VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իրավապահները ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանին առաջիկայում կհրավիրեն հարցաքննության: Քրեական գործը, որում շոշափվում է Տիգրան Սարգսյանի անունը, կապված է Կիպրոսի օֆշորային սկանդալի հետ: Այս գործում դերակատարում ունի նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Հիշեցնենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը հենց նրանց էր մեղադրում իրեն ունեզրկելու համար: Սակայն նախկինում տարված քննության արդյունքներով՝ գործով ամբաստանյալ դարձավ գործարար Աշոտ Սուքիասյանը եւ տարիներ առաջ ցուցմունքներ տվեց, թե առանց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արքեպիսկոպոս Կճոյանի գիտության, փաստաբանի խորհրդով նրանց օֆշորում բացված ընկերությունում բաժնետեր է դարձրել՝ օգտագործելով վերջիններիս անձնական տվյալները, որպեսզի իր ձեռքից ընկերությունը չվերցնեն: Իսկ արդեն հետհեղափոխական Հայաստանում, երբ գործը քննվեց այլ մոտիվացիայով, ապրիլի 15-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց եւ հայտնեց, թե ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ վերջինս 2010 թվականի ամռանը, իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրեւ Աֆրիկայի մայրցամաքում՝ իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում 12 միլիոն դոլար գումարի չափով ներդրում կատարելու դեպքով թաքցրել եւ խեղաթյուրել է դրա տեղաշարժն ու պատկանելիությունը: Հասկանալի է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ խոսք էր գնում օֆշորային այդ աղմկալի պատմության մասին, որի շրջանակներում 6 տարի կալանքի տակ գտնվող Աշոտ Սուքիասյանը արդարացվեց եւ ազատ արձակվեց: Հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, իրավապահների կողմից հարցաքննության կհրավիրվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ առայժմ վկայի դատավարական կարգավիճակով: Երեկ մեր բոլոր փորձերը՝ Տիգրան Սարգսյանի հետ զրուցելու, ապարդյուն անցան: Փորձեցինք ԱԱԾ-ից պարզաբանում ստանալ՝ երբ, ինչ կարգավիճակով է Տիգրան Սարգսյանը հրավիրվելու հարցաքննության, սակայն ԱԱԾ-ից ավելի ուշ հորդորեցին հարցը գրավոր ուղարկել: «Ժողովուրդ» օրաթերթն այդպես էլ վարվել է. կսպասենք պատասխանին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկը ցուցմունք է տվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ: Խոսքը 20 հազար դոլար կաշառքի մասին է: Ըստ մեր աղբյուրի՝ գումարը տրվել է որպես ճանապարհային գծանշումների աշխատանքների իրականացման «ատկատ»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության հարցում գերազանցում է Սերժ Սարգսյանին, մեկ օրում մի անձը մի քանի պաշտոնի է նշանակվում, եւ որեւէ հիմնավորում չի տրվում, թե որ պաշտոնյան ինչու է ազատվում զբաղեցրած պաշտոնից: Նախօրեին հայտնի դարձավ, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից, վարչապետի խոսնակը հայտնեց՝ «սեփական դիմումի համաձայն», մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանը նախ գովեստի ու շնորհակալության խոսքեր ասաց Գրիգորյանի հասցեին, ապա նրա ազատվելու պատճառների մասին հարցին պատասխանելիս ակնարկներ արեց. «Համոզված եմ, որ այս ընթացքում նա արել է առավելագույնը` առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երեւույթ է, գալիս են փուլեր, ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, եւ կայացվել են որոշումներ»։ Նախարարությունում խոսում են, որ Գրիգորյանի ազատման հիմնական պատճառը «նախկին» լինելն է, որով Փաշինյանը մեսիջ է փորձում հղել: Տեղեկություններ կան, որ նախարարի պաշտոնում նշանակվելու է վերջերս նախարարի առաջին տեղակալ նշանակված Վահե Ջիլավյանը, ով 2018-ից մինչեւ 2020-ի ապրիլը եղել է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, իսկ ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 6-ը՝ նախարարի առաջին տեղակալը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՎԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում լուրջ վրդովմունք ու խմորումներ է առաջացրել ԱԱԾ համակարգում։ Տարիներ շարունակ այդ համակարգում ծառայած, տարիներով իրենց կոչում ստանալուն սպասած սպաները ներկայումս հարց են բարձրացնում, թե ինչու պետք է «դրսից պատահական մեկը գա ու դառնա առաջին տեղակալ»։ ԱԱԾ աշխատակիցների վրդովմունքը հասել է մինչև ԱԱԾ տնօրեն, ով, ըստ էության, ևս անակնկալի է եկել այդ նշանակումից։ Նա, սակայն, աշխատակիցներին հանդարտվելու կոչ է արել՝ նշելով, որ նշանակումը քաղաքական որոշում է, և իրենք չեն կարող քննարկել»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի հոկտեմբերին 1 միլիոն դրամ կաշառքը ձեռքին ձերբակալված Արմավիրի հարկայինի պետի տեղակալի թելերը տանում էին դեպի Ռաֆիկ Մաշադյանի ամենամտերիմ ընկեր Մարատ Մարգարյանը, ուստի նրան հունվարին ազատեցին հարկայինի պետի պաշտոնից։ Դրանից հետո նա 4 ամիս, ըստ էության, աշխատեց հարկային տեսուչ։ Եվ հիմա, երբ վերը հիշատակված կաշառքի գործը, ըստ էության, փակվել է, Մաշադյանի ընկերը կրկին հարկայինի պետ է՝ արդեն Արագածոտնում։ Ուշագրավ է, որ օրենքը հարմարեցրել են Մարգարյանին։ Նա հիմա Ժամանակավոր պաշտոնակատար է, քանի որ հարկային տեսուչից անմիջապես պետ թռիչք օրենքը թույլ չի տալիս։ Բացառված չէ, սակայն, որ այս ամիսների ընթացքում Արգիշտի Քյարամյանի նշանակման օրինակով Մարգարյանին էլ հարկայինի պետ նշանակելու համար մի շրջանցող լուծում գտնվի»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գուրգեն Խաչատրյանի որդին հասցրեց իրավապահների քթի տակ թաքնվել քննությունից՝ գրավոր հրաժարվելով կալանավոր լինելու կարգավիճակից: Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ առկա մեղադրանքը լրացվել է, եւ նա մեղադրվում է կաշառք ստանալուն աջակցելու համար, մինչդեռ մի քանի օր առաջ Գուրգեն Խաչատրյանը անարգել հարցազրույցներ էր տալիս, հանդիպումներ ունենում եւ խոսում իրենց ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության մասին: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Խաչատրյանը հանկարծ հասցրեց անհետանալ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս հարցը հնչում է արդեն մի քանի օր, եւ իրավապահները դարձյալ քննադատության թիրախում են: «Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ Խաչատրյանի մասով հստակ ինֆորմացիա կա. նա երկրից դուրս չի եկել, ստուգվել են ե՛ւ պետական սահմանները, ե՛ւ ՀՀ սահմանները զարտուղի ճանապարհով հատելու բոլոր հնարավորությունները, անգամ գետերի միջով անցնելու տարբերակները. Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում: Թե որտեղ է թաքնվում, առաջիկայում կա՛մ կպարզվի, կա՛մ այդպես էլ կշարունակվի հետախուզումը, ինչպես ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեպքում, որի մասին եւս ինֆորմացիա եղավ, որ Հայաստանում է մնում, սակայն այդպես էլ չեն գտնում նրան արդեն 2 տարի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու համար իշխանությունները եւ մասնավորապես ԱԱԾ-ն գերագույն ճիգեր են գործադրում։ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ամեն գնով հայտնաբերել նրան, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։ Վարչապետի հրահանգը կատարելու համար ԱԱԾ-ն հուսահատ քայլեր է ձեռնարկում։ Երեկ բերման են ենթարկվել մի քանի անձ, որոնց կասկածում են Գուրգեն Խաչատրյանի փախուստը կազմակերպելու հարցում, չնայած ապացույցներ չունեն։ Հավանաբար, հույս ունեն, որ բերման ենթարկված անձինք ԱԱԾ «պադվալներում» մնալով կորոշեն օգնել քննիչներին հայտնաբերելու Գ․ Խաչատրյանին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ներկայացնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային դերակատարության և ընդհուպ ընդդիմության առաջնորդության ակնառու հայտ: Այս դեպքում անշուշտ ընդդիմություն ասվածը ենթադրում է առավելապես իշխող նախկին համակարգը, դրա բացահայտ և նաև քողարկված համակիրներով: Որովհետև ընդդիմադիր հավակնությամբ և դիրքավորմամբ շերտերը Հայաստանում բազմազան են և հնարավոր է թվարկել առնվազն ևս երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանը, և պայմանականորեն հնարավոր է ասել այն դաշտը, որտեղ առանցքում են «Սասնա ծռերը»: Նրանք էլ իրենց հայտարարել են Հայաստանի նոր կառավարությանն արմատական ընդդիմություն: Այդպիսով, Միքայել Մինասյանի հայտը անկասկած վերաբերում է նախկին իշխող համակարգին, որը սակայն իր հերթին է բաժանվում առնվազն երեք հիմնական սեգմենտի: Մեկը Ռոբերտ Քոչարյանն է, մյուսը Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, և երրորդը Միքայել Մինասյանը: Այդ երեք սեգմենտը քարոզչական դաշտում գործում են ներդաշնակ, գործում են միատարր, սակայն զուտ քաղաքական ծրագրավորման տեսանկյունից նրանք ունեն տարբեր դիրքավորումներ:
Կդառնա՞ Միքայել Մինասյանը նախկին կառավարող համակարգի քաղաքական կոնսենսուսային թեկնածու: Պետք է նկատել, որ համակարգի պայմանական սեգմենտներում Մինասյանի հայտը գոնե առայժմ այդքան էլ ոգևորությամբ չէ, որ ընդունվում է: Դրա դեմ «կոնտր» հայտեր, իհարկե չկան՝ մի շարք պատճառներով, սակայն չկա նաև ոգևորիչ արձագանք: Եվ առայժմ փաստորեն ուժի մեջ են ամիսներ առաջ զարգացումների համատեքստում եղած արձագանքները: Իսկ ամիսներ առաջ, երբ հնչեց, որ Միքայել Մինասյանը կարող է լինել ընդդիմության առաջնորդ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը անմիջապես արձագանքեց, որ վաղ է խոսել այդպիսի առաջնորդության, առաջնորդ ընտրելու մասին, իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, որ առանց ՀՀԿ չի կարող արդյունավետ լինել նոր իշխանության դեմ որևէ քաղաքական միավորում: Ներքին հարաբերության այդ ռեժիմը իշխող նախկին համակարգում փաստացի դեռևս չեղարկված չէ, ինչը նշանակում է, որ ընդդիմության համար պայքարի հայտը դեռևս այդ շրջանակում է: Ունի՞ այդ շրջանակում հաջողության, հաղթանակի հնարավորություն Մինասյանը: Հնարավոր է, որ գոնե առայժմ խնդիրը հաղթանակը չէ, այլ՝ նոր իշխանությանն առավելագույն թիրախավորելուն զուգահեռ, նվազագույն նպատակը նախկին կառավարող համակարգի այդ շրջանակում որևէ այլ հաղթանակ կամ հաջողություն թույլ չտալը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն և այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության առանձին ներկայացուցիչներ փորձում են ամբողջ ուժով պոպուլիստական ելույթներ ունենալ կամ պոպուլիստական նախագծեր ներկայացնել՝ դրանով ի ցույց դնելով իրենց հոգատարությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Երեկ նման պոռթկմամբ հանդես եկավ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ով փորձեց վարչապետ Փաշինյանին բացատրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության «ֆունդամենտը» արցախյան բանակցություններում պետք է լինի «Արցախի դե ֆակտո անկախության դե յուրե միջազգային ճանաչումը», դա ներկայացնելով իբրև ԲՀԿ դիրքորոշում: Ինչպես ընդունված է ասել, Փաշինյանը ասֆալտին փռեց Աբովյանին՝ հայտարարելով, որ դա ոչ թե ԲՀԿ-ի, այլ հայ ժողովրդի դիրքորոշումն է: Մյուս կողմից՝ ով-ով, բայց ԲՀԿ-ն գոնե իրավունք չպետք է ունենա խաղալ հանրության հայրենասիրական զգացմունքների վրա՝ նկատի ունենալով բյուջեից, այդ թվում՝ բանակից տարված միլիոնավոր դոլար գումարների մասին վերջին բացահայտումները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Գրիշա Թամրազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնի: Ըստ մեր տեղեկությունների՝ փոխվարչապետի կարծիքով՝ Թամրազյանը լավ չի աշխատում, ինչի համար էլ պետք է հեռանա նախարարությունից: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանի հեռանալուն դեմ է նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ վերջինս կարծում է՝ իր գերատեսչության կադրերի մնալ-չմնալու հարցը ինքը պետք է որոշի: «Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձում էր տեղեկությունը ճշտել Թամրազյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը համակարգում պաշտոնի է տանում իր հարազատներին: Հիշեցնենք, որ նա արդեն 1,5 ամիս է, ինչ գլխավոր հարկադիր կատարողն է եւ համակարգում արդեն կադրային ջարդ է սկսել: Մասնավորապես, Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներից մեզ հասած տեղեկութունների համաձայն՝ Սերգեյ Մեղրյանն այս մեկ ամսվա ընթացքում ոչ մի բաժնի պետի հետ չի հանդիպել, փոխարենը կոնկրետ բաժնի պետերի միջնորդավորված ասել է՝ ազատման դիմում գրեն գնան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազատման դիմում են գրել Հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ Արմեն Սարգսյանը, Արմավիրի բաժնի պետ Համբարձումյան Ալեքսանդրը, Ծառայության օգնականներ Արթուր Սաֆարյանը, Վահագ Ֆահրադյանը: Պարզ է, որ աշխատանքից ազատված պաշտոնյաների փոխարեն պետք է նոր անձինք նշանակվեն: Եւ, ահա, գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանն իր հորեղբոր որդուն` Մեղրյան Ֆրիդոմին, նշանակել է Հարկադիր կատարման ծառայության Կոտայքի բաժնի պետ: Ինչո՞ւ են ԴԱՀԿ պետի գործողությունները հակասում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած սկզբունքներին ու արված հայտարարություններին: Այս հարցի պարզաբանման համար դիմեցինք գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյանին, որը մեկնաբանեց. «Նա հեռու ազգական է, ով երկար տարիներ աշխատել է Ծառայության տարբեր ստորաբաժանումներում: Հաշվի առնելով Ծառայությունում առկա թափուր պաշտոնի հանգամանքը, ինչպես նաեւ Ֆրիդոն Մեղրյանի բանիմացությունը, հարկադիր կատարողի աշխատանքի փորձառությունը՝ վերջինս նշանակվել է Կոտայքի մարզի բաժնի պետի պաշտոնում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։ Որոշումը կայացվել է երեկ, թեպետ պաշտոնապես դեռեւս չեն հայտնում։ Հիմնական դրդապատճառը քաղաքական է՝ սահմանադրական հանրաքվեի հարցը, որի լուծումն իշխող թիմը չի գտնում: Բանն այն է, որ արտակարգ դրությունը վերացնելուց հետո, ըստ օրենքի, 50-ից 65 օրվա ընթացքում պետք է անցկացվի առկախված հանրաքվեն, սակայն իշխանությունները երկընտրանքի առջեւ են կանգնած՝ մի կողմից համավարակի տարածումն է լայն թափ առնում, եւ հանրաքվեի անցկացումով կարող են հազարավոր մարդկանց առողջությունը վտանգել։ Մյուս կողմից՝ կասկածներ ունեն, որ հանրաքվեն հիմա առավել եւս կտապալվի: Այդ պատճառով էլ մտադիր են եւս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ հույս ունենալով իրավիճակից ելք գտնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց, որ խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված աշխատակից կա՝ «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը, ով վարակվել է ընկերուհուց: Նրա վարակվածության մասին խորհրդարանը տեղեկացել է նախօրեին, երբ վարակակիրը ջերմել է եւ տեղափոխվել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց․ թեստի արդյունքը դրական է եղել: Բայց, չգիտես ինչու, ԱԺ ղեկավարությունը խուսափում էր այդ մասին հստակ հայտարարել, երեկ ԱԺ նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե կան կասկածներ, որ աշխատակազմում «կոնտակտավոր մարդ կա», եւ միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո խոստովանեց, որ ունեն վարակակիր: Պատգամավորն օգնականի հետ շփվել է 6 օր առաջ, մինչ այդ վարակակիրը պատգամավորի հետ մասնակցել է նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստերին: Մենք տեղեկացանք, որ նախօրեին խորհրդարանում ախտահանման լայնածավալ միջոցառումներ են ձեռնարկվել, Բաղդասարյանին եւ պետաիրավականի ողջ կազմին էլ հորդորել են ինքնամեկուսանալ, առաջիկայում ծրագրում են նրանց թեստավորում անցկացնել»:
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ գործող իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք են դրսեւորում արեւմտյան դրամաշնորհներով սնվողների կամ, հավաքական ասված, «սորոսականների» կողմից առաջարկվող նախաձեռնություններին, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով։ Կառավարության կուլիսներում կես կատակ-կես լուրջ խոսում են այն մասին, որ «եթե ուզում ես գործերդ լավ լինեն եւ ինչ-ինչ նախաձեռնություն կյանքի կոչել, «սորոսականների» հետ լավ պիտի լինես»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ շրջանակը լայն թափով սկսել է մասնակցություն ունենալ իրավապահ որոշ մարմիններում նախատեսվող փափոխություններին եւ ընդհանուր կադրային քաղաքականությանը։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ կառույցներից մեկում օրերս տեղի ունեցած կադրային վերադասավորումները, ինչպես եւ հաստիքային փոփոխություններն անմիջականորեն կատարվել են հենց, այսպես կոչված, «սորոսականների» միջնորդությամբ։ Մենք տեղեկատվություն ունենք նաեւ, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հենց նրանց է վստահել դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու գործը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ավելի քան երկու ամիս է, այսինքն՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքից ի վեր, ինչ ՀՀ-ում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում: Չնայած մեծածախ ցածր գնին եւ մինչ այդ դեղատներում այն նույնիսկ 30 դրամով վաճառելուն՝ այսօր դեղատներում դրանք վաճառվում են զգալի բարձր գնով: Ամենակարեւորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլեւ որակը. որեւէ կառույց չկա, որը պետք է ստուգի կամ վերահսկի դրանց որակը, իսկ ՏՄՊՊՀ-ն միայն զբաղվում է խոշոր ցանցերում առկա գների ուսումնասիրմամբ: Եվ, չնայած դրան, այսօր դեղատներում բժշկական մեկ դիմակը վաճառվում է 210-250 դրամով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական դիմակներ վաճառվում են անգամ list.am կայքէջում. ունեն տարբեր գներ՝ 70 դրամից սկսած մինչեւ 180 դրամ: Մի քանի հեռախոսազանգեր անելուց հետո պարզվեց, որ 70, 110 դրամանոց բժշկական դիմակը դեղատներում վաճառվում է 210-220 դրամով: list.am հայտարարություն տեղադրողները դիմակ վաճառում են մեծածախ տարբերակով: Ի դեպ, տեղեկացնենք, որ, պարետի որոշմամբ, մայիսի 4-ից արգելվում է առեւտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի եւ ձեռնոցների: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների եւ այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղի՞ց նվազագույն՝ 68 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել եւ անվտանգ ապրել»:
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլին մեր քաղաքացիները սննդամթերքների որոշ տեսակներ ստիպված եղան գնել ավելի բարձր գներով: Մասնագետներն առկա գնաճը պայմանավորեցին մի շարք հանգամանքներով, որոնց թվում, իհարկե, առաջին հերթին համավարակն է: Գնաճի վերաբերյալ կանխատեսումներն ու մինչ այս գների արձանագրված բարձրացումները իրենց արտացոլումն են գտել նաև երեկ հրապարակված վիճակագրական տվյալներում: Համաձայն այդ տվյալների, ՀՀ-ում դիտարկվող բոլոր քաղաքներում գնաճ է արձանագրվել: 2020 թ. ապրիլին նույն տարվա մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0,5-ից 1,5 տոկոսով: Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին, ապա 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ գրանցված գնաճը կազմել է 0,9 տոկոս: 2020թ. մարտի համեմատ ապրիլին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 1,8 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ 2020թ. ապրիլին այս ապրանքախմբում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ թե գնաճ, այլ 0,3 տոկոս գնանկում կա: Պաշտոնական տվյալները վկայում են հատկապես պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերի առկայության մասին: Օրինակ՝ այս տարվա ապրիլին 2020թ. մարտի համեմատ կարագի գինը բարձրացել է 2,9 տոկոսով, արևածաղկի բուսական յուղինը՝ 3,8 տոկոսով, ալյուրինը՝ 4,0 տոկոսով, բրնձի գինը՝ 4,2 տոկոսով, ոլոռինը՝ 6 տոկոսով:
Մակարոնեղենի շուկայում գրանցվել է 6,1 տոկոս աճ, ոսպը թանկացել է 27,3 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13,5 տոկոսով: Մասնավորապես՝ ձավարի գինը բարձրացել է 6,5 տոկոսով, հնդկացորենինը՝ 19,3 տոկոսով: Ինչպես սպասվում էր, առանձնահատուկ պատկեր է հատկապես մրգի ու բանջարեղենի շուկայում: Այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մրգերի շուկայում 9,2 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ 2020թ. ապրիլին նույն թվականի մարտի համեմատ մրգի գները բարձրացել են 8,3 տոկոսով: Օրինակ՝ 2020թ ապրիլին 2020թ. մարտի նկատմամբ խնձորի գինը բարձրացել է 9,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ 46,9 տոկոսով: Այս տարվա ապրիլին նարնջի գինը նույն տարվա մարտի համեմատ թանկացել է 28,2, իսկ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ՝ 37,8 տոկոսով: Կիտրոնի գինը 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ աճել է 94,8 տոկոսով, իսկ 2020թ. ապրիլին մարտի համեմատ՝ 57,9 տոկոսով: Բանջարեղենի շուկայում էլ թանկացել է նաև գլուխ սոխը, այս տարվա ապրիլին մարտի համեմատ նաև կաղամբը: Սխտորի գինն այս տարվա ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ավելացել է 77,6 տոկոսով, 2020թ. մարտ/ապրիլ ամիսների համեմատությամբ՝ 47,7 տոկոսով: Ընդհանուր գնանկում է գրանցվել կարտոֆիլի, վարունգի, ինչպես նաև կանաչեղենի ու սնկի շուկայում: Կաթնամթերքի, պանիրի և ձվի շուկայում 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 3,3 տոկոս գնանկում, բայց 2020թ. մարտի համեմատ 4,2 տոկոս գնաճ կա»:
«Փաստ» թերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ կրթական համակարգը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով, որոշումներն էլ ընդունվում են հրատապ: «Հայկական կրթական միջավայր» պորտալում արդեն իսկ հրապարակվել են ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 2020- 2021 թվականների առկա ուստարվա ընդունելության սկզբունքները, ինչպես նաև ստեղծված իրավիճակում ուստարվա ավարտի ու ընդունելության գործընթացի կազմակերպմանը վերաբերող դրույթները: Մի դեպքում նշված է, որ այս տարի ոսկե մեդալի քննություններ չեն անցկացվելու, և այն շրջանավարտները, որոնք ոսկե մեդալի հավակնորդ են, հաջորդ տարի հնարավորություն կունենան մասնակցելու քննությունների, մեկ այլ դեպքում էլ ասվում է, որ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվելու, ուշադրություն, առաջինը՝ մեդալակիր դիմորդներին... Այս հակասության վերաբերյալ պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությանը: «Մեդալի քննությունների մասով նախարարի տեղակալն արդեն ասել է, որ քննարկվում է քննության անցկացման հնարավորությունը: Նախարարությունը բավական բողոքներ է ստացել այս մասով և հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի, քննությունների անցկացման մասով ընթանում են քննարկումներ»,-հայտնեցին վարչությունից: Փաստացի հերթական անգամ գործ ունենք բոլորիս ծանոթ երևույթի հետ, երբ իրար հակասող որոշումներ են ընդունվում, հետո նոր սկսվում է «դզել-փչելու» գործընթացը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանն անում է ամեն ինչ, որպեսզի տուրիստական առաջիկա սեզոնին կազմուպատրաստ լինի ծովափնյա հանգստի համար, մանավանդ որ անցած տարի ռուսական ինքնաթիռների թռիչքների չեղարկումից շատ տուժեց։ Ի հակառակ դրան, Հայաստանը բոլորովին հակառակ ճամփով է գնում՝ կորոնավիրուսի վերահսկելիությունը դարձնում է գրեթե անհնարին, ինչի ձայնը շուտով կլսվի»,- մեզ հետ զրույցում ասաց ոլորտի պատասխանատուն: Ինչո՞ւ այդպես եղավ։ «Ոչ կոմպետենտ մարդիկ են կազմակերպչական աշխատանքներում, աջ ձեռքը բացարձակ չգիտի` ինչ է անում ձախը։ Ամենահասարակ օրինակը. հյուրանոցներին` «Իմպերիալ», «Ռեժինե», «Նաիրի», «Ռամադա»՝ մնացյալ, գումար չեն փոխանցել, սկզբում սիմվոլիկ գումար են տվել, մինչ այժմ որեւէ դրամ չեն փոխանցել, էլ չեմ ասում, որ «Կարաս» ընկերությանը սննդի համար միլիոններ են պարտք»: