Մամուլ. Ի՞նչ ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ Միխայիլ Բաղդասարովը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել գործարար Միխայիլ Բաղդասարովի կողմից Սերժ Սարգսյանի դեմ ԱԱԾ-ում հաղորդում ներկայացնելու մասին: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, թե, դիմելով իրավապահներին, ինչ է հայտնել Միխայիլ Բաղդասարովը: Վերջինս իր դիմումում նշել է, որ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 1998-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ նույն ժամանակահատվածում ստացված եկամուտներից շուրջ 7.000.000 ԱՄՆ դոլար առձեռն փոխանցել է բարձրաստիճան պաշտոնատար անձի: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում այս դեպքի մասով հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ...Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան մտած դիզվառելիքի գործից, եւս մեկ քրեական գործ է հարուցված, որը վերաբերում է արդեն կաշառք ստանալուն: Մասնավորապես, հրապարակվել էր, որ այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել եւ ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին: Եվ, ահա, իրավապահ շրջանակներից ArmLur.am-ին հայտնել էին, որ այն գործարարը, որը Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ցուցմունք է տվել, նրա վաղեմի ընկեր, սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովն է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի վերահսկողության ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանին հաջողվել է լեգալիզացնել շինարարության ոլորտի մեքենայությունների մեծ մասը։ Նախ նրա հաշվապահական և պահեստային խոշորագույն «Ուրբան լոջիստիք սերվիսիս տերմինալ» ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը հանդիսանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ղեկավարը։ Նրա հաջորդ կադրը, ում Հովսեփյանը առաջ քաշեց՝ հետը բերելով ՊԵԿ-ից, Արմեն Սաքապետոյանն է, ով արդեն բազմաթիվ նորակառույցների սեփականատեր է շնորհիվ կեղծ սնանկության սխեմաների։ Մեխանիզմը հետևյալն է՝ բազմաբնակարան շենք կառուցապատողը հասնելով գրեթե ավարտին՝ ճանաչվում է սնանկ։ Այդ սնանկ կոչված կառույցը գնում է կա՛մ նույն կառուցապատողը, կա՛մ Սաքապետոյանը, ով Հովիկ Հովսեփյանին այն ժամանակ ենթակա «Հայբիզնեսբանկի» հետ համատեղ կազմակերպում էր շենքի անցումը «նոր տերերին», ովքեր իրավահաջորդ չէին։ Արդյունքում չեն վճարվում վիթխարի հարկեր և մի շարք արտոնյալ վիճակներ են ձևավորվում ԱԱՀ գծով»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց: Մինչ օրս շարունակում է քննարկվել հարցը՝ ինչու Քյարամյանը 1 օրում երկու պաշտոն ստացավ՝ հաստատվելով Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացրին, որ այդ նշանակումը ուղղակի առնչություն ունի պետական գաղտնապահ այդ կառույցից դուրս սպրդող ինֆորմացիաների հետ: Բանն այն է, որ ՀՀ վարչապետին մի քանի անգամ զեկուցվել է, որ ԱԱԾ-ից արտահոսք է լինում, ու կասկածներ կան, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշակի ինֆորմացիաների է տիրապետում: Դրա համար Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ՝ որպես վարչապետի հավատարիմ եւ աչալուրջ պաշտոնյա: Նրա առջեւ խնդիր է դրված փակել հնարավոր արտահոսքերը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Քյարամյանը պաշտոնապես համակարգելու է ԱԱԾ քննչական մարմինների աշխատանքը: Հիշեցնենք, որ Քյարամյանին այդ պաշտոնում նշանակելու համար նրան նախ կես օրով նշանակեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, տրվեց նաեւ գնդապետի կոչում, որպեսզի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի նշանակման չափանիշներին համապատասխանի: Բանն այն է, որ վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից նա չէր կարող միանգամից նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ԱԱԾ-ում աշխատանքի անցնելու համար կոշտ չափանիշներ կան՝ չհաշված այն, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել միայն գնդապետի կոչումից ոչ ցածր կոչում ունեցողը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք ուղղված են լինելու համակարգը նախկին ռեժիմին երդում տված կադրերից մաքրելուն: Առաջիկա օրերին զբաղեցրած պաշտոնից կազատվի Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և էլի մի քանի «հայտնի քննիչներ», որոնք, ըստ էության, սաբոտաժի են ենթարկել նոր իշխանությունների կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊՎԾ պետի պաշտոնակատար նշանակված Ռաֆայել Զաքարյանը «Սերժի հերթական մնացորդներից» է։ Նրա աշխատանքային վարքագծում կա դրվագ, երբ Զաքարյանը մի պահ դուրս է գալիս ՊԵԿ-ից, սակայն գրեթե 5 րոպե անց հայտնվում է «Քեյ Փի Էմ Ջի» հաշվապահական ֆիրմայում։ Եվ որպեսզի պատկերավոր լինի, թե ինչ ասել է «ընդհատակյա հաշվապահություն» անողը ՊԵԿ-ում, պետք է նշենք, որ դա մոտավորապես նույնն է, ինչ թմրանյութերի վաճառքով զբաղվողը զբաղեցնի ոստիկանության 6-րդ վարչության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնը։ Առհասարակ հաշվապահական ընկերությունները հիմնականում ստեղծվել են հարկայինի աշխատողների կողմից՝ որպես պետբյուջեին զուգահեռ բյուջե ապահովելու միջոց։ Այս ֆոնին ուշագրավ է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի դուստրը հաշվապահ է աշխատում ոչ թե հոր հաշվապահական ընկերությունում, այլ հենց նրա «մրցակից» «Քեյ Փի Էմ Ջի»-ում»։


«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ իշխանությունը կորոնավիրուսի հետեւանքներով պայմանավորված իրավիճակի կառավարումն ամբողջությամբ տապալել է, վկայում է վարակակիրների օր օրի մեծացող թիվը։ Կարանտինային ռեժիմն ամբողջությամբ անհասկանալի ու անօգուտ շրջան դարձավ։ Ոչ մի էական խնդիր այդ ընթացքում չլուծվեց, մարդիկ մնացին տանը, տնտեսական վիճակը ծայրահեղ վատացավ, իսկ վարակը մեծ տարածում ունեցավ հանրապետությունով մեկ։ Հիմա իշխանությունը կանգնած է մեղավորներ փնտրելու եւ ձախողման համար պատասխանատուներ գտնելու խնդրի առաջ։ Եվ, ըստ «օդում կախված լուրերի», այդ մեկին գտել են` առողջապահության նախարար Արսեն Թորոսյան։ Այս պաշտոնյայի բազմաթիվ հակասական հայտարարությունները իշխանությունում դժգոհության մեծ ալիք են բարձրացրել։ Ներիշխանական քննադատություններն այս անձի շուրջ այնքան շատ են, որ դրությունը փրկելու համար Փաշինյանն առաջինը «կզոհի» հենց Թորոսյանին։ Պարզվում է նաեւ, որ առողջապահության նախարարից ազատվելու հարցը հասել է անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։ Կառավարությունում խոսակցություն է պտտվում, թե Արսեն Թորոսյանը Հայաստանում, այսպես ասած, ԱՀԿ-ի «ազդեցության գործակալ» է, եւ այս եզրահանգումը պատահական չէ։ Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ԱՀԿ-ի ղեկավարի հետ, վերջինս նրան հորդորել է Արսեն Թորոսյանին պաշտոնից չազատել։ Կանսա՞ այս պահանջ-հորդորին Փաշինյանը, թե՞ ոչ, առաջիկայում պարզ կլինի, բայց, այսպես թե այնպես, ձախողված կառավարման համար մեղավորներ են պետք, եւ քավության նոխազներ, անկասկած, կգտնվեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մայիսի 11-ին, ժամը 13:00-ին կհյուրընկալի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով ընդունել է հանձնաժողովի հրավերը եւ հաստատել մասնակցությունը։ Կարապետյանից հետո քննարկվում է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին հրավիրելու հարցը։ Պարոն Սահակյանը ստացե՞լ է հրավեր, ստանալու դեպքում մասնակցելո՞ւ է նիստին՝ երեկ հարցրինք նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին։ Նա ասաց, որ հրավերի մասին ինքը տեղեկություն չունի․ «Բայց գործող նախագահը հայտարարել է մեկ առիթով, որ չի հրաժարվի, եթե իրեն կանչեն»։ Նշենք նաեւ, որ այսօր՝ մայիսի 8-ին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կմասնակցեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին եւ կներկայացնեն իրենց միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի վերջին նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել անձամբ ներկայանալու դատարան, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվեց, եւ դատաքննությունը ձգձգվեց»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից հետո ինքնասպանության հասցնելու մեղադրանքով հարուցված քրեական գործը դեռևս քննության փուլում է։ Քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, որի պատասխանները դեռ հայտնի չեն։ Որքան էլ զարմանալի է, քննության փուլում է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործը, թեև ՔԿ նախագահը դեռևս անցած տարի հայտարարել էր, որ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Կուտոյանի հարազատները, սակայն, նախաքննական մարմնին արգելել են որևէ ինֆորմացիա հանրայնացնել։ Այդ իսկ պատճառով մեզ չհաջողվեց պարզել, թե ներկայումս ինչ գործողություններ են կատարվում այդ գործով»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջին օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ կապված: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրինությունն իր հարակից տարածքում գտնվող, մոտ հարյուր հեկտարի հասնող հողատարածքը ցանկանում է, որպեսզի քաղաքապետարանը մշակի, քանի որ այն տարիներ շարունակ անմշակ է եղել, սակայն քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է, թե այն իր հաշվեկշռում չէ: Մեր տեղեկություններով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ներքին կարգով պահանջ է դրել, որպեսզի հողատարածքը ներառվի իրենց վերահսկողության տակ, որպեսզի կարողանան այն մշակել: Մեր աղμյուրները փոխանցում են նաեւ, որ իրավիճակն այնքան է թեժացել, որ խնդիրը հասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:  Աշխատակազմի երիտասարդ ղեկավարն էլ հանդիպումներ է ունեցել կողմերի հետ ու փորձել է խնդիրը հարթել: Բայց, ըստ մեր տեղեկությունների, կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, ով նշեց. «Տեղյակ եմ, որ քննարկումներ կան: Եվ դա նորմալ է»: Մենք զրուցել ենք նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: «Որոշել ենք, որ պետք է այգու զարգացման ռազմավարություն մշակվի, որի հետ կապված համապատասխան հանձնարարականներ ենք տվել», - նշեց նա»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սեփականության վերաբաշխման իդեա-ֆիքսն իրականացնելու ճանապարհին իշխանությունները ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում, եւ «Յուքոմը» կլլելու հարցում խաղերի մեջ են եղել Եսայան եղբայրների հետ, որոնք բիզնես պլան են առաջարկել. վերցնել Խաչատրյանների ձեռքից «Յուքոմը», պարտադրել վաճառել ընկերությունը` գինը թելադրելով, Եսայանները կգնեն այն եւ համատեղ կառավարում կիրականացնեն` իրական օպերատորին խաղից մեկընդմիշտ հանելով: Ինչ-որ պահից սկսած` Խաչատրյանները հասկացել են` ինչ օպերացիա է իրականացվում, կողմերին մեսիջ են ուղարկել. «Դուք ի՞նչ է, մեզ լրիվ հիմարի տեղ եք դրե՞լ. չենք վաճառում ընկերությունը»։ Ասել է` խափանել են իշխանություն-Եսայաններ պայմանավորվածությունները: Արդյունքում` գործ հարուցվեց Խաչատրյանների դեմ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունը, ըստ ամենայնի, կերկարացնի մայիսի 14-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս պահին իշխանության ներսում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետաձգման հարցը, եւ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելը դրա լուծումներից մեկն է: «Ժողովուրդ» օրաթերթը երկարաձգելու հարցի վերաբերյալ մեկնաբանության համար դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին, ով մեզ հետ զրույցում հայտնեց. «Արտակարգ դրությունը երկարաձգելու հարցն այս պահին գտնվում է քննարկման փուլում, վերջնական որոշում չկա. երբ կլինի վերջնական որոշում երկարաձգելու կամ արտակարգ դրությունը դադարեցնելու մասին, ապա հանրությանը տեղյակ կպահենք այդ մասին։ Ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեին, ապա այդ հարցն այս պահին չի քննարկվում, քանի որ առաջնահերթությունը տրված է մեր քաղաքացիների, հայրենակիցների առողջությանը, եւ եթե լինի արտակարգ դրությունը շարունակելու անհրաժեշտություն, ապա դա կլինի միայն այդ նպատակով»։ Այսինքն՝ ըստ էության, առաջիկայում հանրաքվեն տեղի չի ունենա, եւ ՍԴ-ի՝ այդքան կարեւորություն ներկայացնող հարցը լուծում չի ստանա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները չգիտեն ինչ անեն հանրաքվեի հարցում, կանչել են «ամենակարող» Տիգրան Մուկուչյանին, որ նա լուսանցք գտնի։ Ասել է․ «Ձեւ չկա, պիտի անպայման հանրաքվեն անցկացվի»: «Միակ տարբերակն արտակարգ դրությունն անվերջ ձգելն է` սահմանափակման գոնե մեկ բաղադրիչը պահելով»,- ասաց մեր աղբյուրը։ Բայց «Ոչ»-ի դիրքերը գնալով ամրանում են, քաղաքական ուժերն էլ միավորվելու փորձեր են անում։ Քննարկումներն ընթանում են հիմնականում արտախորհրդարանական ուժերի շրջանում, ինչից հատկապես վախենում է Փաշինյանը: Այդ տիրույթում հայտ է ներկայացրել նաեւ Արթուր Վանեցյանը, եւ վերջինիս երեկ ՀՔԾ կանչելն էլ կապված է այդ հեռանկարի հետ։ Արտախորհրդարանականներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացումներ են ծրագրում։ «Հազար ու մի բան, արտահերթ խորհրդարանական ընտրություններից մինչեւ նոր` համաձայնության կառավարության ձեւավորում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը մարտ ամսից տեղափոխվել է Սահմանադրական դատարան՝ որպես ՍԴ նախագահի խորհրդական։ Նրա անունն արդեն կա ՍԴ կայքում՝ նախագահի 4 խորհրդականների կողքին։ Վարդան Պողոսյանը շուրջ 2 տասնամյակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ Վարդան Պողոսյանի հեռանալու պատճառն այն է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարել նրա ղեկավարած ծրագրի շարունակականությունը եւ մարտից փակել է այն։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Սահմանադրությունը գրած երկու համահեղինակներին էլ՝ ե՛ւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ե՛ւ նրա ընկերոջը՝ Վարդան Պողոսյանին, թեեւ նրանց գրած Սահմանադրությունից եւ սուպերվարչապետական «կոստյումից» չի հրաժարվում։ Պողոսյանն իրավաբանական շրջանակներում բավականին մեծ հարգանք է վայելում։ Ժամանակին Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է արդարադատության նախարարի պաշտոնը, սակայն Պողոսյանը հրաժարվել է եւ առաջարկել է Հրայր Թովմասյանին նշանակել։ Մենք փորձեցինք լսել նաեւ Պողոսյանին, սակայն նա չպատասխանեց զանգերին եւ, առհասարակ, մի քանի տարի է՝ հրաժարվում է մամուլի հետ շփումներից»:


«Իրատես» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սիրտը տեղն է ընկել, կասկածներն ու վախերը փարատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալուց հետո: Սա ոչ թե ենթադրություն, այլ Մարուքյանի պնդումն է: Արցախի մասին են խոսել` վստահեցնում է Մարուքյանը, սուրճի սեղանի շուրջը Փաշինյանի հետ քննարկել են Արցախի բանակցային հարցը, ու նրա համար պարզ է դարձել՝ իշխանություններն անկեղծ են բոլորի հետ: «Ո՛չ սեղանի տակ, ո՛չ վրա որեւէ թուղթ չկա, որեւէ մտահոգություն չպետք է ունենանք: Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որեւէ բան չեն թաքցնում»,- մանրամասնել է «կլասիկ» քաղաքական գործիչը: Առաջին անգամ չէ, որ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները հանդիպում են բոլորի աչքից հեռու, փակ դռների հետեւում: Մոտ մեկ տարի առաջ էլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ էր հանդիպում ունեցել, ինչից հետո ԼՀԿ-ականները, որպես արդարացում, նշում էին, թե Փաշինյանը «սեյֆում» եղած-չեղածի հետեւից էր եկել, որ մնացել էր «Ելք» խմբակցության եղած ժամանակներից: Երբեմնի թիմակիցները փակ դռների հետեւում սրճախմության ժամանակ, բացի բանակցային թեմայից, խոսել են նաեւ երեխաների, ընտանիքների որպիսության մասին ու, ըստ երեւույթին, հիշել գինի խմելու ու ղափամա ուտելու ժամանակները, ինչից հետո, ի դեպ, ձեւավորվեց «Ելք» դաշինքը: Թե ինչ կարող է լինել դառը սուրճ վայելելուց հետո, Փաշինյանին ու Մարուքյանին է հայտնի: Եթե իշխանության պարագայում ինչ-որ առումով հասկանալի է գաղտնի հանդիպումների ձեւաչափը, ապա իրեն «կլասիկ» ընդդիմություն հռչակողը պետք է հասկանա՝ գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Արարատ Միրզոյանը մի կերպ կարողացել է կարգավորել Աննա Կարապետյանի հետ կապված հարցը։ Եվ չնայած Աննա Կարապետյանը, Վարդան Աթաբեկյանը կատեգորիկ պնդում են, որ «մանդատը դնելու հարց չկա», «բացառված է մանդատս դնեմ», սակայն դա ընդամենը նշանակում է, որ վարչապետի հրահանգի դեմ ըմբոստանում են, ինչպես ժամանակին ըմբոստացան եւ մանդատները չդրեցին Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Մեզ ասացին, որ կոնկրետ Աննա Կարապետյանի մանդատը պահանջելու պատճառը եղել է տեղորոշման օրենքի առաջին ընթերցման չքվեարկելը, չնայած գրանցվել էր, գտնվել դահլիճում, ինչի պատճառով օրենքը միանգամից չընդունվեց, եւ իշխանությունը ստիպված եղավ նույն օրը երկու արտահերթ հրավիրել եւ ուժով անցկացնել օրենքը։ Աննա Կարապետյանը մեզ հետ զրույցում կրկին պնդեց. «Չկա նման բան. ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»: Իսկ դահլիճում գտնվելով` ինչո՞ւ չեք քվեարկել։ «Ես Ձեզ ասացի` հարցազրույց չեմ տալիս, ես զբաղված եմ. ուրիշ խնդիրներ կա՞ն»: Ի՞նչ խնդիրներ։ «Կորոնավիրուսի հետ կապված` պետք է հասկանանք, թե ինչ ենք անում»: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կոնտակտավորը մասնակցել է պետաիրավականի նիստին, որի անդամ է նաեւ Կարապետյանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը սրտնեղած է հեռացել. իշխանությունը չի գնահատել իր ու իր թիմի` առանց «լայքերի» աշխատանքը: «Մեր աշխատանքներն այս համատարած սենսացիոն եւ լայքաբեր տեղեկատվական հոսքերում տեղ չգտան եւ հնչեղություն չստացան, միգուցե շատ զբաղված էինք համակարգ կառուցելով, քան աղմուկ հանելով»,- հրաժեշտի իր խոսքում, մի քանի տասնյակ ձեռքբերումներ թվարկելով, արձանագրել է նախկին նախարարը: Գրիգորյանի պաշտոնանկության պատճառներն իրականում «լայքերի» հետ կապ չունեն: «Իրատեսի» հետ զրույցում նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը նշեց՝ պատճառները մի քանիսն են, բայց հիմնականը կապված է հանքարդյունաբերության հետ. «Կառավարության` ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներից մեկը (Սուրեն Պապիկյան) հարցում է ուղարկել շրջակա միջավայրի նախարարին, թե ինչպես եւ ինչ պայմաններում է եղել, որ պահպանվող տարածքներից օտարվել են ահռելի տարածություններ ու տրամադրվել հանքարդյունաբերողներին: Գրիգորյանի կաբինետը մինչեւ հրաժարականի օրն այդպես էլ չի պատասխանել այդ հարցմանը: Խոսքն «Արեւիկ» ազգային պարկի մասին է: Չեմ բացառում՝ նաեւ Ամուլսարի հողահատկացումների հետ կապված հարց է եղել»:Մեր զրուցակիցը նշեց, որ Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում ծաղկում էր ապրում նրա հետ փոխկապակցված մարդկանց կազմակերպությունների գործունեությունը: Նա հավելեց, որ անդավաճան ընկերները, դեպքերի բավական հետաքրքիր զարգացմամբ, շղթայական ռեակցիայի նմանությամբ, հայտնվել էին բնապահպանության ոլորտում:


«Նախ` փոխնախարարի աթոռին հայտնվեց Խաչիկ Հակոբյանը, հետո` Ռուբեն Խաչատրյանը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատասխանատուներից Հարություն Խաչատրյանի որդին, կենդանաբանական այգու տնօրեն նշանակվեց, որոշ ժամանակ անց, ՀՀԿ-ին «ֆիկտիվ» անդամակցության գնով, բնապահպանության փոխնախարարի մյուս աթոռը զբաղեցրեց Էրիկ Գրիգորյանը: Հետո դեպքերի ու իրադարձությունների փոխատեղումներ տեղի ունեցան՝ Գրիգորյանը նախարար դարձավ, Խաչատրյանը տեւական ժամանակ կառչած էր կենդանաբանական այգու աթոռից, Հակոբյանն էլ բնապահպանության նախարարությունից սահուն քայլերով պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի, այնուհետ` Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնին անցավ: Նրանցից որեւէ մեկը թեեւ այժմ չի պաշտոնավարում, բայց կարեւորագույն պաշտոններ զբաղեցնելու ժամանակ ոչ կոմպետենտ կառավարմամբ նրանք բավական մեծ վնաս են հասցրել ոլորտին»,- ներկայացրեց «Իրատեսի» զրուցակիցը: Նա վստահեցրեց, որ Էրիկ Գրիգորյանին նախարարի պաշտոնից ազատելը կապված է նաեւ անտառտնտեսության Իջեւանի մասնաճյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ մարդուն պաշտոն տալու հետ: Ըստ նրա՝ Գրիգորյանը հակադարձել է Փաշինյանին ու հիշեցրել, որ անտառտնտեսության աշխատակիցը նախկինում ծառերի ապօրինի հատմամբ է զբաղված եղել, այսպես ասած, փայտի գործ է արել. «Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել: Ասել է՝ ծանոթ մարդ է, պետք է աշխատի, ու վերջ: Գրիգորյանի հակադարձմանը, թե ինքն այդ մարդու հետ չի կարող համագործակցել, վարչապետը չոր է արձագանքել՝ չես կարող աշխատել, հեռացիր»:


«Փաստ» թերթը գրում է. ««Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանը պետական գնումների գործընթացում իրականացրած վերլուծության արդյունքում ապացուցում է, որ Հայաստանում առկա է համակարգային կոռուցիա, որի վերացման մասին պարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ «Փաստ» թերթի հետ զրույցում տիկին Ենգոյանն ասում է, որ ներկայում մանր ու միջին բիզնեսին թույլ չեն տալիս մասնակցել պետական գնումներին, քանի որ բանկային երաշխիքի համար անհրաժեշտ է ֆինանսական ներուժ։ Մրցույթներում, պատկերավոր ասած, «սպանվում» է մրցակցությունը, քանի որ անգամ խոշոր մասնակիցներն արդեն չեն կարող բոլոր մրցույթներին մասնակցել, հետևաբար պետական մարմինները կարող են ուղղորդել իրենց ցանկալի ընկերություններին։ Եվ ամենակարևորը, ըստ Հ. Ենգոյանի, պետական մարմինների հետ պայմանագիր կնքած մասնակցին պահում են մշտական վախի մեջ, քանի որ կարող են անհիմն պատճառներով չընդունել ապրանքը կամ ծառայությունը, դրա հետևանքով, որպես տույժ, տնտեսվարողից գանձել պայմանագրի գնի 110 տոկոսի չափով բանկային երաշխիքի գումար»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ, երբ գործող իշխանությունը պայքարում էր ընդդիմության դիրքերում, նախկին իշխանությունների հասցեին հնչած հիմնական մեղադրանքներից մեկը կապված էր պետական ապարատի ուռճացվածությանն ու արհեստական հաստիքների խնդրին։ Քննադատության հիմնական թիրախներից մեկն էլ մարզպետարաններն էին, որոնք, ըստ այն ժամանակվա ընդդիմության, արհեստական կառույցներ են, որոնք փաստացի ոչ մի էական գործողությամբ չեն զբաղվում և փաստացի աշխատատեղ են ապահովում «սուրճ խմողների» համար։ Իշխանության գալուց հետո էլ նշվում էր, որ ՀՀ նոր կառավարիչները պատրաստվում են հրաժարվել փոխմարզպետների ինստիտուտից։ Սակայն վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ ներկայումս հրաժարվել են այդ մտքից, սակայն ոչ միայն փոխմարզպետների հաստիքը կրճատելու հարցում, այլև մարզպետարանների աշխատակազմերը փոքրացնելու և այդ կառույցների իրավասությունները հստակեցնելու առումով։ Իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում հիմա արդեն փաստում են, որ մարզպետարաններն էական աշխատանք են կատարում և ուղղակի կապ են ապահովում համայնքների ու գործադիրի միջև։ Ընդ որում, պետք է փաստենք, որ մարզպետարանները լայն թափով ուղղակիորեն ներգրավված են նաև ՏԻՄ-երի աշխատանքների մեջ, մասնավորապես ՀՈԱԿերի ու դպրոցների կառավարման խորհուրդներում բավական ներկայացուցչական կազմ ունեն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հաշվի առնելով, որ տեղերում իշխող քաղաքական ուժը բավականին թույլ է, վերոնշյալ գաղափարից հրաժարվել են, ավելին՝ ամեն գնով ուզում են ուժեղացնել մարզպետարանների դերը, որպես ՏԻՄ-երին հակակշիռ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 1.8% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մի շարք պարենային ապրանքների համեմատաբար բարձր գնաճերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, կարագի գինն աճել է 2.9%-ով, արեւածաղկի բուսական յուղինը՝ 3.8%-ով, ալյուրինը՝ 4.0%-ով, բրնձինը՝ 4.2%-ով, ոլոռինը՝ 6.0%-ով, մակարոնեղենինը՝ 6.1%-ով, ոսպինը՝ 27.3%-ով: Նշված ժամանակահատվածում ձավարեղենի գներն աճել են 13.5%-ով, այդ թվում՝ ձավարինը՝ 6.5%-ով, հնդկացորենինը՝ 19.3%-ով: Մրգի ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 9.2%, իսկ 2020թ. մարտի համեմատ` 8.3% գնաճ: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 3.3% գնանկում, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ 4.2% գնաճ: Ձվի գինը 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, նվազել է 17.2%-ով, իսկ 2020թ. մարտի համեմատ՝ արձանագրվել է 19.8% գնաճ: 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի 1.0%, ծխախոտային արտադրատեսակների՝ 2.0% գնաճ: Իսկ, ահա, 2020թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 17.1% եւ 9.2% գնանկում: 2020թ. ապրիլին, 2019թ. ապրիլի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են 21.5% եւ 17.0%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 20.8% եւ 13.2%-ով»:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...