24.11.2024
Մամուլ. Փաշինյանն Ավինյանին կասկածում է «պերեվառոտ» անելու ցանկության մեջ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարեն Կարապետյանը ապրիլյանի դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովից հրավեր է ստացել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Հայաստանի երեք նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Այս երաշխավորությունը, հիշեցնենք, նախկին վարչապետները պետք է ներկայացնեին դեռևս փետրվար-մարտ ամսին, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը չէին կայանում։ Ուշագրավ է, որ այդ նպատակով Հայաստանում գտնվող նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել նաև ապրիլյան դեպքերը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովը հրավեր է ուղարկել Կարապետյանին։ 2016-ի սեպտեմբերին զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ Կարեն Կարապետյանը ուշագրավ հայտարարություն էր արել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկան չի աշխատել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց տեղեկություն տալ Քոչարյանի առողջական վիճակի մասին․ «Չենք մեկնաբանում»։ Լուրեր կան, որ մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու է՝ ընդառաջելով վարչապետների միջնորդությանը։ «Որեւէ փաստաբան իրավունք չունի կանխատեսումներով առաջնորդվել՝ մենք մեր կողմից ամեն հնարավորն անելու ենք, սակայն չմոռանանք, որ 2018թ. հուլիսից պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որեւէ իրավական հիմք չի եղել, չկա։ Ուրբաթ օրը մենք մեր բոլոր միջնորդությունները կներկայացնենք, կտեսնեք` ինչ կլինի»: Աննա Դանիբեկյանն արձակուրդում չէ՞։ «8-ին պետք է վերադառնար, հետո էլ` մի հատ քիթ ունի, չէ՞, որն էլ կարծես արդեն վիրահատել է»: Դուք մայիսի՞ն եք սպասում Վենետիկի հանձնաժողովի պատասխանին։ «Նստաշրջանը հունիսին է, սակայն մինչ այդ ՄԻԵԴ մեծ պալատը քննության է ընդունել ՀՀ ՍԴ-ի հարցադրումները. թե որ մարմինն ավելի շուտ իր կարծիքը կներկայացնի, դժվար է ասել` կապված կորոնավիրուսի հետ՝ ժամկետները մոտավոր են, պետք է սպասել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` սովորաբար կիրակի օրերին տեղի ունեցող ՔՊ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի «նշանառության» տակ է հայտնվել սահմանադրական հանրաքվեի «կնքահայր» Վահագն Հովակիմյանը, ում Փաշինյանը չի խնայել։ «Շան լափ թափեց գլխին` ամենավերջին բառերով` հանրաքվեի հաշվով»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը։ «Ասաց` Վահագ, դու մեզ քաշեցիր, էսօր մենք պատի առաջ ենք կանգնել, ելք չունենք՝ կարանք խայտառակվենք, անելիքներս չգիտենք։ Մի կողմից կորոնավիրուսն է, մյուս կողմից՝ իրավական լուծումները չգտաք, ՍԴ-ի հարցում մնացինք հանրաքվեի հույսին, հիմա էլ անելիքներս չգիտենք»: Իսկ Վահագն ի՞նչ էր ասում։ «Չորացած, լուռ լսում էր։ Ի դեպ, իմացեք` քննարկվում են հանրաքվեից «զադնի դնելու» տարբերակները»: Ի՞նչ տարբերակներ են։ «Փորձում են ելքեր գտնել»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունների նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն, որով փորձում էին փոփոխություն կատարել Սահմանադրության անցումային կետերում, որպեսզի ազատվեն ՍԴ նախագահից ու 6 դատավորներից, առ այսօր մնում է օդում կախված։ Չնայած կորոնավիրուսային համավարակը արտաքուստ թեման «սառեցրել» է, սակայն իշխանամերձ որոշ անհատներ փորձում են այն պահել «ջրի երեսին»: Ավելին, ոմանք արդեն նույնիսկ Գավառի դեպքերն են կապում ՍԴ կազմը չփոխելու հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, հանրաքվեի հարցը, բնականաբար, նաև իշխանությունների օրակարգում է մնում, և ըստ կուլիսներում պտտվող խոսակցությունների, մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրությունից հետո թեման ամբողջ ծավալով դարձյալ կմղվի առաջին պլան։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները և անձամբ վարչապետ Փաշինյանը բավականին վճռական են տրամադրված այս հարցում։ Մեր զրուցակցի խոսքերով, իշխանության ներսում քննարկումների հիմնական առանցքն այն է, թե՝ «տարբերակ չունենք, քանի որ համաճարակը շուտ չի վերանալու, անգամ կարող է 1-2 տարի տևել, չենք կարող «զադնի» դնել»: Սակայն այս առումով ամեն ինչ միանշանակ չէ: Ըստ մեր տեղեկությունների, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ իշխանությունում և մերձիշխանական սատելիտ «փորձագիտական» ու քաղաքական շրջանակներում տարբեր կարծիքներ են շրջանառվում. ոմանք կողմնակից են, որ իրավիճակը լուծվի ըստ օրենքի՝ հանրաքվեն անցկացնելով ժամկետների մեջ, հակադիր կարծիք ունեցողները պնդում են, որ հարցը պետք է կարգավորել արագորեն՝ ԱԺ շրջանակներում։ Այլ բառերով ասած՝ իշխանության «տանը» կռիվ է ընկել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն, օր օրի ավելի է խորանում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի փոխհարաբերությունները: Ըստ մեր տեղեկությունների, անգամ ապրիլի 21-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ պետք է որոշում կայացվի` կա՛մ ինքն է մնում իր պաշտոնին, կա՛մ նախարարը, քանի որ իրենք համատեղ նույն ոլորտում չեն կարող աշխատել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստի ժամանակ տեսնելով, որ իսկապես իրավիճակը թեժ է, Մխիթար Հայրապետյանին հորդորել է սպասել: Տեղեկություններ կան, որ հնարավոր է առաջիկայում վարչապետը կառավարությունում Հայրապետյանին ինչ-որ մի պաշտոնի նշանակի՝ այդկերպ լուծելով առկա լարվածությունը: Նշենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը, կարելի է ասել , «փակել» է բոլոր ինֆորմացիաներն օրենսդիրի համար ու կրթական բարեփոխումների առկա փոփոխությունների վերաբերյալ ո՛չ Հարությունյանն է քայլեր ձեռնարկում, եւ ո՛չ էլ թույլ է տալիս, որ այդ բարեփոխումներն իրականացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովի կողմից, ինչի համար էլ նման լարվածություն է առաջացել Հայրապետյանի եւ Հարությունյանի միջեւ:


Armlur.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Մխիթար Հայրապետյանից, որը հայտարարեց, թե չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել, իսկ եթե կա տարաձայնություն, ապա դա կապված է իրենց ոլորտում առկա քննարկումների հետ: Իսկ ՀՀ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ լուռ լսեց մեր հարցը, այն տեղեկությունները, ըստ որի իր եւ Հայրապետյանի միջեւ առկա է լարվածություն, սակայն որեւէ պաշտոնական մեկնաբանություն չցանկացավ ներկայացնել՝ հայտարարելով թե ոլորտի հետ կապված քննարկումները բաց են, կարող ենք հետեւել դրան: Այսպիսով, մնում է սպասել՝ հասկանալու համար, թե Փաշինյանը ինչ հանգուցալուծում կտա այս հարցին»:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ չհաշված Էրիկ Գրիգորյանի դեմ աշխատող մերձիշխանական շրջանակների՝ վերջինիս հեռացման պատճառը մեծապես կապված է Ամուլսարի հետ: Ըստ շրջանառվող խոսակցությունների` «Լիդիանի» ու կառավարության միջեւ գործարք կա՝ Ամուլսարի նախագիծը վաճառելու»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայումս նոր նախաձեռնություն է մշակվում, համաձայն որի, նախատեսվում է առաջիկայում շրջանառության մեջ դնել մի օրենսդրական փոփոխություն, որով ՀՀ վարչապետներին նույնպես լիազորությունների դադարելուց հետո պետության կողմից համապատասխան կարգով կհատկացվի առանձնատուն։ Գործող օրենքով Հայաստանի պաշտոնաթող նախագահներին պետության կողմից տրվում է առանձնատուն մայրաքաղաքում (սեփականության իրավունքով), ցմահ ծառայողական ավտոմեքենա, անվտանգություն և այլն: Հաշվի առնելով, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով փաստացի երկրի ղեկավարը ՀՀ վարչապետն է, տրամաբանական է համարվում, որ նրան էլ տրվեն վերոնշյալ հնարավորությունները: Ի դեպ, նման առաջարկ եղել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք՝ սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական փոփոխությունների շրջանակներում, սակայն այն ժամանակ ի վերջո հրաժարվել են այդ մտքից: Հաշվի առնելով, որ, ըստ մեր ստացած տեղեկության, նախագիծը մշակվում է կառավարությունում, դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին: Գևորգյանը նախ՝ ճշտեց, թե մեր տեղեկություններով՝ որտե՞ղ է նման նախագիծ մշակվում, ապա, լսելով մեր պատասխանը, թե՝ կառավարությունում, տվեց կարճ պատասխան՝ «ոչ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կակտիվանան «քնած» ռեժիմում գտնվող մի քանի կուսակցություններ: «Ժառանգությունը», նրանից պոկված «Երկիր ծիրանին» և անգամ բոլորի կողմից, կարծես թե, մոռացված «Օրինաց երկիրը» պատրաստվում են կրկին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել: Բնականաբար, այս կուսակցությունները հանդես են գալու գործող իշխանության ընդդիմության դիրքերից, և դա պայմանավորված է այդ դաշտում առաջացած վակուումով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու խնդիրը՝ վերջերս շատ է բարձրաձայնվում բիզնեսի կրած վնասները գնահատելու, դրանք գոնե մոտավորապես պատկերացնելու ու նախնական հաշվարկների հիման վրա աջակցություն ցույց տալու խնդրի մասին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, առկա վիճակը գնահատելու և կառավարության հակաճգնաժամային ծրագրերի ազդեցությունը հասկանալու համար բիզնես շրջանակներում հարցումներ իրականացնելու նախաձեռնություններ են եղել, ինչի մասին ավելի վաղ էինք հայտնել: Արդյունքները պետք է փոխանցվեին պետական մարմիններին: «Գործատուների միության նախագահ» Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում հայտնել է իրենց կողմից արված ուսումնասիրության ավարտի մասին՝ ընդգծելով, որ հարցումներին մասնակցել է 213 ձեռնարկություն, որոնց թվում են տարբեր ՓՄՁ-ներ: Ձեռնարկությունների 89 տոկոսը նշել է, որ աշխատողներին չի կրճատելու, 11 տոկոսը՝ որ կրճատելու է: Նշված թվից 86 տոկոսն ասել է, որ ունի ֆինանսական լուրջ խնդիրներ ու ֆինանսների կարիք: 86 տոկոս կարիք ունեցողներից 40-45 տոկոսն էլ իր հերթին նշել է, որ նաև ֆինանսների անհասանելիության խնդիր ունի: Մասնագետն այս ցուցանիշը բավականին բարձր է համարում ու բարձրաձայնում աջակցման միջոցառումների վերանայման անհրաժեշտության մասին: «Մեր այն կանխատեսումը, ըստ որի, միջոցառումներն իրենց ընդգրկվածությամբ, մասշտաբներով, նաև ընտրության գործիքակազմով հասանելի չեն լինի շատ ընկերությունների համար, իրականություն դարձավ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գ. Մակարյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում շարունակում են աշխատավարձերից պահումներ անել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: ԱԱԾ աշխատակիցներից ահազանգ ստացանք, որ մինչեւ մայորի կոչում ունեցողներին պարտադրում են 5, իսկ ավելի բարձր կոչում ունեցողներին՝ 10-15 հազար դրամ փոխանցել ֆոնդին: ԱԱԾ-ում դժգոհ են՝ համարում են, որ իրենք նախկինների դոսյեները զննելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու ազգանվեր գործով են զբաղված եւ պետք է լրացուցիչ վարձատրվեն ու նման մասհանումներ չպահանջեն իրենցից»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի ընտրություններին նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը գտել է իր պարտության մեղավորներին։ Այս օրերին գեներալ Վիտալի Բալասանյանը իր արդեն հատուկենտ կողմնակիցներին փորձում է ապացուցել, որ ընտրություններին «Քոչարյանենք քաշել» են։ Նա Վիկտոր Դալլաքյանի ոճով ասում է, որ նույնիսկ եթե իր կամուֆլյաժը ուղարկեր դեբատներին և քարոզարշավին՝ նվազագույնը 2-րդ փուլ դուրս եկող էր։ Քոչարյանի աջակիցներն են՝ ընտանիքի որդիների գլխավորությամբ, Բալասանյանին համոզել, որ իրենց աջակցությամբ շուտով Արցախի նախագահն է։ Ասում են՝ Բալասանյանից պակաս չի վշտացել նաև Սեդրակ Քոչարյանը, ում փողերը գրեթե քամուն տվեցին Քոչարյանի «ինտերնացիոնալ» աջակիցները»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած ոչ բոլոր անձինք են ներկայացրել՝ միանվագ աջակցություն ստանալու համար: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 18-ին կառավարությունը հաստատել էր 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին ու նրանց իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու կարգը։ Ըստ այդմ, մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15 մլն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5 մլն դրամ փոխհատուցում։ Եվ ահա, պարզվում է՝ ոչ բոլոր շահառուներն են դիմել փոխհատուցում ստանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջոցառման շրջանակներում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել 10 զոհված անձանց հարազատներին, առողջությանը ծանր վնաս հասցված 8 անձանց և առողջությանը միջին ծանրության վնաս հասցված 31 անձանց: Ընդհանուր առմամբ ծախսվել է 575 մլն դրամ՝ այդ անձանց աջակցելու համար: Ինչպես նշեցինք, ծրագիրն ամբողջովին չի կատարվել: Չնայած նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նշել էր, թե մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց թիվը հստակ չէ, սակայն միևնույն ժամանակ ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայության պատասխանը, որ ծանր և միջին ծանրության վնասվածք ստացել է 63 քաղաքացի, նրանցից 32-ը՝ ոստիկան»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 21-ին գրել էր, որ «ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են նրանք ազատվել ծառայությունից: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հորդել էին իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է, սակայն հենց ՊՆ-ի պատասխանի մեջ էլ թաղված է շան գլուխը: ՀՀ ՊՆ Գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի անունից ստացված գրության մեջ ավսում է, որ նրանք օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից և հավելում. «Հայտնում եմ նաեւ, որ նշված քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքի եւ տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»: Այսպիսով, ՀՀ ՊՆ-ն հաստատել է մեր հրապարակած տեղեկությունը՝ հայտնելով, որ իրապես զինդատախազի որդիները չեն ծառայել հայկական բանակում, սակայն որոշել են թաքնվել «Անձնական տվյալների անվան տակ»: Նկատենք, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց քննություն նախկին պաշտոնատար անձանց որդիների բանակից ազատվելու հանգամանքները, եղան բացահայտումներ, սակայն մյուս կողմից ՀՀ Զինվորական դատախազ Վահե Հարությունյանի որդիների` Էրիկ եւ Պետրոս Հարությունյանների բանակում չծառայելու փաստը փորձում են թողնել առանց մեկնաբանության»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Այսինքն` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է: Իսկ ահա Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2100-ով: Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծնվածների թիվը կազմել է 8297, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 7952, իսկ ահա այս տարվա ապրիլի 1-ին՝ 7578: Այսինքն՝ ծնվածները 374-ով պակասել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվն է պակասել, մեկ տարվա ընթացքում՝ 18-ով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ի սկզբանե որոշված էր, որ Հայաստանի և Արցախի միջև ազատ տեղաշարժի հնարավորությունը կվերականգնվի մայիսի 10-ից: Սակայն նկատի ունենալով Հայաստանում համաճարակաբանական իրավիճակի անորոշությունը, Արցախի իշխանությունները մտադիր են երկարաձգել ինքնամեկուսացման ռեժիմը առնվազն մինչև մայիսի վերջ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մնում է ռուսաստանցի հայազգի գործարար Արթուր Սողոմոնյանի սեփականությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց հենց Սողոմոնյանը: Վերջերս տեղեկություն էր տարածվել, ըստ որի, նա ակումբի առաջին թիմը, որը հանդես է գալիս ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, ֆինանսական խնդիրների պատճառով վաճառել է արտասահմանցու: Սողոմոնյանը նշեց, որ համագործակցության հեռանկար է եղել, որը չի իրականացել: «Ո՛չ, դա սխալ է: Իհարկե, ո՛չ: Ոչինչ չի վաճառվել: Այո՛, կար անձնավորություն, որն ասաց, որ պատրաստ է օգնել, դառնալ գործընկեր, բայց հետո չկարողացավ ինչ-որ գումար բերել, դրա համար ոչինչ չի փոխվել: Ինչպես կար, այդպես էլ մնում է: Պատրաստվում ենք վերսկսել առաջնությունը»,- ասաց Սողոմոնյանը: Նա նշեց, որ այդ անձնավորությունը հոլանդացի ինչ-որ գործարար է, որի հետ ինքը ծանոթացել է ընդհանուր ծանոթների միջոցով: Ամեն դեպքում, հիմա «Փյունիկն» արդեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով ստացել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության վճարը, եւ դա, ըստ Սողոմոնյանի, բավարար է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից կարողանան դուրս գալ»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Վառելանյութի, մասնավորապես բենզինի գնի բարձրացումներ առաջիկա ամիսներին չեն սպասվում: Այս մասին «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Ի դեպ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մարտ ամսին երեք խոշոր տնտեսվարողի մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաեւ ապրիլին: Ըստ ՏՄՊՊՀ-ի` առավել ակնառու է դիզելային վառելիքի գների նվազումը, որը կազմել է 20-40 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Դիտարկված ժամանակահատվածում երկու տնտեսվարողի մոտ արձանագրվել է նաև բենզինի գների նվազում՝ կախված տեսակից 20-30 դրամով, մյուս խոշոր տնտեսվարողի մոտ գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վառելիքի գնի նվազեցումը, եւ ինչ կանխատեսումներ կան հնարավոր թանկացումների վերաբերյալ, Մելքումյանն ասաց. «Միջազգային շուկաներում նավթի էժանացումը անմիջական ներգործություն ունի գազի եւ բենզինի գների վրա: Երբ նախկինում միջազգային շուկայում նավթն էժանանում էր, մեր երկրում բենզինը մնում էր թանկ, ասում էին` նախկին թանկ ռեժիմով է պայմանավորված: Այդ ազդեցությունը հիմա էլ ենք ինչ-որ չափով նկատում: Կանխատեսումներ անելը դժվար է: Ամեն դեպքում առաջիկա ամիսներին կտրուկ թանկացումներ չեն լինելու: Մինչեւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսները չեմ տեսնում: Գնի փոփոխություն կամ տատանում որոշակիորեն կարող է լինել, սակայն ոչ այն չափով, որը կբերի նախկին բարձր գնին»»: