24.11.2024
Մամուլ. Միքայել Մինասյանին մեղադրանք կառաջադրե՞ն
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի հետևանքները լուրջ ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա. տնտեսագետ

Ի՞նչ հետևանքներ կարող է ներկայիս վիճակն ունենալ ՀՀ տնտեսության վրա, արդյոք արդյունավետ է Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքակազմը ճգնաժամը մեղմելու համար և ի՞նչ զարգացումներ սպասել: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ VERELQ-ը զրուցել է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանի հետ:


- Պայմանավորված մի շարք ճգնաժամային իրավիճակներով՝ կորոնավիրուս, նավթի գների կտրուկ անկում, փակ սահմաններ դրամը շարունակում է արժեզրկվել: Որքա՞ն դեռ կշարունակվի այս իրավիճակը:

-Հայաստանի նման փոքր, բայց բաց տնտեսությամբ երկրներն առավել զգայուն են արտաքին շոկերի նկատմամբ: Միջազգային ֆինանսական շուկաներում և համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները և ձեր կողմից նշված ճգնաժամային իրավիճակները` այո, նպաստել են, որ տևական արժևորումից հետո ՀՀ դրամը որոշակիորեն արժեզրկվի: Նշեմ, որ եթե համեմատենք 2020թ.-ի հունվարին արժութային շուկայում ձևավորված 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը՝ 479.2 ՀՀ դրամն այս պահին գործող փոխարժեքի հետ, ապա ՀՀ դրամի արժեզրկումը կազմում է շուրջ 3%: Այս երևույթի շարունակական զարգացման դեպքում, Կենտրոնական բանկը, ունենալով պահուստների բարձր մակարդակ, պետք է միջամտի արտարժութային շուկան կարգավորելու նպատակով:

Ինչ վերաբերում է գլոբալ առումով ինչքան կշարունակվի այս իրավիճակը՝ կորոնավիրուսի հետևանքներն առնվազն կարճաժամկետ կտրվածքում լուրջ ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա, իսկ բացասական ազդակները կհանգեցնեն սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակի, թե ոչ, կախված է այն իրողությունից, թե երկրներն ի՞նչ արագությամբ կկասեցնեն վարակի տարածումը և ՀՀ կառավարությունը ինչ միջոցառումներ կիրականացնի առկա բացասական հետևանքները չեզոքացնելու տեսանկյունից: Առնվազն այս պահին, տարանջատված չեն կարճաժամկետ և միջնաժամկետ հակաճգնաժամային հստակ ծրագրերն ու կիրառվող գործիքակազմը:

-Արդյո՞ք Կենտրոնական բանկի գործիքակազմը բավարար է, որպեսզի ՀՀ ֆինանսական շուկան չհայտնվի ճգնաժամի մեջ:

- Հայաստանի միջազգային պահուստները փետրվարի վերջի դրությամբ կազմել են 2 մլրդ 658 մլն ԱՄՆ դոլար, ինչը բավարար է ֆորս մաժորային իրավիճակին հակազդելու համար: Հավելեմ, որ ՀՀ կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում ունի ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմ, որոնք ըստ անհրաժեշտության կարող է կիրառել ֆինանսական համակարգի վրա հնարավոր բացասական ազդեցությունները չեզոքացնելու կամ մեղմելու համար։ Եվ պատահական չէ, որ բանկերի ֆինանսական ռեսուրսները համալրելու և տնտեսության մեջ լրացուցիչ լիկվիդայնություն ներարկելու նպատակով օրերս ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ային կետով նվազեցրեց` սահմանելով 5.25%, սակայն իմ կարծիքով, 0.25%-ային կետով նվազեցումը բավարար շեմ չէ և հավելյալ նվազեցման կարիք է զգացվելու առաջիկայում:

-Կենտրոնական բանկից կոչ են անում չտրվել խուճապային տրամադրությունների, քանի որ իրավիճակը վերահսկելի է, պահուստները բավարար և գնաճ չի լինի: Կարո՞ղ ենք հավատալ այդ պնդումներին:

-Կարծում եմ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ պայմանավորված արտաքին գնային թույլ ճնշումներով և նվազող ներքին պահանջարկով: Սակայն այլ հարց է, թե՞ ինչ պատկեր կունենանք առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում: Հայաստանը ներմուծող երկիր է, ուստի բեռնափոխադրումների և մարդկանց շարժի սահմանափակումների պարագայում ռիսկեր եմ տեսնում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների բարձրացման և դեֆիցիտի առաջացման առումով: Այս համատեքստում կարևոր են նաև մարդկանց իռացիոնալ սպասումների արդյունավետ կառավարումը և պարենային անվտանգության ապահովման միջոցառումների շարունակական իրականացումը:

-Լուրեր կան, որ բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել քաղաքացիներին, ինչը առաջին հերթին վտանգում է գյուղատնտեսության ոլորտը: Ինչպիսի՞ քայլերի հաջորդականություն եք ճիշտ համարում, որպեսզի ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսությանը մաքսիմալ վնասներից զերծ պահի: Այն, որ այս տարի բարդ տարի է մեր տնտեսության համար արդեն իսկ ակնհայտ է:

-Սա կարող է լուրջ հարված հասցնել ոչ միայն տնային տնտեսություններին, այլ նաև խորացնել արդեն տևական ժամանակ ընթացող գյուղատնտեսության ոլորտի անկումը, որը 2019թ.-ին կազմել է 4.2%: Նշեմ, որ 2019թ.-ին գյուղատնտեսության ոլորտին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը կազմել են 15.1 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 3.2 անգամ: Եթե ըստ ամիսների նայենք, ապա մարտ-ապրիլ ամիսները գյուղատնտեսության ոլորտի վարկավորման առավել նպատակային շրջանն է, ուստի այս խնդրի կարգավորումը և արտոնյալ պայմաններով տրամադրվող նպատակային վարկերի ծավալների ընդլայնումն օրվա հրամայականն է:

Ցանկանում եմ նշել, որ առողջապահական ճգնաժամից ածանցված սոցիալ-տնտեսական ռիսկերը մեղմելու առումով շատ կարևորում եմ հյուրանոցային տնտեսության, հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտում ներգրավված տնտեսվարողների համար հարկային արձակուրդների տրամադրումը՝ մեղմելով ընթացիկ իրացվելիության ռիսկերը: Չեմ կարծում, որ դա բյուջեի վրա մեծ բեռ լինի այն պարզ պատճառով, որ այդ ոլորտում ներգրավված տնտեսվարողների կողմից 2019թ.-ին վճարված հարկերը, ըստ պաշտոնական տվյալների, չեն գերազանցել 12 մլրդ ՀՀ դրամը:


Հյուրանոցային տնտեսության, հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտում ներգրավվածները ներկայումս ամենախոցելի ու համակարգային լուծում չունեցող խումբն են: Իսկ ներքին պահանջարկը խթանելու նպատակով առաջարկում եմ սոցիալապես անապահով ընտանիքներին և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիներին միանվագ գումարի տրամադրում և կոմունալ ծախսերի փոխհատուցում առնվազն մինչ արտակարգ դրության ավարտը:

Լիա Խոջոյան