VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանություններին հունից հանում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ակտիվությունը եւ նրա շուրջ կոնսոլիդացիայի մասին լուրերը։ Բանն այն է, որ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում տարբեր հայտարարություններ է արել Մինասյանի մասին, բայց մինչ օրս վերջինիս հետ կապված որեւէ քրեական գործ հարուցված չէ։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մինասյանի վերջին աղմկահարույց գրառումից հետո Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարներին հրահանգել է մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը հարուցել ցանկացած քրեական գործ՝ Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, 2 օր է՝ դատախազությունից մինչեւ ՊԵԿ փորձում են մեղադրանքի հիմքեր «պեղել»։ Մենք պարզեցինք, որ Մինասյանի՝ դեսպան եղած ժամանակ ներկայացրած հայտարարագրերից մեկում տեխնիկական վրիպակ են գտել, որից այժմ փորձում են քրեական գործ ստանալ։ Բացի քրեական գործի հիմքերի փնտրտուքից, ուժայինները լծվել են «հարմար» դատավոր գտնելու գործին, որը կհամաձայնի տեխնիկական սխալը որակել որպես հանցագործություն՝ բավարարելով Մինասյանին կալանավորելու միջնորդությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարվա առաջին կեսին պաշտոնական այց կունենա Ռուսաստանի Դաշնություն․ այցն սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում: Ի դեպ, առաջին կիսամյակի ընթացքում սպասվում էր նաեւ հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաեւ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ բոլոր այցերն ու հանդիպումները հետաձգվել են առնվազն մինչեւ աշուն: Ընդ որում, հետաձգման պատճառը ոչ թե այսօրվա` կորոնավիրուսի հետ կապված վիճակն է, այցերը չեղարկվել են ավելի վաղ` «կապված գեոքաղաքական ինչ-ինչ խնդիրների հետ»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Ի դեպ, հայ ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ նիստը հետաձգվել է, սակայն դա չի եղել կորոնավիրուսից առաջ, այլ` ուրիշ պատճառով, եւ ոչ մինչեւ աշուն»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գազի համաշխարհային գինը շարունակում է անկումը՝ հասնելով ռեկորդային գնի՝ 75 դոլար հազար խորանարդ մետրի համար: Չնայած դրան, Հայաստանը շարունակում է գազը գնել ֆիքսված գնով՝ 165 դոլար հազար խորանարդ մետրի համար: Եվ սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանը կախված է մեկ մոնոպոլ մատակարարից՝ «Գազպրոմ»-ից, որն էլ թելադրում է իր ուզած գինը՝ անկախ միջազգային շուկայում տիրող իրավիճակից»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայիսի 19-ին՝ կառավարության նիստին, հերթական անգամ ականատես եղանք մի իրավիճակի, երբ նախագիծ էր ներառվել օրակարգ, որը սկսվեց քննարկվել, սակայն ընթացքում արժանացավ քննադատության ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ վերջինս կրկին զգուշացում տվեց: Կառավարությունն առաջարկում էր հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար։ Այսինքն՝ սահմանված տարեկան տուրքի գումարը 10 մլն դրամից կնվազեցվի. այն կսահմանվի 50 հազար դրամ։ Սակայն նախագիծը հանվել է օրակարգից, հետ է ուղարկվել նախարարություն՝ լրամշակումների։ Այս նախագծի շուրջ կառավարության անդամների կարծիքներն իրար հակասել են: Եւ նրանց կարծիքներին ծանոթանալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացել է՝ նկատելով, որ նախագիծը մինչեւ կառավարություն բերելը բավարար քննարկված չի եղել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել գինու արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ, որոնք ցանկանում են զբաղվել նաեւ կոնյակի սպիրտի արտադրությամբ, ինչպես նաեւ մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսել ցանկացող տնտեսվարողներ: Եվ դրա հետ մեկտեղ վարչապետը էկոնոմիկայի նախարարին հրահանգել է վերահսկել կոնյակի տեղական արտադրությունը, քանի որ տնտեսվարողներ են եղել, որոնք տարիներ շարունակ կոնյակի սպիրտ են ներկրել ու այն վաճառել տեղական արտադրանքի անվան տակ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ երբևէ քաղաքական կուսակցության կամ շարժումների չի անդամակցել կամ մասնակցել, ԲԴԽ անդամությունից հրաժարականն էլ որևէ գործարքով պայմանավորված չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գլխավոր հարկադիր կատարողի հետ և փորձել պարզել, թե իր նշանակման հարցում ինչ դերակատարում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, քանի որ նշանակումը կապում են հենց նախարարի և իր մտերմության հետ: «Պարոն Բադասյանի հետ առնչվել եմ միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում նրա ուսումնառության տարիներին, եղել եմ նրա դասախոսը, սակայն որևէ առանձնահատուկ կապ կամ մտերմություն չեմ ունեցել: Վերջին ժամանակահատվածում նախարարի հետ շփումը կրել է բացառապես մասնագիտական բնույթ», – վստահեցրեց Մեղրյանը: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ամեն դեպքում, հենց նախարարության առաջարկով այս տարվա հունվարին մի օրենք է փոխվել, որը հնարավորություն է տալիս գլխավոր հարկադիր կատարող դառնալ նաև գնդապետից ցածր կոչում ունեցողներին: Եվ միայն այդ որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո է հնարավոր եղել Մեղրյանին նշանակել այդ պաշտոնին, քանի որ նա գնդապետի կոչում չունի: Հավելենք, որ Մեղրյանը ԲԴԽ անդամությունից հրաժարական է տվել 2019 թվականի հունիսին՝ Գագիկ Հարությունյանի և մյուս հրաժարականներից հետո»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ շատերի համար անակնկալ կերպով Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ գումարեց՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում, որոնք առնչվում են արտակարգ դրության կանոնների խախտմանը: Նախ` մինչեւ նիստի մեկնարկը հայտնի դարձավ, որ փոփոխություններ արվել են նաեւ ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում, եւ մի փոքր մեղմացրել են դրույթները: Մասնավորապես, ԶԼՄ-ները արդեն կարող են ոչ միայն հրապարակել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումները, այլ նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ու Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումները:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունների արմատները խորն են: Մասնավորապես, իշխանության ներկայացուցիչները հասկացել են, որ այս դրությամբ ընդունված փաստաթղթով աշխատելը բարդ է, օրենսդրական բացեր կան, եւ որոշել են փոփոխություններ կատարել: Նկատենք, որ արտակարգ դրության ռեժիմի մասին նախագիծը կազմելուն ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Արդեն երեկվա նիստի ժամանակ առաջարկեցին խստացնել մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը: «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-ից 500-ապատիկի չափով: Այն դեպքում, երբ անձն արտակարգ դրության ժամանակ մեկուսացման չենթարկվի, ինչն առաջացնի զանգվածային հիվանդություն, կենթարկվի կալանքի՝ 3 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով»,- քննարկման ժամանակ նշեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Ի վերջո, ԱԺ-ն որոշեց երկուշաբթի օրը կազմակերպել այս հարցի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը, իսկ մինչ այդ էլ առաջարկներ ներկայացնել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով իրեն տեղեկություն տրամադրել, թե ովքեր են այն 6 անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով: Անի Սամսոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք իրեն հաջողվել է պարզել այն անձանց անունները, ովքեր Վերմիշյանի գործով անցնում են: Պատգամավորը մեզ փոխանցեց, որ ինքը ԱԱԾ-ից պաշտոնապես տեղեկություն է ստացել, թե քննության շահերից ելնելով՝ որեւէ տեղեկություն չեն կարող տրամադրել: Իսկ իշխանական շատ պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ ԱԱԾ-ն չնայած մեծ «շուքով» գործին ընթացք է տվել, սակայն որեւէ բան չի արվում, իսկ այդ մարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ: Նշենք, որ այս գործով կալանավորվել էր Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, ում նկատմամբ գրավ է կիրառվել: Իսկ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է, այժմ գտնվում է կալանքի տակ ԱԱԾ «պադվալում», ինչը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների շատերի սրտով չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի եւ խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում եւս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռեւս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական եւ գոյատեւման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել հօգուտ վերջինի: Կհայտարարվի՞ Արցախում արտակարգ դրություն, երեկ մեր հարցին ի պատասխան, Արցախի իշխանական վերին օղակներից մեզ վստահեցրին, որ այս պահին չկա անհրաժեշտություն, քանզի թեպետ հայտարարված չէ, բայց Արցախն ապրում է արտակարգ ռեժիմով։ «Գրեթե բոլոր միջոցառումներն իրականացվում են: Հայաստանի հետ 4 անցակետերում հատուկ միջոցառումներ են, ըստ էության, ելումուտը սահմանափակվել է: Օտարերկրյա քաղաքացիների մուտքն առհասարակ սահմանափակված է, կարող է բացառություն լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ դիտորդական առաքելությունների համար: Պետական հիմնարկներն ու մասնավոր կազմակերպություններն իրենց աշխատակիցների մի մասին ուղարկել են տները՝ ինքնամեկուսացման»,- նշեց մեր աղբյուրը: Թե ինչ կլինի վաղը, մյուս օրը, անհայտ է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է ստեղծել Արցախի համահայկական online (առցանց) համալսարան: «Ես առաջ եմ քաշում Արցախի համահայկական online (առցանց) համալսարանի ստեղծման գաղափարը: Այնտեղ դասավանդելու են Արցախի, Հայաստանի, Սփյուռքի լավագույն մասնագետները, և ուսանելու են աշխարհի բոլոր ծայրերից մեր հայրենակիցները և ոչ միայն: Սա ոչ միայն կրթական մեծ քայլ կլինի, այլև Արցախը համաշխարհային զարգացումներից մեկուսացնելու՝ հակառակորդի փորձերի ձախողմանն ուղղված քայլ»,- ասում է Արայիկ Հարությունյանը»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մարտի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի ազատության ու խաղաղ կյանքի համար մղվող պայքարի մասին պատմող «Վերադարձ» վավերագրական կինոնկարի պրեմիերան: Ֆիլմի հեղինակներն են ռուսաստանցի հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան եւ ռեժիսոր Պավել Մեդվեդեւը: Միջոցառումը կայացավ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների կենտրոնական տանը: Հաշվի առնելով ֆիլմի թեման, կարելի էր ակնկալել, որ այն հատուկ ուշադրության կարժանանա մեր հարեւանների կողմից: Այդպես էլ ստացվեց: Պրեմիերայից մի քանի օր առաջ պաշտոնական Բաքվի հրահանգով ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական հակահայկական հիստերիան ձեռնարկեցին: «Սակայն այդ աղմկարարությունը մնաց ապարդյուն»,- փաստում է «Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ» ռուսաստանյան ՀԿ-ի փոխնախագահ, իրավաբան եւ ռազմական լրագրող Արամ Խաչատրյանը: «Վերադարձ» ֆիլմի պրեմիերան ցուցադրվեց մեծ հաջողությամբ, ինչը կարելի է գնահատել որպես գնալով ավելի ու ավելի սաստկացող հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմում մեր զգալի ու նշանակալի առաջխաղացումը: Ձախողվեցին ե՛ւ Ադրբեջանի քարոզչական մեքենայի, ե՛ւ Շամիլ Թագիեւի ջանքերը: Ի դեպ, այդ անձնավորության առօրյա գործունեության հիմնական նպատակը հակահայկական սադրիչ հայտարարությունների, նամակների եւ այլնի տարածումն է, Մոսկվայում ու ողջ Ռուսաստանում ազգամիջյան երկպառակության սերմանումը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի բազմաթիվ թոշակառուներ և նրանց ընտանիքի անդամներ պահանջում են, որպեսզի սոցապ նախարարությունը ժամանակավորապես կասեցնի բանկեր գնալու և ստորագրության միջոցով անձի ներկայությունը երկրում հաստատելու պահանջը: Թոշակառուներին կենսաթոշակ վճարող բանկերը պարտադրում են, որ նրանք տարին մեկ անգամ ներկայանան բանկ և հաստատեն Հայաստանում իրենց ներկայությունը: Մինչդեռ կորոնավիրուսի վտանգի պատճառով թոշակառուները զգուշանում են տանից դուրս գալ՝ համարելով, որ իրենք ամենառիսկային խմբում են: Սոցապ նախարարությունը առայժմ քննարկում է այս պահանջը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի ներքաղաքային երթուղիներ սպասարկող ավտոբուսային գծեր կարող են այսօրվանից դադարեցնել իրենց գործունեությունը: Արտակարգ դրության հայտարարման հետ կապված՝ ավտոբուսների վարորդներից պահանջում են, որ ավտոբուսներում կանգնած ուղևորներ չլինեն, այլապես իրենք կտուգանվեն: Մինչդեռ ավտոբուսի վարորդներն ասում են, որ իրենք չեն կարող ամեն կանգառում կռիվ տալ ավտոբուս բարձրացած ուղևորների հետ և նրանցից պահանջել իջնել ավտոբուսից: Նման կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու լավագույն ելքը երթուղի դուրս չգալն է»: