումները, ինչին արդեն հետեւել է շաբաթ օրը կայացած ավելի հանդարտ նիստը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ իր թիմակիցներին բացատրել է, թե ինչն է իրենց թիմի խնդիրը, նշել է, որ ինքն արդեն հոգնել է տարբեր անձանցից բողոքներ լսելուց, ու նշել, որ խնդիրները ոչ թե պետք է փնտրել այստեղ-այնտեղ, այլ իրենց թիմում առաջացած պառակտումների, թայֆաների բաժանվելու եւ անվերջ միմյանցից բողոքելու մեջ: Վարչապետը բոլորին հորդորել է սթափվել ու աշխատել՝ առանց ինչ-որ մեկի մասին ինֆորմացիաներ որոնելու ու այն իրեն փոխանցելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այժմ իմքայլականների շրջանում լարվածություն կա, քանի որ մի քանի պատգամավորների (որոնց մեջ են Վարդան Աթաբեկյանը, Աննա Կարապետյանը) ԱԺ տարբեր շրջանակներից հորդորում են մանդատը վայր դնել: Լարվածությունն առկա է նաեւ գործադիր մարմնում, որտեղ եւս առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, իշխանական էլիտան շատ ավելի անհանդուրժող է մամուլի ու լրագրողների հանդեպ, քան Նիկոլ Փաշինյանը, ով մամուլի դեմ պարբերաբար հայտարարություններ է անում եւ 99 տոկոսին համարում ծախված։ Թիմը նրան շարունակ մղում է հաշվեհարդար տեսնել իրեն քննադատողների հետ, փակել բոլորի բերանը, հայհոյողներին ուղղակի «սամասուդի» ենթարկել, ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ դա չեն կարող անել, քանի որ աշխարհում դա չեն հասկանա, եւ անգամ օրինակ է բերել Դոնալդ Թրամփին, որի հասցեին եւս հայհոյանքներ ու դաժան քննադատություն է հնչում»:
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունների՝ վարկանիշի ամենժամյա անկման ֆոնին հետաքրքիր վերադասավորումներ են սպասվում արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտում: «Փաստ» թերթի տեղեկություններով, փորձ է արվում կոնսոլիդացնել նորաստեղծ, բայց, այսպես կոչված, քաղաքական խաղերում չկեղտոտված երիտասարդ ուժերի «գվարդիան»՝ առաջիկա քաղաքական մարտերում երիտասարդ ու ավյունով լեցուն երիտասարդների պոտենցիալը միավորելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների, այդ համախմբման լոկոմոտիվը Արթուր Ղազինյանն է, որը ղեկավարում է վերջերս քաղաքական կյանք մտած «Մեկ Հայաստան» կուսակցությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սպառնում է կրկին վերադառնալ իր նախկին պաշտոնին: Մասնավոր զրույցների ժամանակ Գասպարյանը հայտարարում է, որ իշխանափոխության դեպքում ինքը վերականգնվելու է նախկին պաշտոնին, բայց ընդամենը երկու ամսով: Այդ ժամանակը բավարար է, որ Գասպարյանը վրեժխնդիր լինի իր դեմ գործ տվողներից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել Ազգային ժողովի կողմից ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ դրան հարակից օրենքների փաթեթը: Ավելին` այն նախագահի աշխատակազմի կողմից ենթարկվում է փորձաքննության: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, նշեցին. «Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը եւ դրան հարակից օրենքների փաթեթը հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է ս.թ. ապրիլի 21-ին: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի 21-օրյա ժամկետում: Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրում են օրենքը եւ հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական եւ այլ մասնագիտական փորձաքննություն»: Հավելենք, որ փաթեթը ստորագրելու համար նախագահին մնացել է 6 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից եւ այս նախագծի սահմանադրականությունը վիճարկի ՀՀ Սահմանադրական դատարանում։ Նկատենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով սակայն հետեւել կիրառմանը, իսկ «Բանկային գաղտնիքի մասին» մեկ այլ վիճահարույց օրենքն էլ ՍԴ-ում է. դեռ քննում են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանն իր ընկերների նկատմամբ այս շրջանում շատ հոգատար է. բոլորին նշանակել է կորոնավիրուսի հիվանդանոցների, հյուրանոցների պատասխանատուներ»,- ասաց մեր աղբյուրը՝ շեշտելով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի երբեմնի տնօրեն Գեւորգ Սիմոնյանին (որն աշխատեց ընդամենը 1 ամիս` ԲԿ-ի տնօրենի հետ կոնֆլիկտի պատճառով), ապա այրվածքաբանականի տնօրենն էր: Սիմոնյանն օրերս բավական «էկզոտիկ» պատմության մեջ է ընկել: Նա «Սբ Մարիամ Աստվածածին» ծննդատան տարածքում ձեւավորված կարանտինի պատասխանատուն է, հիվանդանոց մտնելիս ոստիկանը դարպասի մի դուռն է բացել, նա վրդովվել է, թե ինչու 2 դուռն էլ չես բացում, ոստիկանը, չճանաչելով, ասել է` քեզ պետք է, դու բացի։ Նա վրդովված հասել է աշխատասենյակ՝ «վառոտները» քանդելու հրաման տվել, մուտքը հսկող ոստիկանին էլ աթոռ են տվել, որ դրսում նստի: Սիմոնյանը երեկ լսեց մեր հարցը եւ ասաց՝ դիմեք ԱՆ լրատվական»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ձևավորվում են քրեական խմբեր՝ 10-15 մարդուց կազմված, որոնք զբաղվում են տնտեսվարողներին ռեկետի ենթարկելով և գումարներ կորզելով: Այս խմբավորումները ունեն նաև արտաքին ֆինանսավորում և պատվիրատուներ, որոնք Ռուսաստանում բնակվող, քրեական հետագիծ ունեցող ազգությամբ հայ գործարարներն են: Առաջիկայում մենք կհրապարակենք, թե Հայաստանում ովքեր են կանգնած այս խմբավորումների հետևում, և որ նախկին օլիգարխի հյուրանոցում են տեղի ունենում խմբավորումների հավաքները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ կորոնավիրուսի եւ արտակարգ դրության պայմաններում՝ երբ փակ են բոլոր սահմանները եւ իշխանությունն անգամ հիվանդների հետ շփված անձանց տեղորոշելու հնարավորություն ունի, անհետացել է «Յուքոմի» սեփականատեր Գուրգեն Խաչատրյանը։ Նրա անհետանալուց հետո ԱԱԾ-ն մի խրոխտ հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով, որ Խաչատրյանները մեղադրվում են ՊԵԿ նախագահի պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում արտոնություններ վայելելու եւ կաշառք ստանալու համար։ Ուշագրավ է, որ նորից խոսքը գնումների մասին է․ ՊԵԿ նախագահը հանձնարարել է ՀՀ ՊԵԿ-ի, եւ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց «համագործակցել» «Յուքոմ»-ի հետ»:
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ucom-ի շուրջ զարգացող իրադարձությունները միայն Հայաստանով չեն սահմանափակվում: Հետաքրքիր է, որ նախկինում հեռահաղորդակցության ոլորտում հարեւան Վրաստանում ծագած խնդիրների թե՛ սցենարներն են նման, թե՛ անձինք են նույնը: Օրերս վրացական պետական Pia.ge տեղեկատվական ծառայությունը եւ մի շարք այլ հեղինակավոր էլեկտրոնային պարբերականներ, մասնավորաբար commersant. ge եւ bfm.ge, անդրադառնալով հայաստանյան Ucom-ի եւ «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունների վերամիավորման շուրջ ստվերային պայմանավորվածություններին, զուգահեռներ են անցկացրել վրացական դեպքերի հետ: Խոսքը Beeline Georgia ընկերությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որը 2009-2011 թվականներին ղեկավարել է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության՝ Beeline ապրանքանիշի ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ուշագրավ է, որ վրաստանյան բացահայտումների արդյունքում ծանր մեղադրանքների պատճառով Պյատախինը ստիպված է եղել հեռանալ ընկերությունից: Ու թեեւ այն ժամանակ գործը չի հասել քրեական պատասխանատվության, սակայն հեռահաղորդակցման բիզնես-շրջանակները Մոսկվայում Պյատախինի «առաջխաղացումը» հիմնավորել են Beeline-ի վրացական գրասենյակում լայնամասշտաբ եւ համակարգված գործունեության հետ: Ստացվում է՝ Եսայան եղբայրների մեջքի հետեւում ստվերային պայմանավորվածություններն ու նրանց փաստի առջեւ կանգնեցնելու սցենար եղել է, որը թեեւ Խաչատրյան եղբայրները հերքում են, սակայն բավական մոտ է եղել այն ավարտին հասցնելու օրը, որը ժամանակին կանխվեց Հայկ եւ Ալեքսանդր Եսայանների բացահայտման շնորհիվ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական տարբեր պաշտոնյաներ խոստովանում են, որ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերն այնքան էլ թիրախային չեն, և դրանց արդյունավետությունը միշտ չէ, որ բարձր է: Օրինակ՝ կառավարությունը 100 հազար դրամ օգնություն հատկացրեց չաշխատող մայրերին, որոնք կամ միայնակ են, կամ որոնց ամուսինները գործազուրկ են: Ոստիկանության, ՊՆ կամ այլ ուժային կառույցների աշխատակիցները հաշվառված չեն սոցապնախարարությունում, և այդ պատճառով այս համակարգերի աշխատակիցների հղի կանայք ևս ստացան այդ օգնությունը: Նույնը վերաբերում է նաև գործազուրկ ծնողների անչափահաս երեխաներին տրվող 26-հազարական դրամ օգնությանը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ նշելով, որ նախարարը երկրի հրամկազմին դրանից բխող համապատասխան ցուցումներ է տվել: «Ադրբեջանական բանակը, վերջին 2 ամիսներին հատկապես, բավական ինտենսիվ զորախաղեր է անցկացնում` ներգրավելով գրեթե բոլոր ստորաբաժանումները` օդուժ, հրետանի, ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումներ եւ այլն։ Մեր հարեւան երկրում նաեւ տեսակետ է շրջանառվում, որ կորոնավիրուսը փոքր-ինչ շեղել է իրենց, այսպես ասած, գրաֆիկից՝ ակնարկելով, որ եթե չլիներ կորոնավիրուսը, ապրիլի վերջին ռազմական գործողություն էին սկսելու:
Հասանովը հանձնարարել է նաեւ հետախուզական աշխատանքներ տանել մեր թիկունքում, ինչը ենթադրում է անօդաչու թռչող սարքերի ակտիվացում: Իսկ դա իր հերթին առաջնագծում լարվածության աճի է հանգեցնելու»,- ընդգծեց Վիտալի Մանգասարյանը: Ռազմական փորձագետի փոխանցմամբ` ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն այս փուլում քարոզչական գրոհի է անցել, գրեթե բոլոր լրատվամիջոցները ռազմատենչ վերնագրերով տարածում են Հասանովի հայտարարությունը։ Այս եւ մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, շեշտեց մեր զրուցակիցը, պետք է էլ ավելի բարձրացնենք զգոնությունը թե՛ բանակում, թե՛ հասարակության շրջանում` պատրաստ լինելով զարգացումների ցանկացած սցենարի. «Ապրիլին առաջնագծում, վերջին 1-1,5 տարիների համեմատ, լարվածության աննախադեպ աճ է գրանցվել։ Բացի հրաձգային զենքերի ակտիվ կիրառումից՝ նաեւ հրետանային միջոցներ, մասնավորապես ականանետներ են գործի դրվել։ ՊԲ հակաօդային ստորաբաժանումների կողմից խոցվել է հետախուզական Օrbiter 3 տեսակի իսրայելական արտադրության ԱԹՍ։ Ադրբեջանական ռազմական ավիացիան թեեւ չի խախտել ՀՀ օդային տարածքը, բայց շփման գծին բավականին մոտ մանեւրումներ է կատարել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 22-ին արած հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը, խոսելով արցախյան հակամարտության կարգավորման մասին, գրել էր. «Փաստաթղթերը ենթադրում են կարգավորման փուլային մոտեցում՝ առաջին փուլում ենթադրելով ամենաարդիական խնդիրների լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կապերի ապաարգելափակում»: Սակայն ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի երեկվա հայտարարությունը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին միանգամայն հակառակն էր: Անդրադառնալով հարցին՝ ի վերջո Հայաստանի համար ընդունելի է խնդրի կարգավորման փուլային, թե փաթեթային տարբերակը՝ նախարարը հայտարարեց. «Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են և վերահսկվում են: Կրկնում եմ, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն ավելի մեծ չափով է իրականացնում իր պարտավորությունները՝ չստանալով համադրելի քայլեր մյուս կողմից, խախտում է իր անվտանգային դիրքերը: Նման իրականացումն անհնար է»: Այսպիսով, ՀՀ արտգործնախարարը, ըստ էության, հերքեց Սերգեյ Լավրովին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ, որի տեսակետը ևս համընկավ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի խոսքի հետ: «Որպեսզի կարողանամ մեկնաբանել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, պետք է լսել նրան և հասկանալ՝ ինչպես է նա տեսնում հարցի կարգավորումը, և միայն դրանից հետո մենք կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես լիովին հասկանում եմ, որ արցախյան հակամարտության սկզբունքներն ակնհայտ են, և դրա համար Լավրովի կամ մեկ այլ անձի հայտարարություն պետք չէ: Պետք է լինի գործարք, որը, սակայն, չի ստացվում իրականացնել: Ես մինչև վերջ չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Լավրովը, սակայն կարծում եմ՝ արցախյան հակամարտության լուծումը կունենա փաթեթային լուծում, քանի որ կողմերը միմյանց չեն վստահում»: Հավելենք՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ փորձելով և՛ երկրորդել Սերգեյ Լավրովի հայտարարությունները, և՛ բացատրել իրավիճակը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շրջանառության մեջ է դրել «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագիծը: Դժվար է ասել, թե այս նախագծի ընդունումը որքանով կնպաստի գազի սակագնի նվազմանը: Այն ավելի շուտ նպատակ ունի ստիպելու, որ գազամատակարար ընկերություն «Գազպրոմ Արմենիան» ներդրումներ իրականացնի գազի կորուստները նվազեցնելու համար»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանի որսորդական հասարակական կազմակերպություններին անդամակցում է մոտ 60 հազար քաղաքացի: Այլ կերպ ասած՝ հանրապետությունում փաստացի կան այդքան անհատներ, որոնք տանն ունեն որսի համար նախատեսված զենք: Ըստ գործող կարգի, զենք ունենալու համար ընդամենն անհրաժեշտ է, որ քաղաքացին անդամակցի որեւէ որսորդական միության: Այս հարաբերությունները կարգավորող «Որսի եւ որսորդական տնտեսությունների վարման մասին» օրենքով նախատեսված է, որ միություններին անդամակցող անհատը պետք է հանձնի որսորդական մինիմումներ, որի միջոցով ստուգվում է որսորդների որս կատարելու համար պարտադիր եւ անհրաժեշտ գիտելիքների իմացության աստիճանը: Օրենքով նաեւ սահմանվում է, որ ֆիզիկական անձինք միայն այդ մինիմումները հանձնելուց հետո կարող են ստանալ որսորդական վկայականները, վերջիններիս պարտադիր առկայության դեպքում է միայն թույլատրվում զենք ձեռք բերել: «Զենքի մասին» օրենքով սահմանված է, որ քաղաքացին կարող է զենք ձեռք բերել, եթե համարվում է որսորդական հասարակական կազմակերպության անդամ:
Բայց այդ հասարակական կազմակերպություններին անդամակցողները եւ ոլորտին մոտ կանգնած մարդիկ լավ գիտեն, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում որսորդական մինիմումներ են հանձնել հատուկենտ քաղաքացիներ: Հայաստանում որսորդական վկայական կարելի է ստանալ մի քանի րոպեում՝ առանց մինիմումների հանձնման: Այս երեւույթը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին՝ գրեթե բոլոր որսորդական հասարակական կազմակերպությունները կամ դրանց ղեկավարները զբաղվում են նաեւ զենքի վաճառքով, իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ կազմակերպություններին անդամակցում է միայն զենք ձեռք բերելու իրավունք ստանալու համար: Երկրորդ՝ հանրապետությունում այսքան տարի չի ընդունվել եւ գործել որսորդական մինիմումների անցկացման կարգը, հետեւաբար, չէր կարող պատշաճ ձեւով կազմակերպվել եւ իրականացվել նաեւ որսորդական մինիմումների հանձնման գործընթացը»: